ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-354-16.08.2022-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-354-16.08.2022-ԱՍ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

05.09.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կրճատ անվանման հիշատակումից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»

Բացի այդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի լրիվ անվանման հիշատակումից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

2. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված է Օրենքը լրացնել 7.1-ին գլխով, որի վերտառությունը հետեւյալն է՝ 

«ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ

(ՏՐՎՈՒՄ Է 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՂԻՆ)»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նորմատիվ իրավական ակտի գլխի վերնագրում չի կարող լինել կարգավորում պարունակող դրույթ՝ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.1-ին գլխի վերնագրից հանել «(ՏՐՎՈՒՄ Է 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՂԻՆ)» ձեւակերպումը:

3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»: Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.1-ին գլխի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասում «խնամքի արձակուրդ» հասկացության ամբողջական տարբերակը կիրառելուց հետո կրճատ տարբերակ սահմանելու փոխարեն՝ առաջարկում ենք այն կատարել Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.1-ին գլխի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում, քանի որ եզրույթը Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.1-ին գլխում առաջին անգամ այդ հոդվածում է կիրառվում: 

4. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.1-ին գլխի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասում նշված է, որ խնամքի նպաստի չափը սահմանում է Կառավարությունը, այպես՝ 

«1) խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ տոկոսով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ,

2) խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը չգերազանցող չափով:»:

Մինչդեռ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.1-ին գլխի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասում խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար սահմանվում է տարբերակված մոտեցում, համաձայն որի՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված եւ փաստացի բնակվող, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ) գտնվող ծնողին (այսուհետ՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող) խնամքի նպաստը վճարվում է սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված չափերով միաժամանակ, եթե խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ՝

1) առնվազն մեկ տարի անընդմեջ ծնողը հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով, եւ

2) խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:»:

Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ «Բոլորը հավասար են օրենքի առջեւ»:

Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Օրենքի առջեւ ընդհանուր հավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքները երաշխավորվում են ինչպես Սահմանադրությամբ (28-րդ եւ 29-րդ հոդվածներ), այնպես էլ մի շարք կարեւորագույն միջազգային փաստաթղթերով՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (7-րդ հոդված), «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով (26-րդ հոդված), «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (14-րդ հոդված) եւ այդ կոնվենցիային կից 12-րդ Արձանագրությամբ: Նշված փաստաթղթերից բխում է, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում՝ կխախտվեն ընդհանուր հավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքները:

Սահմանադրական դատարանն իր` 2015թ. հուլիսի 7-ի ՍԴՈ-1224 որոշման մեջ նշել է, որ՝ «(…) Խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես? նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` խտրականության արգելքի խնդիր առաջանալու համար պետք է լինի տարբերություն? համադրելի իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի միջեւ: Ըստ Եվրոպական դատարանի` ցանկացած տարբերակում կամ տարբերություն չէ, որ կարելի է խտրականություն համարել: Մասնավորապես, Abdulaziz, Cabales and Balkandali v. the United Kingdom, 28 May 1985 վճռում Եվրոպական դատարանը նշել է. «(…) Տարբերակումը կամ տարբերությունը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ եւ ողջամիտ արդարացում, այսինքն` եթե այդ տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»:

Վերոշարադրյալի լույսի ներքո հարկ ենք համարում ընդգծել, ըր Սահմանադրությամբ ամրագրված խտրականության արգելքը սկզբունքի տրամաբանությանը չեն հակասում այն դեպքերը, երբ համադրելի իրավիճակներում գտնվող անձանց միջեւ առկա տարբերակումը կատարվում է օբյեկտիվ հիմքի առկայության եւ ողջամիտ արդարացման պայմաններում: Մինչդեռ՝ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ միայն նշված է, որ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին առաջարկվում է վճարել խնամքի նպաստ խնամքի արձակուրդում գտնվող եւ չգտնվող ծնողերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով՝ առանց սուբյեկտների քննարկվող շրջանակի համար տարբերակված պայման սահմանելու օբյեկտիվ հիմքին անդրադառնալու: Հետեւաբար՝ շեշտենք, որ միայն ողջամիտ հիմնավորման պարագայում Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.1-ին գլխի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումը կարող է դիտարկվել ոչ խտրական:

5. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.1-ին գլխի 28.4-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ «Եթե խնամքի նպաստը նշանակվել է (վճարվում է) խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար սահմանված չափով եւ խնամքի նպաստ նշանակելուց հետո ծնողը կամ երեխան դուրս են եկել գյուղական բնակավայրի հասցեով հաշվառումից, ապա հաշվառումից դուրս գալու ամսվան հաջորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստի չափը ինքնաշխատ եղանակով փոխվում է եւ վճարվում է խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար սահմանված չափով:»:

Այն դեպքում, երբ խմանքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողը կամ վերջինիս երեխան դուրս գան գյուղական բնակավայրի հասցեի հաշվառումից, միեւնույն է, ծնողը խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում շարունակելու է դիտարկվել, իբրեւ խնամքի արձակուրդում գտնվող ծնող: Հետեւաբար՝ քննարկվող անձի համար նպաստը պետք է վճարվի խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափով՝ սույն եզրակացության 4-րդ կետում ներկայացված խտրականության արգելքի հրամայականից ելնելով:

6. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.1-ին գլխի 28.4-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ «Եթե խնամքի նպաստը նշանակվել է (վճարվում է) խնամքի արձակուրդում գտնվող խնամքի նպաստ նշանակելուց հետո լրանում է գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին կամ նշանակվել է (վճարվում է) խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին եւ խնամքի նպաստ նշանակելուց հետո ծնողը ձեռք է բերել խնամքի արձակուրդում գտնվող ծնողի կարգավիճակ, ապա այդ հանգամանքներն առաջանալու գալու ամսվան հաջորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստի չափը ինքնաշխատ եղանակով փոխվում է եւ վճարվում է խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար սահմանված չափով:»:

Մեջբերված կարգավորման առնչությամբ նշենք հետեւյալը.

Նախեւառաջ ոչ ամբողջական շարադրման արդյունքում անհասկանալի է՝ նորմը «խնամքի արձակուրդում գտնվող ու՞մ՝ ծնողի թե՞ գյուղաբնակ ծնողի նկատմամբ նպաստ նշանակելուն է վերաբերում: Միաժամանակ՝ քննարկվող նորմի ոչ հստակ ձեւակերպված լինելու արդյունքում «կամ» շաղկապից հետո գրված պայմանն առանձին դիտարկելու արդյունքում ստացվում է՝ խնամքի նպաստը վճարվում է խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին եւ եթե խնամքի նպաստ նշանակելուց հետո ծնողը ձեռք է բերել խնամքի արձակուրդում գտնվող ծնողի կարգավիճակ, ապա վերջինս, անկախ գյուղաբնակ ծնող լինելուց, նշված հանգամանքն ի հայտ գալու հետեւանքով վճարվում է խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար սահմանված չափով, ինչն էլ հանգեցնում է Նախագծի այլ հոդվածների կարգավորումների տրամաբանության միջեւ հակասության: Այսպես՝ քննարկվող նորմը, կարծում ենք, որ վերախմբագրման կարիք ունի՝ վերջինիս համապատասխանությունը սահմանադրական որոշակիության պահանջին ապահովելու նպատակով:

Բացի այդ, առաջարկում ենք վերախմբագրելիս ուշադրությունը հրավիրել նաեւ «առաջանալու» եւ «գալու» բառերի միաժամանակյա կիրառման դեպքին:

7. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.1-ին գլխի 28.4-րդ հոդվածի 18-րդ մասի 1-ին կետում հղում է կատարված Օրենքի 28.1-ին հոդվածին, որը սահմանում է խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելը, այսինքն՝ որեւէ պայման չի պարունակում: Նաեւ Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 7-րդ գլուխը ուժը կորցրած ճանաչել, որի մեջ ներառված է Օրենքի 28.1-ին հոդվածը: Նշվածը հաշվի առնելով՝ առաջարկում ենք ուղղել համապատասխան հղումը:

8. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.1-ին գլխի 28.4-րդ հոդվածի 22-րդ եւ 23-րդ մասերի համաձայն՝ «22. Խնամքի նպաստը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում՝ սկսած խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով խնամքի նպաստ չի վճարվում:

23. Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո խնամքի նպաստը տվյալ լիազորագրով չի վճարվում:»:

