ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-360-22.08.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-360-22.08.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

13.09.2022թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «մասով» բառը փոխարինել «մասերով» բառով հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով «Ավիացիայի մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 43-րդ հոդվածում լրացվում են նոր՝ 2.1-ին եւ 2.2-րդ մասեր:

2. Նախագծի 1-ին հոդվածով «Ավիացիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածում լրացվում են նոր՝ 2.1-ին եւ 2.2-րդ մասեր.

«2.1. Օդանավ շահագործողի վկայականի տրամադրումը կոմիտեի կողմից Կառավարության սահմանած կարգով մերժվում է, եթե oդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ ներկայացրած իրավաբանական անձի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձը (ընկերության խորհրդի անդամ, տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ) կամ նրա հետ փոխկապակցված անձն ունի տնտեսվարողի վատ հեղինակություն:

2.2. Սույն օրենքի իմաստով տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող անձ է համարվում՝

1) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձը,

2) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձը,

3) սնանկ ճանաչված եւ չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձը,

4) միջազգային հետախուզման մեջ գտնվող անձը,

5) այն իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ ունեցող անձը, որը նախկինում ունեցել է օդանավ շահագործող վկայական եւ դրա գործողությունը դադարեցվել կամ կասեցվել է տվյալ անձի մեղքով վկայականի ստացման համար օրենքով եւ Կառավարության որոշմամբ սահմանված թռիչքային անվտանգության պահանջները խախտելու պատճառով:»:

6) Կառավարության սահմանված դեպքերում՝ պետության անվտանգության կամ հանցագործությունների կանխարգելման, կամ բացահայտման, կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությամբ պայմանավորված:»:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Նախագծով կատարվող լրացումների վերաբերյալ նշված են հետեւյալ դիտարկումները.

«(...)Քաղաքացիական ավիացիայի գործունեությունն ուղղակիորեն առնչվում է օդանավերի թռիչքների եւ ավիացիոն անվտանգության ապահովմանը, օդային փոխադրումներով հասարակական պահանջների բավարարմանը, ավիացիոն աշխատանքների, ինչպես նաեւ ավիացիայի բնագավառում շրջակա միջավայրի անվտանգության, պետության պաշտպանության եւ անվտանգության ապահովմանը, պետության շահերի պահպանմանը: Թռիչքների անվտանգության ապահովումն ունի բացարձակ գերակայություն ավիացիայի բնագավառի գործունեության կոմերցիոն, սոցիալական եւ այլ բաղկացուցիչների նկատմամբ ու այն պետք է շարունակականորեն ապահովվի անկախ թռիչքների ծավալի աճից:

Ներկա զարգացումները եւ մարտահրավերներն առավել արտահայտված են ավիացիայի ոլորտում, ինչը պահանջում է համարժեք մոտեցում/կարգավորում՝ թռիչքների անվտանգությանն առնչվող ցանկացած հարցին/հարաբերությանը:

«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) օդանավ շահագործողի վկայականի տրամադրման հետ կապված հարաբերությունների կարգավորման դաշտից դուրս է մնացել oդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ ներկայացրած իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ ունեցող անձի (ընկերության խորհրդի անդամ, տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ, շահագործման համար պատասխանատու անձ եւ այլն) տնտեսվարողի վատ հեղինակություն ունենալու հանգամանքը՝ որպես վկայականի տրամադրումը մերժելու կամ տրամադրած վկայականի գործողությունը դադարեցնելու հնարավորությունը/լիազորությունը:

(...)

««Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է օդանավ շահագործողի վկայականի տրամադրման գործընթացում որպես կարեւոր պահանջ հիմք ընդունել իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ ունեցող անձի (ընկերության խորհրդի անդամ, տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ, շահագործման համար պատասխանատու անձ եւ այլն) տնտեսվարողի վատ հեղինակություն ունենալու հանգամանքը, ինչպիսի հիմնավորմամբ հնարավոր կլինի մերժել վկայականի տրամադրումը կամ արդեն իսկ տրամադրված իրավունքի պարագայում՝ դրա դադարեցումը:

Նախագծով հստակ նախատեսվել է նաեւ Օրենքի իմաստով «տնտեսվարողի վատ հեղինակություն» ունեցող անձանց շրջանակը: (...)»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր մասերի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

2.1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասում կիրառվում է հետեւյալ ձեւակերպումը՝ «իրավաբանական անձի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձը (ընկերության խորհրդի անդամ, տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ)»:

Հարկ է նկատել, որ Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օդային տրանսպորտի թռիչքային անվտանգության նպատակով կոմիտեն տալիս է օդանավ շահագործողի վկայական՝ Կառավարության սահմանած կարգով՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, որոնց բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժնի եւ այլն) առնվազն 51 տոկոսը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ (կամ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած) իրավաբանական անձանց:

Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասում կիրառվող «խոշոր բաժնեմաս ունեցող անձ» ձեւակերպումը: 

2.2. Նախագծի 1-ին հոդվածով «Ավիացիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասով սահմանվում է, որ օդանավ շահագործողի վկայականի տրամադրումը կոմիտեի կողմից Կառավարության սահմանած կարգով մերժվում է, եթե oդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ ներկայացրած իրավաբանական անձի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձը ունի տնտեսվարողի վատ հեղինակություն: Միաժամանակ՝ իրավաբանական անձի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձանց շրջանակի վերաբերյալ որոշակի նշում՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասում, փակագծում նշում կատարելու միջոցով, արվում է հետեւյալ կերպ՝ «ընկերության խորհրդի անդամ, տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ»:

Հարկ է նկատել նաեւ, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.2-րդ մասի 5-րդ կետում կիրառվում է հետեւյալ ձեւակերպումը՝ «իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ ունեցող անձ»:

Քննարկվող անձանց շրջանակի վերաբերյալ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշում կատարելիս առանձնացվում է անձանց այլ՝ ոչ սահմանափակ շրջանակ՝ «իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ ունեցող անձ (ընկերության խորհրդի անդամ, տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ, շահագործման համար պատասխանատու անձ եւ այլն)»:

Հիմք ընդունելով նշվածը, ինչպես նաեւ օրենսդրությամբ («Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքներ) նախատեսված իրավաբանական անձանց կառավարման վրա ազդեցություն ունեցող անձանց շրջանակը (օրինակ՝ կոլեգիալ գործադիր մարմնի անդամ)՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով «Ավիացիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասի կարգավորումը:

Միաժամանակ, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով «Ավիացիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին եւ 2.2-րդ մասերում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը եւ տերմինները` որոշակի հերթականությամբ:

2.3. Նախագծի 1-ին հոդվածով «Ավիացիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասում կիրառվում է «փոխկապակցված անձ» հասկացությունը, որը սահմանված չէ եւ չի կիրառվում «Ավիացիայի մասին» օրենքում:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսվում է, որ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

(...)

3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:(...)»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61):

Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):

Հարկ է նկատել, որ «փոխկապակցված անձ» հասկացությունը սահմանված է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-27-րդ կետերով.

«25) փոխկապակցված իրավաբանական անձինք՝ իրավաբանական անձինք,

ա. որոնցից մեկին ուղղակի կամ անուղղակի պատկանում է մյուսի կանոնադրական կապիտալում 20 եւ ավելի տոկոս մասնակցություն,

բ. որոնցից մեկի կանոնադրական կապիտալում մասնակցության 20 եւ ավելի տոկոսն ուղղակի կամ անուղղակի պատկանում է ֆիզիկական անձին, որին ուղղակի կամ անուղղակի կերպով պատկանում է նաեւ մյուս իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում 20 եւ ավելի տոկոս մասնակցություն,

գ. որոնք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.

