ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-297-09.06.2022-ՏՏԳՇ-011/0), «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2971 -09.06.2022-ՏՏԳՇ-011/0), «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2972 -09.06.2022-ՏՏԳՇ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2973 -09.06.2022-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2974 -09.06.2022-ՏՏԳՇ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2975 -09.06.2022-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2976 -09.06.2022-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-297-09.06.2022-ՏՏԳՇ-011/0), «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2971 -09.06.2022-ՏՏԳՇ-011/0), «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2972 -09.06.2022-ՏՏԳՇ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2973 -09.06.2022-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2974 -09.06.2022-ՏՏԳՇ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2975 -09.06.2022-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-2976 -09.06.2022-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
01.07.2022թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք նշել «ջրային» բառից առաջ՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ նեռրառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջն՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի լրիվ անվանումների հիշատակումները նույնպես համապատասխանեցնել սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանման հիշատակման կանոնին: 2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված է՝ «1) «հասարակական շահ» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.»: Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում «հասկացությունից հետո» բառերը փոխարինել «հասկացությունը սահմանող պարբերությունից հետո» բառերով՝ հաշվի առնելով այն հանքամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 1-ին հոդվածում քննարվող լրացումը կատարվում է, ոչ թե հասկացությունից, այլ՝ համապատասխան պարբերությունից հետո: Դիտարկման տրամաբանությունը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի այլ կետերով Օրենսգրքի 1-ին հոդվածում կատարվող լրացումներին: 3. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 1-ին հոդվածում՝ որպես Օրենսգրքում կիրառվող հիմնական հասկացություն լրացվում է «ջրամատակարարման եւ ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից մեկուսացված եւ խոցելի խմբեր» եզրույթը սահմանող նոր պարբերություն: Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք Նախագծի 33-րդ հոդվածում «ջրամատակարարման եւ ջրահեռացման հավասար հասանելիություն ապահովելու համար մեկուսացված եւ խոցելի խմբերի» եզրույթը փոխարինել «ջրամատակարարման եւ ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից մեկուսացված եւ խոցելի խմբերի» եզրույթով: 4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 1-ին հոդվածում «ջրօգտագործում» հասկացությունը սահմանող պարբերությունից հետո լրացվում է նոր հասկացություն, որի համաձայն՝ «ջրօգտագործող՝ ջրօգտագործում իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.»: Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 1-ին հոդվածում սահմանված է «անձ» հասկացությունը, այն է՝ «անձ՝ ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձ.»: Հիմք ընդունելով նշվածը, կարծում ենք՝ «ջրօգտագործող» հասկացության մեջ «ֆիզիկական կամ իրավաբանական» բառերի անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ «անձ» հասկացությունը ենթադրում է եւ՛ ֆիզիկական անձ, եւ՛ իրավաբանական անձ: 5. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 9-րդ կետով սահմանվում է. «մակերեւութային եւ ստորերկրյա ջրային մարմինների համար առնվազն լավ կարգավիճակի, իսկ խիստ փոփոխված ջրային մարմինների համար՝ պոտենցիալ լավ կամ միջակ կարգավիճակի ապահովումը»: Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետով Օրենսգրքի 1-ին հոդվածում լրացվող նոր պարբերություններով սահմանվող հասկացություններից բխում է, որ մակերեւութային ջրային մարմիններն ունեն 5 կարգավիճակ, որոնցից առավելագույն կարգավիճակը «գերազանց» կարգավիճակն է, մինչդեռ ստորերկրյա ջրային մարմիններն ունեն ընդամենը 2 կարգավիճակ՝ «վատ» եւ «լավ»: Ընդ որում՝ «լավ» կարգավիճակը ստորերկրյա ջրային մարմինների համար առավելագույն կարգավիճակն է, հետեւաբար, պարզ չէ, թե որն է Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 9-րդ կետով սահմանված ստորերկրյա ջրային մարմինների առնչությամբ կիրառված «առնվազն լավ» կարգավիճակը: 6. