ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-359-22.08.2022-ՏՀ-011/0) եւ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3591 -22.08.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

 Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-359-22.08.2022-ՏՀ-011/0) եւ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-3591 -22.08.2022-ՏՀ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

12.09.2022թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը նշելիս առաջարկում ենք պահպանել սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանման հիշատակման համար սահմանված հաջորդականությունը, ինչպես նաեւ Օրենսգրքի վերնագրի հիշատակումից հանել չակերտները՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ « Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

2. Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ 

«1. Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաեւ անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

2. Գյուղական բնակավայրերում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»: Կարգավորումից բխում է, որ բացառապես գյուղական բնակավայրում տնամերձ հողամասի վրա եւ միայն բնակելի տուն ինքնակամ կառուցելու համար է սահմանված պատասխանատվության նվազ չափ, այն է՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսվում է Օրենսգրքի 154-րդ հոդվածում՝ 

«1. վերնագրում «շինարարական աշխատանքներ իրականացնելը» բառերը փոխարինել «շինարարական աշխատանքներ, կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը» բառերով,

2. 1-ին մասում «թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը» բառերը փոխարինել «թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝» բառերով,»: Ստացվում է, որ քննարկվող փոփոխությամբ Օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված արարքների շրջանակն ընդլայնվում է:

Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է Օրենսգրքի 154-րդ հոդվածում՝ «2-րդ մասում «Գյուղական բնակավայրերում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը՝» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասով նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը՝» բառերով:»: Այսպես, Օրենսգրքի գործող կարգավորմամբ նվազ պատասխանատվություն է սահմանված միայն գյուղական բնակավայրերում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելու համար: Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով նախատեսված փոփոխությունից բխում է, որ Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ցանկացած վայրում, օրինակ՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով թվարկված ցանկացած արարք (արարքների շրջանակը նախատեսվում է ընդլայնել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի փոփոխություններով), օրինակ՝ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը, առաջացնելու է նվազ վարչական պատասխանատվություն, եթե իրականացվել է գյուղական բնակավայրերում՝ առանց օբյեկտիվ հիմքի մատնանշման: 

Վերը ներկայացվածի համատեքստում մեջբերենք Սահմանադրության 28-րդ հոդվածը, որի համաձայն՝ «Բոլորը հավասար են օրենքի առջեւ»:

Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Օրենքի առջեւ ընդհանուր հավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքները երաշխավորվում են ինչպես Սահմանադրությամբ (28-րդ եւ 29-րդ հոդվածներ), այնպես էլ մի շարք կարեւորագույն միջազգային փաստաթղթերով՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (7-րդ հոդված), «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով (26-րդ հոդված), «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (14-րդ հոդված) եւ այդ կոնվենցիային կից 12-րդ Արձանագրությամբ: Նշված փաստաթղթերից բխում է, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում՝ կխախտվեն ընդհանուր հավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքները:

Սահմանադրական դատարանն իր` 2015թ. հուլիսի 7-ի ՍԴՈ-1224 որոշման մեջ նշել է, որ՝ «(…) Խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես? նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` խտրականության արգելքի խնդիր առաջանալու համար պետք է լինի տարբերություն? համադրելի իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի միջեւ: Ըստ Եվրոպական դատարանի` ցանկացած տարբերակում կամ տարբերություն չէ, որ կարելի է խտրականություն համարել: Մասնավորապես, Abdulaziz, Cabales and Balkandali v. the United Kingdom, 28 May 1985 վճռում Եվրոպական դատարանը նշել է. «(…) Տարբերակումը կամ տարբերությունը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ եւ ողջամիտ արդարացում, այսինքն` եթե այդ տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»:

Վերոշարադրյալի լույսի ներքո հարկ ենք համարում ընդգծել, որ Սահմանադրությամբ ամրագրված խտրականության արգելքի սկզբունքի տրամաբանությանը չեն հակասում այն դեպքերը, երբ համադրելի իրավիճակներում գտնվող անձանց միջեւ առկա տարբերակումը կատարվում է օբյեկտիվ հիմքի առկայության եւ ողջամիտ արդարացման պայմաններում: Մինչդեռ՝ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ անգամ անդրադարձ կատարված չէ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված փոփոխության անհրաժեշտությանը: Հետեւաբար՝ շեշտենք, որ Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքները գյուղական բնակավայրերում կատարելու պարագայում բազմապատիկ անգամ նվազ տուգանքի չափի սահմանումը կարող է արդարացված դիտարկվել բացառապես օբյեկտիվ հիմքի առկայության պարագայում, ինչն այս դեպքում բացակայում է՝ հանգեցնելով Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգավորման խնդրահարույց լինելուն սահմանադրական խտրականության արգելքի սկզբունքի տեսանկյունից: Այլ կերպ ասած, անձը գյուղական բնակավայրում իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա նույնաբովանդակ արարք՝ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելու պարագայում ոչ համաչափ կերպով նվազ է տուգանվելու այդ արարքը այլ վայրում սեփականություն ունեցող անձի կողմից իրականացնելու համեմատ: 

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք վերանայել կարգավորումը:

3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում փոխարինվող «… իրականացնելը» բառից հետո առաջարկում ենք լրացնել նաեւ «՝» կետադրական նշանը, որպեսզի փոփոխության արդյունքում 2 բութ չլինի:

4. «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանք?, որ տվյալ կրճատ տարբերակը «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում չի գործածվում:

5. «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ հոդվածի համապատասխան պարբերությանը կատարվող հղումն առաջարկում ենք հստակեցնել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել խտրականության արգելքի սկզբունքի տեսանկյունից: 

Միաժամանակ՝ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248)

12.09.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248)

12.09.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է հստակեցնել Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության բնագավառում համապատասխան թույլտվությամբ նախատեսվող քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների չկատարման, կամ առանց քանդման թույլտվության քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման իրավական հիմքերը:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից Փաթեթի կազմում ընդգրկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541 հոդվածի? «Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով: Տուգանքը նշանակելուց հետո` նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի տասը տոկոսի չափով»:  Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում տուգանքը հաշվարկել՝ ելնելով քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանված շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերից: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսեր սահմանելու իրավասություն չունի: Հետեւաբար, Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատախան փոփոխություն կատարել նաեւ «Քաղաքաշինության մասին» օրենքի 10?1-րդ հոդվածում եւ  քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին տալ նման լիազորություն: Միաժամանակ, անհրաժեշտ է նաեւ ամրագրել շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը, չափանիշները, վերանայման պարբերականությունը եւ մի շարք այլ պահանջներ, որոնք հնարավորինս կապահովեն այդ ցուցանիշների արժանահավատությունն ու օբյեկտիվությունը:


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

02.09.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Ներկայումս գործող օրենսդրական ոչ միանշանակ կարգավորումները հանգեցնում են քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների համար ձեռքբերված թույլտվությունների գործողության ժամկետների եւ դրանցով ամրագրված պարտավորությունների խախտման, ինչպես նաեւ առանց սահմանված կարգով ձեռքբերված քանդման թույլտվության՝ ապամոնտաժման/քանդման միջոցառումների ինքնակամ կատարման եւ որպես հետեւանք բազմաթիվ խնդրահարույց իրավիճակների:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության բնագավառում համապատասխան թույլտվությամբ նախատեսվող քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների չկատարման, կամ առանց քանդման թույլտվության քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման իրավական հիմքերը:

Նախագծերի փաթեը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում 

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

09.09.2022թ.