26) փոխկապակցված ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, եթե՝

ա. ֆիզիկական անձին ուղղակի կամ անուղղակի պատկանում է 20 եւ ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,

բ. ֆիզիկական անձն օրենքով չարգելված այլ ձեւով հնարավորություն ունի կանխորոշելու իրավաբանական անձի որոշումները,

գ. ֆիզիկական եւ իրավաբանական անձինք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.

27) փոխկապակցված ֆիզիկական անձինք՝ անձը եւ նրա ամուսինը, անչափահաս զավակը, անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, անձի հետ մեկ տարվա ընթացքում 180 եւ ավելի օր համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ, ինչպես նաեւ ֆիզիկական անձինք, որոնք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.»:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի  62-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է հետեւյալ կարգավորումը «2. Սույն օրենքի իմաստով փոխկապակցված են համարվում Ընկերության խորհրդի անդամները, գործադիր մարմնի անդամները, գործադիր մարմնի իրավասություններ իրականացնող իրավաբանական անձը կամ դրա տնօրենը կամ դրա խորհրդի անդամները կամ դրա կանոնադրությամբ կամ պայմանագրով նախատեսված՝ ղեկավարման գործառույթներ իրականացնող այլ անձինք, վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգողը), Ընկերության անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձինք եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փոխկապակցված ճանաչվող այլ անձինք:»:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ «1. Գործարքները, որոնց կատարման մեջ առկա է ընկերության խորհրդի անդամի, ընկերության գործադիր մարմնի գործառույթները կատարող անձի շահագրգռվածությունը կամ ընկերության մասնակցի շահագրգռվածությունը, եւ որոնք ունեն ընկերության մասնակիցների ընդհանուր ձայների թվի քսան եւ ավելի տոկոսը, չեն կարող կատարվել առանց ընդհանուր ժողովի համաձայնության:

Նշված անձինք ընկերության կողմից ճանաչվում են գործարք կնքելու մեջ շահագրգռված այն դեպքերում, եթե նրանք կամ նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը (այսուհետ` փոխկապակցված անձինք)`

ա) հանդիսանում են գործարքի կողմ կամ ընկերության հետ իրենց հարաբերություններում հանդես են գալիս երրորդ անձանց շահերից (...)»:

 Այսպիսով՝ «Ավիացիայի մասին» օրենքում սահմանված չէ «փոխկապակցված անձ» հասկացությունը, ինչպես նաեւ Նախագծի 1-ին հոդվածով «Ավիացիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասի կարգավորման բովանդակությունը չի բացահայտում քննարկվող հասկացությունը:

Հիմք ընդունելով եզրակացության 2-րդ կետի սույն ենթակետում մեջբերված իրավական նորմերը եւ կատարված դիտարկումները, կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասում «փոխկապակցված անձ» հասկացությոան կիրառումը, առանց «Ավիացիայի մասին» օրենքում այդ հասկացության սահմանման, խնդրահարույց է որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքի տեսանկյունից:

2.4. Նախագծի 1-ին հոդվածով «Ավիացիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.2-րդ մասի 6-րդ կետով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«6) Կառավարության սահմանված դեպքերում՝ պետության անվտանգության կամ հանցագործությունների կանխարգելման, կամ բացահայտման, կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությամբ պայմանավորված:»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.2-րդ մասի 6-րդ կետում պահպանված չէ կարգավորման շարադասությունը:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշվում է, որ Նախագծով հստակ նախատեսվել է նաեւ Օրենքի իմաստով «տնտեսվարողի վատ հեղինակություն» ունեցող անձանց շրջանակը, սակայն, Նախագծի 1-ին հոդվածով «Ավիացիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.2-րդ մասի 6-րդ կետով Կառավարության համար նախատեսվում է լիազորություն սահմանելու նաեւ այլ դեպքեր, երբ անձը կարող է համարվել տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող:

Սահմանադրության՝ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին վերաբերող 2-րդ գլխի` «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը» վերտառությամբ 59-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը. 

