ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ  
   

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Պ-320-29.06.2022-ՏՀ-011/0) եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-3201 -29.06.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Ծովինար Վարդանյանի եւ Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը  (փաստաթղթային կոդ` Պ-320-29.06.2022-ՏՀ-011/0) եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-3201 -29.06.2022-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                          ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

21.07.2022թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաջորդականությունը, որի համաձայն՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: (…)»:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է Օրենսգրքի 158-րդ հոդվածում՝ «43-րդ պարբերությունում՝ «հինգհարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ հասցեում ՀԴՄ-ներով արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները տրամադրում է պետական եկամուտների կոմիտեն:» բառերով:»:

Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենսգրքի 158-րդ հոդվածի 44-րդ պարբերությունում՝ «հազարապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ հասցեում ՀԴՄ-ներով արձանագրված շրջանառության 1 տոկոսի չափով, որի  վերաբերյալ տեղեկությունները տրամադրում է պետական եկամուտների կոմիտեն չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի եւ հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով:» բառերով:»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը.

1) Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 158-րդ հոդվածի 44-րդ պարբերությունում կատարվող փոփոխության հետեւյալ հատվածը՝ «(…) տեղեկությունները տրամադրում է պետական եկամուտների կոմիտեն չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի եւ հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով:», կարծում ենք՝ Օրենսգրքի՝ «Առեւտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի, շրջիկ առեւտրի կետերում վաճառքի կազմակերպչի կամ ծառայություն մատուցողի կամ շրջածախ առեւտրի միջոցով վաճառքի կազմակերպչի, առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելը» վերտառությամբ 158-րդ հոդվածի կարգավորման շրջանակներից դուրս է: Այսպես, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող կարգավորման շրջանակներում հարկային մարմնի՝ Պետական եկամուտների կոմիտեի համար սահմանվում է պարտականություն առ այն, որ վերջինս չափումների միասնականության ապահովման ոլորտում  վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հետ սահմանելու է համատեղ հրաման եւ այդ կարգով տրամադրելու է համապատասխան տեղեկատվություն՝ առաջարկում ենք այդ կարգավորումը, ինչպես նաեւ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 158-րդ հոդվածի 43-րդ պարբերության փոփոխությամբ նախատեսված կարգավորումը՝ վերաբերելի հատվածով, ներառել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, որի դեպքում այն կդառնա տեղեկատվության տրամադրման միասնական կարգ Նախագծի 1-ին, 2-րդ եւ 4-րդ հոդվածներով սահմանված դեպքերի համար: Միաժամանակ՝ անցումային դրույթներում՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունում պահանջող դրույթի համար սահմանել նախատեսվող ժամկետի առնչությամբ կարգավորում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ 

« Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

2) Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 158-րդ հոդվածի 43-րդ պարբերությունում կատարվող փոփոխության «ՀԴՄ-ները» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել այդ եզրույթի ամբողջական անվանմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 158-րդ հոդվածի 44-րդ պարբերությունում կատարվող փոփոխության «ՀԴՄ-ներով» ձեւակերպմանը, ինչպես նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 9-րդ հոդվածում լրացվող 25-րդ մասի «ՀՀ» գրելաձեւի փոխարինմանը:

3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի բովանդակությունից բխում է, որ հարկային մարմինը Պետական եկամուտների կոմիտեն է: Հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում «պետական եկամուտների կոմիտեն» բառերի փոխարեն՝ գործածել «հարկային մարմին» եզրույթը՝ իր հոլովաձեւերով: Սույն առաջարկը պայմանավորված է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 158-րդ հոդվածի 44-րդ պարբերությունում կատարվող փոփոխության մեջ մեկ դեպքում «պետական եկամուտների կոմիտե», մյուս դեպքում՝ «հարկային մարմին» հասկացությունների կիրառմամբ, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը հետեւյալն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված «հարկային մարմին» հասկացությունը:

3. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 158-րդ հոդվածում լրացվող 47-րդ պարբերությունում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը՝ հանելով «ՀՀ» հապավումը:

4. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված է՝ «Օրենսգրքի 188-րդ հոդվածում լրացնել 10-րդ պարբերություն, համաձայն որի՝ 

«Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կարգադրագրերը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո  կրկին իրականացված ստուգմամբ  չկատարելը՝

«առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակի իրացման շրջանառության 0.5 տոկոսի չափով:»:

Մեջբերված նորմի «իրացման շրջանառության» եզրույթն առաջարկում ենք վերախմբագրել այնպես, որ հստակ լինի՝ ինչ եղանակով արձանագրված շրջանառության մասին է խոսքը:

5. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածը լրացնել 17.3-րդ մասով, որի համաձայն՝ «17.3. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում թերլիցքավորում հայտնաբերվելու փաստով տուգանք նշանակելու մասին վարչական ակտի անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում բաշխիչ կայաններիի վրա, վարորդին տեսանելի հատվածում  չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը մեկ ամիս ժամկետով փակցնում է «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ցուցանակ: Ցուցանակի ձեւը եւ տեղադրման կարգը հաստատում է չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը:»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը՝ առաջարկում ենք «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի անցումային դրույթում կարգավորում նախատեսել չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունվելիք ենթաօրենդրական նորմատիվ իրավական ակտի նախատեսվող ժամկետի մասին:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածում լրացվող 25-րդ մասում Կառավարության կողմից ընդունվելիք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախատեսվող ժամկետի սահմանմանը:


 Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարծում ենք, որ Նախագծերի փաթեթով սահմանված մի քանի կարգավորումներ վերախմբագրման կարիք ունեն: Միաժամանակ՝ ներկայացված դիտարկումների հիման վրա՝ առաջարկում ենք ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխնությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Կ.Մանուկյան (հեռ.` 011-513-248)

20.07.2022թ




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին  

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Կ.Մանուկյան (հեռ.` 011-513-248)

20.07.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի Փաթեթի (այսուհետ՝ Փաթեթ) նպատակը վառելիքի շուկայում լցակայանների նկատմամբ տուգանքի արդարացի կիրառման համակարգի ներդրումն է: Այդ նպատակով առաջարկվում է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում ստուգաչափված չափման միջոցներով վաճառքը չիրականացնելու եւ (կամ) չափագիտական կանոնները եւ նորմերը խախտելու համար կիրառել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակին տվյալ հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով  արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 1 տոկոսի չափով: Նախատեսվում են նաեւ իրավակարգավորումներ սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ               Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

04.07.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Պատգամավորների կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով  առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում՝ նպատակ հետապնդելով կարգավորել վառելիքի շուկայում լցակայանների նկատմամբ տուգանքի արդարացի բաշխման համակարգի կիրառումը:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» (այսուհետ՝ Օրենսգիրք) գործող նորմերն, ըստ հեղինակների, պատշաճ կերպով չեն կարգավորում հեղուկ գազի, բնական գազի, բենզինի ու դիզվառելիքի սպառողների եւ մատակարարողների միջեւ փոխհարաբերությունները (չափագիտական կանոնները եւ նորմերը խախտելու դեպքում վարչական տույժի չափն ու մեկ տարվա ընթացքում  նախատեսված արարքը կրկնելու դեպքում կրկնակի տույժի չափը, իրենցից ենթադրում են անհամաչափ կարգավորումներ՝ հաշվի առնելով տնտեսվարողների շրջանառության ծավալների տարբերություններն ու սպառողներին դրանցից բխող պատճառված վնասի չափը):

Խնդիրն, ըստ հեղինակների, կայանում է նրանում, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը չի իրականացվում հավուր պատշաճի, վերջիններս լցակայաններից օգտվելիս չունեն հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքակազմ եւ լցակայանների՝ նախկինում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկանալու հնարավորություն: Ըստ այդմ, տվյալ ոլորտում պատշաճ հանրային վերահսկողություն իրականացնելու  կարգավորումները, միամշանակ, թերի են:

Ընդհանուր առմամբ, հեղինակներն առաջարկում են տուգանքի չափը սահմանել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի եւ տվյալ հասցեում արձանագրված խախտման օրվան նախորդող եռամսյակի շրջանառության 0.5%-ի չափով, իսկ լցակայանների կողմից թերլցման դեպք արձանագրելիս չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը մեկ ամիս ժամկետով փակցնում է «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ցուցանակ: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Կարծում ենք, Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը կնպաստի լցակայաններում տուգանքների սահմանման առավել արդարացի բաշխմանը, ինչն, անշուշտ, սոցիալական առումով դրական ազդեցություն կունենա:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

06.07.2022թ.