ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-349-27.07.2022-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3491 -27.07.2022-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3492 -27.07.2022-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-349-27.07.2022-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-3491 -27.07.2022-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-3492 -27.07.2022-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 



19.08.2022թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում առաջարկում ենք «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքին Նախագծում այլեւս հղում չի կատարվում եւ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը` նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը: 

2. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կիրառվում է «ֆիզիկական անձանց (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող)» ձեւակերպումը: Մինչդեռ հասկանալի չէ՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց վերաբերյալ առանձնահատուկ մատնանշումը: Կարծում ենք՝ եթե իրավակարգավորման գործողությունը տարածվում է բոլոր ֆիզիկական անձանց նկատմամբ, որոշակի խմբի վերաբերյալ առանձին նշման անհրաժեշտությունը բացակայում է: Հետեւաբար առաջարկում ենք վերոնշյալ արտահայտությունից հանել «(այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող)» ձեւակերպումը: 

Սույն դիտարկումը վերաբերում է Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի ամբողջ տեքստում կիրառվող «ֆիզիկական անձանց (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող)» ձեւակերպումներին:

3. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի ամբողջ տեքստում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են տարբեր բառեր, տերմիններ եւ բառակապակցություններ: Մասնավորապես՝ 

1) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում սահմանված է «աղտոտվող (վնասակար) նյութ» հասկացությունը, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի ամբողջ տեքստում կիրառվում է նաեւ «աղտոտող նյութ» կամ «վնասակար նյութ» հասկացությունները:

2) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում կիրառվում է «տարածական դիրք», իսկ 11-րդ կետում՝ «տարածական տեղադիրք» ձեւակերպումները:

3) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում սահմանված է «մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա» հասկացությունը, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ եւ 23-րդ կետերում, ինչպես նաեւ 9-րդ հոդվածի 4-րդ մասում կիրառվում է «սահմանային թույլատրելի կոնցենտրացիա» հասկացությունը:

4) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում սահմանված է «արտանետման աղբյուր», իսկ 10-րդ կետում՝ «արտանետման անշարժ աղբյուր» հասկացությունները: Միեւնույն ժամանակ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի ամբողջ տեքստում կիրառվում են նաեւ «աղբյուր», «աղտոտման անշարժ աղբյուր», «աղտոտող անշարժ աղբյուր» հասկացությունները:

5) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում կիրառվում է «մթնոլորտային օդի գետնամերձ շերտ», իսկ 23-րդ կետում՝ «մթնոլորտի գետնամերձ շերտ» ձեւակերպումները:

6) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետում սահմանված է «աղտոտվածության կրիտիկական մակարդակ» հասկացությունը, միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի հետագա տեքստում կիրառվում է «մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակ» ձեւակերպումը:

7) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում սահմանված է հետեւյալ հասկացությունը՝ «վնասակար ներգործություն՝ մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումներ.»: Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի ամբողջ տեքստում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են «վնասակար ներգործություն», «մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն», ինչպես նաեւ «մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումներ» ձեւակերպումները:

8) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետում սահմանված է «աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվներ» հասկացությունը, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի ամբողջ տեքստում կիրառվում են նաեւ «արտանետումների տեխնիկական նորմատիվներ», «աղտոտող նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվներ» եւ «տեխնիկական նորմատիվներ» ձեւակերպումները: Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառվում է «աղտոտման աղբյուրների արտանետման տեխնիկական նորմատիվներ» հասկացությունը:

9) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմնի լիազորությունների շարքում թվարկվում է՝ «մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների մշակման եւ սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին կարգի մշակումը,»: Միաժամանակ՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շարքում նշվում է՝ «մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման եւ սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին կարգի հաստատումը,»: 

10) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմնի լիազորությունների շարքում թվարկվում է «օբյեկտների, դրանց կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման ժամանակացույցի որոշումը»: Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շարքում նշվում է՝ «տնտեսական օբյեկտների, դրանց կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման ժամանակացույցի, ինչպես նաեւ այդ տեխնոլոգիաների հիման վրա հաշվարկված արտանետումների տեխնիկական նորմատիվների հաստատումը»:

11) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 8-րդ հոդվածի վերնագրում կիրառվում է «որակի նորմատիվներ», իսկ նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «որակի գնահատման նորմատիվներ» հասկացությունները: 

12) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ գլխում սահմանված է մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների եւ դրանց աղբյուրների միայն պետական հաշվառման վերաբերյալ կարգավորումներ: Մինչդեռ հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի ամբողջ տեքստի մյուս կարգավորումներում «հաշվառում եւ գույքագրում» եզրույթները կիրառվում են միասին:

13) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում կիրառվում է «կրիտիկական բեռնվածություն», ինչպես նաեւ «մթնոլորտային օդի կրիտիկական բեռնվածություն» ձեւակերպումները:

14) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 10-րդ հոդվածը վերնագրված է «Սահմանային թույլատրելի արտանետումների նախագծերի հիման վրա տրամադրված անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվության ուժը կորցրած ճանաչելը»:

Մեջբերված արտահայտության «սահմանային թույլատրելի արտանետումների նախագծեր» ձեւակերպումը հասկանալի չէ: Հիմք ընդունելով՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շարքում նշված՝ «մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման կարգի հաստատման» լիազորությունն առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի վերնագրում «Սահմանային թույլատրելի արտանետումների նախագծեր» ձեւակերպումը փոխարինել «Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծեր» բառերով:

15) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի վերնագրում կիրառված է «մթնոլորատային օդի վրա վնասակար ներգործությունների», իսկ 1-ին մասում՝ «մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի եւ ջերմոցային գազերի արտանետումների» ձեւակերպումները:

16) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի վերնագրում կիրառված է «ջերմոցային գազերի անշարժ եւ շարժական աղբյուրներ», իսկ 1-ին մասում «ջերմոցային գազեր արտանետող անշարժ աղբյուրներ» ձեւակերպումները:

Հիմք ընդունելով վերոշարադրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները՝ որոշակի հերթականությամբ, ինչպես նաեւ կիրառել արդեն իսկ սահմանված հասկացությունները: Սույն առաջարկը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում ամրագրված կանոններով՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

4. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում սահմանված է մթնոլորտային օդի մոնիթորինգ» հասկացությունը, որի համաձայն՝ «մթնոլորտային օդի մոնիթորինգ՝ մթնոլորտային օդի վիճակի, նրանում կատարվող բնական երեւույթների, աղտոտման եւ ֆիզիկական ներգործությունների դիտարկման համակարգ, ինչպես նաեւ մթնոլորտային օդի վիճակի եւ աղտոտման գնահատման գործընթաց.»: Հարկ ենք համարում նշել, որ «ֆիզիկական ներգործություն» հասկացությունը Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում սահմանված չէ:

5. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի մի շարք կետերում առաջարկում ենք հանել «սույն օրենքի իմաստով» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածում սահմանված են Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները: 

6. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի համաձայն՝ «օդի պահանջվող օգտագործում (ՕՊՕ)՝ մաքուր օդի այն ծավալը, որն անհրաժեշտ է աղտոտող նյութի արտանետումը մինչեւ սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների մակարդակը նոսրացնելու համար.»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ անհրաժեշտ է հստակ սահմանել՝ «օգտագործում» գործողությունն ինչ է ենթադրում:

7. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետում կիրառվում է «աղտոտիչներ» եզրույթը: Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում «աղտոտիչներ» հասկացությունը սահմանված չէ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել քննարկվող կարգավորումն իրավական որոշակիության ապահովման եւ եզրույթների միատեսակ կիրառության նպատակով:

8. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով սահմանվում է «արտանետման թույլտվություն» հասկացությունը՝ աղտոտող անշարժ աղբյուրի համար սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծի հիման վրա սահմանված որոշակի քանակի արտանետման իրավունքի տրամադրում:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«1. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են.

(…)

3) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման եւ սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին կարգի հաստատումը,»:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմնի լիազորություններն են՝

(…)

4) սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրումը կամ մերժումը,(…)»:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի մեջբերված կարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանվում է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: 

Սահմանադրության` որոշակիության սկզբունքին վերաբերող 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:

Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61): Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության եւ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Առավել եւս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: 

Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա իրավունքի սուբյեկտին դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի արտանետման թույլտվություններին վերաբերող կարգավորումների համադրված վերլուծության արդյունքում կարող ենք եզրակացնել, որ համապատասխան թույլտվության տրամադրումը կամ տրամադրման մերժումը լիազոր մարմնի լիազորություններն են, արտանետման թույլտվության տրամադրման եւ մերժման կարգերը սահմանում է Կառավարությունը: Սակայն, հարկ է նկատել, որ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրացման համար համապատասխան թույլտվության տրամադրման ընթացակարգի վերաբերյալ կարգավորումները, որոնցով կնախատեսվեն նաեւ՝ վերոնշյալ սուբյեկտների իրավունքները սահմանափակելիս այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում բացակայում են: 

Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում նախատեսել նաեւ լիազոր մարմնի՝ արտանետման թույլտվությունների տրամադրման կամ տրամադրման մերժման լիազորությունների իրականացման վերաբերյալ կարգավորումներ (օրինակ՝ տրամադրման կամ մերժման ժամկետների, հիմքերի վերաբերյալ կարգավորումներ)՝ օրինականության եւ իրավական որոշակիության սկզբունքների ապահովման նպատակով:

9. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են. 

