ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-328-01.07.2022-ԳԿ-011/0), «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-3281 -01.07.2022-ԳԿ-011/0) եւ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-3282 -01.07.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-328-01.07.2022-ԳԿ-011/0), «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-3281 -01.07.2022-ԳԿ-011/0) եւ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-3282 -01.07.2022-ԳԿ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
25.07.2022թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ հանելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունման ամսաթվից հետո գրված «N» նշանը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի ընդունման ամսաթվից հետո գրված «N» նշանին: 2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածների չհամարակալված կետերը համարակալել արաբական թվանշաններով: 3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է միաժամանակ՝ նոր խմբագրությամբ շարարդրել Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, նաեւ դրանում լրացնել նոր նախադասություն: Հիմք ընունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելիս դրանում ներառել Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով՝ Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող նոր նախադասությունը: 4. Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 6-րդ հոդվածում կատարվում են հետեւյալ փոփոխությունը եւ լրացումը. «4-րդ մասը վերաշարադրել հետեւյալ շարադասությամբ՝ «4. Հեռարձակողները, որոնք արտադրում են նաեւ մանկական եւ լրատվական տեսալսողական հաղորդումներ, ֆիլմեր, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողության խնդիրներ ունեցող սպառողների համար տեղեկատվության մատչելիությունը՝ օրվա ընթացքում՝ համապատասխանաբար առնվազն մեկական մանկական հաղորդում ներկայացնելով ժեստերի լեզվով թարգմանությամբ, լրատվական հաղորդում եւ ֆիլմ՝ ներկայացնելով ժեստերի լեզվով թարգմանությամբ եւ (կամ) ենթագրով:»: 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ շարադասությամբ՝ «Ժեստերի լեզվով թարգմանությամբ տեսալսողական տեղեկատվության ներկայացման նվազագույն տեխնիկական պահանջները եւ հեռարձակման ժամերը:»: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ կատարվող փոփոխության եւ լրացման վերաբերյալ նշվում է հետեւյալը.
«( ) Ինչ վերաբերում է մանկական հաղորդումներին, ապա օրենքը չի առանձնացնում դրանք մուլտֆիլմերից. արդյունքում հեռարձակողները մուլտֆիլմերը ենթագրերով են եթեր հեռարձակում, ինչը չի ապահովում երեխաների տեղեկություն ստանալու, կրթական եւ զարգացման ծրագրերին հաղորդակից լինելու իրավունքը, քանի որ վերջիններիս համար ոչ միայն դժվար է ընթերցել ենթագրերը, այլ նաեւ անհնարին, քանի որ մուլտֆիլմեր դիտող երեխաների մեծ մասը նախադպրոցական տարիքի է, հետեւաբար կարդալ չգիտի: ( ) Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում եւ կից օրենքների փաթեթում, մասնավորապես՝ ( )հստակեցնել կարգավորող պետական մարմնի լիազորությունները ժեստերի լեզվով թարգմանությամբ տեսալսողական տեղեկատվության ներկայացման նվազագույն տեխնիկական պահանջների եւ հեռարձակման ժամերի սահմանման վերաբերյալ:»: Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 6-րդ հոդվածում կատարվող փոփոխության եւ լրացման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. 4.1. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը՝ «4. Հեռարձակողները, որոնք արտադրում են նաեւ մանկական եւ (կամ) լրատվական տեսալսողական հաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողական խնդիրներ ունեցող սպառողների համար տեղեկատվության ընկալման մատչելիությունը՝ օրվա ընթացքում՝ կարգավորող պետական մարմնի սահմանած ժամերին, համապատասխանաբար առնվազն մեկական մանկական եւ լրատվական տեսալսողական հաղորդում ներկայացնելով ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսվում է, որ «1. Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում` 1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ( ) 3. Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում` 1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ( ) 4. Եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, ապա չի կարող կիրառվել «եւ» կամ «ու» շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով:» Հիմք ընդունելով նշվածը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «եւ (կամ)» ձեւակերպումը կիրառելիս օրենսդիր մարմինը բավարար է համարել միայն նաեւ մանկական կամ միայն նաեւ լրատվական տեսալսողական հաղորդումների արտադրող լինելը, որպեսզի հեռարձակողի համար նախատեսվի պարտականություն իրենց ծրագրերում ապահովելու լսողական խնդիրներ ունեցող սպառողների համար տեղեկատվության մատչելիությունը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 6-րդ հոդվածում կատարվող փոփոխության արդյունքում չնախատեսել «Հեռարձակողները, որոնք արտադրում են նաեւ մանկական եւ լրատվական տեսալսողական հաղորդումներ» ձեւակերպումը: 4.2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսվում է, որ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: 3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը: ( )»: Հարկ է նշել, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա իրավունքի սուբյեկտներին դրա հետ համատեղելու վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ հիմնական հասկացություններին վերաբերող 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով սահմանվում է «տեսալսողական հաղորդում» հասկացությունը՝ «տարածվող պատկերներ եւ (կամ) հնչյուններ պարունակող սահմանափակ տեւողությամբ նյութ, որը կազմակերպական իմաստով ինքնուրույն եւ ավարտուն է եւ համարվում է հեղինակային եւ (կամ) հարակից իրավունքի օբյեկտ»: «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն հեղինակային իրավունքի օբյեկտ են հանդիսանում տեսալսողական ստեղծագործությունները (կինո-հեռուստաֆիլմերը, անիմացիոն եւ մուլտիպլիկացիոն կինոնկարները, կարճ երաժշտական տեսահոլովակները, գովազդային, փաստագրական, փաստավավերագրական եւ այլ ֆիլմերը): «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կարգավորումների ընդհանուր վերլուծությունից կարող ենք եզրահանգել, որ կինեմատոգրաֆիական ստեղծագործությունները ներառվում են «տեսալսողական հաղորդում» հասկացության մեջ: «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի՝ հիմնական հասկացություններին վերաբերող 3-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանվում է «ֆիլմ» հասկացությունը՝ «ստեղծագործական խմբի համատեղ գործունեությամբ ստեղծագործական մտահղացման հիմքի վրա ստեղծված, կինոժապավենի կամ այլ տեսակի կրիչների վրա ամրագրված եւ համապատասխան տեխնիկական միջոցներով հանրությանը ներկայացնելու համար նախատեսված տեսալսողական ստեղծագործություն» («Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի 48-րդ հոդվածով նախատեսվում է, որ այդ օրենքի իմաստով «ֆիլմ» նշանակում է տեսալսողական ստեղծագործություն կամ շարժվող պատկերներ՝ ձայնի ուղեկցությամբ կամ առանց դրա): Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 6-րդ հոդվածում կատարվող փոփոխության արդյունքում նախատեսվող կարգավորման վերլուծությունից կարող ենք նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածում կատարվող փոփոխության արդյունքում նախատեսվող 4-րդ մասի ձեւակերպումից հնարավոր չէ միանշանակ որոշակիացնել՝ արդյոք «մանկական» բնութագրումը վերաբերում է նաեւ ֆիլմին, թե ոչ, ինչի արդյունքում ստացվում է անհիմն կրկնություն («Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները), քանի որ «ֆիլմը» ներառվում է «տեսալսողական հաղորդում» հասկացության մեջ: Միաժամանակ՝ նշենք, որ քննարկվող կարգավորման մեջ «ֆիլմ» եզրույթը առանձին կիրառելու դեպքում անհրաժեշտ է այդ մասին կատարել հստակ նշում՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը: Բացի այդ՝ հարկ է նկատել, որ «ֆիլմ» եզրույթի վերաբերյալ նշում կատարելիս անհրաժեշտ է հստակեցնել, թե որ նորմով են կարգավորվում մանկական ֆիլմերի հեռարձակումներին վերաբերող իրավահարաբերությունները՝ հաշվի առնելով Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածում կատարվող փոփոխության արդյունքում նախատեսվող կարգավորմամբ «մանկական հաղորդում» հասկացության կիրառումը (միաժամանակ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածը՝ առաջարկում ենք «մանկական հաղորդում» եւ «լրատվական հաղորդում» ձեւակերպումները համապատասխանաբար փոխարինել «մանկական տեսալսողական հաղորդում» եւ «լրատվական տեսալսողական հաղորդում» ձեւակերպումներով): Եզրակացության 4-րդ կետի սույն ենթակետում մեջբերված իրավական դրույթների հաշվառմամբ՝ հարկ է նշել, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում «ֆիլմ» եզրույթի կիրառումը առաջացնում է նույն օրենքում այդ հասկացության՝ տվյալ ակտի էությունից բխող սահմանման անհրաժեշտություն, որը կհստակեցնի «ֆիլմ», «մուլտֆիլմ», «կինոնկար» (այդ թվում՝ «անիմացիոն եւ մուլտիպլիկացիոն կինոնկարներ») հասկացությունների իմաստային հարաբերակցությունը՝ հնարավորություն տալով որոշակիացնելու «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համապատասխան կարգավորումների՝ կոնկրետ իրավահարաբերությունների նկատմամբ տարածման շրջանակը, ինչպես նաեւ ապահովելու Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ մատնանշված անկալվող արդյունքը: Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները, կատարված դիտարկումները, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ եւ 16-րդ հոդվածները՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածում կատարվող փոփոխության արդյունքում նախատեսվող կարգավորման ձեւակերպումները: 4.3. Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 6-րդ հոդվածում կատարվող լրացման արդյունքում Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսվում է ոչ ավարտուն մտքով կարգավորում՝ «Ժեստերի լեզվով թարգմանությամբ տեսալսողական տեղեկատվության ներկայացման նվազագույն տեխնիկական պահանջները եւ հեռարձակման ժամերը:»: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ նշվածը՝ Նախագծերի փաթեթով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում ակնկալվող արդյունքներից է «հստակեցնել կարգավորող պետական մարմնի լիազորությունները ժեստերի լեզվով թարգմանությամբ տեսալսողական տեղեկատվության ներկայացման նվազագույն տեխնիկական պահանջների եւ հեռարձակման ժամերի սահմանման վերաբերյալ»՝ առաջարկում ենք վերանայել քննարկվող կարգավորումը: 5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նույն հոդվածի 7-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելիս դրանում ներառել նաեւ մասի համարը: 6. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում «գ.» ձեւակերպումը փոխարինել « «գ» » ձեւակերպումով՝ առկա վրիպակն ուղղելու նպատակով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում հիշատակված «գ» եւ «դ» ձեւակերպումներին: Միաժամանակ՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով՝ Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի նոր խմբագրությամբ շարադրվող «գ» ենթակետի «կրոնական,» բառից եւ կետադրական նշանից հետո գրված «եւ» շաղկապը հանել: 7. