ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-333-07.07.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
29.07.2022թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 2-րդ հոդվածով «Էներգետիկայի մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 4-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 20.1-ին կետ՝ հետեւյալ բովանդակությամբ. «20.1) հաշվեկշռման ծառայություն՝ հաշվեկշռող էլեկտրական էներգիայի արտադրության նպատակով շուկայի կանոններով սահմանված կարգով մատուցվող ծառայություն:»: Նախագծի 4-րդ հոդվածով՝ Օրենքի 35-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 1.4-րդ մաս. «1.4. Հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած արտադրության լիցենզիա ունեցող անձին բացառիկ իրավունք է տրվում եւ պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մատուցելու հաշվեկշռման ծառայություն հետեւյալ գործառույթներով. 1) հաշվեկշռման շուկայում կատարել հաշվեկշռող էլեկտրական էներգիայի առեւտուր, 2) շուկայի կանոնների համաձայն էլեկտրական էներգիա գնել եւ վաճառել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի այլ հատվածներում, 3) շուկայի կանոնների համաձայն արտահանել եւ ներկրել էլեկտրական էներգիա, 4) լիցենզիայի պայմաններով եւ շուկայի կանոններով նախատեսված այլ գործառույթների իրականացման իրավունք:»: Նախագծի 2-րդ եւ 4-րդ հոդվածներով կատարվող լրացումների վերաբերյալ նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշվում է հետեւյալը. «( )2022թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը ենթադրում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրող կայաններից մեկը պետք է շուկայի մնացած մասնակիցներին մատուցի հաշվեկշռման ծառայություն: Էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի այդ առանձնահատկությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարելու «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես՝ օրենքով սահմանել ինչ է հաշվեկշռման ծառայությունը, այն մատուցելու իրավունք ունեցող անձանց եւ ծառայության մատուցման սկզբունքները: Հաշվեկշռման ծառայության մատուցումն անհրաժեշտ է շուկայի մասնակիցների կողմից նախապես պլանավորած էլեկտրաէներգիայի գնման եւ վաճառքի չափաքանակներից տարբեր հանգամանքներով պայմանավորված տեղի ունեցող շեղումների առաջացման դեպքում շուկայի մասնակիցների հարաբերությունները կարգավորելու նպատակով:( )»: Այսպիսով՝ Նախագծի 2-րդ հոդվածով՝ Օրենքում կատարվող լրացման արդյունքում սահմանվում է, որ հաշվեկշռման ծառայությունը հաշվեկշռող էլեկտրական էներգիայի արտադրության նպատակով մատուցվող ծառայություն է, որի մատուցման բացառիկ իրավունք եւ պարտականություն տրվում է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին: «Էներգետիկայի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 14-րդ կետով սահմանվում է լիցենզիայի հասկացությունը՝ հանձնաժողովի որոշմամբ տրամադրված պաշտոնական փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու անձի իրավունքը, իսկ սույն օրենքով եւ լիցենզիայով նախատեսված դեպքերում՝ նաեւ պարտականությունը: Օրենքի՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորմանը վերաբերող 23-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ էլեկտրական էներգիայի ներկրումը եւ (կամ) արտահանումը կարող են իրականացվել միայն հանձնաժողովի տված գործունեության այն տեսակի լիցենզիայի շրջանակում, որը, սույն օրենքի համաձայն, ներառում է էլեկտրական էներգիայի ներկրում եւ (կամ) արտահանում իրականացնելու իրավունքը՝ սույն օրենքին եւ շուկայի կանոններին համապատասխան: Օրենքի նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունների էությունը կազմող գործառույթները սահմանվում են համապատասխան գործունեության լիցենզիաներով: Օրենքի՝ արտադրության լիցենզիաներին վերաբերող 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում էլեկտրական էներգիա արտադրող կայան (ներառյալ՝ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության կայան) կառուցելու (վերակառուցելու), էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու եւ շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում այն վաճառելու կամ արտահանելու իրավունք, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ արտադրողը սեփական արտադրության էլեկտրական էներգիայով չի կարողանում կատարել իր պայմանագրային պարտականությունները՝ այդ նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու իրավունք: «Լիցենզավորման մասին» օրենքի՝ լիցենզավորման նպատակին վերաբերող 5-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը. «Գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզավորման նպատակներն են` 1) սպառողների իրավունքների պաշտպանությունը. 