(...) 

11) Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող շարժական աղբյուրների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակների հաստատումը, (...) »:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

Հարկ է նկատել, որ «շահագործվող շարժական աղբյուրների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակներ» հասկացությունը սահմանված չէ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում: Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում սահմանված է հետեւյալ հասկացությունը՝ «շահագործվող տրանսպորտային միջոցների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակներ՝ տրանսպորտային միջոցներից արտանետվող գազերում վնասակար նյութերի պարունակության նորմեր.»: Եթե «շահագործվող շարժական աղբյուրների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակներ» հասկացությունը  նույնանում է Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում սահմանված՝ «շահագործվող տրանսպորտային միջոցների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակներ» հասկացության հետ, ապա առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը: Իսկ եթե վերոնշյալ երկու հասկացությունները տարբեր իմաստներ են ենթադրում, ապա առաջարկում ենք իրավական որոշակիության ապահովման նպատակով Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում սահմանել «շահագործվող շարժական աղբյուրների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակներ» հասկացությունը:

10. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետում կիրառվում է «եւ (կամ)» ձեւակերպումը: Հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ/կամ» գրելաձեւը կիրառելի չէ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետում կիրառված «եւ (կամ)» ձեւակերպումը:

11. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի ամբողջ տեքստում կիրառվում են «Կառավարություն», «Հայաստանի Հանրապետության կառավարություն» եւ «Հայաստանի Հանրապետության Կառավարություն» ձեւակերպումները: Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի ամբողջ տեքստում կիրառել «Կառավարություն» ձեւը՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ սահմանված ձեւակերպումը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը:

12. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսվում է, որ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Կառավարության լիազորություններից է գոտիների եւ ագլոմերացիաների դասակարգումը, որի վերաբերյալ կարգը մշակվում է լիազոր մարմնի կողմից (Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ): 

Մեջբերված կարգավորումներից կարող ենք բխեցնել, որ գոտիների եւ ագլոմերացիաների դասակարգման վերաբերյալ կարգը մշակվում է լիազոր մարմնի կողմից, սակայն, հաստատման չի ենթարկվում Կառավարության կողմից, ինչպես նաեւ լիազոր մարմնի կողմից մշակվող համապատասխան կարգը նախատեսված է Կառավարության կողմից իրականացվող լիազորության համար (Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետ): Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք վերանայել եզրակացության սույն կետում մեջբերված կարգավորումները:

13. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 3-րդ գլուխը բաղկացած է մեկ հոդվածից: Հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված կանոնի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում:»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նշենք, որ նորմատիվ իրավական ակտում գլուխների սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ թե մեկ հոդվածի, այլ համասեռ մի քանի հոդվածների առկայությամբ: Ուստի առաջարկում ենք վերանայել վերոնշյալ կարգավորումը քննարկվող հատվածով:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ, 11-րդ եւ 12-րդ գլուխներին:

14. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 3-րդ գլուխը վերնագրված է՝ «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ», մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 3-րդ գլխում ներառված է միայն 8-րդ հոդվածը, որը նախատեսում է «Մթնոլորտային օդի որակի նորմատիվները»:

Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 3-րդ գլխի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասում սահմանված կանոնը՝ «Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը:»:

15. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների պետական կարգավորման նպատակով սահմանվում են՝

1) աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակներ,»:

Վերոնշյալ կարգավորման «նորմատիվների չափաքանակներ» արտահայտությունը հասկանալի չէ հետեւյալ հիմնավորմամբ.

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում սահմանված է «մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետման նորմատիվ» հասկացությունը, որի համաձայն՝ «մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետման նորմատիվ՝ յուրաքանչյուր աղտոտման անշարժ աղբյուրի համար սահմանված արտանետման առավելագույն չափաքանակ, որի դեպքում արտանետված աղտոտող (վնասակար) նյութի ցրման արդյունքում (ցրման անբարենպաստ օդերեւութաբանական պայմաններում) առաջացած գետնամերձ կոնցենտրացիան, տվյալ տարածքում տվյալ նյութի ֆոնային կոնցենտրացիայի հետ միասին, չի գերազանցում տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.»:  Այսպես՝ «մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետման նորմատիվ» հասկացությունն ենթադրում է չափաքանակ, հետեւաբար առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում կիրառված «նորմատիվների չափաքանակներ» ձեւակերպումը:

16. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը լիազոր մարմին արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում, եթե անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվությամբ սահմանված սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցման դեպքում իրավաբանական կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձն օրենքով սահմանված կարգով ենթարկվել է վարչական պատասխանատնության եւ վարչական տույժ նշանակվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն խախտումը: Լիազոր մարմինը միջնորդագրի հիման վրա որոշում է կայացնում արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:»:

Վերոնշյալ կարգավորմամբ սահմանված է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պարտականությունը լիազոր մարմնին միջնորդագիր ներկայացնել արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ: Առաջարկում ենք սահմանել նաեւ ժամկետ մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ միջնորդագիրը լիազոր մարմնին ներկայացնելու պարտականության կատարման համար:

17. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նոր, վերակառուցվող եւ ընդլայնվող աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների, շենքերի եւ շինությունների տեղաբաշխման, նախագծման, կառուցման եւ գործարկման, գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների եւ սարքավորումների կատարելագործման ու նորերի ներդրման դեպքում անհրաժեշտ է ապահովել մթնոլորտային օդի վիճակի վրա վնասակար ներգործության նորմատիվների պահպանումը: Ընդ որում, պետք է նախատեսվեն վնասակար նյութերի արտանետումների որսումը, դրանց օգտահանումը կամ վնասազերծումը, ելնելով այն բանից, որ նախագծվող, գործող եւ ապագայում կառուցվող օբյեկտների արտանետումները չհանգեցնեն մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցմանը:»:

Վերոնշյալ կարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում սահմանված չեն վնասակար ներգործության նորմատիվները:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում սահմանված է «վնասակար ներգործություն» հասկացությունը, որի համաձայն՝ «վնասակար ներգործություն՝ մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումներ.»: Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում սահմանված է «մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետման նորմատիվ» հասկացությունը, որի համաձայն՝ «մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետման նորմատիվ՝ յուրաքանչյուր աղտոտման անշարժ աղբյուրի համար սահմանված արտանետման առավելագույն չափաքանակ, որի դեպքում արտանետված աղտոտող (վնասակար) նյութի ցրման արդյունքում (ցրման անբարենպաստ օդերեւութաբանական պայմաններում) առաջացած գետնամերձ կոնցենտրացիան, տվյալ տարածքում տվյալ նյութի ֆոնային կոնցենտրացիայի հետ միասին, չի գերազանցում տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք հստակեցնել «վնասակար ներգործության նորմատիվներ» հասկացությունը՝ կա՛մ կիրառելով Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում սահմանված հասկացությունները, կա՛մ սահմանել քննարկվող հասկացությունը:

18. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:»:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված հողային ֆոնդի դասակարգման մեջ անտառամերձ հողերի բացակայությունը՝ առաջարկում ենք վերոնշյալ քննարկվող կարգավորումից հանել «անտառամերձ» բառը կարգավորման իրավական որոշակիության ապահովման նպատակով:

19. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 9-րդ մասերի համաձայն՝ «3. Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:

4. Արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերեւաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում, կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում:

9. Արգելվում է տնտեսական կամ այլ գործունեության իրականացումը, ինչպես նաեւ նման գործունեություն իրականացնող օբյեկտների նախագծումն ու կառուցումը, եթե դա կարող է հանգեցնել մարդու առողջության վատթարացմանը, բույսերի եւ կենդանիների գենետիկ ֆոնդի ոչնչացմանը, մարդու եւ շրջակա բնական միջավայրի համար անդառնալի հետեւանքներին: Սույն մասով նշված հետեւանքների հավանականությունը հաստատվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությամբ՝ օրենքով սահմանված կարգով:»

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածում սահմանված են մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված պահանջները կազմակերպությունների, շենքերի եւ շինությունների տեղաբաշխման, նախագծման, կառուցման եւ շահագործման ընթացքում: Կարծում ենք՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 9-րդ մասերը դուրս են հոդվածի կարգավորման առարկայի շրջանակից: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածը քննարկվող հատվածով:

20. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածում կիրառվում են «ավտոմեքենա» եւ «մեքենա» եզրույթները: 

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ  եւ 3-րդ կետերով նախատեսվում է, որ «2. Շենքերի եւ շինությունների կառուցման (վերակառուցման, վերականգնման, քանդման, հիմնական եւ ընթացիկ նորոգման) աշխատանքների ընթացքում փոշու արտանետումների շինարարական հրապարակից դուրս տարածվելը կանխարգելելու նպատակով շինարարություն, ինչպես նաեւ փոշու արտանետման հետ կապված աշխատանքներ իրականացնող ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) եւ իրավաբանական անձինք դրանք իրականացնելու ընթացքում պարտավոր են՝

(…)

2) շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը լվանալ,

3) ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, այլ սորուն նյութերը, հողային զանգվածները, ինչպես նաեւ շինարարական աղբը տեղափոխել փոշու համար անթափանց ծածկոցներով ծածկված մեքենաներով,»:

Մեջբերված կարգավորումների վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալը.

