ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-373-13.09.2022-ՊԻ-011/0) եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3731 -13.09.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-373-13.09.2022-ՊԻ-011/0) եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-3731 -13.09.2022-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

05.10.2022թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ կետում «19.1-րդ» թվականի գրության ձեւն առաջարկում ենք փոխարինել «19.1-ին» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով դասական թվականների գրության ձեւը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետի «22.1-րդ», Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի «1.1-րդ», Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի «66.1-րդ», Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետի «1-րդ», Նախագծի 16-րդ հոդվածի «6.1.-րդ» եւ Նախագծի 20-րդ հոդվածի «63.1-րդ» թվականների գրությանը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 19.2-րդ կետում սահմանվում է «կապի միջոցներ» հասկացությունը, որի համաձայն՝ «կապի միջոցներ՝ էլեկտրոնային փոստի հասցե, փոստային կապի եւ հաղորդակցության ապահովման այլ տվյալներ.»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ Օրենքում նախատեսվող «կապի միջոցներ» հասկացության բովանդակությունը սահմանված է անորոշ եւ լայն շրջանակով: Մասնավորապես՝ քննարկվող հասկացությունը ներառում է «փոստային կապի եւ հաղորդակցության ապահովման այլ տվյալններ» անորոշ ձեւակերպումը: Հարկ է նկատել, որ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 25.2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 7-րդ կետերի համաձայն՝ կապի միջոցները սահմանված են որպես իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման եւ հիմնարկի պետական հաշվառման գրանցամատյանում գրառվող տեղեկություններ: Կարծում ենք՝ «կապի միջոցներ» հասկացության սահմանման բովանդակությունը անհարժեշտ է ձեւակերպել բավարար չափով որոշակի եւ սպառիչ, ինչը թույլ կտա հասցեատեր սուբյեկտներին առանձնացնել գրանցամատյանում գրառվող տեղեկությունների որոշակի եւ սպառիչ շրջանակը:  Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք «կապի միջոցներ» հասկացության սահմանումը վերանայել իրավական որոշակիության տեսանյունից, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրեւորել համապատասխան վարքագիծ:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է Օրենքի 11-րդ հոդվածում լրացնել նոր՝ 1.1-ին մաս՝ «1.1. «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն» գրասենյակը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության իրավահաջորդը:»:

Քանի որ վերոնշյալ կարգավորումը չունի նորմատիվ բնույթ, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով Օրենքի 11-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասում սահմանված դրույթը նախատեսել որպես անցումային դրույթ:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած» բառերը փոխարինել «Գործակալության» բառով:

Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի ամբողջ տեքստում, ինչպես նաեւ Օրենքում կիրառվում է «գործակալություն» ձեւակերպումը՝ փոքրատառով: Ուստի, քննարկվող հասկացության միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսվող փոփոխության՝ «Գործակալության» բառն փոխարինել «գործակալության» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 

5. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից, 11-րդ հոդվածի 3-րդ մասից, 13-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից, 17-րդ հոդվածի 11-րդ մասից, 20-րդ հոդվածի 22-րդ մասից, 22-րդ հոդվածի 3-րդ մասից, 23-րդ հոդվածի 1-ին մասից, 26-րդ հոդվածի 18-րդ մասից, 59-րդ հոդվածի 6-րդ մասից, 66.1-րդ հոդվածի 1-ին մասից եւ 68-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը՝ «նախարարություն» կամ «նախարար» բառերը փոխարինելով «Նախարարություն» կամ «Նախարար» բառերով:»:

Վերոնշյալ իրավակարգավորմամբ նախատեսվում է Օրենքի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը հանել՝ «նախարարություն» կամ «նախարար» բառերը փոխարինելով «Նախարարություն» կամ «Նախարար» բառերով:

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն» հասկացության համար սահմանվում է կրճատ տարբերակ, այն է՝ «(այսուհետ՝ Նախարարություն)»:

Հարկ է նկատել, որ Օրենքի 13-րդ հոդվածը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը» վերտառությամբ: Հետեւաբար առաջարկում ենք Օրենքի 13-րդ հոդվածի վերնագրում եւս ապահովել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն» հասկացության կրճատ տարբերակի կիրառությունը:

6. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենքի 60.3-րդ հոդվածի 6-րդ մասից, 62-րդ հոդվածի 2-րդ մասից, 63-րդ հոդվածի 1-ին մասից, 65-րդ հոդվածի 2-րդ մասից եւ 65-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «արդարադատության» բառը՝ «նախարարություն» կամ «նախարար» բառերը փոխարինելով «Նախարարություն» կամ «Նախարար» բառերով:»:

Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 60.3-րդ հոդվածի 6-րդ մասի եւ՛ առաջին, եւ՛ երկրորդ նախադասություններում առկա է «արդարադատության» եւ «նախարար» բառերը: Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասում Օրենքի 60.3-րդ հոդվածի 6-րդ մասին կատարված հղումը հստակեցնել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»

7. Իրավական որոշակիության ապահովման նպատակով Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի երկրորդ «բառերը» բառը, ինչպես նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասի «բառերը» բառը առաջարկում ենք փոխարինել «բառերը՝ համապատասխան հոլովաձեւերով», իսկ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերի «բառերով» բառը՝ «բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով» ձեւակերպումներով: Սույն առաջարկը բխում է այն հանգամանքից, որ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում թվարկված հոդվածներում «նախարարություն» եւ «նախարար» բառերը կիրառված են տարբեր հոլովաձեւերով:

8. Նախագծի 6-րդ հոդվածը պարունակում է երկու նույնական՝ «2)» համարակալված կետեր: Առաջարկում ենք ապահովել Նախագծի 6-րդ հոդվածի կետերի համարակալման հաջորդականությունը:

9. Նախագծի 16-րդ հոդվածում «6.1.» ձեւակերպման երկրորդ միջակետն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հոդվածի մասի կամ հոդվածի մասի կետի համարը համապատասխանաբար «.» միջակետով կամ «)» փակագծով բաժանվում է միայն հոդվածի մասում կամ հոդվածի մասի կետում ներառվող տեքստից: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված կանոնից՝ «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»:

10. Նախագծի 16-րդ հոդվածի «մասով» բառն առաջարկում ենք փոխարինել «կետով» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»: 

11. Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 6.1-ին կետի համաձայն՝ «6,1) սույն օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հայտարարագրի ստուգման արդյունքում (դատական դեպարտամենտի ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեղեկատվական համակարգերի միջոցով) դրա անարժանահավատության վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերումը,»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Այսպես՝ գործադիր մարմնի ղեկավարի հայտարարագրի անարժանահավատության վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերումը սահմանվում է որպես իրավաբանական անձանց լուծարման գրանցման մերժման հիմք: Գործադիր մարմնի ղեկավարի հայտարարագրի արժանահավատության ստուգումն իրականացվում է դատական դեպարտամենտի ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեղեկատվական համակարգերի միջոցով: Հարկ է նկատել, որ Նախագծի 15-րդ հոդվածով Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 7-րդ կետի համաձայն՝  իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվող գործադիր մարմնի ղեկավարի հայտարարագիրը ներառում է նաեւ տեղեկություններ հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթների, ինչպես նաեւ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության վերաբերյալ: Մինչդեռ գործադիր մարմնի ղեկավարի հայտարարագրի արժանահավատության ստուգման դեպքում հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթների, ինչպես նաեւ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկատվության ստուգման, ինչպես նաեւ ստուգման եղանակի վերաբերյալ կարգավորումները բացակայում են: Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 6.1-ին կետում սահմանված իրավակարգավորման արդյունքում, գործադիր մարմնի ղեկավարի հայտարարագրի արժանահավատությունը հավաստվում է միայն դատական դեպարտամենտի ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեղեկատվական համակարգերում հարուցված եւ չավարտված դատական գործերի, հարուցված եւ չկարճված կատարողական վարույթների վերաբերյալ տեղեկատվության բացակայությամբ: Այս դեպքում անհասկանալի է հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթների, ինչպես նաեւ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկությունների ներառման անհրաժեշտությունը գործադիր մարմնի ղեկավարի հայտարարագրում՝ դրանց ստուգման վերաբերյալ կարգավորումների բացակայության պայմաններում: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 6.1-ին կետում սահմանված կարգավորումը քննարկվող հատվածով:

Միաժամանակ, առաջարկում ենք Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 6.1-ին կետում «6,1» ձեւակերպումը փոխարինել «6.1» ձեւակերպմամբ:

12. Նախագծի 18-րդ հոդվածով Օրենքի 58-րդ հոդվածում նախատեսվում է լրացնել նոր՝ 3-րդ մաս, այն է՝ «Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:»: 

Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 58-րդ հոդվածը վերնագրված է «Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը հաշվառումից հանելու (գործունեության դադարման) համար անհրաժեշտ փաստաթղթերը» վերտառությամբ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնի համաձայն՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»: Մինչդեռ Նախագծի 18-րդ հոդվածով Օրենքի 58-րդ հոդվածում նախատեսված վերոնշյալ լրացումը, կարծում ենք՝ կհանգեցնի Օրենքի 58-րդ հոդվածի վերնագրի եւ բովանդակության միջեւ անհամապատասխանության: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք բացառել Օրենքի 58-րդ հոդվածի վերնագրի եւ բովանդակության անհամապատասխանությունը: 

13. Նախագծի 21-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավակիան ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»

14. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում բացակայում է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական այն ակտը, որով ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:

Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասում Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ է նախատեսված պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծերի փաթեթում ընդգրկված նախագծերի համար նախատեսել ուժի մեջ մտնելու միեւնույն ժամկետ: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսնակյունից:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

26.09.2022թ.