«1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով:

2. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:(…)»: 

Հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները եւ ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ: Հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր: 

Օրենքները որոշակիացնում են սահմանադրական իրավունքների իրականացման կարգը, սահմանումեն լրացուցիչ երաշխիքներ դրանց համար: Ընդ որում, որպես կանոն, բացառապես օրենքներով են սահմանվում մարդու իրավունքներն իրականացնելու, պաշտպանելու պայմանները եւ կարգը, իրավունքների սահմանափակումները: Այս համատեքստում Սահմանադրությունը ամրագրում է հանրային իշխանության պարտականությունը, որը առաջին հերթին վերաբերում է օրենսդիր մարմնին. հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները պետք է սահմանեն դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր: 

Այսպիսով` ինչպես բխում է Սահամանադրության 59-րդ հոդվածից` Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը։ Այն իրավաբանորեն երաշխավորված հնարավորություն է ապահովում անձանց (տնտեսավարող սուբյեկտների) համար՝ ազատորեն օգտագործելու սեփական ընդունակություններն ու գույքը օրենքով չարգելված տնտեսական գործունեություն իրականացնելու համար։ Միաժամանակ, այդ ազատության սկզբունքը բացարձակ չէ եւ ինչպես պետության, այնպես էլ տնտեսավարող սուբյեկտների առջեւ դնում է կոնկրետ պարտականություններ։ 

Տնտեսական գործունեության ազատությունը բացարձակ ազատություն չէ եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան այն կարող է սահմանափակվել: Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումը, Սահմանադրությամբ ամրագրված եւ սահմանադրված կոնկրետ իրավունքի կամ ազատության բովանդակության նեղացումը, նվազեցումը, բացառումն է պետության կողմից՝ ինչ-ինչ կարեւոր շահերից ելնելով: Ընդ որում, սահմանափակման բնույթը հիմնավորում է օրենսդիրը՝ հաշվի առնելով, որ դա հնարավոր է միայն այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պատշաճ ճանաչում ու հարգանք ապահովելու, բարոյականության, հասարակական կարգուկանոնի ու ընդհանուր բարեկեցության արդարացի պահանջները ժողովրդավարական հասարակարգում բավարարելու համար (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 29-րդ հոդվածի երկրորդ մաս, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12–րդ հոդվածի 3–րդ կետ): Միայն օրենսդիր իշխանությունն է իրավասու որոշել այդ սահմանափակումների շրջանակներն ու բնույթը` որպես համընդհանուր պարտադիր վարքագծի կանոններ (ՍԴՈ–677, 7 փետրվարի, 2007 թ.): 

Սահմանադրության`օրինականության սկզբունքին վերաբերող 6-րդ հոդվածի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61):

Սահմանադրության՝ վերը նշված դրույթների ուսումնասիրությունից բխում է, որ բոլոր դեպքերում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքը կամ իրավունքի սահմանափակումը կարող է նախատեսված լինել կամ Սահմանադրությամբ, կամ օրենքով, կամ միջազգային պայմանագրով, այլ ոչ թե այլ իրավական ակտով։ Այլ նորմատիվ, ինչպես նաեւ անհատական իրավական ակտերով չեն կարող ամրագրվել կամ սահմանվել իրավունքներ կամ իրավունքի սահմանափակումներ (ՍԴՈ–1137, 4 փետրվարի, 2014 թ.): 

Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները եւ կատարված դիտարկումները՝ կարծում ենք Նախագծի 1-ին հոդվածով «Ավիացիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված կարգավորումը խնդրահարույց է Սահմանադրության 6-րդ եւ 79-րդ հոդվածների տեսանկյունից:

2.5. Նախագծի 1-ին հոդվածով «Ավիացիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.2-րդ մասի 5-րդ կետով նախատեսվում է, որ տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող անձ է համարվում այն իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ ունեցող անձը, որը նախկինում ունեցել է օդանավ շահագործող վկայական եւ դրա գործողությունը դադարեցվել կամ կասեցվել է տվյալ անձի մեղքով վկայականի ստացման համար օրենքով եւ Կառավարության որոշմամբ սահմանված թռիչքային անվտանգության պահանջները խախտելու պատճառով:

«Ավիացիայի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օդանավ շահագործողի վկայականով, այլ թույլտվությամբ նախատեսված գործունեությունն օրենքների եւ այլ իրավական ակտերի, հավաստագրում կամ թույլտվություններում նշված հատուկ պայմանների եւ սահմանափակումների խախտումներով կամ շրջանակներից դուրս իրականացնելու «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում պետական տուրքի գանձման եւ պետական բյուջե փոխանցման պարտավորությունները չկատարելու դեպքում օդանավ շահագործողի վկայականի կամ այլ թույլտվության գործողությունը կարող է կասեցվել կոմիտեի կողմից մինչեւ խախտումների վերացումը կամ մանրամասն ուսումնասիրությունների անցկացումը: Եթե խախտումների վերացման համար տրված ժամկետում կամ ուսումնասիրության անցկացման արդյունքում խախտումները չեն վերացվել, ապա կոմիտեի կողմից օդանավ շահագործողի վկայականի կամ այլ թույլտվության գործողությունը կարող է դադարեցվել: 

Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածով «Ավիացիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.2-րդ մասի 5-րդ կետում առկա «վկայականի ստացման համար օրենքով եւ Կառավարության որոշմամբ սահմանված թռիչքային անվտանգության պահանջներ» ձեւակերպումը:

2.6.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.2-րդ մասի 5-րդ կետի վերջում դրված չակերտն առաջարկում ենք հանել: Միաժամանակ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին եւ 2.2-րդ մասերի կարգավորումները երկու կողմից ներառել չակերտներում:

3. Նածագծի 2-րդ հոդվածով Օրենքի 47-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 1.1-ին մաս: Հարկ է նկատել, որ «Ավիացիայի մասին» օրենքի 47-րդ հոդվածում արդեն իսկ առկա է 1.1-ին մաս: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝  նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում, նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք վերանայել Նածագծի 2-րդ հոդվածով Օրենքի 47-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասի համարակալումը:

4. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 47-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 1.1-ին մաս.

«1.1. Այն դեպքում, երբ օդանավ շահագործողի վկայական ստացած անձի համար ի հայտ են գալիս սույն օրենքի 43-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված հիմքը, որոնք հնարավոր չէ վերացնել, կոմիտեն Կառավարության սահմանած կարգով դադարեցնում է օդանավ շահագործողի վկայականի գործողությունը:»: 

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 47-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

«Նորմատիվ իրավական ակերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն` «1. Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:

2. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:(…)»:

Սահմանադրությամբ` ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը`բացառություն ընդհանուր կանոնից։ Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից (ՍԴՈ–1000, 29 նոյեմբերի, 2011 թ.)։ 

Անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի մերժման սկզբունքը հանդիսանում է պետական իշխանության նկատմամբ վստահության եւ իրավական պետության սկզբունքների կարեւոր բաղադրատարրերից մեկը։ Այդ սկզբունքը միաժամանակ հանդես է գալիս որպես իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարեւոր երաշխիք։ Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի՝ անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա։ Նման պարտավորություն է նաեւ ստանձնել Հայաստանի Հանրապետությունը մի շարք միջազգային պայմանագրերով (ՍԴՈ–723, 15 հունվարի, 2008 թ.)։ Օրենքի դրույթների հետադարձ կիրառման առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ հետադարձ ուժի արգելման սկզբունքը վերաբերելի է միմիայն այն դեպքերին, երբ օրենքի փոփոխման պատճառով անձի, ով գտնվում է արդեն իսկ օրենքով կարգավորված հարաբերությունների մեջ, ունի որոշակի իրավունքներ եւ պարտականություններ, իրավական վիճակը վատթարանում է, նա զրկվում է իրավունքներից կամ սահմանափակվում է այդ իրավահարաբերությունների ուժով նրա իրավունքի իրացումը (ՍԴՈ–1224, 7 հուլիսի, 2015 թ.)։ 