2) զարգացող շուկայական հարաբերությունների կարգավորմանը նպաստելը. 3) ապրանքների եւ ծառայությունների որակի բարձրացումը. 4) անձանց կյանքին, առողջությանը, գույքին, պետության եւ հասարակության շահերին, բնության, մշակութային ժառանգության պահպանությանն առավել վտանգի սպառնալիքով հղի գործունեության տեսակներով զբաղվողների նկատմամբ հսկողության իրականացումը. 5) միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը:»: Այսպիսով՝ Օրենքով՝ էլեկտրական էներգիայի արտադրություն՝ լիցենզավորման ենթակա գործունեության էությունը կազմող գործառույթները սահմանող համապատասխան հոդվածում նշում չի կատարվում էլեկտրական էներգիայի ներկրման գործառույթի վերաբերյալ: Նախագծի 4-րդ հոդվածով՝ Օրենքի 35-րդ հոդվածում կատարվող լրացման արդյունքում հանգում ենք իրավիճակի, երբ էլեկտրական էներգիայի արտադրության իրավունք ունեցող անձի լիցենզիայով նախատեսված գործառույթների շրջանակից դուրս նախատեսվում է գործառույթի իրականացման հնարավորություն եւ պարտականություն, այն է՝ էլեկտրական էներգիայի ներկրումը, որի իրականացումը թույլատրվում է հաշվեկշռող էլեկտրական էներգիայի արտադրության նպատակով միայն, եւ որի բացառիկ իրավունքը տրամադրվում է լիցենզավորման գործընթացից դուրս՝ այլ ընթացակարգով: Հիմք ընդունելով վերոգրյալը, եզրակացության սույն կետում մեջբերված իրավական կարգավորումները եւ հաշվի առնելով լիցենզավորման նպատակները՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 4-րդ հոդվածով՝ Օրենքի 35-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.4-րդ մասի համապատասխան կարգավորումը: 2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: Նախագծի 2-րդ հոդվածով՝ Օրենքի 4-րդ հոդվածում լրացվող նոր՝ 20.1-ին կետի նախատեսման արդյունքում անհրաժեշտություն է առաջանում սահմանելու հաշվեկշռող էլեկտրական էներգիայի արտադրության նպատակով մատուցվող հաշվեկշռման ծառայության՝ շուկայի կանոններով իրականացմա կարգը (Օրենքի 4-րդ հոդվածի 24-րդ կետ՝ «շուկայի կանոններ` հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական շուկայի առեւտրային եւ ցանցային կանոններ, որոնք կանոնակարգում են էլեկտրաէներգետիկական մեծածախ եւ մանրածախ շուկաների մասնակիցների առեւտրային փոխհարաբերությունները, ինչպես նաեւ հաղորդման եւ բաշխման ցանցերի զարգացման պլանավորման, կառավարման, կարգավարման եւ այդ ցանցեր մուտքի ապահովման հետ կապված հարաբերությունները»): Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներով նախատեսել նաեւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: 3. Նախագծի 3-րդ հոդվածով՝ Օրենքի 17-րդ հոդվածում լրացվում է նոր՝ «ի» կետ, որի արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «Հանձնաժողովը իրավասու է՝ ( ) ի) հաշվեկշռման ծառայության մատուցման բացառիկ իրավունք եւ պարտավորություն վերապահել էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այն անձին, որն Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի դրական եզրակացության հիման վրա հնարավորություն ունի էլեկտրաէներգետիկական շուկայում մատուցելու հաշվեկշռման ծառայություն:»: Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանվում է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության` որոշակիության սկզբունքին վերաբերող 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ: Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61): Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության եւ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Առավել եւս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա իրավունքի սուբյեկտին դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): Նախագծի 3-րդ հոդվածով՝ Օրենքի 17-րդ հոդվածում լրացվող