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 24-րդ կետում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի անվանման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: 7. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ կետի համաձայն՝ «5) իրականացնում են ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիթորինգ եւ կազմում Ամփոփագրեր, հաշվետվություններ: Ամփոփագրի ձեւը հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարը:»: Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 11-րդ հոդվածը վերնագրված է «Ջրավազանային կառավարման մարմինները», մինչդեռ՝ քննարկվող լրացմամբ նախատեսվում է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարի իրավասությանը վերաբերող կարգավորում: «Նորմատիվ րավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված է հետեւյալ պահանջը՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ կետի 2-րդ պարբերությունը լրացնել Օրենսգրքի «Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը» վերտառությամբ 10-րդ հոդվածում: 8. Նախագծի 11-րդ հոդվածով Օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում կատարվող լրացման արդյունքում ստացվում է հետեւյալը. «ջրերի ստանդարտներին, այդ թվում՝ ջրի որակի նորմերին»: Վերոգրյալից բխում է, որ ջրի ստանդարտներն ի թիվս այլնի իր մեջ ներառում է նաեւ ջրի որակի նորմերը: Մինչդեռ Օրենսգրքի 1-ին հոդվածով «ջրերի ստանդարտներ» հասկացությունը սահմանող պարբերության (այն է՝ «ջրերի ստանդարտներ` ջրերի որակական եւ քանակական չափանիշներ եւ պահանջներ, որոնք անհրաժեշտ են ջրային ռեսուրսների (ներառյալ՝ ազգային ջրային պաշարի) քանակի պահպանության եւ ջրային ռեսուրսների որակի բարելավման համար») եւ Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքի 1-ին հոդվածում լրացվող նոր՝ «ջրի որակի նորմ» հասկացությունը սահմանող պարբերության (այն է՝ «ջրի որակի նորմ` մակերեւութային կամ ստորերկրյա ջրային մարմնի կամ գետավազանի բնական առանձնահատկություններին բնորոշ եւ դրանցից բխող ջրի որակական ցուցանիշների համակցություն») համադրությունից չի բխում, որ «ջրերի ստանդարտներ» եզրույթն իր մեջ կլանում է նաեւ «ջրի որակի նորմ» եզրույթը: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածով Օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «, այդ թվում՝» բառերը փոխարինել «եւ» շաղկապով: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 29-րդ հոդված 1-ին մասի 2-րդ կետում, Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 30.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող լրացումներին: 9. Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը ձեւակերպել հետեւյալ կերպ՝ «Եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմողն ունի կամ մտադիր է ՀՏԿ կառուցել, ապա այդ մասին նա նշում է իր հայտի մեջ եւ Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար՝ անհրաժեշտության դեպքում նաեւ գետահատվածում սողանքային տարածքի առկայության վերաբերյալ արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմնից տեղեկատվություն»: Նշված լրացումից բխում է, որ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար, անհրաժեշտության դեպքում, կարող է պահանջվել գետահատվածում սողանքային տարածքի առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկատվություն: Հարկ է նկատել, որ Օրենքի 30.1-ին հոդվածի 2-րդ չհամրակալված պարբերության մեջ նշված են փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ջրօգտագործման թույլտվության հայտերի մերժման շրջանակը, որոնց մեջ փոքր հիդրոէկելտրակայանների կառուցմա արգելք գետահատվածում սողանքային տարածքի առկայությունից բացի սահմանված է նաեւ, օրինակ՝ գետերի հոսքի ձեւավորման տարածքի կամ բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքների առկայությունը: Մինչդեռ նշենք, որ նշված տարածքների առկայության կամ բացակայության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն ներկայացնելու պահանջ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար չի նախատեսվում: Հետեւաբար, առաջարկում ենք ապահովել նշված կարգավորման հիմնավորվածությունը: 10. Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասում «տեղեկատվություն» բառից հետո նախատեսվում է լրացնել «, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար՝ անհրաժեշտության դեպքում նաեւ գետահատվածում սողանքային տարածքի առկայության վերաբերյալ արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմնից տեղեկատվություն: Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տարածքների ցանկը սահմանում է Արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմնի ղեկավարը:»: Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքում կիրառվում է «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազորված մարմին» հասկացությունը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասում կիրառված ձեւակերպումները համապատասխանեցնել Օրենսգրքում կիրառված՝ «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազորված մարմին» ձեւակերպմանը՝ հասկացությունների միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով: 11. Նախագծի 8-րդ, 19-րդ, 31-րդ, 32-րդ եւ 34-րդ հոդվածներով Օրենսգրքում նոր լրացվող հոդվածների համարակալման մեջ առաջարկում ենք հոդվածի համարը տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, այն է՝ «( ) Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, ( ):»: Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծում առկա է երկու «Հոդված 31.», ուստի առաջարկում ենք Նախագծում ապահովել հոդվածների համարակալման հաջորդականությունը: 12. Նախագծով Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող կամ նոր լրացվող հոդվածների վերնագրերն առաջարկում ենք համապատասխանեցնել Օրենսգրքում հոդվածների վերնագրերի նկատմամբ կիրառված ձեւին, մասնավորապես՝ շարադրել թավ տառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում լրացվող 26.1-ին հոդվածի եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող 63.2-րդ հոդվածի վերնագրերին: 13. Նախագծի 14-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 30.1-ին հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել: Նախագծի 39-րդ հոդվածի 6-րդ մասի 14-րդ կետի համաձայն՝ «14) Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տարածքների ցանկը սահմանում է Արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմնի ղեկավարը երկու տարվա ընթացքում:» Օրենսգրքի 30.1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված սողանքային տարածքները սահմանում է Կառավարությունը:» Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 30.1-ին հոդվածի 4-րդ մասը, իսկ Նախագծի 39-րդ հոդվածի 6-րդ մասի 14-րդ կետով համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունելու համար սահմանված է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամյա ժամկետ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ կետի համար նախատեսել ուժի մեջ մտնելու այնպիսի ժամկետ, որ այդ նորմի հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը շարունակի գործել մինչեւ համապատասխան օրենքի ընդունումից հետո այդ օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ներմատիվ իրավական ակտերը կընդունվեն՝ ապահովելով կարգավորումների իրականացման ամբողջականությունն ու անընդհատությունը: Այսպես, սույն առաջարկը բխում է այն հանգամանքից, որ Օրենսգրքի քննարկվող դրույթը ուժը կորցրած ճանաչելով լիազորվող ենթաօրենսդրական ակտն այլեւս չի գործի լիազորող նորմի բացակայության հիմքով, ինչի հետեւանքով ուժը կորցրած ճանաչված Կառավարության որոշման ուժով, նախքան Արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմնի ղեկավարի ենթաօրենսդրական ակտի ընդունումը՝ մինչը երկու տարի սողանքային տարածքների ցանկ կարող է սահմանված չլինել: 14. Նախագծի 17-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 32-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը սահմանում է, որ ջրօգտագործման թույլտվության տիտղոսաթերթը պետք է ներառի. «ջրօգտագործման թույլտվություն