ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-371-13.09.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-371-13.09.2022-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ  
  

05.10.2022թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.«Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում (այսուհետ նաեւ` ?????) կատարել մի քանի լրացում, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է? «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»:

2.   Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերության մեջ կատարվող փոփոխության արդյունքում սահմանվում է, որ հեռավար (դիստանցիոն), դրսեկության (էքստեռնատ) եւ անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցում) ձեւերով ուսուցման մասնագիտությունների ցանկերը եւ կարգերը այսուհետ հաստատելու է ոչ թե Կառավարությունը, այլ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 15-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 16-րդ եւ 17-րդ կետերով սահմանվում է, որ արհեստագործական կրթական ծրագրի անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման), հեռավար (դիստանցիոն), դրսեկության (էքստեռնատ) ձեւերով ուսուցման կարգը հաստատում է Կառավարությունը: Այսպես՝ Նախագծով կատարվող փոփոխությունների արդյունքում Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված դրույթը հակասում է Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 16-րդ եւ 17-րդ կետերին: Միաժամանակ նշենք, որ «Կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանվում է. 

«(…)

7. Դրսեկության ձեւով հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական), մասնագիտական միջին եւ բարձրագույն կրթության կազմակերպումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով, իսկ մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Հեռակա, հեռավար (դիստանցիոն) ձեւերով մասնագիտական միջին եւ բարձրագույն կրթության կազմակերպումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորած մարմնի սահմանած կարգով, իսկ մասնագիտությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: 

«Կրթության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը կարող է իրականացվել նաեւ անհատական մասնագիտական ուսուցման ձեւով (վարպետային ուսուցում), որի իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Վերոգրյալից բխում է, որ Նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածով կատարվող փոփոխությունները հակասում են ոչ միայն միմյանց, այլ նաեւ «Կրթության մասին» օրենքին, հետեւաբար առաջարկում ենք վերը նշված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով կատարվող փոփոխությունների համապատասխանությունը մինմյանց եւ «Կրթության մասին» օրենքի պահանջներին:

3. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածների «հետեւյալ բովանդակությամբ» բառերին:

4. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանվում է, որ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը իրականացնում է վերահսկողություն արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարման, շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման եւ նրանց պատրաստման որակի նկատմամբ: Մինդչեռ «Կրթության մասին» օրենքի 37.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Կրթության ոլորտի տեսչական մարմինն իրականացնում է ուսումնական հաստատությունների եւ կազմակերպությունների կողմից (…) նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտներում օրենսդրության, այդ թվում՝ կրթության պետական չափորոշիչների եւ կրթական ծրագրերի պահանջների պահպանման վերահսկողությունը (…)»: Առաջարկում ենք ապահովել Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Կրթության մասին» օրենքի 37.1-ին հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը միմյանց:

Միաժամանակ նշենք, որ հասկանալի չէ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում շարադրված «պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարման, շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման եւ նրանց պատրաստման որակի նկատմամբ» արտահայտությունը: Այսպես՝ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը սահմանում է. «Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները ներառում են` պահանջներ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, դրանց իրականացման պայմանների, ներառյալ` տեսական ուսուցման, ուսումնական, արտադրական եւ նախաավարտական պրակտիկաների եւ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ձեւերի, յուրաքանչյուր մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման մակարդակի վերաբերյալ»: Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից բխում է, որ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումն ու շրջանավարտների պատրաստման որակը ներառված են պետական կրթական չափորոշիչների մեջ: Մինչդեռ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարման, շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման եւ նրանց պատրաստման որակի նկատմամբ» ձեւակերպումից դա չի բխում: Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «շրջանավարտների» բառից առաջ լրացնել «այդ թվում՝» բառերը:

5. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում նշված է. «արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով աջակցում է արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության խորհուրդների ձեւավորմանը եւ հաստատում ըստ գերատեսչական ենթակայության գործող պետական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների կազմերը»: Այս կապակցությամբ նշենք, որ Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազոր պետական մարմինը, հաստատության գործադիր մարմինը (տնօրեն) եւ ուսումնական հաստատության խորհուրդը (այսուհետ` խորհուրդ):»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»: Հետեւաբար առաջարկում ենք «(այսուհետ` խորհուրդ)» բառերը հանել Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասից եւ շարադրել Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում նշված «ուսումնական հաստատության խորհուրդների» բառերից հետո, ինչպես նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում նշված «ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների» բառերը փոխարինել «խորհուրդների» բառով:

6. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ որպես կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություն սահմանվում է. «հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձեւավորման, դրանց գործունեության եւ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման եւ ատեստավորման կարգը»: Այս առումով նշենք, որ «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ, 12.1-ին, 12.3-րդ եւ 12.4-րդ կետերով սահմանվում է, որ ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը, հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգը. ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգը. կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի եւ դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձեւավորման կարգը հաստատում է Կառավարությունը: Հետեւաբար նույն իրավասությունը արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության բնագավառում ոչ թե Կառավարությանը, այլ կրթության պետական կառավարման լիազորված մարմնին վերապահելու համար, կարծում ենք, անհրաժեշտ է լրացուցիչ հիմնավորում:

7. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետում նշված է. «սահմանում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կարճաժամկետ դասընթացների կազմակերպման եւ վկայականների տրամադրման կարգը»: Այսպես՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքում, «Կրթության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում առկա չէ որեւէ դրույթ կարճաժամկետ դասընթացի վերաբերյալ՝ կարծում ենք, որ կարճաժամկետ դասընթացների կազմակերպման եւ վկայականների տրամադրման կարգը սահմանելու վերաբերյալ իրավասությունից բացի անհրաժեշտ է սահմանել նաեւ «կարճաժամկետ դասընթաց» հասկացությունը:

8. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով որպես՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություն սահմանված է. «հաստատում է արհեստագործական եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների «Լավագույն ուսանողներ» անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները եւ մրցույթի մասնակցության հայտի ձեւը»: Մինչդեռ Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի վերջին պարբերությամբ սահմանվում է. «Ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին: Պետական կրթաթոշակի տրման կարգը եւ չափը սահմանում է կառավարությունը»: Այսպես՝ վերոգրյալի հիման վրա կարող ենք փաստել, որ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով սահմանվող դրույթը հակասում է Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի վերջին պարբերությանը, ինչպես նաեւ «Կրթության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 6-րդ մասին:

9.Նախագծի 5-րդ հոդվածում առաջարկում ենք պահպանել դասական թվականների գրելաձեւի կանոնները եւ «18.1-րդ» ձեւակերպումը փոխարինել «18.1-ին» ձեւակերպմամբ:

10. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5-րդ մասով սահմանվում է. «Սահմանված կարգով օգտվելու տրանսպորտային ծառայությունների դիմաց հատկացվող փոխհատուցումից»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերոգրյալ դրույթը կապակցված միտք չի արտահայտում՝ առաջարկում ենք հստակեցնել, որ այն իրենից ներկայացնում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի աշխատողի իրավունք: 

11. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասով սահմանվում է. «Զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու նպատակով՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանված կարգով իրականացվում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորում»: Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով սահմանվում է, որ  կրթության պետական կառավարման լիազորված մարմինը. «հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձեւավորման, դրանց գործունեության եւ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման եւ ատեստավորման կարգը»: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ Նախագծում «կրթության պետական կառավարման լիազոր մարմին» եւ «կրթության պետական կառավարման լիազորված մարմին» բառերը միեւնույն միտքն են արտահայտում: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծի ողջ տեքստում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը:

Միաժամանակ նշենք, որ Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետով նշված է. «արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական կառավարման լիազորված մարմինները (այսուհետ` լիազոր մարմիններ)»:

12. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 10-րդ մասով սահմանվում է. «Միջնակարգ կրթության հանրակրթական երրորդ մակարդակին համապատասխան առարկայական ծրագիր վարող դասախոսը կարող է ատեստավորվել եւ տարակարգ ստանալ «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ուսուցչի ատեստավորման եւ տարակարգի շնորհման ընթացակարգով»: Այսպես՝ նշենք, որ «Հանրակրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանվում է միջնակարգ կրթության հասկացությունը, այն է. «միջնակարգ կրթություն` հանրակրթության երրորդ մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի երեք աստիճանները»: Միջնակարգ կրթության հասկացությունից բխում է, որ այն հանրակրթության երրորդ մակարդակն է, մինչդեռ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 10-րդ մասում շարադրված «Միջնակարգ կրթության հանրակրթական երրորդ մակարդակին» ձեւակերպմամբ ստացվում է, որ հանրակրթական երրորդ մակարդակը միջնակարգ կրթության բաղկացուցիչ մասն է: Առաջարկում ենք վերոգրյալի հիման վրա խմբագրել Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 10-րդ մասը:

13. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 16-րդ մասով սահմանվում է. «Մանկավարժական աշխատողների տարակարգերը համապատասխանում են մանկավարժական աշխատողների մասնագիտական չափորոշիչներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը (…)»: Այսպես՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները, նույն մասի 20-րդ կետի համաձայն՝ հաստատում է ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշիչը, կարող ենք փաստել, որ Նախագծով սահմանվող առանձին չափորաշիչների համար նախատեսվում են առանձին լիազորող նորմեր:  Հարկ է նկատել, որ եթե վերոգրյալ կարգավորման մեջ «կրթության պետական կառավարման լիազոր մարմին» բառերը կիրառվում են «կրթության պետական կառավարման լիազորված մարմին» իմաստով, ապա Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններում մանկավարժական աշխատողների մասնագիտական չափորոշիչներ սահմանելու վերաբերյալ իրավասություն առկա չէ:

14. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 14-րդ մասում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «կառավարության» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության» արտահայտության կրճատ տարբերակը «կառավարություն» բառն է:

Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 22-րդ մասում կիրառվող «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերին:

15. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 18-րդ մասով սահմանվում է. «Մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը»: Հարկ է նկատել, որ ո՛չ Նախագծով, ո՛չ Օրենքով սահմանված չէ փաստաթղթային ատեստավորման վերաբերյալ որեւէ դրույթ, ինչպես նաեւ սահմանված չէ մանկավարժական աշխատողների ատեստավորման տեսակների վերաբերյալ որեւէ կարգավորում: Հետեւաբար հասկանալի չէ՝ արդյոք մանկավարժական աշխատողների ատեստավորումն իրականացվում է միայն փաստաթղթային ձեւով, թե ոչ: Եթե ոչ, ապա Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 18-րդ մասում «փաստաթղթային ատեստավորում» բառերի կիրառության արդյունքում բաց է մնում մանկավարժական աշխատողների ատեստավորման մյուս ձեւերի արդյունքում ընդունվող որոշումների հարցը:

16. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-15-րդ մասերով սահմանվում են կարգավորումներ մանկավարժական աշխատողների ատեստավորման մասին, իսկ նույն հոդվածի 16-25-րդ մասերով սահմանվում են կարգավորումներ մանկավարժական աշխատողների տարակարգերի վերաբերյալ: Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 21-րդ մասը, որով սահմանվում է կարգավորում մանկավարժական աշխատողների ատեստավորման վերաբերյալ, շարադրել մինչեւ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 16-րդ մասը:

17. Նախագծի 9-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

18. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «Օրենք» բառը փոխարինել «օրենք» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով «Օրենք» բառը սահմանվել է որպես՝ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի կրճատ տարբերակ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ամիրջանյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

26.09.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ամիրջանյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

26.09.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի մի շարք նորմեր համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին, որոնց համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, ինչպես նաեւ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: 

Մասնավորապես, Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել եւ շտկել առկա տեխնիկական վրիպակները, ինչպես նաեւ առաջարկվել է խմբագրել Օրենքի 18.1-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի թեկնածուն հավաստագիր ստանալու ընթացքում արդեն իսկ թեստավորման եւ հարցազրույցի միջոցով պատասխանել է կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական եւ ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ հարցերին, Օրենքի 22-րդ հոդվածում առաջարկվել է լրացնել նոր 5-ից 25-րդ մասեր, որոնք սահմանում են մանկավարժների ատեստավորման, տարակարգի շնորհման, ինչպես նաեւ հավելավճար սահմանելու գործընթացների վերաբերյալ դրույթներ, անհրաժեշտ իրավական ակտերի ընդունման լիազորող նորմեր եւ այլն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

20.09.2022թ.







 Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացում կատարել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Համաձայն կից ներկայացված հիմնավորման՝ նախագծի ներկայացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս գործում են նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ոլորտը կարգավորող մի շարք որոշումներ եւ հրամաններ, որոնց ընդունման օրենքով սահմանվող իրավական հիմքը բացակայում է, ինչպես նաեւ ելնելով ՀՀ կառավարության կողմից տարվող քաղաքականությունից՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել եւ հաստատել նոր իրավական ակտեր, որոնց ընդունման համար օրենքով կառավարության համար լիազորող նորմեր առկա չեն:

Վերոնշյալի կապակցությամբ, մասնավորապես, հարկ ենք համարում նշել Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, որոնց համաձայն՝

«Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր»:»:

Նախագծով առաջարկվում է խմբագրել Օրենքի 18.1 հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեկնածուն հավաստագիր ստանալու ընթացքում արդեն իսկ թեստավորման եւ հարցազրույցի միջոցով պատասխանել է կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական եւ ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ հարցերին: Նշված կետը խմբագրվել է եւ հնարավորություն է տրվել խորհրդին տալ հարցեր՝ թեկնածուի կողմից ներկայացված ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագրի շրջանակներում:

Օրենքի նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5-ից 25-րդ մասերով, որոնք սահմանում են մանկավարժների ատեստավորման, տարակարգի շնորհման, հավելավճար սահմանելու գործընթացների վերաբերյալ, ինչպես նաեւ նշված գործընթացների կարգավորման համար անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը լիազորող նորմեր:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

23.09.2022թ.