«Տրանսպորտի մասին» օրենքի 1-ին հոդվածով նախատեսվում է, որ տրանսպորտը պետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մասն է, որը նախատեսված է քաղաքացիների եւ իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար եւ ունի հետեւյալ տեսակները` ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտենի եւ խողովակաշարային: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում է ավտոտրանսպորտային միջոցի հասկացությունը` ավտոմոբիլային ճանապարհներով ուղեւորներ եւ բեռներ փոխադրելու, ինչպես նաեւ ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար սարքավորված անիվավոր տրանսպորտային միջոց: Հարկ է նկատել, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում չեն կիրառվում «ավտոմեքենա» եւ «մեքենա» եզրույթները:  «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշում է կատարվում տրանսպորտային միջոցների մասին՝ տրանսպորտային միջոցներ՝ մարդատար, բեռնատար եւ հատուկ նշանակության ավտոմեքենաներ, ավտոբեռնասայլակներ, ավտոբուսներ, պիկապներ, մոտոցիկլետներ, մոտոռոլերներ եւ օդաճնշման դողերով այլ ինքնագնաց մեքենաներ ու մեխանիզմներ: 

Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածում որոշակի պահանջներ նախատեսելիս հստակեցնել «ավտոմեքենա» եւ «մեքենա» եզրույթների կիրառումը: 

21. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսվում է, որ  «2. Շենքերի եւ շինությունների կառուցման (վերակառուցման, վերականգնման, քանդման, հիմնական եւ ընթացիկ նորոգման) աշխատանքների ընթացքում փոշու արտանետումների շինարարական հրապարակից դուրս տարածվելը կանխարգելելու նպատակով շինարարություն, ինչպես նաեւ փոշու արտանետման հետ կապված աշխատանքներ իրականացնող ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) եւ իրավաբանական անձինք դրանք իրականացնելու ընթացքում պարտավոր են՝

(…)

4) օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը՝ բացառությամբ վերանորոգվող եւ վերակառուցվող փողոցների, օրվա ընթացքում պարբերաբար ջրել՝ բացառելով կեղտաջրերի թափանցումը շինարարական հրապարակի սահմաններից դուրս,»:

«Տրանսպորտի մասին» օրենքի 1-ին հոդվածով նախատեսվում է, որ տրանսպորտային համակարգը տրանսպորտային միջոցների եւ ուղիների տեխնոլոգիական շաղկապված համակարգ է: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 4-րդ հոդվածով «ավտոմոբիլային տրանսպորտ» հասկացությունը սահմանելիս կիրառվում է «հաղորդակցության ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ)» ձեւակերպումը: «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 2-րդ հոդվածով «ավտոմոբիլային ճանապարհ» հասկացությունը սահմանվում է որպես համալիր ինժեներական կառույց, որը նախատեսված է ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության համար: 

Հիմք ընդունելով նշված կարգավորումները՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «փողոց» եզրույթի կիրառումը:

22. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«4. Արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերեւաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում, կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում:»:

Հիմք ընդունելով իրավական որոշակիության սկզբունքը՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում կիրառվող «հատուկ հատկացված տեղեր» եզրույթի կիրառումը:

23. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ բնակելի տարածքներում մթնոլորտային օդի վիճակի վրա ներգործող նոր կազմակերպությունների տեղի ընտրության, գործող կազմակերպությունների վերակառուցման կամ ընդլայնման դեպքում սահմանվում են սանիտարապաշտպանական գոտիներ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հիմք ընդունելով իրավական որոշակիության սկզբունքը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը՝ հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում հստակեցնել սանիտարապաշտպանական գոտիների սահմանման օրեսնդրությամբ նախատեսված կարգին հղումը:

24. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է մթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտումը կանխարգելող, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերով սահմանված մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված այլ միջոցառումների իրականացումը:»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածում սահմանված են մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Կառավարության լիազորությունները: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված Կառավարության լիազորությունը ներառել Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածում սահմանված մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շարքում:

25. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ գլուխը, ինչպես նաեւ 15-րդ հոդվածը վերնագրված են «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ»: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմնի կողմից պետական հաշվառման են ենթակա մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի եւ ջերմոցային գազերի արտանետումների աղբյուրներ ունեցող իրավաբանական անձինք եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի եւ ջերմոցային գազերի արտանետումների քանակությունները եւ բաղադրությունը:

Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ գլխի, ինչպես նաեւ 15-րդ հոդվածի վերնագրերը համապատասխանեցնել բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:», եւ 10-րդ մասում սահմանված կանոնը՝ «Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը:»:

26. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «Ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող), իրավաբանական անձինք եւ հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն.

