ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-336-11.07.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-336-11.07.2022-ՊԻ-011/0) (այսուհետ նաեւ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
02.08.2022թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը եւ կետադրական նշանները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքին (այսուհետ նաեւ` Օրենք) այլեւս հղում չի կատարվում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը` նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը: 2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին): Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր նախադասության տեքստում «ոլորտում» բառից հետո նշված «կառավարության» բառը փոխարինել «Կառավարության» բառով: 3. Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվում է նոր նախադասություն, ինչի արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «3. Նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները սահմանվում են սույն օրենքի հավելվածում: Հավելվածով նախատեսված գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականության իրականացումը ենթադրում է նաեւ նախարարությունների կողմից համապատասխան ոլորտում կառավարության քաղաքականության իրականացման մոնիտորինգ եւ գնահատում:»: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվող լրացման վերաբերյալ նշվում է հետեւյալը. «( ) «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը նախարարություններին վերապահում է սահմանված ոլորտներում կառավարության քաղաքականությունը մշակելու եւ իրականացնելու իրավասություն: Սակայն պետք է նկատի ունենալ, որ քաղաքականության իրականացումը իրենից ենթադրում է նաեւ քաղաքականության իրականացման մոնիտորինգ եւ գնահատում: Մոնիտորինգը քաղաքականության իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության հավաքման եւ վերլուծության գործընթաց է, իսկ քաղաքականության իրականացման գնահատումը արդեն կատարված կամ կատարման ընթացքի մեջ գտնվող քաղաքականության/ծրագրի փաստացի արդյունքների հետազոտման եւ չափման միջոցների ամբողջությունն է: Եվ նշված գործընթացների արդյունքներն անհրաժեշտ են ընթացիկ խնդիրների վերհանման եւ քաղաքականության կատարելագործման համար: Այնուամենայնիվ, ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակում, մասնավորապես՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գնահատման շրջանակներում որպես խնդիր եւ ըստ այդմ՝ որպես բարեփոխման առաջնահերթություն արձանագրված է օրենսդրական ակտով հակակոռուպցիոն մոնիտորինգի եւ գնահատման գործառույթը ամրագրելու անհրաժեշտությունը, որոնք փաստացի իրականացվում են ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ որպես հակակոռուպցիոն ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակելու եւ իրականացնելու իրավասությամբ օժտված նախարարություն: Հաշվի առնելով վերոգրյալը անհրաժեշտություն է առաջացել օրենքով հստակ ամրագրել նման իրավասությունների առկայությունը՝ տարընկալումները բացառելու եւ նշված գործառույթների իրականացման համար հստակ իրավական հիմքի առկայությունը ապահովելու նպատակով: Արդյունքում նախատեսվում է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետում սահմանել համապատասխան դրույթ, որով կհստակեցվի, որ քաղաքականության իրականացումը ենթադրում է նաեւ քաղաքականության իրականացման մոնիտորինգ եւ գնահատում: ( )»: Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր կարգավորման վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալը. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածը վերնագրված է «Կառավարության կազմը եւ կառուցվածքը» եւ ներառում է կարգավորումներ Կառավարության կազմին, կառուցվածքին եւ դրանում ընդգրկված նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտների շրջանակին վերաբերող կարգավորում: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հոդվածները ունենում են վերնագրեր, որոնք համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հարկ է նկատել, որ, հաշվի առնելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի վերնագիրը, դրանում ներառված չեն եւ չեն կարող ներառվել նախարարությունների իրավասություններին եւ գործառույթներին վերաբերող կարգավորումներ: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր նախադասությունը: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ չնայած, որ Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվող լրացման նպատակն է տարընկալումները բացառելու համար օրենքով հստակ ամրագրել որոշակի իրավասության առկայությունը եւ ապահովել գործառույթների իրականացման համար հստակ իրավական հիմքի առկայությունը, այնուամենայնիվ, նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտների իրականացումից ենթադրվող եւ բխող միայն որոշ գործառույթների նախատեսումը «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածում կարող է հանգեցնել ամրագրված դրույթների որոշակիության եւ ամբողջականության բացակայության խնդրին: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 02.08.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 02.08.2022թ.
Ներկայացված Նախագծի նպատակը նախարարությունների կողմից համապատասխան ոլորտներում կառավարության քաղաքականության իրականացման մոնիտորինգի եւ գնահատման իրավական հիմքերի սահմանումն է: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 19.07.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Օրենքում: Նախագիծը ներկայացվել է՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի, 146-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումները, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 03.10.2019թ. թիվ 1332-Ն որոշմամբ նախատեսված՝ ռազմավարության եւ միջոցառումների ծրագրի ընթացքի մշտադիտարկման եւ գնահատման հետ կապված գործառույթների իրականացման համար համապատասխան իրավական հիմքը հստակեցնելու անհրաժեշտությունը: Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում, համաձայն որի՝ «Հավելվածով նախատեսված գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականության իրականացումը ենթադրում է նաեւ նախարարությունների կողմից համապատասխան ոլորտում քաղաքականության իրականացման մոնիտորինգ եւ գնահատում:»: Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ Օրենքը նախարարություններին վերապահում է սահմանված ոլորտներում կառավարության քաղաքականությունը մշակելու եւ իրականացնելու իրավասություն: Սակայն պետք է նկատի ունենալ, որ քաղաքականության իրականացումն իրենից ենթադրում է նաեւ քաղաքականության իրականացման մոնիտորինգ եւ գնահատում: Մոնիտորինգը քաղաքականության իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության հավաքման եւ վերլուծության գործընթաց է, իսկ քաղաքականության իրականացման գնահատումը արդեն կատարված կամ կատարման ընթացքի մեջ գտնվող քաղաքականության/ծրագրի փաստացի արդյունքների հետազոտման եւ չափման միջոցների ամբողջությունն է: Նշված գործընթացների արդյունքներն անհրաժեշտ են ընթացիկ խնդիրների վերհանման եւ քաղաքականության կատարելագործման համար: Վերոգրյալի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել օրենքով հստակ ամրագրել նման իրավասությունների առկայությունը՝ տարընկալումները բացառելու եւ նշված գործառույթների իրականացման համար հստակ իրավական հիմքի առկայությունն ապահովելու նպատակով: Նախագծի ընդունմամբ կհստակեցվի ոլորտային քաղաքականությունների նկատմամբ մոնիտորինգ եւ գնահատում իրականացնելու իրավասությունների իրականացումը: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513618 /ներք. 1618/
|