ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-353-16.08.2022-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3531 -16.08.2022-ՊԻ-011/0),  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3532 -16.08.2022-ՊԻ-011/0),  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3533 -16.08.2022-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3534 -16.08.2022-ՊԻ-011/0) եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3535 -16.08.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-353-16.08.2022-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-3531 -16.08.2022-ՊԻ-011/0),  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-3532 -16.08.2022-ՊԻ-011/0),  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-3533 -16.08.2022-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-3534 -16.08.2022-ՊԻ-011/0) եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-3535 -16.08.2022-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                            ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

02.09.2022թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսված է «Ազդարարման համակարգի մասին» օրենքի (այսուհետ՝ նաեւ Օրենք) 1-ին հոդվածում՝ «, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների» բառերը փոխարինել «եւ կազմակերպությունների» բառերով:»: Այս դեպքում կստացվի, որ Օրենքը կարգավորում է (…) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների (…) հետ կապված հարաբերությունները: Այլ կերպ, ասած «եւ» շաղկապի գործածման արդյունքում (ենթադրում է պայմանների միաժամանակյա առկայություն) ստացվում է, որ նախորդող հատկանիշները վերաբերելի են նաեւ կազմակերպություններին:

Միաժամանակ՝ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝ «1-ին կետում «պետական հիմնարկներում եւ կազմակերպություններում, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպություններում» բառերը փոխարինել «ինչպես նաեւ կազմակերպություններում» բառերով:»: Նկատելի է, որ մեջբերված հոդվածում «ինչպես նաեւ»-ի կիրառումը միտում ունի «կազմակերպությունները» դիտարկել նախորդող պայմաններից անկախ պայման, ինչը բխում է նաեւ Օրենքի էությունից եւ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումից: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում կատարվող փոփոխության մեջ եւս «եւ» շաղկապի փոխարեն կիրառել «ինչպես նաեւ»-ը:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է նոր 3-րդ կետով՝«3. ազդարարում հանրությանը:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:  Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 3-րդ կետի համարը տեքստից բաժանել փակագծով:

3. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Օրենքի 4-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 4-րդ մաս, որով սահմանվում է հետեւյալը.

«4. Հանրությանն ազդարարումը լրատվական գործունեություն իրականացնողի եւ հասարակական կազմակերպությունների միջոցով հաղորդումը հասարակությանը հայտնի դարձնելն է:»:

Նախագծի 10-րդ հոդվածով՝ Օրենքում լրացվող նոր՝ «ԱԶԴԱՐԱՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ» վերտառությամբ  գլխում ներառված հոդվածներով նախատեսվող կարգավորումների վերլուծությունից բխում է, որ հանրությանը ազդարարելու իրավահարաբերություններում համապատասխան պարտականություններ եւ իրավունքներ կրող սուբյեկտը լրատվական գործունեություն իրականացնողն է: Մասնավորապես՝ օրինակ՝ Նախագծի 10-րդ հոդվածով՝ Օրենքում լրացվող նոր՝ «ԱԶԴԱՐԱՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ» վերտառությամբ  գլխում ներառված 9.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«2. Հաղորդում ստացած լրատվական գործունեություն իրականացնողներն ու հասարակական կազմակերպությունները ապահովում են ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Նախագծով կատարվող փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտության վերաբերյալ նշվում է հետեւյալը.

«(…)միջազգային պարտավորությունների, եւ այլ երկրների օրենսդրության ուսումնասիրությունը ցույց է սալիս, որ ազդարարման կարեւոր տեսակ է հանդիսանում հանրությանը ազդարարելու մեխանիզմը: Նմանատիպ կարգավորումներ առկա են, օրինակ՝ Սերբիայում, Լիտվայում, Լատվիայում եւ այլն։

Սույն երկրներում ազդարարման մյուս տեսակներին զուգահեն գործում է նաեւ հանրությանը ազդարարելու մեխանիզմը: Նշվածը իրենից ենթադրում է ազդարարի կողմից հասարակության լայն շրջանակներին բացահայտված խնդրի մասին տեղեկացնելը(…):»:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի՝ հիմնական հասկացություններին վերաբերող 3-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված են հետեւյալ հասկացությունների սահմանումները. «3) լրատվական գործունեություն իրականացնող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում` անհատ ձեռնարկատեր, որն իր անունից տարածում է լրատվության միջոց:

Եթե Հայաստանի Հանրապետությունում լրատվական գործունեություն իրականացնողն այդ գործունեության առանձին փուլերն իրականացնում է այլ անձանց (զուտ տարածողը, հրատարակիչը եւ այլն) հետ կնքած գործարքների հիման վրա, ապա այդ անձինք, սույն օրենքի իմաստով, լրատվական գործունեություն իրականացնողներ չեն.

