ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-335-11.07.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Կ-335-11.07.2022-ՊԱ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                         ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

02.08.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածում հիշատակել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝ «Հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում:»: Բացի այդ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի լրիվ անվանումը հիշատակելուց հետո սահմանել կրճատ տարբերակ՝ «(այսուհետ՝ Օրենք)» եւ Նախագծի 2-րդ հոդվածում կիրառել այդ տարբերակը, հակառակ դեպքում՝ Նախագծի 2-րդ հոդվածում Օրենքի անվանումը հիշատակելիս պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում «27 տարին լրանալը» բառերից հետո լրացվող հատվածում, այն է՝ «իսկ սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից՝ գիտության եւ կրթության բնագավառներում տարկետում ստացած քաղաքացիները մինչեւ 28 տարին լրանալը», «իսկ» շաղկապից առաջ առաջարկում ենք լրացնել «,» կետադրական նշանով՝ հաշվի առնելով հետեւյալ կանոնը՝ «Ստորակետ դրվում է՝ (…) համադաս նախադասությունների միջեւ, երբ դրանք կապակցված են առանց շաղկապի, ինչպես նաեւ եւ-ից, ու-ից, կամ-ից բացի, որեւէ շաղկապով (իսկ, բայց, սակայն, մինչդեռ եւ այլն) (…)»:

4. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել 7-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաեւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ բուհերի եւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է կառավարությունը:»: Առաջարկում ենք վերոգրյալ լրացումը կատարել ոչ թե Օրենքի 22-րդ հոդվածում՝ որպես 7-րդ մաս, այլ՝ նույն հոդվածի 3-րդ մասում առանձին կետով՝ նպատակային ուսումնառության հիմքերի շարքում: Բացի այդ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող լրացումը վերանայել հետեւյալ հատվածով՝ «իսկ սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերով (…)»՝ փոփոխելով հղումը վերը ներկայացված առաջարկի հաշվառմամբ: 

5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող 7-րդ մասում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են տարբեր եզրույթներ, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության կառավարություն», «կառավարություն»: Առաջարկում ենք քննարկվող նորմում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները՝ որոշակի հերթականությամբ:»:

6. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարողներ՝ Տ.Բադալյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

02.08.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարողներ՝ Տ.Բադալյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

02.08.2022թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական ուղղություններով պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                 Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

18.07.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով  առաջարկվում է լրացումներ  կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքում:

Նախագիծը ներկայացվել է՝ հաշվի առնելով պետության համար առաջնային կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով ԲՈՒՀ-երում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորություն սահմանելու անհրաժեշտությունը:

Ըստ ներկայացված հիմնավորման՝ խնդիրն այն է, որ քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգի համաձայն՝ բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաներում մրցանակակիր լինելու եւ http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում նաեւ համապատասխան նվաճումներ ունենալու եւ կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում:

Վերոնշյալ կարգավորումների կիրառումը, սակայն, հանգեցնում է մի շարք անտրամաբանական եւ բացասական հետեւանքների: Ստացվում է, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին եթե օլիմպիադաների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու, ինչի հետեւանքով՝

- ՀՀ-ում գործող ԲՈՒՀ-երը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ,

- ԲՈՒՀ-երը կորցնում են լավագույն ուսանողներ,

- պետությունը կորցնում է ՀՀ–ում սովորող եւ հետագայում գիտելիքները գիտության եւ մասնագիտական ոլորտում կիրառող քաղաքացիների:

Այսպիսով, ներկայումս գործող կարգավորման հետեւանքով պետության անվտանգության եւ գիտատեխնիկական զարգացման համար կարեւորագույն նշանակություն ունեցող մասնագիտությունները հեռանկարային չեն համարվում երիտասարդության եւ դիմորդների շրջանում, ինչպես նաեւ նշված կարգավորումը սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, սակայն ունենալով համապատասխան գիտելիքներ՝ հնարավորություն չեն ունենում տարկետման իրավունքով կրթություն ստանալ:

Նախագծով՝

- առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալ  (պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 28 տարին լրանալը) նաեւ  բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով ԲՈՒՀ-որում սովորողներին.

- ամրագրվում է, որ պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով (բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով) համապատասխան ԲՈՒՀ-երում սովորելու հանգամանքը տարկետման տեսանկյունից համարվելու է նպատակային ուսուցում, իսկ ԲՈՒՀ-երը եւ համապատասխան մասնագիտություններով սովորելու կարգը եւ պայմանները սահմանելու է կառավարությունը: 

Նախագծի ընդունումը  սոցիալական եւ կրթական տեսանկյունից կունենա դրական արդյունք: Նախագծի ընդունմամբ էականորեն կկանխվի համապատասխան բնագավառների որակյալ կադրերի արտահոսքը ՀՀ-ից, ինչպես նաեւ կկրճատվի սոցիալական անհավասարությունը՝ պայմանավորված համապատասխան բնագավառներում որակյալ մասնագիտական կրթությունը շարունակելու հնարավորությունների ընդլայնմամբ: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը  սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հեռ. /011/ 513618 /ներք. 1618/