կարգավորումը նպատակ է հետապնդում նախատեսելու էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին հաշվեկշռման ծառայության մատուցման բացառիկ իրավունք եւ պարտավորություն վերապահելու իրավասությունը եւ դրա իրականացումը, սակայն, հարկ է նկատել, որ քննարկվող ձեւակերպմամբ Նախագծի 3-րդ հոդվածով՝ Օրենքի 17-րդ հոդվածում լրացվող կարգավորումը չի համապատասխանում Սահմանադրության 6-րդ եւ 79-րդ հոդվածների պահանջներին: Մասնավորապես՝ հարկ է նկատել, որ Նախագծի 3-րդ հոդվածով՝ Օրենքի՝ հանձնաժողովի իրավասություններին վերաբերող 17-րդ հոդվածում լրացվող նոր՝ «ի» կետի կարգավորումից հնարավոր չէ հստակեցնել, թե ինչպիսի ընթացակարգով պետք է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին վերապահվի հաշվեկշռման ծառայության մատուցման բացառիկ իրավունք եւ պարտավորություն, օրինակ՝ ինչպիսի չափանիշներին բավարարելու, ինչ փաստաթղթերի ներկայացման եւ ստուգման արդյունքում եւ այլն: Արդյունքում՝ քննարկվող իրավահարաբերություններում իրավունքի սուբյեկտները՝ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք, հնարավորություն չունեն կարգավորումների հետ համատեղելու իրենց վարքագիծը՝ դրանց ոչ որոշակի եւ ամբողջական լինելով պայմանավորված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործողությունները, որոնք վերապահված են այդ մարմնին Օրենքով, չեն բավարարում կանխատեսելի լինելու պայմանին: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի՝ հանձնաժողովի իրավասություններին վերաբերող 17-րդ հոդվածում լրացվող նոր՝ «ի» կետում առկա է նշում էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի դրական եզրակացության՝ որպես հաշվեկշռման ծառայության մատուցման բացառիկ իրավունք եւ պարտավորություն ստանալու նախապայմանի վերաբերյալ, սակայն, դրական եզրակացության տրամադրման գործընթացին եւ չափանիշներին, որոնցով պետք է առաջնորդվի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը համապատասխան հնարավորությունները գնահատելիս, առնչվող կարգավորումներ Նախագծով Օրենքում չեն լրացվում: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ հաշվի առնելով «Էներգետիկայի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը՝ էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից է` էներգետիկայի բնագավառում մրցակցության եւ արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի՝ հանձնաժողովի իրավասություններին վերաբերող 17-րդ հոդվածում լրացվող կարգավորումը՝ նախատեսելով նաեւ հաշվեկշռման ծառայության մատուցման բացառիկ իրավունք եւ պարտավորություն վերապահելու իրավասության իրականացման գործընթացի վերաբերյալ որոշակի եւ հստակ կարգավորումներ: 4. Նախագծի 2-րդ հոդվածում «20.1)» թիվն առաջարկում ենք փոխարինել «20.1-ին» թվով, Նախագծի 4-րդ հոդվածում «1.4» եւ «1.5» թվերը առաջարկում ենք փոխարինել «1.4-րդ» եւ «1.5-րդ» թվերով՝ հիմք ընդունելով դասական թվականների գրության ձեւը: 5. Նախագծի 4-րդ հոդվածով «Էներգետիկայի մասին» օրենքի 35-րդ հոդվածը լրացվում է նոր պարբերություններով: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածում՝ նոր լրացվող պարբերությունների համարներից հետո գրված «կետերով» բառը փոխարինել «մասերով» բառով: 6. Նախագծի 5-րդ հոդվածում «բառերը» բառն առաջարկում ենք փոխարինել «կետադրական նշանը եւ բառերը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով եւ այն հանգամանքը, որ Նախագծի 5-րդ հոդվածով ՝Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվում են նոր՝ կետադրական նշան եւ բառեր: 7. Հարկ է նկատել, որ «Էներգետիկայի մասին» օրենքի 4-րդ եւ 17-րդ հոդվածները կազմված են մեկ չհամարակալված մասերից: Հիմք ընդունելով նշվածը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 17-րդ հոդվածի 4-րդ մասերը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին, 2-րդ եւ 3-րդ հոդվածներում հղում չկատարել Օրենքի վերոնշյալ հոդվածների 1-ին մասերին: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները խնդրահարույց են օրինականության եւ որոշակիության իրավական սկզբունքներիի տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Էներգետիկայի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 29.07.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 29.07.2022թ.