Կարծում ենք՝ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.1-ին գլխի 28.4-րդ հոդվածի 23-րդ մասի կարգավորման էությունը հնարավոր է արտահայտել Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.1-ին գլխի 28.4-րդ հոդվածի 22-րդ մասում՝ ընդամենը նշում կատարելով, որ խոսքը վերաբերում է միեւնույն լիազորագրին: Այդկերպ ընկալելի կլինի, որ տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի սահմանափակումը վերաբերում է տվյալ լիազորագրին, սակայն այլ լիազորագիր տրամադրելու պարագայում հնարավոր է:

9. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.1-ին գլխի 28.4-րդ հոդվածի 24-րդ մասում նշված «(այսուհետ՝ Ազգային օպերատոր)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի հետագա հոդվածներում այդ կրճատ տարբերակը չի գործածվում:

10. Նախագծի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Այս դեպքում Օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգավորումը կիրառվում է, եթե դիմումը ներկայացվել է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:»:

Հարկ է նկատել, որ Նախագծի կարգավորումներով հստակ տարանջատված է, որ Օրենքի 7-րդ գլուխը գործելու է մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխաների համար, իսկ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.1-ին գլխի կարգավորումները գործելու են 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար: Միաժամանակ՝ Օրենքի 28-րդ հոդվածի 2.1-ին մասից բխում է, որ գյուղական բնակավայրում բնակվող ծնողը համապատասխան դիմումը կարող է ներկայացնել մինչեւ երեխայի 2 տարին լրանալը, իսկ Նախագծի 8-րդ հոդվածից բխում է, որ Օրենքի 7-րդ գլխի կարգավորումները գործելու են մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը: Ներկայացվածի հաշվառմամբ՝ ընդգծենք, որ անհասկանալի է Օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգավորման գործողության համար ժամկետային սահմանափակում նախատեսելը: Ուստի՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ նախադասությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել որոշակիության եւ խտրականության արգելքի սկզբունքների տեսանկյունից: 

Միաժամանակ՝ անհրաժեշտ է ապահովել Նախագծի կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248)

02.09.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248)

02.09.2022թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ երկու տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող հանդիսանալու հանգամանքից: Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո: Ընդ որում, վարձու աշխատողների եւ գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղաբանկ ծնողի դեպքում՝ նաեւ եթե դիմումը ներկայացվել է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

Պահպանելով գործող կարգավորումներով սահմանված՝ խնամքի նպաստի իրավունք տվող հիմանական պայմանները եւ ժամկետները՝ Նախագծով առաջարկվում է վերանայել խնամքի նպաստի իրավունքի իրացման մյուս պայմանները՝ դրանք չփոխկապակցելով աշխատանքից ազատվելու կամ բնակության վայրը փոխելու հետ:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը:

Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող՝ «Պետական նպաստների մասին» օրենքի նոր՝ 7.1-րդ գլխի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրվում է, որ խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ տոկոսով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ, խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը չգերազանցող չափով, իսկ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ խնամքի արձակուրդում գտնվող եւ չգտնվող ծնողերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով: 

Տվյալ մոտեցումը, այն է՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին խնամքի արձակուրդում գտնվող եւ չգտնվող ծնողերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով խնամքի նպաստ վճարելը, ըստ էության, որեւէ կերպ հիմնավորված չէ, ավելին՝ Նախագծի հիմնավորման մեջ հստակ շեշտադրվում է, որ. «…նախորդ տարիների իրավակիրառ պրակտիկան ցույց տվեց, որ գյուղաբնակ ծնողի համար խնամքի նպաստի իրավունքի իրացման առանձնահատկություն սահմանելը չի ծառայում իր նպատակին, քանի որ գործնականում քաղաքացիների հաշվառման եւ փաստացի բնակության վայրերը տարբեր են: Ըստ այդմ, խնամքի նպաստի նոր գաղափարախոսությունից (այս նպաստի իրավունք տրվում է բոլոր ծնողներին՝ անկախ հաշվառման կամ փաստացի բնակության վայրից) ելնելով՝ նշված առանձնահատկությունը նպատակահարմար է վերանայել (հանել):»: Նշվածին, կարծում ենք, կարելի է վստահեորեն ավելացնել նաեւ, որ գյուղաբնակ աշխատող ծնողի համար խնամքի նպաստի նշանակումը եւ դրա չափը նույնպես որեւէ էական ազդեցություն չի ունենում ծնելիության կամ ժողովրդագրական մյուս ցուցանիշների իմաստով, հետեւաբար՝ միայն այս կատեգորիայի ծնողների համար խնամքի նպասստի գրեթե կրկնակի չափի սահմանումը կարելի է դիտարկել ոչ թե որպես առանձնահատկություն կամ խրախուսման առանձնահատուկ ձեւ, այլ սովորական խտրականության դրսեւորում՝ մյուս ծնողների նկատմամբ: 

