ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-365-26.08.2022-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-365-26.08.2022-ԱՍ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ  
  
 
16.09.2022թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 178-րդ հոդվածը նախատեսվում է լրացնել 3.1-ին մասով, որի համաձայն՝ «3.1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ պարբերությամբ սահմանված լրավճար վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սույն մասի իմաստով բարձրլեռնային բնակավայրերի շարքին են դասվում ծովի մակերեւույթից 2000 եւ ավելի մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերը, որոնց ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:

Նախագծին կից ներկայացված հիմնավորումից բխում է, որ մեջբերված լրացման նպատակը Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 22-ի N 1222-Ն որոշման համար Օրենսգրքում լիազորող նորմ սահմանելու անհրաժեշտությունն է: Արձանագրենք, որ Կառավարության քննարկվող որոշմամբ սահմանված է ոչ միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար լրավճար վճարելու կարգը, այլեւ՝ լրավճարի չափը: 

Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:»:

Վերոշարադրյալ նորմերի հաշվառմամբ՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 178-րդ հոդվածում լրացվող 3.1-ին մասի 1-ին նախադասությամբ սահմանված լիազորող նորմը՝ նշում կատարելով նաեւ Կառավարության կողմից լրավճարի չափը սահմանելու հնարավորության մասին:

2. Նախագծի 2-րդ հոդվածի «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ» վերտառությունն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248)

16.09.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: 
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248)

16.09.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում Կառավարության կողմից արդեն իսկ ընդունված որոշման համար կապահովվի նման որոշում ընդունելու համար օրենքով սահմանված լիազորող հստակ նորմի առկայությունը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ պարբերությամբ սահմանված լրավճար վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

02.09.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ  կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքային Օրենսգրքում:

Նախագիծը ներկայացվել է՝ հաշվի առնելով, որ Կառավարության կողմից 22.10.2015թ. ընդունված թիվ 1222-Ն որոշման մեջ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար լրավճար սահմանելու մասով ուղիղ լիազորող նորմ Կառավարության համար սահմանված չէ: 

Հարկ է նշել, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասության համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ ակտն ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության  6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր:

 Այսպիսով, Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 178-րդ հոդվածում՝

- 3-րդ մասի 6-րդ պարբերությունը «նախատեսված» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված» բառերով.

- կատարել լրացում,  այն է՝ լրացնել 3.1 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3.1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ պարբերությամբ սահմանված լրավճար վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սույն մասի իմաստով բարձրլեռնային բնակավայրերի շարքին են դասվում ծովի մակերեւույթից 2000 եւ ավելի մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերը, որոնց ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից»:

Նախագծի ընդունմամբ արդեն իսկ ընդունված վերոնշյալ որոշման համար կապահովվի նման որոշում ընդունելու համար օրենքով սահմանված լիազորող նորմի առկայությունը: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը  սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հեռ. /011/ 513618 /ներք. 1618/