ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-342-18.07.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-342-18.07.2022-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
10.08.2022թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի վերնագրում «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը՝ հանելով երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը: 2. Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 4-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 5-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ. «5. Պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության ձեւը սահմանում է, ինչպես նաեւ կանոնադրությունը հաստատում է Կառավարությունը:»: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Նախագծով կատարվող լրացման վերաբերյալ նշվում է հետեւյալը. «(...) իրավական որոշակիության սկզբունքի կիրառությունն ապահովելու, ինչպես նաեւ գործող իրավակարգավորումների շարունակական արդիականությունը պահպանելու եւ ժամանակավրեպ լինելը բացառելու, ինչպես նաեւ իրավական ձեւակերպումների հստակեցման նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում ավելացնել նորմ, որով Կառավարությունը կհաստատի պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների կանոնադրության օրինակելի ձեւերը: (...): (...)«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքով կարգավորվում են պետական մարմնում, ինչպես նաեւ ենթակա պետական մարմնում կառավարչական իրավահարաբերությունները, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերություններին պետական մարմնի, ինչպես նաեւ ենթակա պետական մարմնի մասնակցության հիմնական պայմանները: Հաշվի առնելով, որ պետական կառավարման համակարգի մարմնի կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկը ստեղծվում է պետական մարմնին եւ ենթակա պետական մարմնին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման եւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով, այսինքն, ըստ էության, պետական կառավարման համակարգի մարմնին ենթակա պետական մարմին է, առաջարկվող լիազորող նորմը տեղավորվում է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի կարգավորման առարկայի շրջանակներում: (...)»: Նախագծի 1-ին հոդվածով՝ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5-րդ մասի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. 2.1. Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 4-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5-րդ մասում կիրառվում է հետեւյալ ձեւակերպումը՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկ»: Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը «4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմնի, ենթակա պետական մարմնի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, պետական հիմնարկներ՝ առանց հիմնադրի իրավասությունների փոխանցման, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով նախատեսվում է, որ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից: Հիմք ընդունելով նվածն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 4-րդ հոդվածում նոր մաս լրացնելիս հաշվի առնել Օրենքի նույն հոդվածում կիրառվող հասկացությունները: 2.2. Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 4-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5-րդ մասում նշում է կատարվում, որ Կառավարությունը հաստատում է պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների կանոնադրությունը: Հարկ է նկատել, որ պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների կանոնադրության հաստատման լիազորության նախատեսումը ենթադրում է նաեւ առնվազն պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների կանոնադրությունում փոփոխությունների հաստատման լիազորության նախատեսման անհրաժեշտություն: Հիմք ընդունելով նշվածը, ինչպես նաեւ իրավական որոշակիության սկզբունքի պահանջը՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 4-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5-րդ մասի կարգավորումը՝ կարգավորման ամբողջականությունը ապահովելու նպատակով: 2.3. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի՝ կարգավորման առարկային վերաբերող 1-ին հոդվածով նախատեսվում է հետեւյալը. «Սույն օրենքով կարգավորվում են պետական մարմնում, ինչպես նաեւ ենթակա պետական մարմնում կառավարչական իրավահարաբերությունները, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերություններին պետական մարմնի, ինչպես նաեւ ենթակա պետական մարմնի մասնակցության հիմնական պայմանները:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշվում է, որ հաշվի առնելով, որ պետական կառավարման համակարգի մարմնի կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկը ստեղծվում է պետական մարմնին եւ ենթակա պետական մարմնին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման եւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով, այսինքն, ըստ էության, պետական կառավարման համակարգի մարմնին ենթակա պետական մարմին է, առաջարկվող լիազորող նորմը տեղավորվում է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի կարգավորման առարկայի շրջանակներում: Հարկ է նկատել, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ «Սահմանադրության 159-րդ հոդվածին համապատասխան` սույն օրենքը սահմանում է պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը, կազմավորման կարգը, ինչպես նաեւ կարգավորում է այդ մարմինների հետ կապված այլ հարաբերություններ:»: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ «Սահմանադրության 159-րդ հոդվածին համապատասխան՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա մարմինները:»: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով հստակ սահմանվում է պետական մարմինների եւ ենթակա պետական մարմինների շրջանակը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով նախատեսվում է, որ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից: «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի՝ կարգավորման առարկային վերաբերող 1-ին հոդվածում կիրառվում են «պետական մարմին» եւ «ենթակա պետական մարմին» հասկացությունները: Օրենքի՝ «Ընդհանուր դրույթներ պետական մարմնի, ենթակա պետական մարմնի մասին» վերտառությամբ 3-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը. «1. Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինն ստեղծված է համարվում իրավունքի ուժով: 2. Օրենքով ստեղծվող պետական մարմինն ստեղծված է համարվում համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելու պահից: 3. Ենթակա պետական մարմինն ստեղծվում է օրենքով:(...)» «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածով նախատեսվում է, որ պետական կառավարման համակարգի մարմինը ստեղծվում, վերակազմակերպվում, եւ դրա գործունեությունը դադարեցվում է օրենքով: Այսպիսով՝ մեջբերված կարգավորումների համադրված վերլուծության արդյունքում կարող ենք եզրահանգել, որ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի՝ կարգավորման առարկային վերաբերող 1-ին հոդվածում «պետական մարմին» եւ «ենթակա պետական մարմին» հասկացությունները կիրառվում են որոշակի իմաստով, եւ տվյալ դեպքում ունեն միայն պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակի մեջ մտնող պետական (ենթակա պետական) մարմին իմաստը: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ հաշվի առնելով իրավական որոշակիության սկզբունքից բխող պահանջներն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 4-րդ հոդվածում նոր՝ 5-րդ մաս լրացնելու դեպքում վերանայել նաեւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի՝ կարգավորման առարկային վերաբերող 1-ին հոդվածի կարգավորումը: 3. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում:»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 09.08.2022թ. ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 09.08.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է գործնականում ապահովել Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 1369-Ն որոշման պահանջների համապատասխանեցումը իրավական որոշակիության սկզբունքին, սահմանելով, որ պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության ձեւը սահմանում է, ինչպես նաեւ կանոնադրությունը հաստատում է Կառավարությունը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 22.07.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Օրենքում: Առաջարկվում է Օրենքի 4-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս. «5. Պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող՝ ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության ձեւը սահմանում է, ինչպես նաեւ կանոնադրությունը հաստատում է Կառավարությունը:»: Նախագիծը ներկայացվել է` հաշվի առնելով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման համար լիազորությունը օրենքով սահմանված չլինելու հանգամանքը: Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ ներկայումս գործող օրենսդրության համաձայն՝ հանրապետական գործադիր մարմինների, ներկայիս՝ պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի համար որպես հիմք եւ լիազորող նորմ է հանդիսանում Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 1369-Ն որոշումը /այսուհետ՝ Որոշում/, որն ընդունվել է դեռեւս 2010 թվականին, երբ ներկայիս պետական կառավարման մարմինները կոչվել են հանրապետական գործադիր մարմիններ: Նշվածի համատեքստում, անդրադառնալով Որոշմանը, հարկ է նկատել, որ դրա ընդունման պահին գործել է «Իրավական ակտերի մասին» օրենքը, որում լիազորող նորմի նշման վերաբերյալ համապատասխան պահանջ նախատեսված չլինելու պայմաններում գործնականում բացակայել է նախաբանում լիազորող նորմին հղում տալու պարտադիր պահանջը: Վերը նշվածի հետեւանքով առկա խնդրին լուծում տալու համար էլ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել Օրենքում: Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: 2. Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր»: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին :»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «3) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ:»: Այսպիսով, վերը նշված կարգավորումներից բխում է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման համար անհրաժեշտ է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման լիազորությունը հստակ սահմանված լինի օրենքով: Նախագծի ընդունմամբ գործնականում կվերացվի ներկայումս առկա օրենսդրական հակասության՝ այն է ենթաօրենսդրական ակտի համար լիազորող նորմի բացակայության հարցը: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ հեռ.՝ /011/ 513618, ներք. 1618 05.08.2022թ.
|