ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ստանդարտացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-293-07.06.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ստանդարտացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Կ-293-07.06.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
30.06.2022թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1.Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում «Ստանդարտացման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 7.1-ին կետին հղում կատարելիս անհրաժեշտ է պահպանել դասական թվականների գրելաձեւի կանոնները: Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում նշված «9.1-րդ» եւ 21-րդ հոդվածի «1-րդ» գրելաձեւերին: 2.Նախագծի 1-ին հոդվածում կետերը շարադրելիս առաջարկում ենք կետերի համարակալումը ճիշտ հերթականությամբ կատարել: Մասնավորապես՝ նշված հոդվածում առկա են մի քանի «2.» համարակալմամբ կետեր: Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ կետի ենթակետերի համարակալմանը: 3.Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է լրացում կատարել Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում՝ սահմանելով, որ տեխնիկական պայմանները, համարվում են կազմակերպության ստանդարտ: Նշված կարգավորումից եւ Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ «Տեխնիկական պայմաններ» վերտառությամբ 15.3-րդ հոդվածից բխում է, որ Օրենքով հնարավորություն է տրվելու կոնկրետ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տարբեր տեսակի տեխնիկական պահանջներ նախատեսել որոշակի արտադրանքի, աշխատանքի կամ ծառայության համար: Նշենք՝ Նախագծի եւ դրան կից ներկայացված հիմնավորման վերլուծությունից հասկանալի չէ նշված լրացման նպատակը: Բացի այդ՝ հարկ է անդրադառնալ Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասին, որով սահմանված է. «Հայաստանի Հանրապետության կազմակերպություններում գործող տեխնիկական պայմանները որպես ստանդարտացման փաստաթուղթ մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է փոխարինվեն ազգային ստանդարտներով կամ կազմակերպության ստանդարտներով կամ ուժը կորցրած ճանաչվեն: Մինչեւ համապատասխան ազգային ստանդարտների ընդունումը կազմակերպությունների տեխնիկական պայմանները ենթակա են փորձաքննության եւ հաշվառման Ստանդարտացման ազգային մարմնում` համաձայն գործող ստանդարտացման կանոնների եւ ուղեցույցների»: Նշվածից բխում է, որ Օրենքի ընդունմամբ նպատակ է հետապնդվել վերացնել «տեխնիկական պայմաններ» եզրույթը եւ դրանց գոյությունն ընդհանրապես, մինչդեռ Նախագծով սահմանվում են տեխնիկական պայմանների վերաբերյալ նոր կարգավորումներ, որոնք ուղղված են դրանք էլ ավելի հստակ տարանջատելու ստանդարտացման փաստաթղթերի այլ տեսակներից: Կարծում ենք՝ անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ հիմնավորում Օրենքի նպատակին հակասող դրույթներ սահմանելու վերաբերյալ կամ Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: 4.Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը սահմանում է. «Ստանդարտացման ազգային մարմին՝ պետության կողմից ճանաչված ստանդարտացման մարմին, որն իրավունք ունի ճանաչվելու որպես համապատասխան միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպության ազգային անդամ»: Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է «պետության» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով, որի արդյունքում ստացվում է, որ ստանդարտացման ազգային մարմինը այդպիսին է ճանաչվում միայն Կառավարության կողմից: Վերոգրյալի համատեքստում նշենք, որ հասկանալի չէ, թե ինչ իմաստով է կիրառվում «ճանաչել» բառը, ինչ հետեւանքներ է ենթադրում Կառավարության կողմից ճանաչված լիենլու փաստը եւ ինչ ընթացակարգով է Կառավարությունը ճանաչում Ստանդարտացման ազգային մարմնին: Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող փոփոխությանը: 5.Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետով նախատեսվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 18-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ. «ստանդարտացման տեխնիկական խորհուրդ՝ ստանդարտացման ոլորտի համապատասխան մասնագետներից կազմված եւ Ստանդարտացման ազգային մարմնի ղեկավարի հրամանով ձեւավորվող խորհուրդ»: 5.1. Այսպես՝ ստացվում է, որ Նախագծով Օրենքում լրացվում են կարգավորումներ, որոնցով սահմանվում են ստանդարտացման տեխնիկական խորհրդի հասկացությունը, ինչպես նաեւ նշված մարմնի կազմն ու աշխատակարգը հաստատելու՝ Ստանդարտացման ազգային մարմնի իրավասությունը: Այդ կարգավորումների վերլուծությունից, սակայն, հասկանալի չէ, թե ստանդարտացման տեխնիկական խորհուրդն ինչ դեր ունի ստանդարտացման գործընթացում, ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ գործառույթներ է իրականացնում: Համապատասխան կարգավորումների բացակայության պարագայում հստակ չէ, արդյոք այս մարմինը մասնակցում է ստանդարտացման գործընթացին, թե ոչ: Սույն հարցադրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Օրենքի 8-րդ հոդվածով ստանդարտացման գործընթացի մասնակիցների շարքում ստանդարտացման տեխնիկական խորհուրդը ներառված չէ: 5.2. Բացի այդ՝ ըստ նշված դրույթի՝ ստանդարտացման տեխնիկական խորհուրդը ձեւավորվում է ստանդարտացման ազգային մարմնի ղեկավարի հրամանով: Օրենքի ողջ տեքստում առկա չէ որեւէ դրույթի ստանդարտացման ազգային մարմնի ղեկավարի վերաբերյալ: Միաժամանակ նշենք, որ Օրենքում կիրառվում է «ստանդարտացման ազգային մարմնի տնօրեն» եզրույթը: Օրենքի եւ Նախագծի վերլուծությունից հասկանալի չէ՝ արդյոք «ստանդարտացման ազգային մարմնի տնօրեն» եւ «ստանդարտացման ազգային մարմնի ղեկավար» եզրույթները նույն միտքն են արտահայտում, թե ոչ: Եթե նույն միտքն են արտահայտում, ապա «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը ապահովելու նպատակով անհրաժեշտ է «ստանդարտացման ազգային մարմնի ղեկավար» եզրույթի փոխարեն կիրառել «ստանդարտացման ազգային մարմնի տնօրեն» եզրույթը: Եթե դրանք տարբեր իմաստ են արտահայտում, ապա անհրաժեշտ է Օրենքով սահմանել այդ երկու եզրույթները՝ դրանք միմյանցից հստակ տարանջատելու նպատակով: 6. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ծառայությունների եւ գործընթացների» բառերը փոխարինել «ծառայության եւ գործընթացի» բառերով: Այս կապակցությամբ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է. « Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը ( )»: 7. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին կետով կատարվող լրացման նպատակը Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «լիազորված պետական մարմին» ձեւակերպումը «լիազորված պետական կառավարման մարմին» ձեւով շարադրելն է: Այդ կապակցությամբ հարկ է անդրադառնալ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին, որը սահմանում է. «լիազորված պետական մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին»: Այսպես՝ վերը մեջբերված դրույթից բխում է, որ Օրենքում կիրառվող հիմնական հասկացություններից է «լիազորված պետական մարմին» եզրույթը, որն իր մեջ արդեն իսկ ներառում է «լիազորված պետական կառավարման մարմին» եզրույթը: Հետեւաբար հասկանալի չէ Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին կետով կատարվող լրացման նպատակը, ինչպես նաեւ Օրենքում «լիազորված պետական մարմին» եւ «լիազորված պետական կառավարման մարմին» եզրույթների միաժամանակյա կիրառումը: 8.Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ կետը նախատեսում է Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 3.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու եւ շնորհելու մասին կարգը»»: 8.1. Այսպես՝ ստացվում է, որ լիազոր պետական մարմնի համար սահմանվում է նոր իրավասություն՝ ամենամյա մրցանակներ սահմանելու եւ շնորհելու կարգը Կառավարության հաստատմանը ներկայացնել, մինչդեռ Կառավարության համար նշված կարգը հաստատելու իրավասություն չի սահմանվում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», հետեւաբար առաջարկում ենք համապատասխան լիազորող նորմ նախատեսել նաեւ Կառավարության համար: 8.2. Բացի այդ՝ նշենք, որ մեջբերված դրույթը վերաբերում է միայն արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառին, մինչդեռ Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Ստանդարտացման օբյեկտներն են արտադրանքը, աշխատանքը (այդ թվում՝ գործընթացը) եւ ծառայությունը»: Հետեւաբար հասկանալի չէ Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 3.1-ին կետում ամենամյա մրցանակներ սահմանելու եւ շնորհելու մասին կարգի մեջ աշխատանքի որակի բնագավառը չներառելու նպատակը: 8.3. Միաժամանակ նշենք, որ անհրաժեշտ է վերացնել Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ կետում առկա վրիպակը, այն է «3.1» թվի փոխարեն շարադրել «3.1-ին» թիվը: 9.Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում կատարվող փոփոխության արդյունքում ստացվում է, որ Ստանդարտացման ազգային մարմնի իրավասություններից է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների ստեղծումը, վերակազմավորումը եւ լուծարումը: Վերոգրյալի կապակցությամբ նշենք, որ Օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասի 10-րդ կետով սահմանվում է, որ Կառավարման խորհուրդը առաջարկություն է ներկայացնում ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների ստեղծման եւ լուծարման վերաբերյալ: Արդյունքում հասկանալի չէ, թե ինչ ընթացակարգով է իրականացվում ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների վերակազմավորումը: 10. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետով նախատեսվում է Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 18-րդ կետով, որի համաձայն՝ Ստանդարտացման ազգային մարմինը «հաստատում, հրապարակում եւ լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում հաշվետվություն Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագրի կատարման վերաբերյալ»: Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագիր» եզրույթ Օրենքով չի կիրառվում: 11. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետով Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր՝ 20-րդ կետով, Ստանդարտացման ազգային մարմնի համար սահմանվում է նոր իրավասություն, այն է. «իրականացնում է տեխնիկական պայմանների եւ դրանց փոփոխությունների փաստաթղթային փորձաքննություն եւ հաշվառում»: Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետով Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետում «, տեխնիկական պայմանների, դրանց փոփոխությունների նախագծերի» բառերի լրացման արդյունքում ստացվում է. «Ստանդարտացման ազգային մարմինը. ( ) կազմակերպում է միջազգային եւ տարածաշրջանային ստանդարտների, տեխնիկական պայմանների, դրանց փոփոխությունների նախագծերի փորձաքննություն»: Վերոնշյալ երկու լրացումները համադրելու արդյունքում առաջարկում ենք համապատասխան լրացումները կատարել մեկ կետի, այն է՝ Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետով Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր՝ 20-րդ կետի, շրջանակում: 12. Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետը, այն է. «Խորհուրդը ( ) ստեղծում է աշխատանքային խմբեր` Ստանդարտացման ազգային մարմնի գործունեության հետ կապված հարցերի ուսումնասիրության եւ համապատասխան որոշումների նախապատրաստման համար»: Հարկ է նկատել, որ Օրենքում աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ նոր դրույթ չի լրացվում, այնինչ դրանց վերաբերյալ մնացած դրույթները պահպանվում են: Օրինակ՝ Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում եւ 3-րդ մասում, 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերում, իսկ Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում լրացում է կատարվում աշխատանքային խմբերի վերաբերյալ: Հետեւաբար ստացվում է՝ Օրենքով կարգավորված չի լինելու աշխատանքային խումբ ստեղծելու հարցը: 13. Նախագծի 12-րդ հոդված 1-ին կետով Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում կատարվող լրացման արդյունքում այն ունենում է հետեւյալ տեսքը. «կազմակերպության ստանդարտները եւ տեխնիկական պայմանները»: Այսպես՝ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում ստացվում է, որ տեխնիկական պայմանը կազմակերպության ստանդարտի տեսակ է: Այսինքն՝ «կազմակերպության ստանդարտ» եզրույթն իր մեջ ներառում է «տեխնիկական պայմաններ» եզրույթը, հետեւաբար «կազմակերպության ստանդարտները» եզրույթից «տեխնիկական պայմանները» եզրույթը «եւ» շաղկապով անջատելու անհրաժեշտությունը բացակայում է: 14. Նախագծի 14-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ մասով. «Ռազմական արտադրանքի ազգային ստանդարտների համար կիրառվում է «Հայաստանի ռազմական ազգային ստանդարտ» անվանումը եւ «ՀՍՏ Ռ» դասիչը»: Այս դրույթի առնչությամբ անհրաժեշտ է անդրադառնալ Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին, որը սահմանում է. «Ազգային ստանդարտների համար կիրառվում է «ՀՍՏ» դասիչը: «Հայաստանի ազգային ստանդարտ» անվանումը եւ «ՀՍՏ» հապավումը պաշտպանվում են հեղինակային իրավունքների մասին օրենսդրությամբ եւ չեն կարող կիրառվել այլ տեսակի փաստաթղթերի համար»: Կարծում ենք՝ նպատակահարմար կլինի սահմանել դրույթ առ այն, որ ռազմական արտադրանի ազգային ստանդարտների համար կիրառվող անվանումն ու դասիչը եւս պաշտպանվում են հեղինակային իրավունքների մասին օրենսդրությամբ եւ չեն կարող կիրառվել այլ տեսակի փաստաթղթերի համար: 15. Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 15.3-րդ հոդվածը սահմանում է. «1. Տեխնիկական պայմանները մշակում, հաստատում, դրանցում փոփոխություններ կատարում, չեղյալ են հայտարարում իրավաբանական անձինք եւ (կամ) անհատ ձեռնարկատերերը: Տեխնիկական պայմանները եւ դրանց փոփոխությունները ենթակա են փաստաթղթային փորձաքննության եւ հաշվառման Ստանդարտացման ազգային մարմնում՝ համաձայն գործող ստանդարտացման կանոնների եւ ուղեցույցների: Տեխնիկական պայմանները եւ դրանց փոփոխությունները փաստաթղթային փորձաքննության ներկայացնելիս՝ ելնելով անհրաժեշտությունից, հայտատուն ներկայացնում է նաեւ համապատասխան պետական մարմնի կամ ոլորտային կազմակերպության եզրակացությունը (համաձայնեցումը): 2.Տեխնիկական պայմանները չպետք է հակասեն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:»: 15.1. Նշված դրույթի համաձայն՝ հայտատուի կողմից համապատասխան պետական մարմնի կամ ոլորտային կազմակերպության եզրակացություն (համաձայնեցում) ներկայացնելու հիմք որպես սահմանվում է «անհրաժեշտությունից ելնելը»: Այս առումով նշենք, որ «անհրաժեշտությունից ելնելով» ձեւակերպումը բավարար չափով հստակ չէ՝ հասկանալու համար, թե այն իր մեջ ինչ դեպքեր կարող է ներառել: Հետեւաբար իրավական որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով առաջարկում ենք Օրենքով ավելի մանրամասն շարադրել «անհրաժեշտությունից ելնելու» հիմքում ներառված դեպքերը: 15.2. Նշենք նաեւ, որ Օրենքի 15.2-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Կազմակերպության ստանդարտները չպետք է հակասեն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին »: Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 15.3-րդ հոդվածի 2-րդ մասով նույնական կարգավորում է նախատեսված տեխնիկական պայմանների համար: Տեխնիկական պայմանները կազմակերպության ստանդարտ են համարվում, հետեւաբար տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին կազմակերպության ստանդարտների համապատասխանության կանոնն իր մեջ կլանում է նաեւ տեխնիկական պայմանների՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին չհակասելու հրամայականը: 16. Նախագծի 21-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: 17. Նախագծի 21-րդ հոդվածը սահմանում է. «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 1 ամսվա ընթացքում Լիազորված պետական կառավարման մարմինը հաստատում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված իրավակարգավորումները»: Հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է. «Եթե օրենսդրական ակտով սահմանվում է, որ դրանում նշված առանձին հարաբերություններ կարգավորվում են կամ պետք է կարգավորվեն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով, ապա ընդունվող օրենսդրական ակտում կոնկրետ նշվում է դրանում չկարգավորված հարաբերությունները կարգավորելու լիազորություն ունեցող իրավաստեղծ մարմնի անվանումը»: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ Նախագծի 21-րդ հոդվածով անհրաժեշտ է սահմանել բոլոր այն մարմինները, որոնց Նախագծով վերապահվել է նոր ենթաօրեսնդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասություն: Նախագծի 21-րդ հոդվածում նշված է միայն Լիազորված պետական մարմինը, մինչդեռ Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 3.1-ին կետով սահմանվում է Կառավարության՝ նոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու վերաբերյալ կարգավորումներ: Նշված հարցի համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետին, որը սահմանում է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ նշենք հետեւյալը. նախ՝ Նախագծի 21-րդ հոդվածով կատարված հղումը սխալ է, երկրորդ՝ Նախագծով սահմանվում են ենթաօրեսնդրական նորմատիվ իրավական ակտերի հաստատման, այլ ոչ ընդունման վերաբերյալ դրույթներ: Հետեւաբար առաջարկում ենք շտկել հղումը՝ ընդգրկելով Նախագծի բոլոր դրույթները, որոնք պարունակում են նոր ենթաօրեսնդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու համար լիազորող նորմեր, ինչպես նաեւ սահմանել ուժի մեջ մտնելու այլ ժամկետ այն նորմերի համար, որոնց գործելը պայմանավորված է նշված ենթաօրեսնդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունմամբ: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 21-րդ հոդվածում «մտնելուց» բառից հետո լրացնել «հետո» բառը: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 29.06.