ստացողի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը եւ հասցեն»: «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է, որ պետական գրանցման կամ պետական հաշվառման համար ներկայացվող դիմումի մեջ պետք է ներառվի «դիմող ֆիզիկական անձի ( ) բնակության կամ հաշվառման հասցեն, իրավաբանական անձի ( ) գտնվելու վայրը»: Վերոգրյալից բխում է, որ ֆիզիկական անձինք ունենում են բնակության կամ հաշվառման հասցե, իսկ իրավաբանական անձինք՝ գտնվելու վայր: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Նախագծի 17-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 32-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում ֆիզիկական անձանց վերաբերող տվյալները շարադրված են փակագծերում՝ առաջարկում ենք նշված կետում «եւ հասցեն» բառերը փոխարինել «(բնակության կամ հաշվառման հասցեն)» բառերով: 15. Նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է Օրենսգրքի 33-րդ հոդվածի 6-րդ մասում փոփոխություն կատարել, ինչի արդյունքում նշված դրույթը ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ «Եթե ներդրումային ծախսերը կարող են երաշխավորվել, ապա Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը ջրավազանային կառավարման պլանների հիման վրա կարող է ջրօգտագործման թույլտվություն տալ առավելագույն ժամկետով»: Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 33-րդ հոդվածը նախատեսում է ջրօգտագործման թույլտվությունների ժամկետի հնարավոր առավելագույն սահմանը՝ մինչեւ 3 տարի, մինչեւ 25 տարի, մինչեւ 5 տարի եւ այլն: Նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված «առավելագույն ժամկետով» եզրույթի կիրառումը միանշանակ չի ընկալվում՝ մասնավորապես հասկանալի չէ՝ եթե ներդրումային ծախսերը կարող են երաշխավորվել, ապա Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը կարող է ջրօգտագործման թույլտվություն տալ Օրենսգրքով սահմանված հնարավոր առավելագույն ժամկետով (օրինակ՝ 3 տարի, 25 տարի, 5 տարի ժամկետով) թե՞ համապատասխան թույլտվությամբ ջրօգտագործման համար սահմանված առավելագույն ժամկետով (օրինակ՝ ջրօգտագործման թույլտվությունը տրվել է 2 տարի ժամկետով): 16. Նախագծի 18-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքի 33-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ մասի 2-րդ պարբերությունում հղում է կատարվում Օրենսգրքի «33.2-րդ հոդվածին»: Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքում, ինչպես նաեւ Նախագծով Օրենսգրքում նախատեսված լրացումների շարքում բացակայում է 33.2-րդ հոդվածը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 18-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքի 33-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ մասի 2-րդ պարբերությունում կատարված հղումը: 17. Նախագծի 19-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 33.1-ին հոդվածի 3-րդ մասում կիրառվում է «ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության լիազոր մարմին» հասկացությունը: Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 1-ին հոդվածում սահմանված է «Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին» հասկացությունը: Նախագծի 19-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 33.1-ին հոդվածի 3-րդ մասում կիրառված «ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության լիազոր մարմին» ձեւակերպումից առաջարկում ենք հանել «լիազոր» բառը՝ հիմք ընդունելով Օրենսգրքում սահմանված հասկացության անվանումը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 18. Նախագծի 20-րդ հոդվածով Օրենսգրքի 34-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասի (առաջարկում ենք այդ հոդվածում «3-րդ մասով» բառերը փոխարինել «4-րդ մասով» բառերով, քանի որ Օրենսգրքի 34-րդ հոդվածում առկա է 3-րդ մաս) համաձայն՝ «Սույն օրենսգրքի իմաստով օրինական հիմքեր են համարվում արտակարգ իրավիճակները (երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ, պատերազմ, ռազմական եւ արտակարգ դրություն), որոնք ուղղակիորեն կսահմանափակեն ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից ջրօգտագործման իրավունքի իրացումը:»: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածում «արտակարգ իրավիճակ» հասկացությունը բացահայտված է հետեւյալ կերպ՝ «որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետեւանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման.»: Մեջբերվածից բխում է, որ «արտակարգ իրավիճակ» հասկացությունն ավելի լայն է, քան սահմանված է Նախագծի 20-րդ հոդվածով Օրենսգրքի 34-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասում: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը եւ գործունեությունը, արտակարգ իրավիճակները:»: Վերոգրյալ նորմերը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծի 20-րդ հոդվածով Օրենսգրքի 34-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասում «օրինական հիմքերը» բացահայտելիս չկիրառել «արտակարգ իրավիճակները» եզրույթը, իբրեւ ընդհանրական հասկացություն՝ դրա առանձին դրսեւորում դիտարկելով արտակարգ դրությունը, քանի որ արտակարգ իրավիճակները արտակարգ դրություն հայտարարելու հիմքերից միայն մեկն է: Նաեւ առաջարկում ենք քննարկվող մասում պարզապես թվարկել օրինական հանդիսացող հիմքերը՝ հաշվի առնելով նաեւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածում «արտակարգ իրավիճակ» հասկացության մեջ ներառված այլ դեպքերը՝ անհարկի կերպով այդպիսի հիմքերի շարքը չսահմանափակելու նպատակով: 19. Նախագծի 24-րդ հոդվածով Օրենսգրքի 37.1-ին հոդվածի 7-րդ մասը նախատեսված է շարադրել նոր խմբագրությամբ, որի 2-րդ կետի համաձայն՝ «Ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվությամբ շահագործվող հորատանցքերի համար դրամագլխի գումարը պետք է ձեւավորվի սույն օրենսգրքի 37.1.1.-րդ հոդվածով սահմանված՝ դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը եւ վճարման ժամանակացույցը սահմանելու վերաբերյալ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում:»: Մեջբերված նորմն իր բնույթով, կարծում ենք, որ անցումային դրույթ է: Հետեւապես առաջարկում ենք սահմանել Նախագծի անցումային դրույթներում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե` 1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ 2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, (…)»: 5. Նախագծի 39-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ «4) Մակերեւութային, ստորերկրյա քաղցրահամ եւ թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման եւ շահագործման կարգը սահմանվում է Կառավարության կողմից երկու տարվա ընթացքում:»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 23-րդ հոդվածով Օրենսգրքի 37-րդ հոդվածում լրացվող մասը ամբողջապես չի ներառում Նախագծի 39-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետում սահմանված հանգամանքների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման լիազորումը, մասնավորապես՝ տեղադրման, շահագործման, «թերմալ ջրերի» հատվածով, առաջարկում ենք հստակեցնել քննարկվող լիազորող նորմը՝ հիմք ընդունելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «(…) Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»: 20. Նախագծի 36-րդ հոդվածով Օրենսգրքի 99-րդ հոդվածի 7-րդ կետում կատարվող լրացման արդյունքում ստացվում է հետեւյալը. «կեղտաջրերի արտահոսքը ջրային ռեսուրս թույլատրվում է միայն սույն օրենսգրքի պահանջների համաձայն՝ արտահոսքի թույլտվության առկայության դեպքում, հիմք ընդունելով ջրի որակի նորմերի վերանայումը»: Վերոգրյալի կապակցությամբ նշենք, որ Նախագծերի փաթեթի եւ Օրենսգրքի վերլուծությունից հասկանալի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում ջրի որակի նորմերի վերանայումը, որ դեպքերում եւ ինչ ընթացակարգով է կատարվում: Առաջարկում ենք ավելի հստակ եւ մանրամասն անդրադառնալ ջրի որակի նորմերի վերանայմանը: 21. Նախագծի 39-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերնագրերին: 22. Նախագծի 39-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք շտկել վրիպակը՝ «24-րդ հոդվածով» բառերի փոխարեն շարադրելով «23-րդ հոդվածով» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրնսգրքի 37-րդ հոդվածի նոր 5-րդ մասը լրացվում է Նախագծի 23-րդ հոդվածով: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 39-րդ հոդվածի 3-րդ մասում «Օրենսգրքի 37.3-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի» բառերը փոխարինել «Նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 37.3-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող նոր՝ 4-րդ կետի» բառերով՝ հղման հստակությունն ապահովելու նպատակով: 23. «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը շարադրել «ՋՐԻ» բառից առաջ, ինչպես նաեւ 1-ին հոդվածում «Ջրի» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի անվանումը պարունակում է «Հայաստանի Հանրապետության» բառերը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: 24. «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածում «26.1» գրելաձեւն առաջարկում ենք փոխարինել «26.1-ին» գրելաձեւով՝ հիմք ընդունելով դասական թվականների գրության ձեւը: Միաժամանակ առաջարկում ենք «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով « Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում լրացվող նոր՝ 26.1-ին հոդվածի համարակալման մեջ հոդվածի համարը տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը: 25. «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված են միայն փոփոխություններ, մինչդեռ Նախագծի վերնագրում առկա է նաեւ «լրացում» բառը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից հանել «եւ լրացում» բառերը: 26. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով այն հանագմանքը, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կատարվում են փոփոխություններ եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված պահանջը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»: 27. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Պետական տուրքի մասին» օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք շտկել այդ օրենքի հերթական համարը՝ հանելով նորմատիվ բնույթի վերաբերյալ նշումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: 28. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «Հոդված 2.» ձեւակերպումն առաջարկում ենք գրել թավ տառերով՝ դրսեւորելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում հոդվածների գրության միասնական մոտեցում: 29. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով հղում է կատարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 61-րդ հոդվածի 7-րդ պարբերությանը, մինչդեռ նշենք, որ նշված հոդվածը բաղկացած է թվով չորս չհամարակալված պարբերություններից, իսկ յուրաքանչյուր պարբերության մաս կազմող՝ տվյալ իրավախախտման համար սահմանված սանկցիաները առանձին իմաստ չեն արտահայտում, ուստի չեն կարող հաշվվել որպես առանձին պարբերություն (պարբերության՝ իրավախախտում նախատեսող դրույթը պատասխանատվություն նախատեսող հատվածից առանձնացված է բութ կետադրական նշանով): Հիմք ընդունելով այն հանգամանքը՝ որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումը կատարվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 61-րդ հոդվածի 4-րդ պարբերության մեջ՝ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «7-րդ» թիվը փոխարինել «4-րդ» թվով: 30. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում հաջորդիվ նշված «ջրային» բառը մնալու է փոքրատառով՝ հետեւաբար առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում համապատասխան փոփոխությունը կատարել ոչ թե նշված բառերը հանելու, այլ «Ջրօգտագործման սահմանված չափաքանակների խախտմամբ բնական ջրային օբյեկտներից ջրառ իրականացնելը, ջրային» բառերը «Ջրային» բառով փոխարինելու միջոցով: 31. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 63.2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում վարչական պատասխանատվություն է նախատեսվում ջրօգտագործման թույտվության պահանջները չկատարելու համար, ինչպես նաեւ ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված վայրերում (...) ջրաչափերի կամ ջրաչափական սարքերի տեղադրման, այսինքն՝ կոնկրետ որոշակի պահանջները չկատարելու՝ համար: Այսպես՝ «2. Ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով: (...) 5.Ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված ջրառի, ջրթափի եւ/կամ էկոլոգիական թողքի կետերում ջրաչափերի կամ ջրաչափական սարքերի տեղադրման պահանջները չկատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով: Հարկ է նկատել, որ Նախագծի 23-րդ հոդվածով Օրենսգրքի 37-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասի բովանդակությունից բխում է, որ ջրօգտագործման եւ էկոլոգիական թողքի փաստացի չափաքանակները հաշվառելու համար ջրօգտագործման թույլտվության մեջ ամրագրվում է ջրահաշվիչ կամ ջրաչափիչ սարքեր տեղադրելու պահանջը: Այսինքն՝ ջրառի, ջրթափի կամ էկոլոգիական թողքի կետերում ջրաչափերի կամ ջրաչափական սարքերի տեղադրման պահանջները ներառված են ջրօգտագործման թույլտվության մեջ, հետեւաբար ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը իր մեջ կլանում է նաեւ ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված ջրաչափերի կամ ջրաչափական սարքերի տեղադրման պահանջները: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 63.2-րդ հոդվածի 2-րդ մասում «չկատարելը» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանաջները» բառերը: Միաժամանակ նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 63.2-րդ հոդվածի 5-րդ մասում կիրառված «/» կետադրական նշան հայերենում բացակայում է: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթում սահմանված կարգավորումների համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, միմյանց,Օրենսգրքին, եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ` Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248), Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 30.06.2022թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ` Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248), Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 30.06.2022թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով, առկա ոլորտային խնդիրների իրավակարգավորման նպատակով, առաջարկվում է՝ - սահմանել նոր հասկացություններ, մասնավորապես՝ «մակերեւութային ջրային մարմին», «ստորերկրյա ջրային մարմին», «ջրային ռեսուրսի ինքնամաքրում» եւ այլն, - ամրագրել մակերեւութային ջրերի որակի հինգ կարգավիճակներ (գերազանց, լավ միջակ, վատ, ցածր)՝ կախված ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական եւ կենսաբանական բնութագրիչներից, - ամրագրել դրույթներ, ըստ որոնց՝ պետք է ձեռնարկվեն միջոցներ գերազանց կամ լավ վիճակում գտնվող մակերեւութային ջրային ռեսուրսները պահպանելու համար, - տարանջատել ստորերկրյա ջրային մարմինների լավ եւ վատ կարգավիճակները, - կանոնակարգել ազատ ջրօգտագործման, ջրօգտագործման թույլտվության վերանայման հետ կապված հարաբերությունները, - հստակեցնել ջրօգտագործման թույլտվության 3 տարի անընդմեջ չօգտագործման օրինական հիմքերը, առանց որոնց առկայության ջրօգտագործման թույլտվությունը համարվում է ուժը կորցրած, - նախատեսել արգելք Արարատյան դաշտում (Արարարտի եւ Արմավիրի մարզեր) նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաեւ գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ եւ այլն: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը: Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր՝ «ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ» հասկացությամբ, ըստ որի՝ այն իրենից ներկայացնեում է. «կենտրոնական գանձապետարանում Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի անվամբ բացված արտաբյուջետային հաշվեհամարին հորատանցքի միջոցով ջրառ իրականացնող ջրօգտագործողների կողմից փոխանցված ֆինանսական միջոցներ, որոնք ուղղվում են ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացմանը կամ լուծարմանը.»: ՀՀ Ջրային Օրենսգրքում լրացվող նոր՝ 37.1.1-ին հոդվածով սահմանվում են Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի հետ կապված կարգավորումներ, իսկ Նախագծի 26-րդ հոդվածով վերախմբագրվում է Օրենսգրքի 37.2-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի. «Հորատանցքերի լուծարումը կամ կոնսերվացումն իրականացվում են այն անձանց միջոցների հաշվին, որոնց սեփականության իրավունքով պատկանող տարածքում է գտնվում տվյալ հորը, բացառությամբ ջրօգտագործողի կողմից դրամագլխի հաշվին հատկացված ամբողջական գումարի առկայության պայմաններում հորատված խորքային հորերի, որոնց լուծարումը կամ կոնսերվացումն իրականացվում են դրամագլխի հաշվին, իսկ դրամագլխի հաշվին ոչ ամբողջությամբ հատկացված գումարի դեպքում՝ տարբերությունը վճարվում է ջրօգտագործողի միջոցներով: Դրամագլխի հաշվին գումար հատկացնելը չի տարածվում ջրային ոլորտում խմելու ջրի մատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց վրա: Սույն հոդվածով