ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-356-19.08.2022-ԳԿ-011/0) եւ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-3561 -19.08.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-356-19.08.2022-ԳԿ-011/0) եւ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Պ-3561 -19.08.2022-ԳԿ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

08.09.2022թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերոնշյալ նախագծում համապատասխան օրենքին այլեւս հղում չի կատարվում:

2. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «՝ հետեւյալ խմբագրությամբ» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված հոդվածով նախատեսվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածում լրացնել նոր մաս:

3. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասով (այսուհետ նաեւ՝ Մաս) սահմանվում է. «Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անունը չի կարող համընկնել կամ շփոթելու աստիճան նման լինել ընկերության ապրանքային նշանի կամ անվան հետ, իրենց գովազդներում օգտագործված գրաֆիկական, ձայնային նշաններին նույնական կամ շփոթելու աստիճան նման նշաններին, որը վերջին հինգ տարում զբաղվել է շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի կազմակերպչի գործունեությամբ»: Վերը մեջբերվածի կապակցությամբ առկա են մի քանի դիտարկումներ:

3.1. Նախ՝ Մասում նշված «անունը» բառն առաջարկում ենք փոխարինել «անվանումը» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Մասով հղում է կատարվում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, որը վերաբերում է հայտատուի անվանմանը:

3.2. Մասում նշված է. «անունը չի կարող համընկնել կամ շփոթելու աստիճան նման լինել ընկերության ապրանքային նշանի կամ անվան հետ, իրենց գովազդներում օգտագործված գրաֆիկական, ձայնային նշաններին նույնական կամ շփոթելու աստիճան նման նշաններին»: Այս ձեւակերպման կապակցությամբ նշենք, որ նախ՝ հասկանալի չէ, հայտատուի անվանման եւ գրաֆիկական կամ ձայնային նշանների համընկնման հնարավորությունը, երկրորդ՝ վերը մեջբերված ձեւակերպումը կապակցված միտք չի արտահայտում: Հետեւաբար առաջարկում ենք խմբագրել վերոնշյալ ձեւակերպումը՝ սույն ենթակետով նշված դիտարկումների հիման վրա ապահովելով լրացվող դրույթի մտքի կապակցվածությունը:

3.3. Մասում շարադրված «շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի կազմակերպչի գործունեությամբ» ձեւակերպման մեջ առաջարկում ենք «կամ» բառից առաջ լրացնել «կազմակերպչի» բառը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Վիճակախաղերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 13-րդ կետով տրվող «վիճակախաղի կազմակերպիչ» եզրույթի հասկացության համաձայն` այն իր մեջ չի ընդգրկում շահումով կամ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած եւ շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեություն իրականացնելու միջոցով եկամուտ (շահույթ) ստանալու նպատակ հետապնդող կազմակերպություններին: Իսկ տվյալ դրույթում «կամ» շաղկապի կիրառումը հանգեցնում է համապատասխան շաղկապից հետո շարադրված պայմանների՝ նախկին պայմաններից անկախ լինելու հանգամանքը:

3.4. Հարկ է նկատել, որ, թեեւ Մասով սահմանվում է, որ հեռարձակողի կարգավիճակ ստանալու համար դիմած հայտատուի անվանումը չի կարող համընկնել կամ շփոթելու աստիճան նման լինել վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կազմակերպչի կամ վիճակախաղի կազմակերպչի գործունեությամբ զբաղվող ընկերության ապրանքային նշանի կամ անվան հետ, ինչպես նաեւ իրենց գովազդներում օգտագործված գրաֆիկական, ձայնային նշաններին նույնական կամ շփոթելու աստիճան նման նշաններին, այնուամենայնիվ, Նախագծերի փաթեթով չի սահմանվում որեւէ բացասական հետեւանք նշված պահանջը խախտելու համար: Բացի այդ՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգը կարգավորում է միայն հայտը բավարարելու դեպքը: Հետեւաբար առաջարկում ենք «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում նախատեսել կարգավորում հեղինակազորման հայտին ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու հետեւանքների վերաբերյալ:

4. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման հաջորդ օրը եւ տարածվում է մինչեւ ուժի մեջ մտնելը առաջացած իրավահարաբերությունների վրա»: Նշված դրույթից բխում է, որ հեղինակազորման հայտում հայտատուի անվանման եւ վերջին հինգ տարում շահումով խաղի կամ վիճակախաղի կազմակերպչի գործունեությամբ զբաղվող ընկերության անվան համընկնելու սահմանափակումը նախատեսվում է տարածել նաեւ օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ ծագած հարաբերությունների վրա: Մինչդեռ որեւէ ընթացակարգի եւ ժամկետի սահմանման բացակայության պարագայում, հասկանալի չէ, թե երբ պետք է դիմեն արդեն իսկ հեղինակազորված ընկերություններն իրենց՝ հայտատուի անվանման փոփոխության համար:

Նշված նախագծով համապատասխան օրենքում նախատեսված լրացման արդյունքում անձը, ով գտնվում է օրենքով կարգավորված հարաբերությունների մեջ, արդեն իսկ ունի որոշակի պարտականություններ, իրավական ակտի փոփոխության կամ լրացման արդյունքում նոր կարգավորումների կիրառման համար պետք է ունենա ողջամիտ ժամկետ եւ հստակ ձեւակերպված ընթացակարգեր՝ իր իրավունքների իրացման նպատակով: Տվյալ պարագայում այն հայտատուները, որոնց անվանումը հեղինակազորման հայտում չի համապատասխանում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասով նախատեսված պահանջին, պետք է ունենան բավարար ողջամիտ ժամկետ՝ իրենց անվանման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու համար: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, (...) որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:

Միաժամանակ առաջարկում ենք «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշված «հրապարակման հաջորդող օրը» բառերը փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով:

5.  «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով «Գովազդի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է. «Արգելվում է գովազդային ընդհատումը լրատվական հաղորդումների ժամանակ»: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է. «Լրատվական հաղորդումների գովազդային ընդհատումը` առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով», նույն հոդվածի 16-րդ մասը սահմանում է. «Հեռարձակողի կողմից «Գովազդի մասին» օրենքի պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով»: Այսպես՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում լրատվական հաղորդումների ժամանակ գովազդային ընդհատման մասին արգելքը սահմանվում է Օրենքով՝ հասկանալի չէ՝ արդյոք այս արգելքի խախտման դեպքում պատասխանատվության նվազագույն չափը որոշվելու է՝ հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 9-րդ թե 16-րդ մասը:

6.Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է. «Արգելվում է տեսալսողական ծրագրի անվան մեջ ներառել այնպիսի բառ(եր), որը նույնական է կամ շփոթելու աստիճանի նման է վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գործող շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի կազմակերպչի անվանմանը»: Այսինքն՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է տեսալսողական ծրագրի անվան համար նախատեսված սահմանափակմանը, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածը վերաբերում է տեսալսողական մեդիայում գովազդին: Բացի այդ՝ Օրենքը կարգավորում է բացառապես գովազդի հետ կապված հարաբերությունները, հետեւաբար տեսալսողական ծրագրի անվանմանը վերաբերող կարգավորումնրը դուրս են ոչ միայն տեսալսողական մեդիայում գովազդը կարգավորվող իրավահարաբերությունների շրջանակից, այլ նաեւ ընդհանրապես Օրենքի կարգավորումից: Հետեւաբար՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «(…) Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը (…)»` եւ 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից» առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի 5-րդ մասը հանել: Բացի այդ՝ առաջարկում ենք Նախագծի՝ վերը մեջբերված հատվածում «բառ(եր)» ձեւակերպումը փոխարինել «բառ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է. «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը (…)»:

Նշենք՝ հասկանալի չէ նաեւ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված բացառության տարածման հնարավորությունը նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված արգելքի վրա:

7. Նախագծով կատարվող փոփոխություններով Օրենքում կիրառված «ռադիոհաղորդում», «հեռուստահաղորդում», «ռադիոհեռուստահաղորդում» բառերը նախատեսվում է համապատասխանեցնել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կիրառված հասկացություններին: Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի 8-րդ մասում շարունակվում է կիրառվել «հեռուստառադիոհաղորդում» բառն իր հոլովաձեւերով: Հաշվի առնելով Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածում, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կիրառված հասկացությունները եւ Նախագծերի  փաթեթին կից ներկայացված հիմնավորումը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ հոդվածի 8-րդ մասում կիրառված  «հեռուստառադիոհաղորդում» բառերը փոխարինել «տեսալսողական հաղորդում» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

8. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է Օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին պարբերության «հեռուստահաղորդմամբ» բառը փոխարինել «տեսալսողական հաղորդմամբ» բառերով: Մինչդեռ Օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին պարբերությունում նման բառ առկա չէ: Առաջարկում ենք հղումները կատարել ճշգրիտ:

9. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետով նշված է. «12.1-րդ մասը փոխարինել 13-րդ մասով՝ հետեւյալ խմբագրությամբ»: Նախ՝ նշենք, որ անհրաժեշտ է «12.1-րդ» ձեւակերպման փոխարեն շարադրել «12.1-ին» ձեւակերպումը՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւը ապահովելու համար: Բացի այդ՝ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում: Նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով»: Հետեւաբար առաջարկում ենք Օրենքի 15-րդ հոդվածի 12.1-ին մասը խմբագրելիս դրա համարակալումը չփոխել:

10. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում այդ հոդվածում եւ հոդվածի վերնագրում առկա բոլոր «զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոց» բառերը փոխարինվում են «տեսալսողական մեդիա» բառերով: Մինչդեռ հարկ է նկատել, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը հղում է կատարում «Գովազդի մասին» օրենքով սահմանված զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում գովազդին («Տեսալսողական հաղորդումների հովանավորության նկատմամբ կիրառվում են «Գովազդի մասին» օրենքի զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում գովազդը կարգավորող դրույթները»:), ինչը Նախագծի 1-ին հոդվածով փոփոխվում է: Նույնը վերաբերելի է նաեւ  Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետում կիրառված «զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով» բառերին:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում եւ Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետում նույնպես կատարել համապատասխան փոփոխություն:

11. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 24-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Տեսալսողական մեդիայի ոլորտում գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն է»: Սահմանադրության մի շարք հոդվածների (146-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մաս, 160-րդ հոդվածի 2-րդ մաս, 196-րդ հոդվածի 1-ին մասի) եւ օրենսդրության («Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի, «Պետական կառավարման համակարգի մասին» օրենքի) վերլուծությունից բխում է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը անկախ պետական մարմին է եւ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմին: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 24-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման» բառերը:

12. Նախագծերի փաթեթով, որպես դրա ուժի մեջ մտնելու ժամկետ, սահմանված է պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: Հիմք ընդունելով Նախագծերի փաթեթով նախատեսված մի շարք նոր կարգավորումներ, սահմանափակումներ եւ արգելքներ, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը (համապատասխան հոդվածը մեջբերված է սույն եզրակացության 4-րդ կետում)՝ առաջարկում ենք Նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետը փոխել՝ սահմանելով ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները, կարծում ենք, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթում սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Գովազդի մասին» օրենքի, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 

02.09.2022թ. 



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կիրառված հասկացությունները, կարծում ենք, անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան փոփոխություններ կատարել մի շարք այլ օրենքներում եւս: Մասնավորապես՝ անհրաժեշտություն է առաջանում օրենսդրությամբ կիրառված մի շարք եզրույթներ եւ հասկացություններ համապատասխանեցնել Նախագծով կիրառված հասկացություններին եւ եզրույթներին. ինչպես օրինակ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.7-րդ եւ 47.15-րդ հոդվածներում, «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1112-րդ եւ 1129-րդ հոդվածներում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 16-րդ հոդվածում, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածներում եւ այլ օրենքներում կիրառված «ռադիոհաղորդում», «հեռուստահաղորդում», «հեռուստառադիոհաղորդում», «հեռուստատեսություն» եւ այլ բառերը անհրաժեշտ է փոխարինել Նախագծով եւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով կիրառված հասկացություններով:

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 

02.09.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) սահմանվում է, որ  տեսալսողական մեդիա միջոցների անվանումները չեն կարող նույնական կամ շփոթության աստիճան նման լինել շահումով խաղերի (ինտերնետ շահումով խաղերի) եւ վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների անվանումների կամ ապրանքային նշանների հետ: 

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից Փաթեթի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

