ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-283-03.06.2022-ԱՍ-011/0), Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2831
-03.06.2022-ԱՍ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-283-03.06.2022-ԱՍ-011/0), Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2831 -03.06.2022-ԱՍ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
07.06.2022թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով իրավական հիմքեր ստեղծել մի շարք ենթաօրենսդրական ակտերի, մասնավորապես՝ «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք եւ սոցիալ-վերականգողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման, «Աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաեւ առանց պետական հավաստագրի տրամադրվող՝ աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը եւ դրանց տրամադրման նվազագույն պահանջները սահմանելու մասին» Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրամանի, «Անկախ կյանքի կենտրոնների ստեղծման եւ գործունեության կարգը հաստատելու մասին» Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունման համար, ինչպես նաեւ առաջարկվում է իրավական հիմք (լիազորող նորմ) ստեղծել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի կողմից ինքնագնահատման հարցաշարը, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրի ձեւավորման եւ վարման կարգը, անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար դիմումի օրինակելի ձեւը, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման ձեւը, անձի ֆունկցիոնալության գնահատման գործիքների ձեւերը, այդ թվում՝ ամփոփագրի (վինետ), անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրությունների ձեւերը հաստատելու համար, որոնք անհրաժեշտ են անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը լիարժեք կազմակերպելու համար: Միաժամանակ, առաջարկվում է հստակեցնել «անձնական օգնական» հասկացությունը եւ լրացնել «աջակցող միջոցների պետական հավաստագրիր», «փոխհատուցման գումար», «աջակցող միջոցի տրամադրման նվազագույն պահանջ» հասկացությունները: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է տալ «աջակցող միջոցների պետական հավաստագիր» հասկացության սահմանումը, որի համաձայն այդ հավաստագիրը, «որոշակի վավերապայմաններով եւ ձեւով փաստաթուղթ է, որը հիմք է հանդիսանում կազմակերպության կողմից մատուցված ծառայության դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման համար»: Մյուս կողմից, այդ նույն իմաստով ՀՀ Ազգային ժողովում ս.թ. մայիսի 26-ին պաշտոնական շրջանառության մեջ է դրվել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-276-26.05.2022-ԱՍ-011/0), որի 1-ին հոդվածով տրվում է «պետական վկայագիր» հասկացության սահմանումը (ըստ որի՝ այն. «որոշակի վավերապայմաններով եւ ձեւով անվանական ֆինանսական փաստաթուղթ է, որը պետության կողմից սոցիալական ծառայություն մատուցած կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին ֆինանսական փոխհատուցման կամ վկայագիրը ստացած ընտանիքին (անձին) որոշակի գույք ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու հիմք է»): Այս կապակցությամբ առաջարկում ենք միասնականացնել նույն իմաստով օգտագործվող այդ հասկացությունները (այսինքն՝ կիրառել նույնանուն հասկացություն), ինչպես նաեւ հստակեցնել այդ հասկացությունների բովանդակությունը՝ առաջարկվող իրավանորմերի գործնական կիրառության ապահովման եւ թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով: Մասնավորապես, անհրաժեշտ է հստակեցնել՝ եթե աջակցող միջոցների պետական հավաստագիրը «հիմք է հանդիսանում կազմակերպության կողմից մատուցված ծառայության դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման համար», ապա դրա դիմաց սոցիալական ծառայությունների մատուցումը՝ այդ ծառայությունները մատուցողների համար ինչու՞ պետք է լինի հայեցողական իրավունք, այլ ոչ թե պարտավորություն (որպես այդպիսին որեւէ օրենքով սահմանված չէ), առավել եւս, որ այդ հավաստագիրը որեւէ այլ կերպ օգտագործվել կամ իրացվել չի կարող: Այս պարագայում, եթե ծառայություն մատուցողը կարող է պետական վկայագրի դիմաց մատուցել կամ չմատուցել համապատասխան ծառայությունը (այսինքն՝ ծառայության մատուցումը դիտել որպես իր հայեցողական իրավունք), ապա կարող է առաջանալ մի վիճակ, երբ քաղաքացին, ձեռքին ունենալով սոցիալական ծառայություններ ստանալու հիմք եւ իրավունք, գործնականում չի կարող իրացնել իր այդ իրավունքը: Այս կապակցությամբ, կարծում ենք, անհրաժեշտ է հստակ սահմանել, որ աջակցող միջոցների պետական հավաստագրի ներկայացման դեպքում կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք պարտավոր են մատուցել համապատասխան սոցիալական ծառայությունները՝ դրա դիմաց վերցված պետական հավաստագիրը համապատասխան մարմնին ներկայացնելուց որոշակի ժամանակ հետո դրանում նշված գումարի անվերապահ ստացման (մարման) պայմանով:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 06.06.2022թ.
|