ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-298-13.06.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի եւ Նարեկ Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Պ-298-13.06.2022-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:  
  
  
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                   ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ  
   

04.07.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված փոփոխության արդյունքում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»  օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ «Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ (...) առողջապահության ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ  վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների (...) »: Նշված ձեւակերպումից եւ Նախագծի այլ կարգավորումներից բխում է, որ առողջապահության եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողության  ոլորտներում  ստուգումներ իրականացնող մարմինը տեսչական մարմինն է: Դրա հետ մեկտեղ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»  օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից բխում է, որ առանց հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ պատշաճ ձեւով տնտեսվարողին ներկայացնելու պահանջը առկա է նաեւ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ըստ անհրաժեշտության իրականացվող ստուգումների դեպքում:

«Տեսչական մարմինների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ըստ անհրաժեշտության ստուգումներն անցկացվում են միայն այն դեպքում, երբ սպառնացող վտանգի աստիճանը բարձր է, կամ երբ նույն տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ կարճ ժամանակահատվածում ստացվել են բազմաթիվ բողոքներ»:

Միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»  օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում (ըստ որի Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ըստ անհրաժեշտության ստուգումների դեպքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ տնտեսվարող սուբյեկտին ստուգում անցկացնելու հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության պետին:) ստացվում է՝ առողջապահության եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողության  ոլորտներում  ստուգումներ իրականացվելու են տեսչական մարմնի կողմից, իսկ ըստ անհրաժեշտության  ստուգումները՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ առանց նախարարի որոշմամբ  Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության պետի կողմից ստուգումներ անցկացնելու հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը փոխանցելու հնարավորության: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հստակեցնել կամ տարանջատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականցվող ըստ անհրաժեշտության ստուգումների հնարավոր շրջանակը (ոլորտը):


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ այլ օրենքներին հակասող նորմեր առկա չեն:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

04.07.2022



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

04.07.2022





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է հանել առողջապահության եւ աշխատանքային օրենսդրության ոլորտում վերահսկողություն իրականացնելիս ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը՝ ելնելով տեսչական մարմնին տրված համապատասխան լիազորության էությունից:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

17.06.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Նախագիծը ներկայացվել է` ելնելով առողջապահական եւ աշխատանքային իրավունքի ոլորտում վերահսկողություն իրականացնելիս ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը վերացնելու անհրաժեշտությամբ: 

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը լիազորված է վերահսկողություն իրականացնել եւ օրենքով սահմանված կարգով կիրառել պատասխանատվության միջոցներ  առողջապահության եւ աշխատանքային իրավունքի բնագավառներում:

Տեսչության գործառույթերի իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերը լրացվել են 2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով, որով տեսչությանը իրավունք է վերապահվել ողջ ծավալով վերահսկողություն իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ: Վերահսկողության ձեւերից է ստուգումը, որի անցկաման կարգը ամրագրված է Օրենքով:

Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ստուգման հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Վերջինս պարտավոր է ստորագրել 1 օրինակի վրա՝ հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: 

Գործնականում տնտեսվարողի կողմից հանձնարարագրի օրինակը չստանալը կամ չստորագրելը խոչընդոտում է ստուգումն իրականացնելը, թեեւ կարող է չպարունակել տեսչական մարմնի աշխատանքին խոչըդոտելու հատկանիշներ: Մյուս կողմից էլ, 3-օրյա ժամկետի պահպահման պարագայում տեսչության ստուգաթերթով սահմանված ստուգման ենթակա փաստերի պարզաբանումը/բացահայտումը դառնում է անհնարին, իսկ ստուգումն՝ անարդյունավետ:

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն, որի արդյունքում ապահովվում է տեսչական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացումը:

Նախագիծը սոցիալ, կրթական,  առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


 Եզրահանգում

Ներկայացված Նախագծի ընդունման արդյունքում էականորեն կբարձրանա առողջապահական ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգումների արդյունավետությունը: Օբյեկտիվորեն կարտացոլվի տնտեսվարողների կողմից համապատասխան ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման իրական, փաստացի վիճակը, քանի որ վերոնշյալ փոփոխությունների արդյունքում էականորեն կնվազի տնտեսվարողների կողմից իրական տվյալները թաքցնելու հնարավորությունը:

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ. ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

24.06.2022թ.