Օրինաստեղծ գործունեության խնդիրն է ապահովել Սահմանադրությամբ նախատեսված իրավունքների ու ազատությունների երաշխավորված եւ համալիր իրացումը` որպես իրավունքի գերակայության, իրավական պետության կայացման ու զարգացման անհրաժեշտ նախապայման։ Մասնավորապես, իրավակարգավորման ձեւերի ու միջոցների ընտրությունը, դրանցով անձանց իրավունքների գործադրման առավել արդյունավետ երաշխիքներ ստեղծելու օրինաչափ նպատակ հետապնդելը չեն կարող իրացվել  ի հաշիվ սահմանադրաիրավական որեւէ նորմի ու սկզբունքի անտեսման։

Իրավունքի գերակայության սկզբունքից ելնելով, ինչպես նաեւ օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից անհրաժեշտ է իրավական ակտի փոփոխության կամ լրացման արդյունքում նոր իրավակարգավորումները ժամանակի մեջ եւ անձանց նկատմամբ գործողության մեջ դնելու հստակ կանոնների պահպանումը` նրանց իրավունքների իրացման իրավաչափ պայմանների երաշխավորման նպատակով։ Դա առավել եւս կարեւոր է այն դեպքերում, երբ խնդիրն առնչվում է հնարավոր փոփոխությունների արդյունքում անձի իրավունքների իրացման պայմանների խստացմանը (ՍԴՈ–1061, 14 դեկտեմբերի, 2012 թ.)։ 

Այս կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենսդրությունն ստատիկ երեւույթ չէ, այն կարող է եւ պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։ Միեւնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարեւորել է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իրենց վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսեւորում եւ հայեցողության ընդլայնում։ Մասնավորապես, սահմանադրական դատարանը կարեւորում է իրավական դրույթների փոփոխության, լրացման համատեքստում օրենսդրական նորմերի հստակության ու որոշակիության ապահովումը (ՍԴՈ–1176, 2 դեկտեմբերի, 2014 թ.)։ 

Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 47-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասում կիրառվում է «ի հայտ են գալիս» ձեւակերպումը, միաժամանակ Նախագծի՝ եզրափակիչ մասին եւ անցումային դրույթներին վերաբերող 3-րդ հոդվածում չի նախատեսվում որեւէ կարգավորումը, որը վերաբերելի է մինչ օրենքի ուժի մեջ մտնելը օդանավ շահագործողի վկայական ստացած այն իրավաբանական անձանց, որոնց օդանավ շահագործողի վկայական տալու պահին արդեն իսկ առկա էր Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասով նախատեսված պայմանը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի  4-րդ մասի համաձայն՝ «4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:»:

«Ավիացիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածով նախատեսվում է, որ օդանավ շահագործողի վկայականը տրվում է որոշակի գործողության ժամկետով, որում նշված են նաեւ կիրարկվող հատուկ պայմաններն ու սահմանափակումները: Օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել, եթե վկայական ստացած անձը բավարարում է երկարաձգման պահին վկայական տալու համար ներկայացվող պահանջները: Օդանավ շահագործողի վկայական ստացած անձը պարտավոր է կոմիտեին ծանուցել օդանավ շահագործողի վկայական տալու ժամանակ հիմք ծառայած պայմանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած փոփոխության մասին: 