4) լրագրող` լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ, նրա հետ կնքած աշխատանքային կամ այլ պայմանագրի հիման վրա տեղեկատվություն փնտրող, հավաքող, ստացող, պատրաստող, խմբագրող.»:

Այսպիսով՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանաված հասկացություններից եւ դրանով նախատեսվող կարգավորումներից կարող ենք բխեցնել, որ լրատվության միջոցների տարածման իրավահարաբերություններում ներգրավված են նաեւ լրագրողները, ովքեր «Զանգվածային լրատվության մասին» օրենքի մի շարք դրույթներով եւս ունեն որոշակի իրավունքներ եւ պարտականություններ: Մասնավորապես՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ  լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

Հիմք ընդունելով նշվածը եւ հաշվի առնելով Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ նախատեսված նպատակները՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում կատարվող լրացումներով եւ Նախագծի 10-րդ հոդվածով՝ Օրենքում լրացվող նոր՝ «ԱԶԴԱՐԱՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ» վերտառությամբ  գլխում՝ հանրությանը ազդարարելու իրավահարաբերությունների վերաբերյալ կարգավորումներ նախատեսելիս  համապատասխան պարտականություններ եւ իրավունքներ կրող սուբյեկտ նախատեսել նաեւ լրագրողին: 

4. «Ազդարարման համակարգի մասին» օրենքի՝ ազդարարման ընթացակարգին վերաբերող 5-րդ հոդվածով նախատեսված է հետեւյալ կարգավորումը.

«1. Ներքին եւ արտաքին ազդարարումն իրականացվում է սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ գլուխներով սահմանված կարգով:

2. Ներքին եւ արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման, ձեւակերպման օրինակելի ձեւը, ինչպես նաեւ ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Իրավասու մարմինն ինքնուրույն է սահմանում ներքին եւ արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման, ձեւակերպման, ինչպես նաեւ ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման կարգը՝ որպես նվազագույն պահանջներ դիտարկելով սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջները:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ակտն ընդունելու դեպքում իրավասու մարմինը պարտավոր է այն տեղադրել իր կայքէջում, կայքէջի բացակայության դեպքում՝ իր օգտին աշխատանք կատարող կամ իր կողմից մատուցվող ծառայություններից օգտվող յուրաքանչյուր անձի համար տեսանելի վայրում:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ակտը չընդունելու դեպքում կիրառելի է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը:»:

Հարկ է նկատել, որ Նախագծով Օրենքի 5-րդ հոդվածում որեւէ փոփոխություն եւ լրացում չի կատարվում, չնայած այն հանգամանքին, որ հոդվածը վերնագրված է «Ազդարարման ընթացակարգը» եւ ենթադրյալ պարունակում է ազդարարման բոլոր տեսակների վերաբերյալ կարգավորումներ: Միաժամանակ՝ Նախագծի 10-րդ հոդվածով՝ Օրենքում լրացվում է նոր՝ հանրությանը ազդարարելու  կարգի վերաբերյալ կարգավորում պարունակող 9.2-րդ հոդված, որին «Ազդարարման համակարգի մասին» օրենքի 5-րդ հոդվածով հղում չի նախատեսվում:

Հիմք ընդունելով նշվածը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ առաջարկում ենք փոփոխություններ կատարել նաեւ «Ազդարարման համակարգի մասին» օրենքի՝ ազդարարման ընթացակարգին վերաբերող 5-րդ հոդվածում:

5. Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 10-րդ հոդվածում լրացվող 3.1-ին մասում կիրառված «ՀՀ» հապավումն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերի վերնագրերում արգելվում է կիրառել հապավումներ կամ բառերի կրճատումներ:», ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «(…) Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

6. Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի 4-րդ, 9-րդ եւ 10-րդ հոդվածները ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: Հաշվի առնելով մեջբերված դրույթը՝ առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ մասում թվարկված հոդվածների համար սահմանել ոչ թե ուժի մեջ մտնելու ժամկետ, այլ՝ գործողության ժամկետ: Սույն դիտարկումը կարեւորվում է այն հանգամանքով, որ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետի հետ է կապված Նախագծի հետ փոխկապակցված, Նախագծերի փաթեթում ներառված այլ Նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետը: 

7. Նախագծի 13-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «(...) Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի (...)»:

Նույնը վերաբերելի է նաեւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածին եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 4-րդ հոդվածին:

8. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին սույն օրենքով վերապահված լիազորությունները ծագում են միասնական էլեկտրոնային հարթակին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հասանելիությունն ապահովելու պահից»: Հարկ է նկատել, որ, թեեւ Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում կատարվող լրացման արդյունքում նախատեսվում է ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին հասանելիություն, այնուամենայնիվ, հստակ սահմանված չէ ժամկետ այդ հասանելիության ապահովման համար: Հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել որոշակի հստակ ժամկետը էլեկտրոնային հարթակին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հասանելիությունն ապահովելու համար:

Նույնը վերաբերելի է նաեւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասին:

9. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 13-րդ կետով սահմանվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթներից է. «ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված իր իրավասության ոլորտին առնչվող յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկումն ապահովելը, միջոցներ ձեռնարկելը, վիճակագրության վարումը եւ «Ազդարարման համակարգի մասին» օրենքով սահմանված մյուս գործառույթների իրականացումը»: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 35-րդ կետով նախատեսվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար սահմանել նոր լիազորություն, այն է. «ապահովում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված իր իրավասության ոլորտին առնչվող յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է միջոցներ, իրականացնում է վիճակագրության վարումը եւ «Ազդարարման համակարգի մասին» օրենքով սահմանված այլ լիազորություններ»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերը մեջբերված երկու կետերով սահմանվում են նույնաբովանդակ կարգավորումներ, առաջարկում ենք անհարկի կրկնությունից խուսափելու համար «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին կամ 2-րդ հոդվածը հանել:

10. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Օրենսգիրք» բառն այդ նախագծում այլեւս չի կիրառվում:

11. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Մարդու իրավունքների պաշտպանի՝ հաշվետվությունը եւ վիճակագրությունը www.azdararir.am ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակում հրապարակելու լիազորությունը ծագում է միասնական էլեկտրոնային հարթակին Մարդու իրավունքների պաշտպանի հասանելիությունն ապահովելու պահից»: Այս առումով նշենք, որ Նախագծով եւ Օրենքով սահմանված չէ որեւէ դրույթ Մարդու իրավունքների պաշտպանի համար ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին հասանելիություն ապահովելու վերաբերյալ: Հետեւաբար առաջարկում ենք խմբագրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նշելով Մարդու իրավունքների պաշտպանի՝ հաշվետվությունը եւ վիճակագրությունը www.azdararir.am ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակում հրապարակելու լիազորություն ծագելու հստակ ժամկետ:

12. Նախագծերի փաթեթի ծավալի, ժամանակի սղության, ինչպես նաեւ անհետաձգելի համարվելու գործոններով պայմանավորված՝ նշենք, որ բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Կ.Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

02.09.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Կ.Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

02.09.2022թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

     Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Ազդարարման համակարգի մասին» օրենքում, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում, Քրեական դատավարության օրենսգրքում, Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում,  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում: Մասնավորապես՝ առաջարկվում է, 
 