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

26.09.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է հեշտացնել իրավաբանական անձանց գրանցման (հաշվառման) գործընթացը՝ գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրին եւ հասանելի դարձնելու նպատակով, շտկել այս օրենքներում առկա հակասությունները եւ տարընթերցումների տեղիք տվող նորմերը եւ ապահովել «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը:

Բացի այդ, ելնելով «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» օրենքի կարգավորումներից, որոնցով վերացվել է գործակալությունների՝ որպես պետական մարմնի առանձնացված ստորաբաժանումների հասկացությունը, Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ որպես Արդարադատության նախարարության գրասենյակի կարգավիճակը՝ նախատեսելով նաեւ իրավահաջորդության մասին դրույթներ: Հաշվի առնելով նաեւ իրավաբանական անձանց գրանցման ժամկետների եւ գրանցման համար ուսումնասիրվող փաստաթղթերի ծավալը՝ առաջարկվում է հստակեցնել գրանցման ժամկետները՝ անփոփոխ թողնելով ֆիզիկական անձ հիմնադիրների կողմից առեւտրային կազմակերպություններ գրանցելու համար սահմանված մեկ աշխատանքային օրվա ժամկետը եւ այլն: 

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների  տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

15.09.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքներում կատարել փոփոխություններ եւ լրացումներ:

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաեւ որոշ նորմեր հստակեցնելու  անհրաժեշտությամբ, որոնք, ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ (այսուհետ՝ Հիմնավորում), պրակտիկայում կարող էին  հանգեցնել հակասությունների եւ տարընթերցումների:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Գործող կարգավորումներով իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են նաեւ Դատական դեպարտամենտի եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայության տված տեղեկատվությունները՝ իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված եւ չավարտված դատական գործերի եւ վարույթների բացակայության վերաբերյալ:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների մասին տեղեկությունները գրառվում են իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում: Մասնակիցների մասին անձնագրային տեղեկությունները գործող «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի հիման վրա նշված են նաեւ ընկերության կանոնադրությունում: Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում մասնակիցների անձնագրային տվյալների փոփոխության արդյունքում առաջանում է հակասություն՝ գրանցամատյանում գրառված եւ կանոնադրությունում նշված տվյալների միջեւ: Արդյունքում քաղաքացիները ստիպված են լինում փոփոխություններ կատարել նաեւ կանոնադրությունում, որպիսի պարագայում անհրաժեշտ է ներկայացնել կանոնադրության փոփոխությունները, իրավաու մարմնի որոշումը՝ համապատասխան փոփոխությունները հաստատելու մասին:»:

Հաշվի առնելով վերոգրյալը, Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

- հանել իրավաբանական անձի լուծարման պետական գրացման համար դատական դեպարտամենտի եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայության տված տեղեկատվությունները ներկայացնելու պահանջը՝ իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված եւ չավարտված դատական գործերի եւ վարույթների բացակայության վերաբերյալ (ապահովում է Հայաստանի Հանրապետության որդեգրած ծառայությունների մատուցման «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը),

- սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրության մեջ մասնակիցների մասին (ֆիզիկական անձանց) անձնագրային տեղեկությունները նշելու փոխարեն նշել հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը (օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ անձը նույնականացնող ցանկացած փաստաթղթի համարը),

- հստակեցնել գրանցման ժամկետները՝ հաշվի առնելով իրավաբանական անձանց գրանցման ժամկետների եւ գրանցման համար ուսումնասիրվող փաստաթղթերի ծավալը (անփոփոխ թողնելով ֆիզիկական անձ հիմնադիրների կողմից առեւտրային կազմակերպություններ գրանցելու համար սահմանված մեկ աշխատանքային օրվա ժամկետը),

- հստակեցնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման հետ կապված՝ գործող օրենքում առկա կարգավորումները եւ այլն:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է առավել հասանելի դարձնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից իրականացվող գործառույթները:

2. Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ  չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝           Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

26.09.2022թ.