ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-363-25.08.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-363-25.08.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

19.09.2022թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում «150.3» եւ «150.15» թվերն առաջարկում ենք փոխարինել «150.3-րդ» եւ «150.15-րդ» թվերով՝ հիմք ընդունելով դասական թվականների գրության ձեւը: 

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «բառով» բառն փոխարինել «բառերով եւ կետադրական նշաններով» բառերով, ինչպես նաեւ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) լրացում կատարելիս նշում կատարել նաեւ լրացվող կետադրական նշանի եւ թվի վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:

3. Նախագծի 2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվում է նոր՝ 150.16-րդ հոդված.

«Հոդված 150.16. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների (բացառությամբ ստուգումների իրականացմանը խոչընդոտելու համար) իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաեւ այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի (կարգադրագիր, ցուցում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

«Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների (բացառությամբ ստուգումների իրականացմանը խոչընդոտելու համար) իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաեւ այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի (կարգադրագիր, ցուցում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրհիսունապատիկի չափով:»: 

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում կատարվող լրացման վերաբերյալ նշվում է հետեւյալը.

«(…) տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաեւ այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից խախտումները վերացնելու համար տրված կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Օրենսգրքով սահմանված չէ պատասխանատվություն: Սակայն, հաշվի առնելով մյուս բնագավառներում (օրինակ՝ հրդեհային, տեխնիկական անվտանգության, էներգետիկայի եւ այլն) խախտումները վերացնելու համար տրված կարգադրագրերի սահմանված ժամկետում չկատարելու համար Օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվության մոտեցումը՝ այն է տուգանքի նշանակում, առաջարկվում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից խախտումները վերացնելու համար տրված կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար սահմանել վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակման ձեւով:

Միեւնույն ժամանակ, Օրենսգրքի 1821 հոդվածով սահմանված է ստուգումներ իրականացնող մարմինների աշխատանքին խոչընդոտելու համար պատասխանատվություն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է նաեւ ներդնել համահունչ պատասխանատվության միջոց՝ տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու համար՝ տուգանքի ձեւով:

Իրավակիրառ պրակտիկայում նմանօրինակ պատասխանատվություն սահմանված է նաեւ Օրենսգրքի 105-րդ հոդվածով, որը վերաբերում է էներգետիկայի բնագավառին եւ էներգասպառման ոլորտին, այն է՝ պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի տեխնիկական վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաեւ այդ մարմնի տված կարգադրագրերը չկատարելը: (…)»:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 150.16-րդ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Օրենսգրքի 1821-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«Իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում (բացառությամբ հարկային հսկողության շրջանակներում իրականացվող ստուգման) իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելը կամ ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ եւ այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:

«Տեսչական մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսվում է, որ «1. Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իր վերահսկողության ոլորտում անվտանգության եւ (կամ) օրենսդրության պահանջների պահպանման ապահովումն է, որին համապատասխան` տեսչական մարմինն իրականացնում է հետեւյալ լիազորությունները. 

1) տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների եւ դրանց համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ստուգումների իրականացումը.(…)»:

