ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-319-28.06.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Պ-319-28.06.2022-ԳԿ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                           ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

18.07.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Կրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածը, որը սահմանում է.

«Հոդված 19.    Հատուկ կրթությունը

(…)

2. Պետությունն ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում` երկարօրյա եւ գիշերօթիկ)` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: Հատուկ հաստատությունների տիպերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով:

(…)

5. Վարքի շեղում ունեցող անչափահասների ուսուցումը եւ վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները` հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները:»: 

Այս համատեքստում հարկ է անդրադառնալ նաեւ Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացմանը, որի արդյունքում սահմանվում է, որ պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողներին՝ հատուկ կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով: Այսպես՝ Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն իրականացվում է հատուկ ծրագրով: Հարկ է նշել նաեւ, որ Օրենքի ողջ տեքստում «հատուկ ծրագիր» եզրույթը հիշատակվում է միայն Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասում: Նշված դրույթն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում այլեւս հստակ չէ, թե կոնկրետ ինչ է իրենից ներկայացնում հատուկ ծրագիրը եւ որ ուսումնական հաստատություններն են համարվում հատուկ ծրագիր իրականացնող, հետեւաբար հստակ չէ նաեւ, թե պետությունը որ ուսումնական հաստատություններին եւ ինչ դասագրքերով պետք է ապահովի:

Բացի այդ՝ նշենք, որ Օրենքի 19-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչելով՝ ուժը կորցրած է ճանաչվում հատուկ կրթության, հատուկ հաստատությունների եւ հատուկ ծրագրի վերաբերյալ կարգավորումներ սահմանող դրույթը: Վերոնշյալ փոփոխության, ինչպես նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով կատարվող փոփոխության արդյունքում ստացվում է՝ Օրենքում «հատուկ կրթություն» եզրույթի կիրառմամբ բոլոր դրույթները վերանում են, բացի Օրենքի 3-րդ հոդվածի 3.1-ին կետի՝ որով սահմանվում է «հատուկ կրթություն» հասկացությունը: Հարկ է նկատել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ վերոգրյալ փոփոխությունների հետ կապված որեւէ պատճառաբանության բացակայության արդյունքում հասկանալի չէ, թե «հատուկ կրթություն» հասկացությունը սահմանող դրույթը պահպանելու դեպքում հատուկ կրթության վերաբերյալ կարգավորումներ սահմանող դրույթները ուժը կորցրած ճանաչելը ինչ նպատակ է հետապնդում:

2. Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

3.Նախագծի 4-րդ հոդվածի «մասը խմբագրել հետեւյալ շարադասությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դրույթը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին (…) մասեր (…) նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»: 

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի «հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ նախադասությամբ.» ձեւակերպման մեջ «նախադասությամբ» բառը փոխարինել «բովանդակությամբ» բառով:

4. Նախագծի 6-րդ հոդվածը սահմանում է. «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը, այն է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ՝ օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից»՝ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածում հստակ նշել, թե Նախագծի որ դրույթն է գործելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

18.07.2022թ. 



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 

18.07.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել պետական պարտավորություն նաեւ հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատութունների բոլոր դասարանների սովորողներին՝ պետական միջոցների հաշվին հատուկ կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով եւ ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով ապահովելու համար, ինչպես նաեւ սահմանել, որ նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից ստանում են նպատակային ֆինանսավորում:

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

30.06.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Կրթության մասին» Օրենքում:

Նախագիծը ներկայացվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի իրացման համար լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու եւ կրթության կազմակերպման գործընթացի ներառականությունն ապահովելու անհրաժեշտությունը:

2014 թվականից կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվել է բարձրացված չափաքանակներով, ինչը սահմանված է նաեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասով: Սակայն առկա իրավիճակը փաստում է, որ հատկացվող ֆինանսավորումը հիմնականում ուղղվել է մասնագետների վարձատրությանը եւ բավարար ուշադրության չի արժանացել երեխաների անհատական կարիքներին համապատասխան խելամիտ հարմարեցումների ստեղծման գործընթացը:

Բացի այդ, այս կարգավորումից դուրս է մնացել նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացը:

Հարկ է նշել, որ Օրենքով կարգավորված չէ նաեւ հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատութունների սովորողներին՝ հատուկ կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով ապահովելու հարցը: Բացի այդ Օրենքը սահմանում է, որ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում սովորող երեխաներն ապահովվում են դասագրքերով, հատուկ գրենական պիտույքներով ու հարմարանքներով, գիտամեթոդական նյութերով, սակայն հստակեցված չեն պարտականությունները եւ հասկանալի չէ, թե ով է պարտավոր ապահովելու վերը նշվածը: Փաստորեն, արձանագրվել է մի իրավիճակ, երբ տեսողության խնդիր ունեցող երեխաների դասագրքերը եւ կրթական նյութերը ձեռք են բերվել բարերաների եւ բարեգործական կազմակերպությունների միջոցներով եւ դրանց համար պետական միջոցներից ֆինանսավորում չի հատկացվել:

Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալը, Նախագծով մասնավորապես առաջարկվում է՝ 

- սահմանել պետական պարտավորություն նաեւ հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողներին՝ պետական միջոցների հաշվին հատուկ կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով եւ ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով ապահովելու համար,

- սահմանել, որ նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակլով պետական բյուջեի միջոցներից ստանում են նպատակային ֆինանսավորում: 

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն իրավական հիմքեր հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատութունների բոլոր դասարանների սովորողներին՝ պետական միջոցների հաշվին դասագրքերով եւ ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով ապահովելու, ինչպես նաեւ նախադպրոցական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից նպատակային ֆինանսավորում ստանալու համար:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                               ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

07.07.2022թ.