ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-279-31.05.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Կ-279-31.05.2022-ՊԱ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

22.06.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք շտկել «Ոստիկանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունման ամսաթիվում առկա վրիպակը՝ «4-ի» թիվը փոխարինելով «16-ի» թվով:

2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 5-րդ կետով նախատեսվում է ոստիկանության համար սահմանել նոր իրավասություն հանցագործությունների եւ այլ իրավախախտումների կանխման բնագավառում, այն է՝ մի շարք հիմքերի առակյության դեպքում իրականացնել անչափահասների հաշվառում: Վերոնշյալի համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 5-րդ կետով նախատեսված որոշ դեպքերին: 

2.1. Մասնավորապես՝ երկու կամ ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչեւ 16 տարեկան անչափահասին հաշվառելու դեպքում, կարծում ենք, անհրաժեշտ է լրացուցիչ հիմնավորում, առ այն՝ ինչով է պայմանավորված բնակության վայրը ինքնակամ լքած 16 տարին լրացած անչափահասներին այս շրջանակում չընդգրկելը: Այսպես՝ եթե բնակության վայրը լքած անչափահասների հաշվառման նպատակը իրավախախտումների կանխումն է, ապա հասկանալի չէ, թե 16 տարին լրացած անչափահասների կողմից բնակության վայրը լքելը ինչ օբյեկտիվ հիմքով է բացառում նրանց կողմից իրավախախտում կատարելու հնարավորությունը:

2.2. Մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 եւ ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի հաշվառման դեպքում, կարծում ենք՝ անհրաժեշտ է հստակեցնել շահումով խաղերով զբաղվող անչափահասների հաշվառման նպատակը: Նախ՝ հասկանալի չէ, թե ինչպես են վերահսկվելու եւ հայտնաբերվելու շահումով խաղերով (այսուհետ նաեւ՝ խաղեր) զբաղվող անչափահասները, երկրորդ՝ Նախագծի եւ Նախագծին կից ներկայացված հիմնավորման վերլուծությունից հստակ չէ՝ արդյոք խաղերով զբաղվող անչափահասներին հաշվառելու նպատակը միայն խաղերով զբաղվելու հետեւանքով հնարավոր այլ իրավախախտումների կատարումը բացառելն է, թե նպատակներից է նաեւ խաղերով զբաղվելը կանխելը, եթե վերջինը՝ ապա հստակ չէ՝ ինչպիսի միջոցառումներ են իրականացվելու այդ նպատակով, հետեւաբար հասկանալի չէ՝ արդյոք ոստիկանությունն ունի անհրաժեշտ իրավասություններ նշված դեպքում նախատեսված քայլեր ձեռնարկելու համար:

Բացի այդ՝ նշենք, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի համաձայն՝ «շահումով խաղ» եզրույթն իր մեջ չի ներառում «տոտալիզատոր» եզրույթը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շահումով խաղերով զբաղվող անչափահասներին հաշվառելու նպատակը իրավախախտումները կանխելն է՝ կարծում ենք՝ նպատակահարմար է իրականացնել նաեւ տոտալիզատորի մասնակցող անչափահասների հաշվառում:

2.3. Ռեաբիլիտացնող հանգամանքներով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասին հաշվառելու հետ կապված հարկ է նկատել, որ «ռեաբիլիտացնող հանգամանք» եզրույթը կիրառվում է 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք), ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում ռեաբիլիտացնող հանգամանքները համարվում են քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ: Նշենք նաեւ՝ քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերը տարբերվում են քրեական հետապմդումը բացառող հանգամանքներից եւ սահմանված են Հայաստանի Հանրապետության քրեական օրեսնգրքով: 

Միաժամանակ նշենք, որ Նախագծի դրույթների ճիշտ շարադասությունը ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 5-րդ կետի «մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասի, բացառությամբ Վարչական իրավախախումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատված դեպքերի»  ձեւակերպման մեջ «ազատված» բառը փոխարինել «ազատելու» բառով, եւ «բացառությամբ Վարչական իրավախախումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատված դեպքերի» բառերը շարադրել փակագծերում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

21.06.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

21.06.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում սահմանել անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած այն անչափահասի, ում վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` բացառությամբ Վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատված դեպքերի, հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անչափահասի, երկու եւ ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչեւ 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 եւ ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձեւով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, համաներման հետեւանքով պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ռեաբիլիտացնող հանգամանքներով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ինչպես նաեւ անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ, որի համաձայն կհաստատվի ՀՀ կառավարության համապատասխան կարգ, ինչն էլ հնարավորություն կնձեռի ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների իրավասու ծառայողներին արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել անչափահասների եւ վերջիններիս ծնողների շրջանում:

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

02.06.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի Նախագիծը:

Համաձայն «Ոստիկանության մասին» օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Ոստիկանությունը հանցագործությունների եւ այլ իրավախախտումների դեմ պայքարելիս  օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում պարտավոր է իրականացնել պետական եւ հասարակական մարմինների հետ համապատասխան միջոցառումներ` առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաեւ հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու եւ անչափահասներին դաստիարակելու ուղղությամբ: Սակայն Օրենքի որեւէ հոդվածում ամրագրված չէ անչափահասներին հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ: Հարկ է նշել, որ ներկայումս ոստիկանության մասնագիտացված՝ անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումներն իրավախախտ կամ հանցագործություն կատարած անչափահասների կամ անչափահասի վարքագծի վրա բացասական ներգործություն ունեցող ծնողների վերաբերյալ հաշվառում իրականացնում են ՀՀ ՆԳՆ 08.08.1996թ. թիվ 633 հրամանով (այսուհետ՝ Հրաման) հաստատված հրահանգի պահանջների համաձայն: Սակայն մի շարք օրենքների եւ իրավական ակտերի ընդունումից  եւ փոփոխությունից ելնելով, նշված հրամանով հաստատված հրահանգի որոշ կետեր այլեւս չեն կիրառվում, ինչպես նաեւ նշված հրահանգն իրենից ներկայացնում է անչափահասների գործերով տեսչությունների աշխատանքները կազմակերպելու ժամանակավոր հրահանգ:

Ուստի եւ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հրամանով հաստատված կարգը նորմատիվ հիմք չունի, Նախագծով նախատեսվում է նաեւ ապահովել Սահմանադրության 6-րդ հոդվածի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխանությունը: 

Ելնելով վերոգրյալից՝ մշակվել է Նածագիծը, որով առաջարկվում է Օրենքի 19-րդ   հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր` 5-րդ կետով.

Ոստիկանությունը հանցագործությունները եւ այլ իրավախախտումները կանխելու նպատակով իրավունք ունի՝ 

«5) Կառավարության սահմանած կարգով իրականացնել անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած այն անչափահասի, ում վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն՝ բացառությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատված դեպքերի,  հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անչափահասի, երկու եւ ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչեւ 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 եւ ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ,  մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձեւով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, համաներման հետեւանքով պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ռեաբիլիտացնող հանգամանքներով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ինչպես նաեւ անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցիչների պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում»:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:           Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում 

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                 ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

16.06.2022թ.