ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-284-03.06.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-284-03.06.2022-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

27.06.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը՝ հանելով երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը:

2. Նախագծի 1-ին հոդվածում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի վերնագրի հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ նշելով Օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը եւ հերթական համարը: Միաժամանակ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասը՝ արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ՝ առաջարկում ենք Օրենքի լրիվ անվանման հիշատակումից հանել «ՀՀ» հապավումը:

Սույն առաջարկը հիմնավորվում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջով՝ հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում: 

3. Նախագծի 1-ին հոդվածում «3.1-րդ» թիվն առաջարկում ենք փոխարինել «3.1-ին» թվով, ինչպես նաեւ 2-րդ հոդվածում «32.1» թիվն առաջարկում ենք փոխարինել «32.1-ին» թվով՝ հիմք ընդունելով դասական թվականների գրության ձեւը: Միաժամանակ՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 32.1-ին հոդվածի տեքստը երկու կողմից ներառել չակերտներում:

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 32-րդ հոդվածում լրացվում են նոր մասեր.

«3.1. Կատարողական վարույթի շրջանակում առանձին կատարողական գործողության իրականացումը Գլխավոր հարկադիր կատարողի կողմից սահմանված դեպքերում եւ կարգով կարող է վերապահվել այլ հարկադիր կատարողի՝ առանց կատարողական վարույթը փոխանցելու:

3.2. Կատարողական վարույթի շրջանակում առանձին օժանդակ գործողություններ կարող են իրականացվել հարկադիր կատարման ծառայության այլ կառուցվածքային ստորաբաժանման (տարածքային մարմնի) կամ այլ աշխատակցի կողմից: Օժանդակ գործողությունների ցանկը, դրանց իրականացման կարգը սահմանում է Գլխավոր հարկադիր կատարողը»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 32-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.1-ին եւ 3.2-րդ մասերի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

1) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61):

Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): 

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 32-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.1-ին մասով նախատեսվում է, որ կատարողական վարույթի շրջանակում առանձին կատարողական գործողության իրականացումը Գլխավոր հարկադիր կատարողի կողմից սահմանված դեպքերում եւ կարգով կարող է վերապահվել այլ հարկադիր կատարողի՝ առանց կատարողական վարույթը փոխանցելու: Հարկ է նկատել, որ Օրենքի՝ կատարողական վարույթի կողմերի իրավուքներին եւ պարտականություններին վերաբերող 8-րդ հոդվածով նախատեսվում է, որ կողմերը կատարողական վարույթի ընթացքում իրավունք ունեն հայտնել բացարկներ: 

Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը.

«1. Հարկադիր կատարողը չի կարող մասնակցել կատարողական վարույթին, եթե առկա են նրա անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանքներ:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել:

Նույն հիմքերով բացարկ կարող են հայտնել պահանջատերը եւ (կամ) պարտապանը:

3. Ինքնաբացարկը կամ բացարկը պետք է ներկայացվի գրավոր, լինի պատճառաբանված եւ հայտնվի կատարողական գործողություններն սկսելուց առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքերի առկայությունը հայտնի է դարձել կատարողական գործողություններն սկսելուց հետո:

4. Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի հարցը լուծում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի պետը:

5. Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի հարցի քննության արդյունքներով հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետը կայացնում է որոշում եւ այն պատշաճ ձեւով ուղարկում հարկադիր կատարողին ու դիմողին:

(…)

7. Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետը կատարողական թերթը հանձնում է մեկ այլ հարկադիր կատարողի:»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 32-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.1-ին մասով նախատեսվող կարգավորման եւ Օրենքի կարգավորումների համադրված վերլուծության արդյուքնում կարող ենք եզրակացնել, որ Օրենքում Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացմամբ նախատեսվող կարգավորման պարագայում՝ Օրենքում հստակ եւ որոշակի չեն նախատեսվում հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթի շրջանակում առանձին կատարողական գործողության իրականացման դեպքում կողմերի՝ նրան բացարկ հայտնելու իրավունքի իրացման պայամաններին վերաբերող կարգավորումները: Մասնավորապես՝ հստակեցված չէ, թե որ փուլում եւ ինչ ընթացակարգով կարող են կողմերը իրացնել հարկադիր կատարողին բացարկ հայտնելու իրենց իրավունքը:

2) Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 32-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.2-րդ մասով նախատեսվում է, որ կատարողական վարույթի շրջանակում առանձին օժանդակ գործողություններ կարող են իրականացվել հարկադիր կատարման ծառայության այլ կառուցվածքային ստորաբաժանման (տարածքային մարմնի) կամ այլ աշխատակցի կողմից: Օժանդակ գործողությունների ցանկը, դրանց իրականացման կարգը սահմանում է Գլխավոր հարկադիր կատարողը:

Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսվում է, որ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

(…)

3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:»:

Հարկ է նկատել, որ «օժանդակ գործողություններ» հասկացությունը սահմանված չէ Օրենքով, ինչի արդյունքում օրենսդրական մակարդակում հնարավոր չէ հստակեցնել այն չափանիշները, որոնց հիման վրա կատարողական վարույթի ընթացքում որոշակի գործողություններ կարող են համարվել օժանադակող, ներառվել Գլխավոր հարկադիր կատարողի կողմից սահմանվող ցանկում եւ իրականացվել այլ սուբյեկտի կողմից, որի գործողությունների վերաբերյալ այլ կարգավորումները Օրենքում Նախագծով չեն նախատեսվում:

Օրենքի՝ կատարողական վարույթի կողմերի իրավուքներին եւ պարտականություններին վերաբերող 8-րդ հոդվածով նախատեսվում է, որ կողմերը կատարողական վարույթի ընթացքում իրավունք ունեն հայտնել բացարկներ եւ բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները: Կատարողական վարույթի շրջանակում կատարվող գործողությունները բողոքարկելու եւ հարկադիր կատարողին բացարկ հայտնելու իրավունքները կողմերին վերապահված են վարույթի շրջանակում նրանց իրավունքների պաշտպանության համար համաչափ միջոցների առկայության պարտադիրությամբ պայմանավորված: 

Այսպիսով՝ օրեսնդրական մակարդակում «օժանդակ գործողություններ»-ի շրջանակի եւ դրանց ներկայացվող պահանջների բացակայության պարագայում՝ հնարավոր չէ գնահատել օժանադակ գործողությունները կատարող սուբյեկտների հետ փոխհարաբերություններում կողմերի ունեցած իրավական հնարավորությունների բավարար եւ համաչափ լինելու հարցը:

3) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող13-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կրագտվարումը.

«5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներով նախատեսել Գլխավոր հարկադիր կատարողի կողմից ընունվելիք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետը:

5.  «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է, որ հարկադիր կատարման ծառայության համակարգը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումներից եւ տարածքային մարմիններից: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում կատարվող լրացումների տեքստում չկիրառել «կառուցվածքային ստորաբաժանում (տարածքային մարմին)» ձեւակերպումը:

6.  Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվում է կատարողական վարույթները միացնելու եւ առանձնացնելու վերաբերյալ նոր 32.1-ին հոդված.

«1. Կատարողական գործողությունների առավել արդյունավետ կատարման նպատակով միմյանց հետ փոխկապակցված կամ կատարողական վարույթի մասնակիցների լրիվ կամ մասնակի համընկնող կազմ ունեցող մի քանի կատարողական վարույթներ կարող են միացվել մեկ վարույթում, կամ մեկ կատարողական վարույթից կարող են առանձնացվել առանձին պահանջներով վարույթներ:(...)»:

Կատարողական վարույթների միացման եւ առանձնացման մասին որոշում ընդունում են

հարկադիր կատարման ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման, տարածքային մարմնի ղեկավարը կամ Գլխավոր հարկադիր կատարողը:

