ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-369-05.09.2022-ՏՏԳՇ-011/0), «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3691 -05.09.2022-ՏՏԳՇ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3692 -05.09.2022-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-369-05.09.2022-ՏՏԳՇ-011/0), «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-3691 -05.09.2022-ՏՏԳՇ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-3692 -05.09.2022-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                      ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ  
  
 
03.10.2022թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է մեկից ավելի լրացումներ, ինրպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»:

2. Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին մասում եւ 68-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել «բացառությամբ՝ 61-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքերի» բառերը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ որի հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի, առաջարկում ենք Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներում նախատեսված լրացումներում «բացառությամբ՝» բառից եւ կետադրական նշանից հետո լրացնել «սույն օրենսգրքի» բառերը:

3. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «այսուհետ՝ օրենք» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանագմանքը, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում այլեւս հղում չի կատարվում:

4. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն՝ «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերը սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո` չորս տարվա ընթացքում, կառավարության որոշմամբ առանձնացվում եւ հողամասի հատակագծի հիման վրա անհատույց սեփականության իրավունքով փոխանցվում են համայնքներին:» Հիմք ընդունելով  Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումների տրամաբանությունը եւ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորման ժամանակավոր գործողությունը՝ իրավական շփոթից խուսափելու նպատակով առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

26.09.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

26.09.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի մասնավորեցման եւ օտարման բնագավառում լիազոր մարմնի գործառույթները, ինչպես նաեւ կատարել մի քանի  խմբագրական բնույթի լրացումներ եւ փոփոխություններ:

Համաձայն Նախագծերի փաթեթին կից եզրակացության` դրա ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Նախագծերի փաթեթը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ                                              

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝  առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 

19.09.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է ««Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումը պայմանավորված են պետական սեփականություն համարվող հողամասերի մասնավորեցման եւ օտարման բնագավառում լիազորված մարմնի գործառույթների հստակեցման անհրաժեշտությամբ:

Ներկայումս Երեւան քաղաքում հողի օտարումը (ոչ օպտիմալացման արդյունքում առանձնացված) իրականացնում է համայնքը, ինչն էլ լրացուցիչ վարչարարության առիթ է հանդիսանում: Բացի դրանից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողերի օտարման գործընթացն իրականացվում է տարբեր մարմինների կողմից, չի կարող ապահովվել գործընթացի իրականացման եւ վերահսկման միասնական արդյունավետ համակարգի աշխատանքը, ուստի առաջարկվում է վերոնշյալ գործընթացների իրականացումը վերապահել Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է մասնավորապես ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված բացառությունը (այն է՝ Պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի (այդ թվում? կառուցապատված) մասնավորեցումն ու օտարումն իրականացնում են՝ իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի, բացառությամբ Երեւան քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի) օտարման դեպքում՝ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Պետական գույքի կառավարման կոմիտեն՝ սույն օրենսգրքով եւ օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով») սահմանել կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված չկառուցապատված հողամասերի եւ պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) ու օտարման առաջարկվող պետական հողամասերի վրա:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կկանոնակարգվեն պետական սեփականություն հանդիսացող կառուցապատված հողամասերի օտարման բնագավառում առաջացող իրավահարաբերությունները:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում 

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                            ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

09.09.2022թ.