ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-372-13.09.2022-ՏՀ-011/0) եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3721 -13.09.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-372-13.09.2022-ՏՀ-011/0) եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-3721 -13.09.2022-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
05.10.2022թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաջորդականությունը, այն է` «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: (…)»: 2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 19-րդ հոդվածում լրացվող 7-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության կարգը սահմանում է Կառավարությունը:»: Օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով:»: Կարգավորման տրամաբանությունն այն է, որ միջազգային պայմանագրերով հարկային արտոնություններ սահմանվելու դեպքում դրանք եւս իմպլեմենտացվեն Օրենսգրքում կամ օրենքում: Մինչդեռ՝ Նախագծի 1-ին հոդվածով սահմանված լրացման արդյունքում ստացվում է, որ Կառավարությունը կարող է սահմանել միջազգային պայմանագրով նախատեսված արտոնությունների համար կիրառության կարգ՝ առանց այդ արտոնությունները Օրենսգրքում կամ օրենքում իմպլեմենտացնելու: 3. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է Օրենսգրքի 87-րդ հոդվածում` «1-ին մասի 5-րդ կետում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝ «Սույն կետի կիրառության իմաստով՝ ծխախոտի արտադրանք են համարվում նաեւ ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0 եւ 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ ծխախոտ կամ վերականգնված ծխախոտ կամ նիկոտին կամ դրանց փոխարինիչներ պարունակող ապրանքները՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար.»: Այսինքն` Նախագծի մեջբերված նորմում նշված ապրանքները ներառվում են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շարքում: Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով նախատեսվում է Օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում լրացնել նոր տող, ինչի արդյունքում ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0, ԱՏԳ ԱԱ 2404 19 000 ծածկագրեր ունեցող ապրանքները եւս ներառվում են ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների շարքում: Այլ կերպ ասած, վերը նշված ապրանքների հետ կապված գործարքների եւ գործառնությունների իրականացման դեպքում նախատեսվում է ակցիզային հարկով հարկման ենթակա լինելու վերաբերյալ դրույթ: Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է` «Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ.» կետն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:»: Մեջբերված հոդվածների առնչությամբ նշենք հետեւյալը` Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 4-րդ հոդվածով սահմանված լրացման արդյունքում ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 ծածկագրեր ունեցող ապրանքները նախատեսվում է ներառել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շարքում, որոնք այժմ տվյալ հարկատեսակով հարկման ենթակա օբյեկտ չեն դիտարկվում, իսկ Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված լրացման արդյունքում սահմանվում են այդ ապրանքների հետ կապված գործարքների եւ գործառնությունների իրականացման պարագայում ակցիզային հարկի համապատասխան դրույքաչափերը` առաջարկում ենք Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի հաշվառմամբ վերանայել այդ ապրանքների գծով նոր տեսակի հարկով հարկման ենթակա լինելու առնչությամբ սահմանված դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը, այն է` 2022 թվականի հոկտեմբերի 1-ը: Բացի այդ, Նախագծի 4-րդ հոդվածով Օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում կատարվող լրացումն առաջարկում ենք վերախմբագրել` ընդհանուր կերպով թվարկելով ապրանքների նկարագիրը` առանց ԱՏԳ ԱԱ ծածկագրերի մասին նշում կատարելու (դրանք Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով Օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում լրացվող նոր տողում նշվում են)` Օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների թվարկման միասնական տեսքն ապահովելու նպատակով: 4. Հարկ է նկատել, որ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում բացակայում են ԱՏԳ ԱԱ 2402 10 000 01, ԱՏԳ ԱԱ 2402 90 000 01, ԱՏԳ ԱԱ 2402 10 000 02, ԱՏԳ ԱԱ 2402 90 000 02 ծածկագրերն ունեցող ապրանքները[1]: Այս հանգամանքով պայմանավորված` առաջարկում ենք վերանայել Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» եւ «գ» ենթակետերով Օրենսգրքի 88-րդ հոդվածում կատարվող փոփոխությունները: 5. Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 396.1-ին հոդվածում լրացնել 2-րդ մաս, որի համաձայն` «2. Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները, այդ թվում՝ փորձնական ծրագրերի իրականացման ժամկետները, մինչեւ դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման կարգը, դրոշմավորման կանոնները, Օրենսգրքով սահմանված դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման դադարեցման ժամկետները, ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիթորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատում է Կառավարությունը:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: Հիմք ընդունելով մեջբերված դրույթը` առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշում կատարել ենթաօրենդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետի մասին: 6. Նախագծի 12-րդ հոդվածի «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» վերտառությունն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագրին: 7. Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում նախատեսված է` «4. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 եւ 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի իրացումը թույլատրվում է մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ: 5. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 30-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված՝ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 եւ 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի՝ առանց դրոշմապիտակի իրացումը թույլատրվում է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»: Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված օրենքի նախագծի քննարկման ընթացակարգը եւ ժամկետները, այնուհետեւ օրենքի ստորագրման եւ հրապարակման փուլերի համար պահանջվող ժամկետները` առաջարկում ենք վերանայել Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված ժամկետների առնչությամբ սահմանված կարգավորումները: Սույն դիտարկումը կարեւորվում է նաեւ այն հանգամանքով, որ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 եւ ԱՏԳ 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքները ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շարքում ներառվում են Նախագծով սահմանված լրացումների արդյունքում: Հետեւաբար՝ այդ լրացվող դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո անհատ ձեռնարկատերերին եւ կազմակերպություններին պետք է տրամադրվի ողջամիտ ժամանակահատված իրենց գործողությունները նոր՝ ապրանքների դրոշմավորմանն առնչվող պահանջներին համապատասխանեցնելու համար՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:»: 8. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: 9. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետի ենթակետերի համարակալումից առաջ գրված համապատասխանաբար «Հոդված 1.»-ը, «Հոդված 2.»-ը, «Հոդված 3.»-ը, «Հոդված 4.»-ն առաջարկում ենք հանել՝ «հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»: 10. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքի 1-ին հոդվածի ցանկում նոր խմբագրությամբ շարադրվող եւ լրացվող տողերն առաջարկում ենք չակերտներում ներառել՝ հանելով տողերի մեջ դրված չակերտները: 11. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետում կիրառված «ԱԱՀ» հապավումներն առաջարկում ենք փոխարինել «ավելացված արժեքի հարկ» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում այդ եզրույթի առաջին իսկ կիրառումից հետո կրճատ տարբերակ սահմանված չէ, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»: 12. Նախագծի հոդվածներում առկա են վրիպակներ՝ տառերի (օրինակ՝ «արտադրանք» բառի փոխարեն՝ «արտադրան»), կետադրական նշանների (օրինակ՝ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենսգրքի 88-րդ հոդվածում լրացվող նոր տողում ԱՏԳ ԱԱ ծածկագրերն առանձնացված չեն) բացթողման դեպքեր: Ուստի՝ առաջարկում ենք տվյալ տեսանկյունից վերանայել Նախագիծը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունն Օրենսգրքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248) 26.09.2022թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248) 26.09.2022թ.
Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է էլեկտրոնային ծխախոտը հարկել ակցիզային հարկով, ճշգրտել որոշ ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը, հավասարեցնել սիդրի եւ համադրելի այլ խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչպես նաեւ Կառավարությանը վերապահել իրավասություն սահմանելու Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության կարգը: Փաթեթի կազմում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողությունները: Նախագծի 5-րդ հոդվածի «զ» կետով առաջարկվում է լրացում կատարել Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի աղյուսակում, ինչի արդյունքում «2404 12 000 0» եւ «2404 19 000» ծածկագրերին դասվող ծխախոտի արտադրանքի համար սահմանվում է ակցիզային հարկ՝ 1 միլիլիտրի համար 2022 թվականի հունվարի 1-ից 50 դրամի, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից՝ 55 դրամի չափով: Ընդ որում, նշված կետը նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2022 թվականի հունվարի 1-ից: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ. «նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից»: Հետեւաբար, Նախագծի նշված կետը կարող է ուժի մեջ մտնել ոչ թե 2022 թվականի հունվարի 1-ից, այլ միայն դրա ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից: Հետեւաբար, այս առումով Նախագիծը հարկային օրենսգրքի պահանջներին համապատասխանեցման կարիք ունի: Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Նախագծով առաջարկվող լրացումը չի կարող կատարվել Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանող աղյուսակում, քանի որ այն նախատեսում է ակցիզային հարկի դրույքաչափերի սահմանում 2020, 2021, 2022, 2023 թվականների եւ հետագա տարիների համար՝ ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանելով տվյալ տարվա հունվարի 1-ը: Հետեւաբար, լավագույն դեպքում նախատեսվող լրացումը կարող է կատարվել աղյուսակի վերջին սյունակում (2023 թվականի հունվարի 1-ից), սակայն այդ դեպքում էլ չի ապահովվի առնվազն յոթ ամսվա միջակայքը հաշվի առնելու պահանջը: Ուստի, առաջարկվում է Նախագծով նախատեսվող տվյալ լրացման համար տալ առանձին իրավակարգավորում: Եզրահանգում
Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 23.09.2022թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք) եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում (այսուհետ՝ Օրենք), որի նպատակը էլեկտրոնային ծխախոտի արտադրանքի՝ ակցիզային հարկով հարկումը, ինչպես նաեւ դրանք դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանք սահմանելն ու Օրենքով նախատեսված որոշ ապրանքների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառության հետ կապված խնդիրների կարգավորումն է: Ներկայիս գործող իրավակարգավորմամբ, էլեկտրոնային ծխախոտի արտադրանքն (ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 եւ 2404 19 000 ծածկագրեր) ակցիզային հարկով չհարկելու դեպքում նվազում են նաեւ այլ ծածկագրերին դասվող ծխախոտի արտադրանքի սպառման ծավալները, ինչն, ըստ հեղինակի, հանգեցնում է պետական բյուջեի եկամուտների նվազման: Ըստ էության, ներկայացվող Նախագծերի փաթեթով հեղինակն առաջարկում է. - էլեկտրոնային ծխախոտը հարկել ակցիզային հարկով՝ 2022 թվականի ընթացքում 1մլ 50 դրամ դրույքաչափով, իսկ 2023 թվականի ընթացքում՝ 1մլ 55 դրամ դրույքաչափով, ինչպես նաեւ այդ արպրանքները դրոշմավորել դրոշմապիտակով, - ճշգրտել որոշ ապրանքատեսակների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը, - հավասարեցնել ԱՏԳ ԱԱ 2206 ծածկագրին դասվող սիդրի եւ նույն ծածկագրին դասվող խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը, - Կառավարությանն իրավասություն վերապահել սահմանելու ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության կարգեր: Նախագծերի փաթեթում ներառված Օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 1-ին հոդվածով սահմանված ցանկից հանել ԱՏԳ ԱԱ 84 եւ 85 խմբերի ապրանքատեսակները (դրանց ներմուծումն արդեն իսկ ազատված է ԱԱՀ-ից Օրենքի 1-ին հոդվածի 4-րդ պարբերությամբ), ավելացված արժեքի հարկից ազատել ԱՏԳ ԱԱ 1404 90 000 8 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծումը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում: Եզրահանգում
Հեղինակի կողմից ներկայացվող օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կվերանայվեն ծխախոտի արտադրանք համարվող տարբեր ապրանքատեսակների ակցիզային հարկով հարկման մոտեցումները եւ կկարգավորվեն որոշ ապրանքների ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու հետ կապված խնդիրները: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 20.09.2022թ.
-------------------------------------------------------------------------------- [1] Տես` (http://www.eurasiancommission.org/ru/act/trade/catr/ett/Documents/ru.24_2022.pdf , 26.09.2022թ.):
|