Այսպիսով՝ տեսչական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների եւ դրանց համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացումը ենթադրում է նաեւ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ստուգումների իրականացում: Հիմք ընդունելով նշվածը, կարծում ենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող նոր՝ 150.16-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափերը պետք է համադրելի լինեն Օրենսգրքի 1821-րդ հոդվածով նախատեսված վարչական տույժի սահմանաչափի հետ: Հարկ է նկատել նաեւ, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշում է կատարվում ստուգումներին խոչընդոտելու համար նախատեսված պատասխանատվության միջոցին համահունչ պատասխանատվության միջոցի նախատեսման վերաբերյալ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով՝ վերահսկողական գործառույթներ իրականացնող այլ մարմինների գործառույթների իրականացմանը խոչընդոտելու համար պատասխանատվություն նախատեսող հոդվածներով եւս նախատեսվում են տուգանքի առավել ցածր չափեր (օրինակ՝ Օրենսգրքի՝ էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի տեխնիկական վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելուն կամ թույլ չտալուն, ինչպես նաեւ այդ մարմնի տված կարգադրագրերը չկատարելուն վերաբերող 105-րդ հոդված, սննդամթերքի եւ կերի անվտանգության, բուսասանիտարիայի եւ անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելուն կամ ստուգումների, աուդիտների, դիտարկումների, անասնահամաճարակային մշտադիտարկումների, բուսասանիտարական մշտադիտարկումների, ստուգայցերի եւ (կամ) վարչական վարույթների իրականացումը խոչընդոտելուն վերաբերող 182.2-րդ հոդված, հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի աշխատանքին խոչընդոտելուն վերաբերող 182.6-րդ հոդված եւ այլն): Հիմք ընդունելով նշվածը, կարծում ենք, Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 150.16-րդ հոդվածով սահմանաված տուգանքի չափերը ունեն՝ դրանց համաչափության տեսանկյունից լրացուցիչ հիմնավորման կարիք:

Միաժամանակ՝ Նախագծի 2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող նոր՝ 150.16-րդ հոդվածի տեքստից առաջ դրված չակերտն առաջարկում ենք հանել:

4. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 24413-րդ հոդվածում` «150.10-րդ հոդվածով (բացառությամբ Երեւան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ 150.16-րդ հոդվածով» բառերը: Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 24413-րդ հոդվածում նշում է կատարվում նաեւ Օրենսգրքի 150.15-րդ հոդվածի վերաբերյալ, ուստի՝ լրացում կատարելիս առաջարկում ենք պահպանել հոդվածների համարների թվարկման հաջորդականությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 150.16-րդ հոդվածով սահմանաված վարչական տույժի համադրելիությունը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված այլ՝ համանման խախտումների համար նախատեսված վարչական տույժերի հետ:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: 
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

16.09.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերում «մեկ սռնու» բառերից հետո լրացվում են «(սռնիների)» բառեր եւ կետադրական նշաններ: Սույն լրացումով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում լրացում կատարելու նաեւ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի՝ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրավունքին վերաբերող 10-րդ հոդվածի համապատասխան մասերում:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

16.09.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ եւ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելու համար սահմանել տուգանքի դիֆերենցված չափ՝ կախված զանգվածից, ներկայումս գործող ստանդարտ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի փոխարեն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

07.09.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի Նախագիծը: 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 150.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելը՝ առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: 

Այսինքն` ավելի շատ քաշով եւ դրա արդյունքում ճանապարհներին առավել շատ վնաս հասցնող տրանսպորտային միջոցը նույն պատասխանատվության է ենթարկվում, ինչ համեմատաբար նվազ քաշ ունեցող եւ արդյունքում ավելի քիչ վնաս հասցրած տրանսպորտային միջոցը: Նշված մոտեցումը արդյունավետ միջոց չի հանդիսանում՝ իրավախախտումը կատարելու կանխարգելման տեսանկյունից:

Միեւնույն ժամանակ, համաձայն նույն հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելն առանց փոխադրումների իրականացման թույլտվության` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչեւ մեկ տոննա եւ ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: 

Ստացվում է տարբերակված մոտեցում, քանի որ վերը նշված հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար սահմանված է ֆիքսված տուգանքի չափ, իսկ 2-րդ մասով նախատեսված իրավախախտման համար սահմանված է տուգանք, որն ավելանում է յուրաքանչյուր ավել տոննայի համար:

Ելնելով վերոգրյալից՝ Նախագծով առաջարկվում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ եւ (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելու համար սահմանել առավել խիստ պատիժ, ինչը առավել կնվազեցնի բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելու դեպքերը՝ հնարավորինս զսպելով տեսչական մարմնի վարչական ակտով տրված ցուցումները չկատարելու եւ վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու դեպքերը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում 

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

08.09.2022թ.