ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-332-07.07.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Կ-332-07.07.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Կառավարության համար սահմանել նոր իրավասություններ՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության պահանջներ, կարգեր, կանոններ հաստատելու վերաբերյալ: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ վերոնշյալը պատճառաբանված է հետեւյալ կերպ. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարության իրավասությունները, այդ թվում որոշ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը, այն է՝ «հաստատում է անվտանգության նորմերը եւ կանոնները»: Մինչդեռ բնագավառի իրավական կարգավորման հարաբերությունները բազմաթիվ են՝ միջուկային անվտանգություն, ճառագայթային անվտանգություն եւ պաշտպանություն, ռադիոակտիվ թափոնների կառավարում, միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանություն, վթարային պատրաստվածություն ու հակազդում, ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացում եւ այլ հարաբերություններ, որոնք կարգավորվում են ոչ միայն անվտանգության նորմերով եւ կանոններով, այլ նաեւ պահանջներով, կարգերով, պայմաններով, մեթոդներով, որոնց ընդունման համար Կառավարությունը համապատասխան լիազորություն չունի:»: Վերոգրյալից բխում է, որ Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման նպատակն է որոշակիացնել Կառավարության իրավասությունները, մասնավորապես՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության վերաբերյալ տարբեր իրավական ակտերը հաստատելու իրավասությունը՝ սպառիչ սահմանելով Կառավարության կողմից հաստատվող բոլոր իրավական ակտերը: Այս համատեքստում, կարծում ենք՝ անհրաժեշտ է անդրադառնալ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի «թ» կետով սահմանվող Կառավարության իրավասությանը, այն է. «հաստատում է կարգավորող մարմնի ներկայացրած` անվտանգության նորմերը եւ կանոնները»: Այսպես՝ ստացվում է, որ Օրենքի 7-րդ հոդվածում առկա է ընդհանուր նորմ, որը սահմանում է Կառավարության՝ անվտանգության նորմեր եւ կանոններ հաստատելու իրավասությունը: Նախագծով նույն հոդվածում լրացվում են նոր կետեր, որոնք ավելի հստակ սահմանում են, թե այդ բնագավառում կոնկրետ ինչ նորմեր, կանոններ եւ այլ իրավական ակտեր է հաստատում Կառավարությունը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք՝ անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածով լրացվող նորմերը սահմանել որպես Օրենքի 7-րդ հոդվածի «թ» կետի ենթակետեր: Բացի այդ՝ հիմք ընդունելով Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշված խնդիրը առ այն՝ Օրենքով սահմանված է Կառավարության իրավասություն միայն անվտանգության նորմեր եւ կանոններ հաստատելու՝ կարծում ենք՝ անհրաժեշտ է Օրենքի 7-րդ հոդվածի «թ» կետում լրացնել նաեւ մյուս բոլոր իրավական ակտերի տեսակները, որոնք հաստատելու համար Կառավորությունը լիազորվում է Նախագծով: Միաժամանակ նշենք, որ հասկանալի չէ, թե ինչ նպատակ է հետապնդում Նախագիծը՝ հստակ սահմանելով միայն Կառավարության կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում հաստատվող իրավական ակտերի սպառիչ ցանկը, երբ նույն իրավական ակտերն ընդունող մարմնի իրավասությունները սահմանող Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում որեւէ հստակեցում չի կատարվում: 2. Նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հագնամանքը, որ «Օրենք» կրճատ տարբերակը Նախագծում չի կիրառվում: 3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 7-րդ հոդվածի «ժդ» կետից հետո լրացնել նոր՝ 1-9-րդ կետեր: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»: Հետեւաբար առաջարկում ենք Օրենքի 7-րդ հոդվածի «ժդ» կետից հետո լրացվող նոր կետերի համարակալումը շարունակել հայերեն այբուբենի փոքրատառերով՝ «ժե» թվից սկսած: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «բովանդակությամբ» բառը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 27.07.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 27.07.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը, ինչպես նաեւ հնարավորինս հստակեցնել իրավական որոշակիության սկզբունքը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 13.07.2022թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), մասնավորապես Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետից հետո լրացնել նոր 1-9 կետերը: Հարկ է հիշատակել, որ Օրենքի 7-րդ հոդվածով սահմանվում են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարության իրավասությունները, այդ թվում՝ որոշ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը: Ատոմային էներգիայի բնագավառի իրավական կարգավորման հարաբերություններն, ըստ հեղինակի, բազմաթիվ են (միջուկային եւ ճառագայթային անվտանգություն ու պաշտպանություն, ռադիոակտիվ թափոնների կառավարում, միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանություն, վթարային պատրաստվածություն ու հակազդում, ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացում եւ այլն), որոնք կարգավորվում են անվտանգության նորմերով եւ կանոններով, կարգերով, պայմաններով, մեթոդներով, մինչդեռ դրանց ընդունման համար Կառավարությունը որեւէ լիազորություն չունի: Նախագծով հեղինակն առաջարկում է Օրենքով ամրագրել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը՝ ապահովելով նաեւ իրավական որոշակիության սկզբունքը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում: Եզրահանգում
Նախագծով առաջարկվող լրացումների ընդունմամբ, կամրագրվի ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը, կհստակեցվի իրավական որոշակիության սկզբունքը՝ ՀՀ Սահմանադրության 6-րդ եւ 79-րդ հոդվածներին համապատասխան: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 15.07.2022թ.
|