Հասկանալի է, որ կախված եկամտի կորստի հանգամանքից, աշխատող ծնողների համար արդարացված է որոշ չափով ավելի մեծ նպաստ նշանակելու մոտեցումը, սակայն առաջարկվող տարբերակը, կարծում ենք, որոշակի դժգոհությունների տեղիք կարող է տալ արդեն քաղաքաբնակ աշխատող ծնողների շրջանում, որոնց եկամուտների կորուստները անհամեմատ ավելի մեծ են, քան գյուղաբնակ աշխատող ծնողների եկամտի կորուստները:

Ելնելով վերը շարադրածից, առաջարկում ենք գյուղաբնակ աշխատող ծնողների համար երեխայի խնամքի նպաստի չափը սահմանել ոչ թե խնամքի արձակուրդում գտնվող եւ չգտնվող ծնողերի համար սահմանված չափերի հանրագումարի, այլ դրանց միջին թվաբանականի չափով, ինչն էլ, կարծում ենք, համահունչ կլինի ոչ միայն երեխայի խնամքի նպաստի նշանակման հայեցակարգի առաջարկվող փոփոխություններին, այլեւ քաղաքաբնակ եւ գյուղաբնակ աշխատող ծնողների եկամուտների կորուստների համամասնությանը:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք է զգում:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

24.08.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Գործող իրավակարգավորմամբ՝ խնամքի նպաստ նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաեւ երեխայի ծննդյան կամ դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի գյուղական բնակավայրի հաշվառում ունեցող եւ փաստացի բնակվող ծնողին (այսուհետ՝ գյուղաբնակ ծնող)՝ անկախ աշխատելու հանգամանքից:

Հաշվի առնելով ապագայում ծնելիության կայուն աճ ապահովելը, երկրում բնակչության թվի էական աճ գրանցելու նախադրյալների ստեղծումը (Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելվածի «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետ) նախատեսվում է 2023թ. հունվարի 1-ից մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման (բնակության) վայրից: Ըստ այդմ, նմանատիպ պետական աջակցությունը հասանելի կլինի մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքով զբաղված բոլոր ծնողներին՝ անկախ նրանց աշխատելու կամ գյուղաբնակ լինելու հանգամանքից:

Հարկ է հիշատակել, որ 2020 թվականի հուլիսի 1-ից հետո խնամքի նպաստի իրավունք է տրվել նաեւ չաշխատող՝ գյուղաբնակ ծնողներին, եւ պրակտիկան ցույց է տվել, որ գյուղաբնակ ծնողի համար խնամքի նպաստի իրավունքի իրացման առանձնահատկություն սահմանելը չի ծառայում իր նպատակին, քանի որ գործնականում քաղաքացիների հաշվառման եւ փաստացի բնակության վայրերը տարբեր են: 

Նախագծով, հեղինակն առաջարկում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ երկու տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող հանդիսանալու հանգամանքից: Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո: Ընդ որում, վարձու աշխատողների եւ գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղաբանկ ծնողի դեպքում՝ նաեւ եթե դիմումը ներկայացվել է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

- խնամքի արձակուրդում գտնվող ծնողին՝ տոկոսով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ,

- խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը չգերազանցող չափով:

Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստ կվճարվի խնամքի արձակուրդում գտնվող եւ չգտնվող ծնողերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով:

Պահպանելով գործող կարգավորումներով սահմանված՝ խնամքի նպաստի իրավունք տվող հիմանական պայմանները եւ ժամկետները՝ Նախագծով առաջարկվում է վերանայել խնամքի նպաստի իրավունքի իրացման մյուս պայմանները՝ դրանք չփոխկապակցելով աշխատանքից ազատվելու կամ բնակության վայրը փոխելու հետ:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխվում է խնամքի նպաստի գաղափարախոսությունը, անհրաժեշտություն է առաջանում վերանայել խնամքի իրավունքի իրացման՝ նշանակման, վճարման, ստանալու իրավունքը դադարեցնելու եւ վերականգնելու, վճարումը դադարեցնելու եւ վերսկսելու պայմանները, սահմանել տարբերակված չափեր:

Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը:

Այն հանգամանքը, որ ներկայացված Նախագծով առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ երկու տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող հանդիսանալու հանգամանքից, մեր կարծիքով, սոցիալական առումով դրական ազդեցություն կարող է ունենալ, քանի որ երեխաների խնամքով զբաղվող ծնողները, խնամքի նպաստի ստացման նպատակով, իսկ այնուհետեւ՝ երեխայի երկու տարեկանը լրանալուց հետո, անհարկի չեն դիմի համապատասխան մարմիններին՝ իրենց կամ երեխայի հաշվառման վայրը փոխելու համար: Այսինքն, երեխայի խնամքի նպաստի ստացման գործընթացը կդառնա ավելի դյուրին եւ թափանցիկ՝ մարդկանց զերծ պահելով հաշվառման վայրի արհեստական եւ ժամանակավոր փոփոխություններից, ինչպես նաեւ նյութական եւ ժամանակային ռեսուրսների անհարկի ծախսումից:

Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ ներդնելով վերը նշված մեխանիզմը, Նախագծի մեկ այլ հոդվածով հակառակ մոտեցումն է ամրագրվում: Մասնավորապես, Նախագծի 5-րդ հոդվածի համաձայն Օրենքում նոր լրացվելիք 7.1 գլխի 28.3 հոդվածի  5-րդ մասով սահմանվում է, որ. 

«5. Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված եւ փաստացի բնակվող, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ) գտնվող ծնողին (այսուհետ՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող) խնամքի նպաստը վճարվում է սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված չափերով միաժամանակ, եթե խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ՝

1) առնվազն մեկ տարի անընդմեջ ծնողը հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով, եւ

2) խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:»:

Այսինքն, գյուղական բնակավայրի ծնողների համար սահմանվում է ոչ միայն երեխայի հետ միեւնույն հասցեում հաշվառված լինելու, այլեւ այնտեղ փաստացի բնակվելու պայմանները, որի «դիմաց» այդ անձանց համար նախատեսվում է քաղաքաբնակ աշխատող ծնողին հասանելիք խնամքի նպաստի գրեթե կրկնակի չափի խնամքի նպաստ: 

Սոցիալական արդարության տեսանկյունից, կարծում ենք, տվյալ մոտեցումը բավականին խոցելի է եւ փաստարկված հիմնավորման կարիք ունի, այն դեպքում՝ երբ Նախագծի հիմնավորման մեջ այս առումով որեւէ փաստարկ ներկայացված չէ: Մյուս կողմից, այլ կատեգորիայի նպաստառուների համեմատ էականորեն մեծ նպաստ տալու հանգամանքը բավականին ուժեղ մոտիվացիա կարող է առաջացնել՝ գյուղական բնակավայրերում արհեստականորեն գրանցվելու համար, իսկ փաստացի բնակվելու վերաբերյալ տեղեկանքեր ստանալը կարող է հանգեցնել կոռուպցիոն երեւույթների առաջացման:

Այս կապակցությամբ, ինչպես նաեւ սոցիալական արդարության ապահովման տեսանկյունից, առաջարկում ենք գյուղաբնակ եւ քաղաքաբնակ աշխատող ծնողների համար սահմանել երեխայի խնամքի միեւնույն չափի նպաստ, առավել եւս, որ հենց Նախագծի հիմնավորման մեջ հեղինակը հստակ նշում է, որ. «…2020 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ խնամքի նպաստի իրավունք տրվեց նաեւ չաշխատող՝ գյուղաբնակ ծնողներին, քաղաքաբնակ ծնողները արտահայտեցին իրենց դժգոհությունը՝ փաստարկելով, որ քաղաքներում երեխային խնամելը նույնպես ծախսատար է եւ արժանի է պետական հոգածության:

Բացի այդ, նախորդ տարիների իրավակիրառ պրակտիկան ցույց տվեց, որ գյուղաբնակ ծնողի համար խնամքի նպաստի իրավունքի իրացման առանձնահատկություն սահմանելը չի ծառայում իր նպատակին, քանի որ գործնականում քաղաքացիների հաշվառման եւ փաստացի բնակության վայրերը տարբեր են:…»:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

25.08.2022թ.