ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-288-03.06.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-288-03.06.2022-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
27.06.2022թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը, եւ հաշվի առնելով այն, որ Նախագծով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում (այսուհետ նաեւ՝ Օրենք) կատարվում է միայն մեկ լրացում: 2. Նախագծի 1-ին հոդվածում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի վերնագրի հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ նշելով Օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը եւ հերթական համարը: Սույն առաջարկը հիմնավորվում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջով՝ հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում: 3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 52-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ. «1. Կատարողական գործողությունների իրականացման ժամանակ պարտապանի գույքի պահպանությունն ապահովելու անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողը գույքագրման եւ կատարողական այլ գործողությունների ընթացքում հայտնաբերված գույքն ի պահ է հանձնում պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց՝ համապատասխան ստացականի հիման վրա՝ գույքն ի պահ հանձնելիս պահառուին գրավոր նախազգուշացնելով արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքների համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Կատարողական գործողությանը պարտապանի ներկա լինելու դեպքում հայտնաբերված գույքն ի պահ հանձնելիս նախապատվությունը տրվում է պարտապանին: ( ):»: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Նախագծով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում կատարվող փոփոխությունների եւ լրացման վերաբերյալ նշվում է հետեւյալը. ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու պարտադիր տարր է գույքի վրա արգելանք դնելը, իսկ նույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող՝ հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը եւ ի պահ հանձնելը: Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ արգելադրված գույքն ի պահ հանձնելը, հանդիսանալով պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու գործընթացի բաղադրատարր, էական նշանակություն ունի մինչեւ գույքի բռնագանձման ավարտը դրա պահպանվածությունն ապահովելու, բռնագանձման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները կանխելու, եւ, ի վերջո, հարկադիր կատարման ենթակա ակտի պահանջի կատարումը երաշխավորելու համար: Չնայած այն հանգամանքին, որ Օրենքը մանրամասն կարգավորում է պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու, այդ թվում՝ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու գործընթացը, գույքն ի պահ հանձնելու հետ կապված հարաբերություններն Օրենքով միայն մասամբ են կարգավորված: Մասնավորապես, Օրենքի 52-րդ հոդվածի համաձայն. «Հարկադիր կատարողն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց՝ համապատասխան ստացականի հիման վրա»: Օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն. «Անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողն ապահովում է պարտապանի գույքի պահատվությունը՝ վերջինիս վրա դնելով կատարված ծախսերի հատուցումը»: Այսպիսով, Օրենքը սահմանում է միայն կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ հանձնելու առնչությամբ միայն ընդհանուր դրույթներ ( ):Ընդ որում, նշված նորմը վերաբերում է միայն արգելանքի տակ դրված գույքի պահատվությանը, եւ չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքի պահպանության անհրաժեշտություն է առաջանում ոչ գույքային բնույթի, պարտապանի գույքի արգելադրում եւ իրացում չենթադրող (օրինակ՝ վտարման, քանդման, որոշակի գործողություններ կատարելուն կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն վերաբերող) կատարողական վարույթով: Չնայած վերոգրյալին՝ կատարողական վարույթի շրջանակում մի շարք կատարողական գործողություններ իրականացնելիս, այդ թվում՝ գույքագրում իրականացնելիս, վտարման, քանդման, որոշակի գործողություններ կատարելուն կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն վերաբերող կատարողական գործողություններ իրականացնելիս, առաջանում է գույքն ի պահ ընդունելու անհրաժեշտություն: ( ):»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը: Հարկ է նկատել, որ Օրենքի 52-րդ հոդվածը, որը Նախագծի 1-ին հոդվածով շարադրվում է նոր խմբագրությամբ եւ պարունակում է գույքի պահատվության վերաբերյալ ընդհանուր կարգավորումներ, ներառված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի «ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ» վերտառությամբ 5-րդ գլխում եւ կարող է մեկնաբանվել միայն Օրենքի 43-րդ եւ 44-րդ հոդվածների կարգավորումների համատեքստում՝ հիմք ընդունելով նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի պահանջը՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից: Հաշվի առնելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ մատնանշված նպատակն ապահովելու համար գույքի պահատվության վերաբերյալ ընդհանուր կարգավորումները նախատեսել կատարողական գործողությունների մասին ընդհանուր դրույթներին վերաբերող գլխում՝ բացառելով իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումների նախատեսումը: 4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 52-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառվում է հետեւյալ ձեւակերպումը. «Սույն հոդվածի իմաստով պարտապան ֆիզիկական անձի հետ փոխկապակցված անձ են համարվում ամուսինը, պարտապանի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը,( )»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսվում է, որ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: ( ):»: Հիմք ընդունելով նշվածը եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենգրքում «ծնող», «որդեգրող», «զավակ» եւ «որդեգրված» հասկացությունների սահմանումը, ինչպես նաեւ դրանց կիրառումը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 52-րդ հոդվածի 2-րդ մասի մեջբերված ձեւակերպումից հանել «այդ թվում» եզրույթը: 5. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 52-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «3. Կատարողական վարույթի կողմը կարող է հարկադիր կատարողին գրավոր միջնորդություն ներկայացնել՝ կատարողական գործողությունների իրականացման ժամանակ առգրավված գույքն իր մատնանշած՝ որպես իր մասնագիտական գործունեության նպատակներից մեկը պահատվություն իրականացնող առեւտրային կամ ոչ առեւտրային կազմակերպության (արհեստավարժ պահառուի) պահպանությանը հանձնելու վերաբերյալ՝ պահպանության վճար առաջանալու դեպքում վճարումը պահառուին մատնաշող կողմի հաշվին կատարելու պայմանով: Նման դեպքերում հարկադիր կատարողը գույքն ի պահ ընդունողի հետ որպես կատարողական վարույթի՝ գույքն իր մատնանշած անձին հանձնելն առաջարկող կողմի ներկայացուցիչ կնքում է գույքի պահատվության վերաբերյալ պայմանագիր: Սույն մասով սահմանված պահատվության պայմանագրի շրջանակում պահառուն պարտավոր է պահատվության առարկա գույքը հանձնել (վերադարձնել) միայն հարկադիր կատարողին, իսկ այլ անձի, այդ թվում՝ պայմանագրով պահատուին, հանձնել (վերադարձնել) բացառապես հարկադիր կատարողի համաձայնությամբ: Պահատվության պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել միայն հարկադիր կատարողի համաձայնությամբ:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսվում է, որ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: 3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը: ( ):»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը կազմված է օրենսգրքից եւ քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ օրենքներից: Այլ օրենքներում պարունակվող քաղաքացիական իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն օրենսգրքին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածով նախատեսվում է, որ մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ եւ պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար: Հիմք ընդունելով նշվածը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի՝ պահատվությանը վերաբերող 43-րդ գլխի կարգավորումները՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 52-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորումը եւ դրանում կիրառվող եզրույթները՝ իրավական շփոթից եւ հակասություններից խուսափելու նպատակով: 6. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 52-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ծանուցումը ստանալուց, իսկ գույքի պահպանման ժամկետը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով երկարաձգվելու դեպքում՝ երկարաձգված ժամկետի ավարտից հետո երկու ամսվա ընթացքում պարտապանի (գույքի սեփականատիրոջ) կողմից գույքը չպահանջվելու կամ չընդունելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է այն իրացնել «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված կարգով կամ ուղղակի վաճառքի միջոցով՝ գույքի իրացման արդյունքում ստացված գումարը գույքի պահպանության հետ կապված ծախսերը պահելուց հետո փոխանցելով պարտապանին (գույքի սեփականատիրոջը):»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտերում հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի: «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 4-րդ գլուխը վերաբերում է հարկադիր աճուրդներին, որում ներառված 29-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անցկացվում է կատարողական թերթին եւ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան, հարկադիր աճուրդը կազմակերպում եւ անցկացնում է հարկադիր կատարողը: Այսպիսով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի՝ հարկադիր աճուրդներին վերաբերող 4-րդ գլխում նախատեսվում են այդ աճուրդների կազմակերպման առանձնահատկություններին վերաբերող կարգավորումներ: «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում հղում է կատարվում միայն Օրենքի 53-րդ հոդվածում, որով նախատեսվում է, որ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու նպատակով արգելանք կամ սահմանափակում կիրառելուց հետո, իսկ գույքն առգրավման ենթակա լինելու դեպքում այն առգրավելուց հետո` ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված դեպքերում որոշում է կայացնում գույքի գնահատման մասին: Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 52-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ հարկադիր կատարման ծառայության միջոցներով պահպանվող գույքի պահպանման անհրաժեշտությունը վերանալու դեպքում հարկադիր կատարողը սույն օրենքով սահմանված կարգով այդ մասին ծանուցում է պարտապանին (գույքի սեփականատիրոջը)՝ ծանուցման մեջ նշելով գույքի պահպանության համար կատարվող ամսական ծախսերի չափը եւ այն ժամկետը, որի ընթացքում գույքը պարտապանի (գույքի սեփականատիրոջ) կողմից չպահանջվելու կամ չընդունվելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է այն տնօրինել օրենքով սահմանված կարգով: Այսպիսով՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 52-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվող կարգավորման պարագայում նախատեսվում է, որ հարկադիր կատարողը կարող է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով նախատեսված կարգով իրացնել համապատասխան գույքը, սակայն, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի հարկադիր աճուրդներին վերաբերող գլխում որեւէ փոփոխություն չի կատարվում, ինչպես նաեւ Նախագծով կատարվող փոփոխության արդյունքում հստակ հղում չի կատարվում «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի համապատասխան դրութներին, ինչը հնարավորություն կընձեռեր իրավունքի սուբյեկտները որոշակի հանգամանքներում կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 52-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվող կարգավորումը: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները խնդրահարույց են իրավական որոշակիության տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 27.06.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 27.06.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է կարգավորել կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ ընդունելու գործընթացը, սահմանել գույքն ի պահ ընդունելու իրավունք ունեցող անձանց շրջանակին, գույքն ի պահ ընդունելու գործընթացի ձեւակերպմանը, գույքի պահպանության հետ կապված ծախսերի փոխհատուցմանը եւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ի պահ ընդունված եւ սեփականատիրոջ կողմից չպահանջված կամ չընդունված գույքի հետագա տնօրինմանն առնչվող կարգավորումներ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 14.06.2022թ.