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 29.06.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրամշակել «Ստանդարտացման մասին» Օրենքը, լրացնել դրա կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, վերանայել մի շարք հոդվածներ՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային թերությունների կամ խնդիրների կարգավորումը, ինչպես նաեւ սահմանել նոր իրավակարգավորումներ՝ հաշվի առնելով ոլորտի նոր զարգացումները: Մասնավորապես, առաջարկվում է Օրենքի 2-րդ հոդվածը լրացվել է նոր հասկացություններով («հիմնադրական ազգային ստանդարտ», «այլ պետության ազգային ստանդարտ», «ստանդարտացման տեխնիկական խորհուրդ») եւ խմբագրել «ստանդարտացման ամենամյա ծրագիր», «տեխնիկական պայմաններ», «կառավարման խորհուրդ» հասկացությունները: Առաջարկվում է նաեւ՝ - վերանայել ստանդարտացման նպատակները եւ սկզբունքները, ստանդարտացման ազգային մարմնի, կառավարման խորհրդի գործառույթները սահմանող հոդվածները, - լրացնել ռազմական ազգային ստանդարտների համար «ՀՍՏ Ռ» դասիչը՝ Հայաստանի ռազմական ազգային ստանդարտների (գաղտնի) եւ Հայաստանի ազգային ստանդարտների նշագրերը տարբերակելու նպատակով, - սահմանել Ստանդարտացման ազգային մարմնում տեխնիկական պայմանների եւ դրանց փոփոխությունների փաստաթղթային փորձաքննության եւ հաշվառման պարտադիր պահանջ եւ դրա հետ կապված այլ կարգավորումներ, - նախատեսել, որ ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, ստեղծվում են աշխատանքային խմբեր՝ ստանդարտների մշակման գործընթացն իրականացնելու համար, - վերանայել եւ ավելի ընդգրկուն դարձնել նաեւ ստանդարտացման փաստաթղթերի կիրառման շրջանակը՝ հաշվի առնելով ներկայումս մի շարք տեխնիկական կանոնակարգերի՝ ըստ բովանդակության վերանայման եւ ոչ տեխնիկական կանոնակարգեր սահմանելու, նորմատիվ իրավական ակտերով հաստատելու անհրաժեշտությունը եւ այլն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-668) 16.06.2022թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ստանդարտացման մասին» Օրենքում, որի նպատակը ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը կարգավորելն է եւ նոր իրավակարգավորումների սահմանումն է: Հեղինակի կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է Օրենքը լրացնել «հիմնադրական ազգային ստանդարտ», «այլ պետության ազգային ստանդարտ», «ստանդարտացման տեխնիկական խորհուրդ» հասկացություններով, ինչպես նաեւ վերախմբագրել, լրամշակել Օրենքում առկա «ստանդարտացման ամենամյա ծրագիր», «տեխնիկական պայմաններ» հասկացությունները, վերանայել ստանդարտացման նպատակները եւ սկզբունքները, ստանդարտացման ազգային մարմնի, կառավարման խորհրդի գործառույթները սահմանող հոդվածները: Նախագծով սահմանվել է Ստանդարտացման ազգային մարմնում տեխնիկական պայմանների եւ դրանց փոփոխությունների փաստաթղթային փորձաքննության եւ հաշվառման պարտադիր պահանջ: Միաժամանակ նախատեսվել է հայտատուի կողմից նախքան փաստաթղթային փորձաքննություն կատարելը՝ անհրաժեշտությունից ելնելով, նաեւ համապատասխան պետական մարմնի կամ ոլորտային կազմակերպության եզրակացության ներկայացման պահանջ: Նախագծով վերանայվել եւ ավելի ընդգրկուն է դարձել ստանդարտացման փաստաթղթերի կիրառման շրջանակը՝ հաշվի առնելով ներկայումս մի շարք տեխնիկական կանոնակարգերի՝ ըստ բովանդակության վերանայման եւ ոչ տեխնիկական կանոնակարգեր սահմանելու, նորմատիվ իրավական ակտերով հաստատելու անհրաժեշտությունը: Ներկայացված Նախագծի ընդունումն, ըստ հեղինակի, կհանգեցնի ներկայումս առաջացած խնդիրների լուծմանը, Օրենքով կարգավորվող գործընթացների, Օրենքի կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերի համապատասխանեցմանը: Նախագծով կատարվել են նաեւ Օրենքի կիրարկման ընթացքում արձանագրված տեխնիկական բնույթի որոշ շտկումներ: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում: Եզրահանգում Կարծում ենք, Նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն ստանդարտացման ոլորտի կարգավորումները, կբարձրանա ստանդարտացման աշխատանքների արդյունավետությունը, ինչն, անշուշտ, կբերի ոլորտի արդիականացմանը: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 16.06.2022թ.
|