Ներկայացված Նախագծի նպատակը էլեկտրաէներգետիկական համակարգում հաշվեկշռման ծառայության մատուցման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքերի ամրագրումն է: Այդ նպատակով առաջարկվում է օրենքով սահմանել հաշվեկշռման ծառայությունը, այն մատուցելու իրավունք ունեցող անձանց եւ ծառայության մատուցման սկզբունքները: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 14.07.2022թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն եւ լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» Օրենքում: Հարկ է նշել, որ համաձայն սույն թվականի փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելի, էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրող կայաններից մեկը պետք է շուկայի մնացած մասնակիցներին մատուցի հաշվեկշռման ծառայություն, ըստ որի անհրաժեշտություն է առաջացել մի շարք լրացումներ եւ փոփոխություն կատարել Օրենքում: Նախագծով տրվել է «հաշվեկշռման ծառայություն» հասկացության սահմանումը, այն մատուցելու իրավունք ունեցող անձանց եւ ծառայության մատուցման սկզբունքները (հաշվեկշռման ծառայություն՝ հաշվեկշռող էլեկտրական էներգիայի արտադրության նպատակով շուկայի կանոններով սահմանված կարգով մատուցվող ծառայություն): Նախագծով տրվել է նաեւ «հաշվեկշռող էլեկտրաէներգիա» հասկացության սահմանումը՝ «հաշվեկշռող էլեկտրաէներգիա՝ էլեկտրական էներգիայի ուղիղ պայմանագրերի եւ օր-առաջ շուկաներում վաճառված եւ գնված էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերությունը իրական ժամանակում՝ միեւնույն հաշվարկային ժամանակահատվածում փաստացի առաքված եւ ստացված (ներառյալ՝ ներկրված եւ արտահանված կամ տարանցիկ փոխադրված) էլեկտրական էներգիայի քանակություններից, որը որոշվում է շուկայի կանոններով սահմանված կարգով:»: Նախագծով ամրագրվել է նաեւ էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցումը, որն իրականացվում է էլեկտրաէներգիան սպառողի կողմից այլ անձի փոխանցման եղանակով, որի հիմքերը ամրագրելու նպատակով համապատասխան լրացում է կատարվել Օրենքում: Ընդհանուր առմամբ, Նախագծի վերաբերյալ սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից առաջարկություններ եւ դիտողություններ չկան, սակայն կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը: Մասնավորապես, Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն Օրենքի 35-րդ հոդվածի նոր լրացվելիք 1.4-րդ կետի 2-րդ ենթակետում՝ «2) շուկայի կանոնների համաձայն էլեկտրական էներգիա գնել եւ վաճառել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի այլ հատվածներում,», կարծում ենք, հստակեցման եւ որոշակիացման կարիք ունի « այլ հատվածներում» բառակապակցությունը (ի՞նչ հատվածների մասին է խոսք գնում): Եզրահանգում
Նախագծով առաջարկվող փոփոխության եւ լրացումների ընդունման դեպքում, անշուշտ, կհստակեցվեն հաշվեկշռման շուկայում առեւտրի մեխանիզմները, հաշվեկշռման ծառայություն մատուցողի գործառույթները եւ սպառողի կողմից էլեկտրական էներգիայի փոխանցման դեպքերը: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 11.07.2022թ.
|