2) մասնակցել մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ ֆինանսավորել դրանք,»:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ « Հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ իրենց կանոնադրություններին համապատասխան իրավունք ունեն մասնակցելու մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացմանը:»:

Վերոնշյալ կարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված կարգավորումը կրկնում է Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված կարգավորումը: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում բացառել անհիմն կրկնությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»:

27. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ), ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ» վերտառությամբ 7-րդ գլխի 22-րդ հոդվածում սահմանված է միայն մթնոլորտային օդի պահպանությանը ներկայացվող պահանջները խախտելու հետեւանքով շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման դեպքում պատասխանատվությունը: Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում պատասխանատվությանը վերաբերող այլ դրույթներ բացակայում են: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում նախատեսել նաեւ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի խախտումների վերաբերյալ պատասխանատվության մասին դրույթ:

28. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 8-րդ գլուխը վերնագրված է « ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ»: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 8-րդ գլխում ներառված է միայն 23-րդ հոդվածը, որը նախատեսում է քաղաքացիների եւ այլ բնակավայրերի տեղաբաշխումն ու զարգացումը ծրագրավորելիս մթնոլորտային օդի պահպանության վիճակի հաշվառման վերաբերյալ կարգավորումը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 8-րդ գլխի վերնագիրն ավելի լայն է, քան դրանում ներառված կարգավորումը:

Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 8-րդ գլխի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասը:

29. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածը վերնագրված է «Մթնոլորտային օդի պահպանությունը բույսերի պաշտպանության միջոցները փոխադրելու, պահելու եւ կիրառելու դեպքում», որի 1-ին մասում սահմանված է ոչ միայն բույսերի պաշտպանության միջոցների, այլ նաեւ դրանց աճի խթանիչների, հանքային պարարտանյութերի եւ մյուս պատրաստուկների վերաբերյալ կարգավորում: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

30. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 24-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«1. Բույսերի պաշտպանության միջոցների, դրանց աճի խթանիչների, հանքային պարարտանյութերի եւ մյուս պատրաստուկների ցանկը, որոնց կիրառումը թույլատրվում է տնտեսության մեջ, ինչպես նաեւ դրանց կիրառման եղանակները պետք է համաձայնեցվեն համապատասխան ոլորտը կարգավորող լիազոր մարմինների հետ՝ օրենքով սահմանված կարգով:»:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի՝ կարգավորման առարկային վերաբերող 1-ին հոդվածով նախատեսվում է, որ օրենքը կարգավորում է մթնոլորտային օդի պահպանության իրավական եւ կազմակերպչական հիմքերը՝ ուղղված մթնոլորտային օդի որակի պահպանությանը եւ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հասարակական հարաբերությունները՝ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար բարենպաստ մթնոլորտային օդի որակի ապահովման նպատակով: 

«Բուսասանիտարիայի մասին» օրենքի՝ կարգավորման առարկային վերաբերող 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարիայի ոլորտի իրականացմանը, կառավարմանն առնչվող հարաբերությունները, ամրագրում է պարտադիր բուսասանիտարական պահանջները եւ բույսերի, բուսական արտադրանքի եւ այլ կարգավորվող առարկաների աճեցման, պահպանման, փոխադրման կամ շուկայահանման գործընթացում բուսասանիտարական հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ հողերի մշակությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պարտականությունները: «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսվում է  «բուսասանիտարիա» հասկացությունը` առողջ միջավայրում առողջ բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների արտադրությանը նպատակաուղղված միջոցառումների համակարգ:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 24-րդ հոդվածի կարգավորումից բխում է, որ այն վերաբերում է բույսերի պաշտպանության միջոցների, դրանց աճի խթանիչների, հանքային պարարտանյութերի եւ մյուս պատրաստուկների ցանկին եւ կիրառման եղանակներին, որոնց կիրառումը թույլատրվում է տնտեսության մեջ: Հիմք ընդունելով վերագրյալը՝ հարկ է նկատել, որ եզրակացության սույն կետում քննարկվող կարգավորումը դուրս է Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի կարգավորման առարկայից:

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածը՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:(...)»՝ անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 9-րդ գլխում ներառված հոդվածներում կիրառվող եզրույթները համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված եւ կիրառվող եզրույթներին:

31. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 26-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«1. Օգտակար հանածոների արդյունահանումը, պայթեցման աշխատանքները, արտադրության (այդ թվում ընդերքօգտագործման) եւ սպառման թափոնների տեղադրումը, պահումը եւ պահեստավորումը պետք է իրականացվեն մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմնի հետ համաձայնեցված՝ օրենքով սահմանված կարգով:»:

