ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-346-22.07.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Կ-346-22.07.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

12.08.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.Նախագծի բոլոր հոդվածների «ՀՈԴՎԱԾ» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հոդված» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը»:

2. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսվում է «Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածում կատարել լրացում եւ փոփոխություն: Նշենք, որ Օրենքի 16-րդ հոդվածն ունի ընդամենը երկու չհամարակալված պարբերություն, ընդ որում՝ Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածում կատարվող լրացումը եւ փոփոխությունը կատարվում են հենց այդ չհամարակալված պարբերություններում: Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի 16-րդ հոդվածի առաջին չհամարակալված պարբերությանը հղում կատարելիս կիրառվում են «1-ին մաս» բառերը, իսկ Նախագծի 2-րդ հոդվածում Օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ չհամարակալված պարբերությանը հղում կատարելիս կիրառվում են «վերջին պարբերություն» բառերը: Այսինքն՝ Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս մի դեպքում կիրառվում է «մաս» եզրույթը, մյուս դեպքում՝ «պարբերություն», հետեւաբար առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը եւ Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել նույն բառերը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

11.08.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

11.08.2022թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով  առաջարկվում է սերմերի եւ տնկանյութի հավաստագրման համար սահմանել պետական տուրք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սերմերի եւ տնկանյութի հավաստագրի տրամադրումը, բացի դաշտային հետազոտություններից, ենթադրում է նաեւ փաստաթղթային վերլուծություններ եւ սերմերի ու տնկանյութի լաբորատոր հետազոտություններ: Առաջարկվող պետական տուրքից գոյացող միջոցները պետք է ապահովեն սերմերի ու տնկանյութի հիվանդությունների բացահայտման նպատակով իրականացվող լաբորատոր փորձաքննությունների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

29.07.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում եւ փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» Օրենքում: 

Նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սերմերի եւ տնկանյութի հավաստագրման համար սահմանվող պետական տուրքը կնպաստի որոշ գործողությունների իրականացման, ինչպես նաեւ տնկանյութի կարգով պայմանավորված՝ սահմանված հիվանդությունների բացահայտման նպատակով իրականացվող լաբորատոր փորձաքննությունների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ապահովմանը: 

Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ «Սերմերի մասին» օրենքի համաձայն սերմերի հավաստագրումն իրականացվում է 2005 թվականից, սակայն հավաստագրի տրամադրման համար պետական տուրք սահմանված չի եղել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սերմերի եւ տնկանյութի հավաստագրի տրամադրումը բացի դաշտային հետազոտություններից, ենթադրում է փաստաթղթային վերլուծություններ եւ սերմերի ու տնկանյութի լաբորատոր հետազոտություններ, անհրաժեշտություն է առաջացել «Սերմերի եւ տնկանյութի մասին» օրենքի եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի հետ միաժամանակ, փոփոխություն եւ լրացում կատարել Օրենքում՝ սերմերի եւ տնկանյութի հավաստագրի տրամադրման համար սահմանելով պետական տուրք, որի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը: 

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի սերմերի եւ տնկանյութի հավաստագրի տրամադրման համար պետական տուրքի վճարումը եւ կավելանան ՀՀ պետական բյուջեի մուտքերը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հեռ. /011/513618  /ներք.1618/