Հիմք ընդունելով եզրակացության սույն կետում մեջբերված կարգավորումները եւ դիտարկումները՝ առաջարկում ենք Նախագծի՝ եզրափակիչ մասին եւ անցումային դրույթներին վերաբերող 3-րդ հոդվածում նախատեսել նաեւ՝ մինչ օրենքի ուժի մեջ մտնելը օդանավ շահագործողի վկայական ստացած իրավաբանական անձանց (որոնց օդանավ շահագործողի վկայական տալու պահին արդեն իսկ առկա էր Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասով նախատեսված պայմանը) առնչվող կարգավորում՝ նրանց տրված օդանավ շահագործողի վկայականի գործողության՝ մինչ դրա գործողության ժամկետի լրանալը չդադարեցնելուն վերաբերող՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է իրավական ակտի փոփոխության կամ լրացման արդյունքում նոր իրավակարգավորումները ժամանակի մեջ եւ անձանց նկատմամբ գործողության մեջ դնելու հստակ կանոնների նախատեսում՝ իրավունքների իրացման իրավաչափ պայմանների երաշխավորման նպատակով։

Միաժամանակ՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 47-րդ հոդվածում նոր՝ 1.1-ին մաս լրացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ «Ավիացիայի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ օդանավ շահագործողի վկայականը համարվում է ուժը կորցրած, եթե սույն օրենքի 43-րդ հոդվածի պահանջները դադարում են բավարարված լինելուց:

5. Նախագծի 3-րդ հոդվածի մասերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի պահանջները՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները խնդրահարույց են օրինականության եւ որոշակիության իրավական սկզբունքների տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

13.09.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

13.09.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել օդանավ շահագործողի վկայականի տրամադրումը կոմիտեի կողմից մերժելու իրավական հիմքերը: Մասնավորապես, եթե oդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ ներկայացրած իրավաբանական անձի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձը (ընկերության խորհրդի անդամ, տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ) կամ նրա հետ փոխկապակցված անձն ունի տնտեսվարողի վատ հեղինակություն, ապա վկայականի տրամադրումը մերժվում է: Նախագծով սահմանվում է նաեւ "տնտեսվարողի վատ հեղինակություն" ունեցող անձանց շրջանակը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                  Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ (հեռ.՝ 011 513-603) 

30.08.2022թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել   «Ավիացիայի մասին» Օրենքում:

Նախագծի ներկայացումը պայմանավորված է օդանավ շահագործողի վկայականի տրամադրման գործընթացում որպես կարեւոր պահանջ իրավաբանական անձի  կառավարման վրա ազդեցության լիազորություններ ունեցող անձի (ընկերության խորհրդի անդամ, տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ, շահագործման համար պատասխանատու անձ եւ այլն) տնտեսվարողի վատ հեղինակություն ունենալու հանգամանքը հիմք ընդունելու անհրաժեշտությամբ, ինչպիսի հիմնավորմամբ հնարավոր կլինի մերժել վկայականի տրամադրումը կամ արդեն իսկ տրամադրված իրավունքի պարագայում՝ դրա դադարեցումը: 

Ըստ ներկայացված հիմնավորման՝ քաղաքացիական ավիացիայի գործունեությունն ուղղակիորեն առնչվում է օդանավերի թռիչքների եւ ավիացիոն անվտանգության ապահովմանը, օդային փոխադրումներով հասարակական պահանջների բավարարմանը, ավիացիոն աշխատանքների, ինչպես նաեւ ավիացիայի բնագավառում շրջակա միջավայրի անվտանգության, պետության պաշտպանության եւ անվտանգության ապահովմանը, պետության շահերի պահպանմանը: Թռիչքների անվտանգության ապահովումն ունի բացարձակ գերակայություն ավիացիայի բնագավառի գործունեության կոմերցիոն, սոցիալական եւ այլ բաղկացուցիչների նկատմամբ, եւ այն պետք է շարունակականորեն ապահովվի անկախ թռիչքների ծավալի աճից:

Նախագծով առաջարկվում է նաեւ նախատեսել Օրենքի իմաստով «տնտեսվարողի վատ հեղինակություն» ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաեւ առաջարկվում է, որ  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից վկայականի տրամադրման մերժման ընթացակարգը սահմանվի Կառավարության կողմից՝ նախատեսելով համապատասխան փոփոխություններ ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օդանավ շահագործողի վկայական տալու կարգը հաստատելու մասին» թիվ 963-Ն որոշման մեջ:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

07.09.2022թ.