«Թափոնների մասին» օրենքի՝ օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններին վերաբերող 4-րդ հոդվածով նախատեսվում է թափոնների գործածության հասկացությունը` գործողություններ, որոնք ուղղված են թափոնների հավաքմանը, փոխադրմանը, տեղադրմանը, պահմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, հեռացմանը, վնասազերծմանը եւ թաղմանը: Հիմք ընդունելով նշվածն առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 26-րդ հոդվածով կարգավորում նախատեսել թափոնների գործածության վերաբերյալ:

32. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«1. Արգելվում է բնակավայրերում արտադրության (այդ թվում ընդերքօգտագործման) եւ սպառման թափոնների տեղադրումը, պահումը եւ պահեստավորումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի՝ կարգավորման առարկային վերաբերող 1-ին հոդվածով նախատեսվում է, որ օրենքը կարգավորում է մթնոլորտային օդի պահպանության իրավական եւ կազմակերպչական հիմքերը՝ ուղղված մթնոլորտային օդի որակի պահպանությանը եւ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հասարակական հարաբերությունները՝ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար բարենպաստ մթնոլորտային օդի որակի ապահովման նպատակով: 

«Թափոնների մասին» օրենքի 1-ին հոդվածով նախատեսվում է հետեւյալը՝ «Սույն օրենքը կարգավորում է թափոնների հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, ծավալների կրճատման եւ դրանց հետ կապված այլ հարաբերությունների, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման իրավական եւ տնտեսական հիմքերը:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածի կարգավորումը չնախատեսել Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում:

33. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ գլուխը, ինչպես նաեւ 28-րդ հոդվածը վերնագրված են «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ»: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 28-րդ հոդվածում սահմանված է միայն մթնոլորտային օդի աղտոտման հետեւանքով անձանց պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրավադրույթ:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ գլխի, ինչպես նաեւ 28-րդ հոդվածի վերնագրերը համապատասխանեցնել բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ եւ 10-րդ մասերը:

34. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածը վերնագրված է «Միջազգային համագործակցություն», մինչդեռ նույն հոդվածի 2-րդ մասում սահմանված է միջազգային պայմանագրերի գործողության վերաբերյալ իրավադրույթ: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

35. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոն, որի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

36. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները.

«( ...)3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում մթնոլորտային օդի պահպանության բնագավառի գործող իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքին:

4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի եւ կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգի սահմանումը) սահմանված կարգն ընդունվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:

5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով (մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների պետական հաշվառման կարգի եւ ջերմոցային գազերի արտանետումների պետական հաշվառման ու գույքագրման կարգի սահմանումը) սահմանված կարգերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

6. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով (արտանետման անշարժ աղբյուր հանդիսացող տնտեսական օբյեկտների, դրանց կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման ժամանակացույցի, ինչպես նաեւ այդ տեխնոլոգիաների հիման վրա հաշվարկված արտանետումների տեխնիկական նորմատիվների չափաքանակների հաստատումը) սահմանված ենթաօրենսդրական ակտն ընդունվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:

7. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով (մթնոլորտային օդի պետական մոնիթորինգի իրականացման, ստացված տվյալների հավաքագրման, վերլուծության, գնահատման եւ տեղեկատվության տրամադրման կարգի եւ մոնիթորինգի ցուցանիշների սահմանումը) սահմանված կարգն ընդունվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:

8. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով (մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների եւ ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաեւ աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի եւ քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգի սահմանումը) սահմանված կարգն ընդունվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:

9. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով (գոտիների եւ ագլոմերացիաների դասակարգման վերաբերյալ կարգի) սահմանված կարգն ընդունվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:»:

Նախագծի 2-րդ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

1) Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորումը առաջարկում ենք որոշակիացնել՝ հստակ նշում կատարելով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մասին:

2) Նախագծի 2-րդ հոդվածի 4-9-րդ մասերում հղում է կատարվում Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի տարբեր կետերին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի: Հարկ է նկատել, որ Նախագիծը կազմված է երկու հովածից, ուստի առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 2-րդ հոդվածի 4-9-րդ մասերում կատարվող հղումները:

3) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի` նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի համաձայն`« (...) 5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:(...)»:

