ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-287-03.06.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-287-03.06.2022-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                           ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

27.06.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում (այսուհետ նաեւ՝ Օրենք) «կոմիտեի դեպարտամենտում պետական» բառերը փոխարինելիս առաջարկում ենք նշում կատարել փոխարինվող բառերի բոլոր հոլովաձեւերի մասին՝ ապահովելով փոփոխության վերաբերելիությունը բոլոր դեպքերին, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը: Մասնավորապես՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «բառերը» բառից հետո լրացնել «իրենց հոլովաձեւերով» բառերը:

2. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն՝  «3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի առնվազն 7 անդամ, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ առնվազն 6 անդամ:»:

Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասում՝ «3» թիվը փոխարինել «6» թվով:»:

Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է՝ Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել 3-րդ եւ 4-րդ ենթակետերով, որի համաձայն՝ «3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողների վերաբերյալ՝ միայն քննիչ եւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով:

4) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վերաբերյալ՝ միայն հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց եւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով:»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը. 

1) Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Խորհուրդը սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-19-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկում եւ դրանց մասին որոշում է կայացնում հետեւյալ կազմերով.

1) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց, դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, դատավորների, դատական ծառայողների, դատական կարգադրիչների վերաբերյալ` միայն դատավոր եւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով.

2) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, դատախազների, դատախազությունում պետական ծառայողների, դատական կարգադրիչների վերաբերյալ` միայն դատախազ եւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով։»:

Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմերով գործելիս՝ առնվազն 3 ձայնով` կողմ կամ դեմ քվեարկելով:»: Կարգավորումներից բխում է, որ Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում խորհրդի որոշումները կայացվում են Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի առկայության պարագայում հատուկ կազմով, իսկ խորհրդի մյուս անդամներն իրավունք ունեն նիստին մասնակցելու միայն խորհրդակցական ձայնի իրավունքով: Օրինակ՝ Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում որոշումներն ընդունվում են 3 դատավոր անդամի եւ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամի (ընդհանուր թվով՝ 4 անդամ) ձայներով՝ դեմ կամ կողմ քվեարկելով: Ստացվում է, որ քննարկվող հիմքի առկայության դեպքում քվեարկելու իրավունք ունեն խորհրդի 4 անդամներ: Մինչդեռ՝ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասում կատարվող փոփոխությամբ խորհրդի որոշումները հիշյալ դեպքերում (նույն խնդիրն առկա է նաեւ Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող 3-րդ եւ 4-րդ կետերի պարագայում) ընդունելու համար, իբրեւ ձայների անհրաժեշտ քանակ, սահմանվում է 6-ը, այն դեպքում, երբ քվեարկելու իրավունք ունեն յուրաքանչյուր դեպքի պարագայում ընդամենը 4-ը: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ եւ 6-րդ  կետերով կատարվող փոփոխությունները: 

Միաժամանակ՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 8-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասը երկու կողմից ներառել չակերտներում:

2) Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող 4-րդ կետում հղում է կատարված «հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին», մինչդեռ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվում է «հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցող անձանց» բառերը: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք «հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցող անձանց» բառերով՝ հիմք ընդւնելով այն հանգամանքը, որ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում, որին հղում է կատարված Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող 4-րդ կետում կիրառվում է  «հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցող անձ» ձեւակերպումը : 

Բացի այդ, Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետում «ենթակետերով» բառն առաջարկում ենք փոխարինել «կետերով» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»:

3. Նախագծի 8-րդ հոդվածով սահմանված է՝ «Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «երեք ամսից,» բառերից հետո լրացնել «իսկ քննչական կոմիտեի քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար սահմանվում է մինչեւ մեկ ամիս,» բառերը:»:

Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների եւ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված մասնագիտական պատրաստում անցնող անձինք անցնում են պարտադիր փորձաշրջան: Փորձաշրջանի տեւողությունը սահմանվում է համապատասխան ուսուցման ծրագրով, սակայն չի կարող պակաս լինել երեք ամսից, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված անձանց, ինչպես նաեւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի եւ օրենքով նախատեսված այլ դեպքերի, որոնց ժամկետները սահմանում է Խորհուրդը:» Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող լրացմամբ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար նախատեսվում է փորձաշրջանը սահմանել մինչեւ մեկ ամիս: Նշենք, որ ոչ որոշակի ձեւակերպման, փորձաշրջանի տեւողության նվազագույն չափի չնախատեսման արդյունքում, ըստ հայեցողության, իբրեւ փորձաշրջան անցնելու պայմանի կատարման բավարար հիմք կարող է դիտարկվել նույնիսկ մեկ կամ երկու օրը: Հաշվի առնելով վերը ներկայացվածը՝ առաջարկում ենք որոշակիացնել ժամկետի վերաբերյալ կարգավորումը:

4. Նախագծի 11-րդ հոդվածով Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի «դատավոր  եւ դատախազ» բառերին կատարված հղումն առաջարկում ենք հստակեցնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ մասում համապատասխան բառերը կիրառված են մեկից ավելի անգամ, միաժամանակ՝ ընդգծելով փոփոխության վերաբերելիությունը բոլոր բառերին: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Արդարադատության ակադեմիայի մասին», ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

24.06.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

24.06.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծի ընդունումը պայմանավորված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ ունենալու, ինչպես նաեւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի որոշ դրույթներում հիշյալ կառույցներին վերաբերելի կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտությամբ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

06.06.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Արդարադատության ակադեմիայի մասին» Օրենքում:

Նախագծի ընդունումը պայմանավորված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ ունենալու, ինչպես նաեւ Օրենքի որոշ դրույթներում հիշյալ կառույցներին վերաբերելի կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտությամբ:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ (այսուհետ՝ Հիմնավորում) խնդիրը կայանում է նրանում, որ Արդարադատության ակադեմիայում բացի դատավորների թեկնածուների հավակնորդներից, դատավորներից, դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանցից եւ դատախազներից, մասնագիտական պատրաստում եւ վերապատրաստում անցնում են նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք, Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք, Քննչական կոմիտեի քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք եւ Քննչական կոմիտեի քննիչներ, սակայն Օրենքով Ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում ներառված չեն Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեներից ներկայացուցիչներ:

Հաշվի առնելով վերոգրյալը, Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն  եւ Քննչական կոմիտեներից ներկայացուցիչներ ընդգրկել Ակադեմիայի կառավարման խորհրդում՝ վերջիններիս հնարավորություն տալով անմիջականորեն մասնակցելու Ակադեմիայի կառավարման խորհրդի գործունեությանը, ինչպես նաեւ արագ եւ արդյունավետ լուծելու մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման ընթացքում առաջացած խնդիրները: Ընդ որում, Նախագծով առաջարկվում է հավասար պայմաններ ապահովել դատավորներ, դատախազներ, քննիչներ պատրաստող եւ վերապատրաստող կառույցի կառավարման խորհրդի կազմը ձեւավորելիս՝ նախատեսելով յուրաքանչյուր կառույցից երեք ներկայացուցիչ՝ արդարադատության նախարարության ներկայացուցչին թողնելով անփոփոխ:

Բացի վերը նշվածից, Նախագծով առաջարկվում է կարգավորել  Քննչական կոմիտեի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի տեւողությունը՝ վերջիններիս համար սահմանելով մինչեւ մեկ ամիս փորձաշրջանի տեւողություն:

Նախագծի ընդունման դեպքում Հակակոռուպցիոն կոմիտեն եւ Քննչական կոմիտեն հնարավորություն կունենան հավասար պայմաններով մասնակցելու Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից կառավարման գործընթացի իրականացմանը:

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ  չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝         Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

17.06.2022թ.