1. «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է, որ իրավաբանական կամ ֆիզիկական անձը Հեռարձակողի կարգավիճակ ստանալու համար կարգավորող պետական մարմին է ներկայացնում հեղինակազորման հայտ, որում նշվում է նաեւ հայտատուի անվանումը: Փաթեթում ընդգրկված «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է սահմանել, որ նշված կետով «սահմանված անունը չի կարող համընկնել կամ շփոթելու աստիճան նման լինել ընկերության ապրանքային նշանի կամ անվան հետ, իրենց գովազդներում օգտագործված գրաֆիկական, ձայնային նշաններին նույնական կամ շփոթելու աստիճան նման նշաններին, որը վերջին հինգ տարում զբաղվել է շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի կազմակերպչի գործունեությամբ:»: Նպատակն, ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման, այն ռադիո կամ հեռուստաալիքների գործունեության արգելումն է, որոնց անվանումները մարդկանց մոտ կարող են ասոցացվել խաղային բիզնեսի հետ՝ դառնալով անուղղակի գովազդ: 

Նախագծով առաջարկվող մոտեցումն, ընդհանուր առմամբ, տեղավորվում է խաղային բիզնեսի գովազդի կանոնակարգման ուղղությամբ ներկայումս վարվող քաղաքականության շրջանակներում: Ավելին, «Գովազդի մասին» ՀՀ օրենքով տրվում է նաեւ «հովանոցային գովազդ» հասկացության սահմանումը, ըստ որի այն. «գովազդի տեսակ է, որում գովազդվող ապրանքների եւ ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական է կամ շփոթելու աստիճանի նման է այն ապրանքների եւ ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող կամ առաջարկող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց գովազդի նկատմամբ սույն օրենքով նախատեսված են սահմանափակումներ»: Ընդ որւմ, «Գովազդի մասին» օրենքով ՀՀ-ում հովանոցային գովազդը արգելվում է: Այս տեսանկյունից, ռադիո կամ հեռուստաալիքների համար այնպիսի անվանումների ընտրությունը, որոնք բնակչության մոտ կարող են ասոցացվել խաղային բիզնեսի հետ, կարելի է դիտարկել որպես հովանոցային գովազդի յուրահատուկ դրսեւորում: Հետեւաբար, Նախագծով առաջարկվող մոտեցումը համահունչ է խաղային բիզնեսի գովազդի ներկայումս գործող իրավակարգավորումներին: Դրանով հանդերձ, Նախագծում տեղ գտած ձեւակերպումները, մեր կարծիքով, հնարավորություն չեն տալիս լիարժեք ապահովել դրան կից ներկայացված հիմնավորմամբ սահմանվող նպատակի ձեռք բերումը՝ գովազդի հետ կապված սահմանափակումներն անուղղակի շրջանցելու բոլոր տեսական հնարավորությունների վերացումը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Նախագծով հետապնդվող խնդրի լուծումն, ակնհայտորեն, ենթադրում է համալիր մոտեցում: Այսինքն, եթե որպես այդպիսին դիտարկվում է խաղային բիզնեսի անուղղակի գովազդի hնարավորությունների վերացումը, ապա տրամաբանական կլիներ չսահմանափակվել միայն տեսալսողական մեդիայի ոլորտում գործունեություն իրականացնող հեռարձակողներով:Գոյություն ունեն հանրային գիտակցության վրա անմիջական ազդեցություն ունեցող գործունեության մի շարք տեսակներ (օրինակ՝ հասարակական լայն ընդգրկում ունեցող լրատվական կամ այլ կայքեր), որոնք իրականացնող սուբյեկտների անվանումները եւս կարող են համընկնել կամ շփոթելու աստիճան նման լինել խաղային բիզնեսի ոլորտում գործող ընկերության ապրանքային նշանին կամ անվանմանը: Հետեւաբար, կարծում ենք, որ Փաթեթով հետապնդվող խնդրին համապարփակ լուծում տալու համար անհրաժեշտ է օրենքով արգելել ոչ միայն տեսալսողական մեդիայի, այլեւ լրատվական եւ տեղեկատվական բոլոր միջոցներին՝ օգտագործելու այն անվանումները եւ ապրանքային նշանները, որոնք նման են կամ համընկնում են շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի կազմակերպչի անվանմանը եւ, դրանով իսկ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն գովազդում են խաղային բիզնեսը:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով, ըստ որի. «4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անունը չի կարող համընկնել կամ շփոթելու աստիճան նման լինել ընկերության ապրանքային նշանի կամ անվան հետ, իրենց գովազդներում օգտագործված գրաֆիկական, ձայնային նշաններին նույնական կամ շփոթելու աստիճան նման նշաններին, որը վերջին հինգ տարում զբաղվել է շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի կազմակերպչի գործունեությամբ:»: Այս կապակցությամբ առաջարկում ենք.