  •  սահմանել, որ օրենքը կարգավորում է նաեւ մասնավոր կազմակերպությունների` ազդարարման հետ կապված պարտականությունները, ազդարարման համակարգի օրենսդրությունը տարածվում է նաեւ մասնավոր հատվածի աշխատողների  վրա,
  •  ավելացնել ազդարարման նոր տեսակ` ազդարարում  հանրությանը, ինչպես նաեւ սահմանել դրա իրականացման կարգը, պահանջները եւ այլ առանձնահատկություններ,
  •  սահմանել ազդարարի եւ նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության իրավունքը, 
  • սահմանել, որ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակն ապահովի հասանելիություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, իսկ հանձնաժողովը ապահովի միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված` իրենց իրավասության ոլորտին առնչվող հաղորդումների հաշվառումը, քննարկումը, միջոցների ձեռնարկումը եւ այլն,
  • ՄԻՊ-ի քննարկման ենթակա բողոքներում ավելացնել  կազմակերպությունների կողմից ազդարարների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը, ինչպես նաեւ սահմանել ՄԻՊ-ի լիազորությունները ազդարարների պաշտպանության հարցում,
  • մի շարք խմբագրական բնույթի լրացումներ եւ փոփոխություններ:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումներն ու դիտողությունները:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին եւ Մարդու իրավունքների պաշտպանին տրվում են մի շարք լիազորություններ եւ պարտականություններ, որոնց կատարման համար կարող է առաջանալ լրացուցիչ մասնագետների, աշխատակիցների, կամ մասնագիտացված ծառայությունների ներգրավման անհրաժեշտություն, ինչը կառաջացնի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն, հետեւաբար` ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացում: Համաձայն Նախագծերի փաթեթին կից եզրակացության` Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերում նախատեսվում է շուրջ 12 մլն ՀՀ դրամի ավելացում, սակայն հստակեցված չեն ծախսային հոդվածները: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի` վերը նշված դիտողությունը հաշվի առնելու տեսանկյունից:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ 

Առաջատար մասնագետ` Անի Գյոզալյան 

30.08.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են  «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ ներկայումս ազդարարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ազդարարման համակարգի մասին» Օրենքով եւ դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով: Պետք է նշել, որ ներկայումս ազդրարման ինստիտուտի ոչ բոլոր հիմնական նպատակներն են արտացոլվում Օրենքի կարգավորումներում, եւ ըստ այդմ անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող կարգավորումները:

Ելնելով վերոգրյալից Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 
 

  •   ազդարարման հետ կապված հարաբերությունները տարածել նաեւ մասնավոր ոլորտի կազմակերպությունների եւ համայնքային կազմակերպությունների վրա՝ նման կերպ ազդարարման համակարգի կիրառության ոլորտում ներառելով ոչ միայն պետական կազմակերպությունները, այլեւ համայնքային, ինչպես նաեւ մասնավոր ոլորտի առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունները,
  •   նախատեսել նոր ազդարարման տեսակ՝ ազդարարում հանրությանը, որի հիմնական նպատակն է ստեղծել գործուն մեխանիզմներ կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ ապահովելով հասարակության իրազեկվածության բարձրացումը, հասարակական վերահսկողության կառուցակարգերի եւ պետական կառավարման մարմինների նկատմամբ վստահության ամրապնդումը,
  •   Մարդու իրավունքների պաշտպանին վերապահել ազդարարների պաշտպանության իրականացմանը հետեւելու, մոնիթորինգի եւ ազդարարների պաշտպանության վերաբերյալ տվյալների հավաքագրման լիազորություններ,
  •   նախատեսել կոռուպցիոն բնույթի՝ հանցագործություն չհանդիսացող իրավիճակների դեպքերում ազդարարում տալու, այդ թվում՝ անանուն ազդարարելու հնարավորությունը՝ միաժամանակ սահմանելով ազդարարման նման դեպքերը քննող իրավասու մարմին,
  •   նախատեսել կարգավորում, համաձայն որի ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին հասանելիություն կունենա նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որն իր իրավասության շրջանակներում կապահովի միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր ազդարարման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը եւ անհրաժեշտության դեպքում վարչական իրավախախտման վերբերյալ վարույթի հարուցումը,
  •   հստակեցնել ազդարարներին տրվող պաշտպանության մեխանիզմները:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հասարակության կողմից արդեն իսկ գործող ազդարարման համակարգի նախատեսված եղանակներով ներկայացվող հաղորդումների քննության արդյունավետության բարձրացումը, ազդարարներին տրվող պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը, կոռուպցիոն եւ այլ բնույթի իրավախախտումների բացահայտման գործում հասարակության լայն մասնակցությունը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

01.09.2022թ.