ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-344-19.07.2022-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-344-19.07.2022-ՏԵ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

09.08.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված եզրակացության մեջ միջազգային պայմանագրով տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկատվությունը բացակայում է:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

02.08.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք՝ առաջանալու է օրենսդրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Օրինակ՝

1) «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագրի 1-ին հոդվածով սահմանված է «վարկային հաշվետվություն» հասկացությունը, որի համաձայն՝ «վարկային հաշվետվություն՝ Միության անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթուղթ, որը պարունակում է վարկային պատմությունների կազմի մեջ մտնող այն տեղեկությունները, որոնց անդրսահմանային փոխանակումն արգելված է Միության անդամ պետության օրենսդրությամբ.»:

Մեջբերված դրույթի վերաբերյալ նշենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բացակայում է «վարկային հաշվետվություն» եզրույթը, ինչպես նաեւ վարկային պատմությունների կազմի մեջ մտնող այն տեղեկությունները պարունակող փաստաթուղթը, որոնց անդրսահմանային փոխանակումը թույլատրվում է: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ կարծում ենք՝ Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  սահմանել «վարկային հաշվետվություն» եզրույթը: 

2) «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր կողմ իր պետության օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում սույն համաձայնագրով նախատեսված՝ տեղեկատվության անդրսահմանային փոխանակման կարգի խախտումների կանխարգելման եւ կանխման, ինչպես նաեւ նման խախտումների ցանկացած դեպքի քննության համար: Խախտումը թույլ տված անձը պատասխանատվություն է կրում իր անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:»:

Հիմք  ընդունելով վերոնշյալ դրույթը՝ կարծում ենք՝ Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատասխանատվություն նախատեսել անդրսահմանային փոխանակման կարգի խախտումների համար: 

Հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

02.08.2022թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով  առաջարկվում է վավերացնել 2021 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով սահմանվում է վարկային պատմությունների կազմում ներառվող տեղեկությունների փոխանակման կարգը: Այդպիսի տեղեկությունների օգտագործումը միտված է նպաստելու ֆինանսական շուկաների ինտեգրացիոն գործընթացների խորացմանը եւ ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորմանը:

Համաձայնագիրը սահմանում է անդրսահմանային տեղեկատվության փոխանակման մեխանիզմները, կարգն ու պայմանները, տեղեկատվության նվազագույն ծավալը, որը ենթակա է անդրսահմանային փոխանակման համար, ինչպես նաեւ՝ սպառողի ու ֆինանսական ծառայություններ մատուցողի իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները, որոնք առաջանում են վարկային հարաբերությունների ձեւակերպման ժամանակ: Համաձայնագրով սահմանվում է նաեւ այն մարմինների լիազորությունների շրջանակը, որոնք զբաղվում են անդրսահմանային տեղեկատվության փոխանակմամբ:

Համաձայնագրում առկա է դրույթ, ըստ որի՝ Համաձայնագրի կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան, որը, համապատասխան պայմանների ի հայտ գալու դեպքում, կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման, եւ որի չափը հնարավոր չէ գնահատել համապատասխան տվյալների բացակայության պատճառով:

Միաժամանակ Համաձայնագիրը պետական բյուջեի եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

27.07.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2021 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագիրը: 

Համաձայնագրով սահմանվում է վարկային պատմությունների կազմում ներառվող տեղեկությունների փոխանակման կարգը: Այդպիսի տեղեկությունների օգտագործումը միտված է նպաստելու ֆինանսական շուկաների ինտեգրացիոն գործընթացների խորացմանը եւ ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորմանը:

Համաձայնագրի նպատակն է՝ վարկային ռեսուրսներին հասանելիության տեսանկյունից ապահովել հավասար պայմաններ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար՝ անկախ իրենց գտնվելու վայրից:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Բելառուսի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության ազգային բանկի, Ղազախստանի Հանրապետության կառավարության, Ղազախստանի Հանրապետության ֆինանսական շուկայի կարգավորման եւ զարգացման հարցերով գործակալության, Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի, Ղրղզական Հանրապետության ազգային բանկի, Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի միջեւ: 

Համաձայնագրի կարգավորման առարկա հանդիսացող ԵԱՏՄ շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների եւ համաձայնագրի նախագծով նախատեսված այլ տեղեկությունների անդրսահմանային փոխանակման կարգը սահմանող իրավակարգավորումներ ՀՀ օրենսդրությամբ ամրագրված չեն, ուստի առկա է անհրաժեշտություն կատարել ՀՀ ներպետական օրենսդրական փոփոխություններ: 

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջինիս ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրը: 

Համաձայնագրի վավերացման արդյունքում անդամ երկրների վարկային բյուրոները հնարավորություն կունենան փոխանակել վարկային տեղեկատվություն, ինչն էլ իր հերթին կդյուրինացնի  բանկերի աշխատանքը՝ այլ երկրների ռեզիդենտ հանդիսացող անձանց վարկեր տրամադրելու գործընթացում: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ.՝ 011-513-618, ներք. 1618