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ: Արգելվում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումների կրճատումները, բացառությամբ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսվածների: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին): Հիմք ընդունելով նշված կարգավորումները՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով՝ Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասում լրացվող նոր՝ 4-րդ կետի «բ» ենթակետում «ուղիղ հեռարձակումները» ձեւակերպումը փոխարինել «ուղիղ եթերով հեռարձակումները» ձեւակերպմամբ: Միաժամանակ՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով՝ Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասում լրացվող նոր՝ 4-րդ կետի «գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության վարչապետ», «Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ» եւ «Հայաստանի Հանրապետության նախագահ» ձեւակերպումները համապատասխանաբար փախարինել «վարչապետ», «Ազգային ժողովի նախագահ» եւ «Հանրապետության նախագահ» ձեւակերպումներով: 8. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի: Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի գ եւ դ կետերը ուժի մեջ են մտնում 2022 թվականի դեկտեմբերի 1-ին:»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում բացակայում են «գ» եւ «դ» «կետերը», ինչպես նաեւ այն, որ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասում լրացվում է նոր՝ 4-րդ կետ, որում առկա են «գ» եւ «դ» ենթակետեր՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի հղումները: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասում լրացվող նոր՝ 4-րդ կետի «գ» եւ «դ» ենթակետերը հանդիսանում են ամբողջ կետի մաս եւ չեն կարող ունենալ ուժի մեջ մտնելու՝ նախատեսվող առավել վաղ ժամկետ, քան նախատեսված է ամբողջ կետի համար: 9. «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին՝ սահմանադրական օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են սահմանադրական օրենքի վերնագիրը, սահմանադրական օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «սահմանադրական օրենք» բառը՝ հանելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի վերնագրից հետո գրված «Հայաստանի Հանրապետության» բառերը: 10. «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվում է նոր նախադասություն. «Ազգային ժողովի նիստերի եւ խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումը Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքով կարող են ուղեկցվել հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է «նորմատիվ իրավական ակտ» հասկացությունը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար: Հիմք ընդունելով վերոնշյալը՝ առաջարկում են նորմատիվ իրավական ակտում չնախատեսել «կարող են ուղեկցվել հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ» ձեւակերպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտոնական ինտերնետային կայքով՝ ժեստերի լեզվի թարգմանությամբ ուղեկցվող առցանց հեռարձակումները ենթադրում են համապատասխան սուբյեկտների համար ծագող պարտականություն, այլ ոչ հայեցողություն: 11. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «Լեզվի մասին» օրենքի կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը՝ հանելով երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը: «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Լեզվի մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ հանելով «Լեզվի մասին» օրենքի վերնագրից հետո գրված «Հայաստանի Հանրապետության» բառերը: 12. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը եւ կետադրական նշանները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում «Լեզվի մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը` նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը: Միաժամանակ՝ առաջարկում ենք «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «1.1.-րդ» թիվը փոխարինել «1.1-ին» թվով՝ հիմք ընդունելով դասական թվականների գրության ձեւը: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները խնդրահարույց են որոշակիության իրավական սկզբունքի տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 25.07.2022թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 25.07.2022թ.
Ներկայացված նախագծերի Փաթեթի (այսուհետ՝ Փաթեթ) նպատակը լսողության խնդիրներ ունեցող անձանց մատչելի տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման իրավական հիմքերի ստեղծումն է, ինչի արդյունքում կընդլայնվի հայերեն ժեստերի լեզվով եւ ենթագրերով հեռարձակվող տեսալսողական հաղորդումների ծավալը, ինչպես նաեւ լրացուցիչ պարտավորություններ կսահմանվեն հանրային հեռարձակողների համար? Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 08.07.2022թ.
ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի կողմից ներկայացվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին եւ «Լեզվի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթի նպատակը լսողության խնդիրներ ունեցող անձանց մատչելի տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման իրավական հիմքերի ստեղծումն է, ինչի արդյունքում կընդլայնվի հայերեն ժեստերի լեզվով եւ ենթագրերով հեռարձակվող տեսալսողական հաղորդումների ծավալը, ինչպես նաեւ լրացուցիչ պարտավորություններ կսահմանվեն հանրային հեռարձակողների համար: Ելնելով վերոգրյալից՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է. հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով եւ ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները եւ ավելացնել դրանց ծավալը,
Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 15.07.2022թ.
|