  • «ընկերության» բառից առաջ ավելացնել «այն» բառը, որպեսզի հասկանալի լինի, որ խոսքը գնում է շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի կազմակերպչի մասին,
  • Նախագծի 1-ին հոդվածում «անունը» բառը փոխարինել «անվանումը» բառով, քանի որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում օգտագործվում է «անվանումը» բառը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն, Նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման հաջորդ օրը եւ տարածվում է մինչեւ ուժի մեջ մտնելը առաջացած իրավահարաբերությունների վրա: Այս կապակցությամբ հարց է առաջանում, թե Նախագիծն ընդունվելու դեպքում տարածվելու է միայն մինչեւ ուժի մեջ մտնելը, թե՞ նաեւ դրանից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա: Կարծում ենք, առաջին տարբերակը (ինչն ուղղակիորեն ենթադրվում է Նախագծում տեղ գտած ձեւակերպումից) չունի որեւէ տրամաբանություն, քանի որ չի վերացնում Նախագծի ընդունումից հետո տեսալսողական մեդիայի ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից այնպիսի անվանումների օգտագործումը, որոնք կարող են համընկնել կամ շփոթելու աստիճան նման լինել խաղային բիզնեսի ոլորտում գործող ընկերության ապրանքային նշանին կամ անվանմանը (այս կապակցությամբ առաջարկում ենք տվյալ հոդվածի «տարածվում է» բառից հետո ավելացնել «նաեւ» բառը):

Նախագծում բաց է մնում նաեւ այն հարցի կարգավորումը, թե՞ ինչ ժամկետներում եւ ի՞նչ ընթացակարգով է տեղի ունենալու արդեն իսկ գործող ընկերությունների գործունեության համապատասխանեցումը նոր իրավակարգավորումներին:


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

05.09.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանի կողմից ներկայացվել են ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Ներկայումս գործող օրենսդրությունը թույլ է տալիս ունենալ տեսալսողական մեդիա միջոցներ, որոնց անվանումները կարող են նույնական կամ շփոթության աստիճան նման լինել գովազդի մասին օրենքով սահմանափակումների ենթարկված շահումով խաղերի (ինտերնետ շահումով խաղերի) եւ վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների անվանումների կամ ապրանքային նշանների հետ, ինչը հնարավորություն է տալիս ունենալ ռադիո կամ հեռուստաալիքներ, որոնց անվանումները մարդկանց մոտ կարող են ասոցացվել խաղային բիզնեսի հետ՝ ըստ էության դառնալով անուղղակի գովազդ:

Հետեւաբար, Նախագծերի փաթեթով լրացում եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը գալիս է այն նպատակադրումից, որ բնակչությանը պաշտպանելու համար պետք է փակվեն նաեւ գովազդի հետ կապված սահմանափակումները անուղղակի շրջանցելու բոլոր տեսական հնարավորությունները: Պետք է նշել, որ պակաս կարեւոր չէ նաեւ ազատ մրցակցային եւ հավասար դաշտի ապահովումը այդ շուկայի բոլոր խաղացողների համար, ինչը Նախագծերի փաթեթի ընդունումով եւս կապահովվի: 

Նշենք նաեւ, որ Նախագծերի փաթեթում ընդգրկված «Գովազդի մասին» օրենքի փոփոխությամբ կվերացվեն տեսալսողական մեդիայի օրենսդրության հետ հակասությունները եւ կհստակեցվեն «Գովազդի մասին» օրենքում օգտագործվող հասկացությունները: Մասնավորապես, «Գովազդի մասին» օրենքի այն հոդվածները, որոնք կարգավորում են տեսալսողական մեդիային վերաբերող հարաբերությունները հնացած են եւ համապատասխանում են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքին, որն ուժը կորցրել է 2020 թվականին:

Նախագծերի փաթեթի ընդունումը կունենա դրական սոցիալական ազդեցություն՝ տեսալսողական մեդիա ոլորտում շահումով խաղերի եւ վիճակախաղերի գովազդի սահմանափակման միջոցով խաղամոլության զսպման առումով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                   ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

07.09.2022թ.