1. Նախագծով առաջարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Օրենքի 52-րդ հոդվածը եւ 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ, իսկ 67-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր «դ» ենթակետով: Նախագծի նպատակն է կարգավորել կատարողական վարույթի շրջանակում գույքի պահատվության իրավահարաբերությունները: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ (այսուհետ՝ Հիմնավորում) գործող իրավակարգավորումների պայմաններում պարտապանի մոտ գտնվող, պահանջատիրոջը պատկանող գույքի պահատվություն ենթադրող կատարողական գործողություններ իրականացնելը հարկադիր կատարման ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) համար խիստ ռիսկային ու խնդրահարույց է, ինչը բացասաբար է ազդում կատարողական վարույթի արդյունավետության, կատարողական վարույթի կողմերի իրավունքի պաշտպանության երաշխավորման գործընթացի վրա: Պարտապանի, պահանջատիրոջ կամ այլ անձանց կողմից պահպանության չընդունված գույքը հաճախ պահպանության է ընդունում Ծառայությունը, ինչը գործնականում մի շարք խնդիրներ է առաջացնում: Բացի այդ, հաճախ ի պահ ընդունված գույքը տեւական ժամանակ սեփականատիրոջ կողմից չի պահանջվում եւ մնում է Ծառայությունում: Վերջինս ստիպված է լինում անորոշ ժամկետով պահպանել ի պահ ընդունված գույքը՝ լիազորված չլինելով դրա առնչությամբ որեւէ գործողություն կատարել: Այս գործընթացը պահանջում է գույքը պահպանելու համար նյութական ու մարդկային ռեսուրսներ, տարածք, մեծ ծավալով ծախսեր՝ պետական բյուջեի միջոցների հաշվին, որոնք կատարողական վարույթի շրջանակում բռնագանձման ենթակա կատարման ծախսերի կազմում կատարողական վարույթի կողմերից բռնագանձելը խնդրահարույց է: Ըստ Հիմնավորման, խնդիրը կայանում է նրանում, որ Օրենքով գույքն ի պահ հանձնելու հետ կապված հարաբերությունները մասամբ են կարգավորված: Մասնավորապես, Օրենքը սահմանում է կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ հանձնելու առնչությամբ միայն ընդհանուր դրույթներ՝ ամրագրելով արգելանքի տակ դրված գույքը ի պահ հանձնելու հնարավորությունը, որպես գույքն ի պահ ընդունող սուբյեկտներ սահմանելով պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց, ինչպես նաեւ գույքն ի պահ հանձնելու համար պարտադիր համարելով համապատասխան ստացականի առկայությունը: Հաշվի առնելով վերոգրյալը, Նախագծով առաջարկվում է կարգավորել կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ ընդունելու գործընթացը, սահմանել գույքն ի պահ ընդունելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, գույքն ի պահ ընդունելու գործընթացի ձեւակերպմանը, գույքի պահպանության հետ կապված ծախսերի փոխհատուցմանը եւ Ծառայության կողմից ի պահ ընդունված եւ սեփականատիրոջ կողմից չպահանջված կամ չընդունված գույքի հետագա տնօրինմանն առնչվող կարգավորումներ: Մասնավորապես, առաջարկվում է՝
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 22.06.2022թ.
|