Հարկ է նկատել, որ կատարողական վարույթները միացնելու եւ առանձնացնելու վերաբերյալ նոր կարգավորում լրացնելիս Օրենքում չեն նախատեսվում վարույթների միացման դեպքում այն կոնկրետ հարկադիր կատարողին հանձնելու վերաբերյալ կարգավորումներ: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Օրենքում նախատեսել նաեւ որոշակի չափանիշներ, որոնցով առաջնորդվելով կատարողական վարույթների միացման եւ առանձնացման մասին որոշում ընդունող սուբյեկտները որոշում կկայացնեն նաեւ միացված վարույթը իրականացնելու պատասխանատու հարկադիր կատարողի վերաբերյալ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները խնդրահարույց են իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

24.06.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

24.06.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է կարգավորել ԴԱՀԿ-ի կողմից կատարողական վարույթի շրջանակում որոշակի գործողություններ միեւնույն կամ այլ ստորաբաժանումների հարկադիր կատարողների կողմից իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանել կատարողական վարույթները մեկ վարույթում միավորելու եւ առանձնացնելու վերաբերյալ կարգավորումներ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

15.06.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի Նախագիծը:

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողը միջոցներ է ձեռնարկում կատարողական թերթի կամ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի ժամանակին, լրիվ եւ ճիշտ կատարման համար: Նշված նորմից եւ կատարողական վարույթին առնչվող օրենսդրության համապարփակ վերլուծությունից բխում է, որ կատարողական վարույթի շրջանակում որոշումներ կայացնելու եւ կատարողական գործողություններ կատարելու իրավասություն ունի միայն վարույթն իրականացնող հարկադիր կատարողը:

Այսպիսով, ներկայումս գործող իրավակարգավորումները կատարողական վարույթ հարուցելու եւ կատարողական գործողություններ իրականացնելու պատշաճ սուբյեկտ են համարում միայն կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողին՝ կատարողական գործողություններն այլ հարկադիր կատարողների կողմից իրականացնելը հնարավոր համարելով միայն այն դեպքում, երբ.  

1. ձեւավորվում է հարկադիր կատարողների խումբ («Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 3-րդ մաս).

2. կատարողական վարույթը հարկադիր կատարողից փոխանցվում է այլ հարկադիր կատարողի (Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մաս): 

Այսպիսով, առկա է անհրաժեշտություն՝ սահմանելու այնպիսի իրավակարգավորումներ, որոնք նկարագրված եւ նմանատիպ այլ դեպքերում հնարավորություն կտան կատարողական կոնկրետ գործողությունների իրականացումը վերապահելու հարկադիր կատարման ծառայության նույն կամ այլ ստորաբաժանման հարկադիր կատարողի՝ առանց լրացուցիչ եւ ժամանակատար վարչարարության եւ/կամ հարկադիր կատարողների խումբ ձեւավորելու:  

Վերոնշյալ նկատառումներից ելնելով էլ՝ մշակվել է Նախագիծը, համաձայն որի նախատեսվում է կարգավորել կատարողական վարույթի շրջանակում որոշակի գործողություններ միեւնույն կամ այլ ստորաբաժանումների հարկադիր կատարողների կողմից իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանել կատարողական վարույթները մեկ վարույթում միավորելու եւ առանձնացնելու վերաբերյալ կարգավորումներ:  

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:           Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առանձին կատարողական գործողության իրականացումը այլ հարկադիր կատարողի վերապահելու, ինչպես նաեւ առանձին օժանդակ գորժողություններ հարկադիր կատարման ծառայության այլ աշխատակիցների կամ այլ ստորաբաժանումների միջոցով իրականացնելու արդյունքում նվազեցնել հարկադիր կատարողի ծանրաբեռնվածությունը եւ բարձրացնել կատարողական գործողությունների արդյունավետությունը:

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

22.06.2022թ.