Նախագծի 2-րդ հոդվածի 4-9-րդ մասերով նախատեսվում են Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով նախատեսված ենթաօրեսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները, սակայն, հարկ է նկատել, որ Նախագծի՝ անցումային դրույթներին վերաբերող հոդվածում բացակայում են օրենսդրական ակտի այն մասերի վերաբերյալ նշումները, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահից: Միաժամանակ՝ հարկ է նկատե,մ որ Նախագծի 2-րդ հոդվածի 4-9-րդ մասերով նախատեսվում են Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով նախատեսված ենթաօրեսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման տարբերակված ժամկետներ: Հիմք ընդունելով նշվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը՝ եթե նորմատիվ իրավական ակտի որեւէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտի այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից, ինչպես նաեւ իրավական որոշակիության սկզբունքը՝ առաջարկում ենք հստակ նախատեսել օրենքի ուժի մեջ մտնելու պահից մթնոլորտային օդի պահպանության իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի շրջանակը:

37. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «օրենսգրքի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» բառերով՝ հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի վերնագիրը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

38. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով փոփոխություններ են կատարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 81.1-ին հոդվածում:  Հարկ է նկատել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 81.1-ին հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանման պահանջները չկատարելու համար, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառվում է հետեւյալ ձեւակերպումը՝ «Շենքերի եւ շինությունների կառուցման (վերակառուցման, վերականգնման, քանդման, հիմնական եւ ընթացիկ նորոգման) աշխատանքների ընթացքում փոշու արտանետումների շինարարական հրապարակից դուրս տարածվելը կանխարգելելու նպատակով շինարարություն, ինչպես նաեւ փոշու արտանետման հետ կապված աշխատանքներ իրականացնող ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) եւ իրավաբանական անձինք դրանք իրականացնելու ընթացքում պարտավոր են՝ (...)»:

Հիմք ընդունելով նշվածը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջը՝ առաջարկում ենք խմբագրել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 81.1-ին հոդվածում կիրառվող վերոնշյալ եզրույթները:

Միաժամանակ՝ հաշվի առնելով Նախագծի 1-ին հոդվածով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքն ամբողջությամբ նոր խմբագրությամբ շարադրելու հանգամանքը՝ առաջարկում ենք վերանայել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի՝ արդյունաբերական ու կենցաղային մնացուկները պահեստավորելիս եւ այրելիս մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելուն վերաբերող 85-րդ հոդվածը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության օրինականության եւ որոշակիության սկզբունքների տեսնակյունից:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

18.08.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

18.08.2022թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջությամբ վերախմբագրել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հոկտեմբերի 11-ի օրենքը, որն արդեն իսկ չէր համապատասխանում ներկա իրավիճակին, իսկ 2015-2016 թվականների ընթացքում ուսումնասիրվել եւ բացահայտվել էին Օրենքում առկա մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ հին նորմերի վերանայման եւ նոր պահանջների ամրագրման անհրաժեշտությունը, որն առաջացել է հասարակական եւ միջազգային հարաբերություններում տեղի ունեցող որոշակի զարգացումների արդյունքում:

Բացի այդ, կապված տվյալ ոլորտում գիտության արագ եւ մշտական զարգացմամբ եւ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, այս ոլորտում գործող հասարակական հարաբերությունների դինամիկ փոփոխություններն առաջ են բերում նոր իրավակարգավորումների նախատեսում եւ ամրագրում, իսկ մյուս կողմից էլ՝ ՀՀ-ն ստանձնել է մի շարք միջազգային պարտավորություններ, որոնք անհրաժեշտ է հարմոնիզացնել եւ տեղայնացնել, ինչպես նաեւ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել հարակից մյուս օրենքներում:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների  տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

08.08.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջությամբ վերախմբագրել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հոկտեմբերի 11-ի օրենքը, փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, ինչպես նաեւ փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Ներկայումս մթնոլորտային օդի պահպանության կառավարումն իրականացվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հոկտեմբերի 11-ի օրենքով (այսուհետ՝ Օրենք): Դեռեւս 2015-2016 թվականների ընթացքում ուսումնասիրվել եւ բացահայտվել էին Օրենքում առկա մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ հին նորմերի վերանայման եւ նոր պահանջների ամրագրման անհրաժեշտությունը, որն առաջացել է հասարակական եւ միջազգային հարաբերություններում տեղի ունեցող որոշակի զարգացումների արդյունքում:

Յուրաքանչյուր ոլորտում հասարակական հարաբերությունները ենթարկվում են դինամիկ փոփոխությունների՝ պայմանավորված գիտության արագ եւ մշտական զարգացմամբ, եւ դրա արդյունքում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, այս ոլորտը նույնպես չի կարող անմասն մնալ այդ փոփոխություններից: Սա նշանակում է, որ ոլորտում գործող հասարակական հարաբերությունների դինամիկ փոփոխություններն առաջ են բերում նոր իրավակարգավորումների նախատեսում եւ ամրագրում:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                  ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

16.08.2022թ.