նախատեսված միջոցառումների կատարումից հետո ջրօգտագործողի կողմից դրամագլխին վճարված գումարի մնացորդը վերադարձվում է ջրօգտագործողին:»: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ չնայած «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքը սահմանում եւ թույլ է տալիս որոշ դեպքերում արտաբյուջետային հաշիվների բացումն ու վարումը, այդուհանդերձ, առաջարկում ենք հրաժարվել տվյալ գաղափարից, որի դեպքում ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման ծախսերը կկատարվեն ջրօգտագործողների հաշվին՝ համապատասխան գումարները ջրօգտագործման վճարներում ներառելու կամ այդ ծախսերի կատարման անհնարինության դեպքում՝ բյուջետային միջոցների հաշվին կատարելու եւ ջրօգտագործողներից դատական կարգով համապատասխան ծախսերը եւ դրա համար սահմանվող տուգանքը գանձելու պայմանով: Խնդիրը կայանում է նրանում, որ արտաբյուջետային հաշիվների միջոցով նշված ծախսերի իրականացումն այնքան էլ համահունչ չէ ՀՀ բյուջետային համակարգի հիմքում դրված՝ բյուջետային համակարգի միասնականության եւ բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության սկզբունքներին, ուստի պատահական չէ, որ վերջին տարիներին որդեգրվել է արտաբյուջետային հաշիվների եւ ֆոնդերի վերացման պրակտիկա, երկու անգամ համապատասխան նախագծերի փաթեթների ընդունմամբ այդպիսի հաշիվներն արդեն իսկ վերացվել են եւ գործնականում 2020 թվականի սկզբից նման հաշիներ չեն օգտագործվում: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 15.06.2022թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում, «Ջրի ազգային ծրագրի մասին», «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին», Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, «Պետական տուրքի մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, որոնց նպատակը առկա ոլորտային խնդիրների իրավակարգավորումն է: Ներկայացված Նախագծերի փաթեթով հեղինակն առաջարկում է՝ - սահմանել նոր հասկացություններ, մասնավորապես՝ «մակերեւութային ջրային մարմին», «ստորերկրյա ջրային մարմին», «ջրային ռեսուրսի ինքնամաքրում» եւ այլն, - ամրագրել մակերեւութային ջրերի որակի հինգ կարգավիճակներ (գերազանց, լավ միջակ, վատ, ցածր)՝ կախված ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական եւ կենսաբանական բնութագրիչներից, - ամրագրել դրույթներ, ըստ որոնց՝ պետք է ձեռնարկվեն միջոցներ գերազանց կամ լավ վիճակում գտնվող մակերեւութային ջրային ռեսուրսները պահպանելու համար, - տարանջատել ստորերկրյա ջրային մարմինների լավ եւ վատ կարգավիճակները, - կանոնակարգել ազատ ջրօգտագործման, ջրօգտագործման թույլտվության վերանայման հետ կապված հարաբերությունները, - հստակեցնել ջրօգտագործման թույլտվության 3 տարի անընդմեջ չօգտագործման օրինական հիմքերը, առանց որոնց առկայության ջրօգտագործման թույլտվությունը համարվում է ուժը կորցրած, - նախատեսել արգելք Արարատյան դաշտում (Արարատի եւ Արմավիրի մարզեր) նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաեւ գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ եւ այլն: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունմամբ հեղինակն ակնկալում է՝ - ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծման միջոցով ազգային ջրային պաշարի պահպանում, - օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի եւ որակի ջրով քաղաքացիների եւ տնտեսության պահանջների բավարարում, - մակերեւույթային եւ ստորերկրյա ջրային պաշարների կարգավիճակի վատթարացման կանխում, - խիստ փոփոխված ջրային մարմինների կարգավիճակի բարելավում եւ վերականգնում, - շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովում, ինչպես նաեւ ոլորտում առկա խնդիրների լուծման համար իրավական հիմքերի ապահովում: Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթի վերաբերյալ սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից դիտողություններ չկան, սակայն փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը: Մասնավորապես. Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ եւ 6-րդ մասերում, այնուհետեւ 4-րդ հոդվածի 2-րդ մասում հանդիպող «ջրային մարմին» հասկացությունը, կարծում ենք, հստակեցման կարիք ունի եւ անհրաժեշտ է տալ դրա սահմանումը: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 21.06.2022թ.
|