ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-343-19.07.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-343-19.07.2022-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                               ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

09.08.2022թ. 





Իրավական փորձաքնության արդյունքները

Ոսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված եզրակացության մեջ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկատվությունը բացակայում է, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եզրակացության մեջ բացակայում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին տեղեկատվությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը: 
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

29.07.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

29.07.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2018 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրված «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցությանե Կոնվենցիան՝ կից վերապահումով, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետագա հետազոտման եւ օգտագործման բնագավառում, ինչպես նաեւ տիեզերական տեխնիկայի եւ տիեզերական տեխնոլոգիաների կիրառումը ի շահ Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների ժողովուրդների:

Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ միջպետական նախագծերի եւ ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է շահագրգիռ կողմերի կողմից՝ բյուջեներով նախատեսված միջոցների եւ արտաբյուջետային աղբյուրների հաշվին, ուստի Կոնվենցիայի վավերացումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը, եթե դրանք իրականացվեն բյուջեներով նախատեսված ոլորտային ընդհանուր հատկացումների շրջանակներում: Բացի այդ, Կոնվենցիայում եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ առկա չեն: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

22.07.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2018թ. սեպտեմբերի 28-ին ստորագրված՝ «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» Կոնվենցիան՝ կից վերապահումով (այսուհետ՝ Կոնվենցիա):     Կոնվենցիայի նպատակն է՝ խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման, տիեզերական տեխնիկայի եւ տեխնոլոգիաների զարգացման եւ կիրառման ոլորտներում բազմակողմ համագործակցության հիմնումը, ինչպես նաեւ այդ նպատակներով պատշաճ կազմակերպչական-իրավական հիմքի ստեղծումը: 

Կոնվենցիայի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 34-րդ կետի կատարման անհրաժեշտությունից, որը մեծապես կնպաստի միջազգային համագործակցության ընդլայնմանը տիեզերական ոլորտում:

Կոնվենցիան ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ուզբեկստանի Հանրապետության կողմից:

Կոնվենցիան սահմանում է համագործակցության հետեւյալ շրջանակները՝

- Հենքային եւ կիրառական տիեզերական հետազոտություններ, ներառյալ՝ աստրոֆիզիկական հետազոտությունները, մոլորակների եւ աստերոիդ-գիսաստղային վտանգի ուսումնասիրությունը,

- Երկրի հեռակա զոնդավորում տիեզերքից,

- կոորդինատային-ժամանակային եւ նավիգացիոն ապահովում 

- տիեզերական աղբի օգտահանման խնդրի լուծում,

- աստերոիդ-գիսաաստղային սպառնալիքի կանխարգելում,

-տիեզերական գործունեություն իրականացնելիս շրջակա միջավայրի էկոլոգիական անվտանգության եւ պաշտպանության ապահովում,

-տիեզերական տեխնիկայի եւ տիեզերական ենթակառուցվածքի հետ կապված գիտատեխնիկական, փորձարարակոնստրուկտորական, փորձարարատեխնոլոգիական եւ այլ աշխատանքներ,

- օդանավավարող տիեզերական թռիչքներ,

- համապատասխան ծառայությունների տրամադրում եւ օգտագործում,

- տիեզերական ոլորտի համար կադրերի նախապատրաստում եւ վերապատրաստում,

- տիեզերական գործունեության ոլորտում Կողմերի ազգային նորմատիվ իրավական եւ տեխնիկական փաստաթղթերի ներդաշնակեցում:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ.՝ 011-513-618, ներք. 1618