ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-375-14.09.2022-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-375-14.09.2022-ՖՎ-011/0)  (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ  
  

05.10.2022թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածը նախատեսվում է լրացնել 1.1-ին մասով, որի համաձայն՝ «1.1. Սույն օրենքով նախատեսված առանձին ծախսային ուղղություններով նորմաները սահմանում է Կառավարությունը:»:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն» վերտառությամբ 4-րդ գլխի «Պետական բյուջեի նախագծի կազմումը» վերնագրով 21-րդ հոդվածում, ինչից ենթադրելի է, որ այդ կարգավորման նպատակը պետական բյուջեի առանձին ծախսերի ուղղությունների առնչությամբ նորմաներ սահմանելու հնարավորություն նախատեսելն է, այլ ոչ՝ նաեւ համայնքների բյուջեների: Նշենք, որ Օրենքի 18-րդ հոդվածում սահմանված պետական բյուջեի ծախսերի ուղղություններից զատ՝ Օրենքի 281-ին հոդվածում թվարկված են ծախսերի գծով` օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման ընթացիկ ծախսերի հիմնական ուղղությունները: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք հստակեցնել «սույն օրենքով նախատեսված (…)» ձեւակերպումը՝ որոշակիացնելով՝ որ ծախսերի ուղղությունների մասին է խոսքը՝ նորմի կանխատեսելիությունն ապահովելու նպատակով: Միաժամանակ՝ Օրենքում գործածվում է «ծախսերի ուղղություն» ձեւակերպումը՝ իր հոլովաձեւերով: Հետեւաբար՝ առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս բացառել տարբերակված եզրույթների կիրառումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 

2. Նախագծի 1-ին հոդվածում «21-ին» գրելաձեւն առաջարկում ենք փոխարինել «21-րդ» գրելաձեւով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248)

05.10.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248)

05.10.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է Կառավարության համար սահմանել լիազորող նորմեր՝ ընդունելու առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտեր: Խնդիրը կայանում  է նրանում, որ ՀՀ կառավարության առանձին որոշումներով հաստատված են հանրային իշխանության մարմինների պահպանման ծախսերում հեռախոսակապի եւ փոստային կապի ծառայությունների գծով ծախսերի հաշվարկման նորմաները, սակայն օրենքով համապատասխան լիազորության ամրագրումը բացակայում է:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

22.09.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի Նախագիծը: 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդեն իսկ գործող ՀՀ կառավարության մի քանի որոշումների համար իրավական հիմք ապահովելու, ինչպես նաեւ հետագայում համապատասխան ոլորտը կարգավորող կառավարության կողմից որոշումներ (ինչպես նաեւ այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր) ընդունելու համար օրենքով լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությամբ:

Համաձայն կից ներկայացված հիմնավորման՝ ՀՀ կառավարության 23.09.2004թ. թիվ 1536-Ն որոշմամբ հաստատվել են ՀՀ պետական մարմինների կապի եւ կոմունալ ծախսերի նորմաները: Իսկ նույն որոշման 2-րդ կետի հիման վրա ընդունվել է նաեւ ՀՀ կառավարության 30.12.2004թ. թիվ 1956-Ն որոշումը: Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների համար եւս ընդունվել են համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: 

Այսպիսով, նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով ՀՀ կառավարությանն իրավասություն տալ ընդունելու առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր: 

Նախագծի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն արդեն իսկ գործող Կառավարության որոշումների նախաբանում լիազորող նորմերի ամրագրման, ինչպես նաեւ հետագայում առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի ընդունման համար: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում
 

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                               ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/51 36 18  /ներք./ 1618

05.10.2022թ.