ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-281-31.05.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-281-31.05.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
22.06.2022թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 1-ին հավելվածում 47-րդ կետից հետո նախատեսվում է լրացնել նոր բաժին՝ «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն 48. 90125 «Արմենիկում» ՓԲԸ ք. Երեւան, Նալբանդյան-37 49. 90126 «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ Վայոց ձորի մարզ, համայնք Արին, Արին-Հերհեր ճանապարհի թիվ 6 հիդրոէլեկտրակայան»: Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են տնտեսության այն ճյուղերը եւ ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում: Մասնավորապես՝ «1. Սույն ծրագրի համաձայն` մասնավորեցման ենթակա չեն՝ 1) քաղաքացիական պաշտպանության եւ մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները, ռազմական կառույցները. 2) քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերեւութաբանության ոլորտների, ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վիճակի պահպանումն իրականացնող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները. 3) պետական ռեզերվների եւ մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները. 4) ստանդարտացման եւ չափագիտության ծառայություններ մատուցող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները. 5) միջպետական եւ հանրապետական նշանակության երկաթուղիները եւ ավտոճանապարհները, Երեւանի մետրոպոլիտենը, գնացքների երթեւեկության եւ օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունները, զորային տիպի ավտոշարասյուները. 6) պետական ոչ առեւտրային կազմակերպությունները:»: Բացի այդ, Օրենքի 8-րդ հոդվածով ամրագրված են առողջապահության ոլորտի պետական մասնակցությամբ ընկերությունների մասնավորեցմանը ներկայացվող պահանջները, որի համաձայն՝ «1. Սույն ծրագրի մաս հանդիսացող 1-ին հավելվածում ընդգրկված առողջապահական ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը կամ որեւէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի եւ մրցունակության ապահովման առումով): 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջն ամրագրվում է տվյալ պետական մասնակցությամբ ընկերության մասնավորեցման պայմանագրում՝ որպես գործարքի շրջանակներում կառավարության եւ մասնավոր սեփականատիրոջ կամ ներդրողի իրավատնտեսական հարաբերությունների կարգավորման գլխավոր նախապայման: Այն պահպանում է իր իրավական ուժն ընկերության գործունեության ամբողջ ընթացքում` անկախ սեփականատիրոջ փոփոխությունից:»: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ Նախագծի 1-ին հոդվածով սահմանված լրացման կատարման անհրաժեշտությունը հիմնավորվում է հետեւյալ կերպ. «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերության՝ մասնավորեցման ծրագրի ցանկում ընդգրկումը բավարարում է Օրենքի 3-րդ հոդվածի պահանջներին, մասնավորապես տվյալ ընկերությունների ոչ արդյունավետ կառավարումը, ոչ մրցունակ լինելը, ընկերություններին վերապահված պարտավորությունների կարեւորության մակարդակի նվազումը եւ տվյալ ընկերությունների պետական գործառույթների իրականացման համար անհրաժեշտ չլինելը: Միաժամանակ Ընկերությունների՝ մասնավորեցման ծրագրի ցանկում ընդգրկումը բավարարում է Օրենքի 4-րդ հոդվածի պահանջներին՝ վերջիններս ընդգրկված չեն այն ճյուղերում եւ ոլորտներում, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում:»: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ չի բացահայտվում՝ «Արմենիկոմ» ՓԲԸ-ն որ ոլորտում է գործունեություն ծավալում: Հետեւաբար, հասկանալի չէ՝ արդյոք ընգրկվում է «Արմենիկոմ» ՓԲԸ-ն Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տնտեսության այն ճյուղերում կամ ոլորտներում, որոնցում մասնավորեցում չի թույլատրվում, ինչպես նաեւ պահպանված են արդյոք Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված առողջապահության ոլորտի պետական մասնակցությամբ ընկերությունների մասնավորեցմանը ներկայացվող պահանջները: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 1-ին հավելվածում կատարվող լրացման տեքստում «Հայաստան» բառից առաջ նշված չակերտը հանել: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ համապատասխան տեղեկատվության բացակայության արդյունքում հնարավոր չէ գնահատել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի պահանջներին: Հետեւաբար Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի պահանջների տեսանկյունից:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 21.06.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 21.06.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի» մասին օրենքում: Մասնավորապես, առաջարկվում է 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների ցանկում ընդգրկել «Արմենիկում» ՓԲԸ եւ «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ ընկերությունները: Նախագծի ընդունումը, համաձայն հիմնավորման, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսում: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 16.06.2022թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի թիվ 41-Ա որոշման 5-րդ կետի ապահովմամբ եւ Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի 1, 3 եւ 4 ենթակետերով սահմանված պետական քաղաքականության հիմնական նպատակների իրականացման անհրաժեշտությամբ: Նախագծով հեղինակն առաջարկում է Օրենքի 1-ին հավելվածի 47-րդ կետից հետո լրացնել/ավելացնել «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերությունը (90125) եւ «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը (90126), ըստ էության, հնարավորություն ընձեռելով մասնավորեցնել ընկերությունների պետական բաժնետոմսերը: Նախագծի հեղինակի ներկայացմամբ «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող գործունեությունը չի համարվում մենաշնորհային, Հայաստանի Հանրապետության հիդրոէլեկտրակայանների գերակշռող մասը մասնավոր են, իսկ պետության սեփականության ներքո ընկերության բաժնետոմսերը պահելու համար սահմանափակումներ չկան: «Արմենիկում» ՓԲԸ-ի հետ կապված՝ ոլորտը կարգավորող օրենքները չեն արգելում համանման ծառայության մատուցումն այլ կազմակերպությունների կողմից: Նշված ընկերությունների մասնավորեցման ցանկում ընդգրկելը, հեղինակի հիմնավորմամբ, ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացման, մրցակցային միջավայրի բարելավման, երկրի ՀՆԱ-ի ձեւավորման մեջ մասնավոր կապիտալի տեսակարար կշռի ավելացման, ինչպես նաեւ պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների ավելացման նպատակ է հետապնդում: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում: Եզրահանգում Ներկայացված Նախագծի ընդունման դեպքում, հեղինակն ակնկալում է ընկերությունների առավել արդյունավետ գործունեության իրականացում, ընկերությունների մասնավորեցման արդյունքում պետական բյուջեի մուտքերի ավելացում: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 06.06.2022թ.
|