ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-378-26.09.2022-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-378-26.09.2022-ԱՍ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                           ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ  
  

14.10.2022թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում լրացվող 6-րդ մասի համաձայն՝ «6. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը, սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անկանխիկ եղանակով վճարվում է ընտանիքի չափահաս անդամին՝ ընտանիքի չափահաս մյուս անդամների գրավոր համաձայնությամբ (եթե ընտանիքի կազմում կան մեկից ավելի չափահաս անդամներ):»:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող 9-րդ մասի համաձայն՝ «Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստն անկանխիկ եղանակով վճարելը սույն հոդվածի 6-րդ մասում նշված ձեւով ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության մեջ նշված ընտանիքի չափահաս անդամի անվամբ (այսուհետ՝ սոցիալական ապահովության հաշվի տեր) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է:»:

 Նկատենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող 6-րդ մասի կարգավորումից բխում է, որ ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնությունը պարտադիր է պետական նպաստի քննարկվող տեսակները ընտանիքի չափահաս անդամին փոխանցելու համար, եթե ընտանիքում առկա են մեկից ավելի չափահաս անդամներ: Սակայն Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող 9-րդ մասի ձեւակերպման պարագայում ստացվում է, որ պետական նպաստի համապատասխան տեսակները պարտադիր կերպով պետք է վճարվեն ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության մեջ նշված անդամի անվամբ բացված հաշվին, մինչդեռ՝ նախատեսված չէ կարգավորում այն դեպքի մասին, երբ ընտանիքում առկա է մեկ չափահաս անդամ եւ այդպիսով այլ չափահաս անդամների կողմից տրված գրավոր համաձայնություն չի պահանջվում: Հետեւաբար՝ անհրաժեշտ է հաշվի առնել ընտանիքում միայն մեկ չափահաս անդամի առկայության դեպքը՝ նշում կատարելով ընտանիքում այլ չափահաս անդամների բացակայության դեպքում պետական նպաստը դիմողի անվամբ բացված հաշվին փոխանցելու հնարավորության մասին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության պայմանը պարտադիր է նաեւ հրատապ օգնության պարագայում՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող 10-րդ մասի կարգավորումը հստակեցնել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող 9-րդ մասի օրինակով:

2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասի համաձայն՝

«Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը վճարվում են անկանխիկ եղանակով, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքերի:»: Կարգավորումից բխում է, որ պետական նպաստների նշված տեսակների համար վճարման եղանակի ընդհանուր կանոնը անկանխիկն է:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող 7-րդ մասի համաձայն՝ 

«Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ գումարը վճարվելու է ընտանիքի այն չափահաս անդամին, ով առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է, կամ լրացել է նրա 75 տարին:»: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասի տրամաբանությունից արդեն իսկ բխում է, որ ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը վճարվում են անկանխիկ եղանակով՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող 7-րդ մասում ընդհանուր նորմից բացառություն նախատեսող կանոնը վերաձեւակերպել հետեւյալ սկզբունքով՝ «Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը կարող են վճարվել կանխիկ եղանակով, եթե (…)»՝ միաժամանակ նշում կատարելով՝ ինչի հիման վրա է (անձի դիմումի) կատարվելու այդ գործողությունը:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերի համաձայն՝ 

«Օրենքի 15-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) եթե պարզվում է, որ ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որեւէ մեկի կողմից ներկայացված՝ ընտանեկան նպաստը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն.».

(…)

3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 1.1-ին, 4-րդ կետերով նշված դեպքերում՝ այդ հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նշված դեպքում՝ դրանց հայտնաբերման ամսվանից:»:

Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական նպաստ ստացող ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում կամ այլ մարմիններից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տվյալներում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է հայտնաբերման ամսից:»: Նորմից հետեւում է, որ պետական նպաստի բոլոր տեսակների դեպքում անձի ներկայացրած փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերումը պետական նպաստի դադարեցման հիմք է, միաժամանակ՝ այն կատարվում է հայտնաբերման ամսից: Հետեւաբար՝ պետական նպաստի առանձին տեսակների դադարեցման հիմքերի շարքում ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքի մասին նշում չկատարելու պարագայում եւս Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի ուժով այն գործելու է: Այսպիսով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը՝ առաջարկում ենք Օրենքի 15-րդ հոդվածում դադարեցման հիմքերի շարքում քննարկվող դեպքի մասին նշում չկատարել՝ վերախմբագրելով Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերը:

Դիտարկման տրամաբանությունը վերաբերելի է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերին, Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերին:

4. Նախագծի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Օրենքի 39-րդ հոդվածի 12-րդ մասում նշված կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:»: Տվյալ հոդվածում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետ է սահմանված  գործող Օրենքի դրույթի առնչությամբ:

Այս կապակցությամբ մեջբերենք «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերը, որոնց համաձայն՝ 

«4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Վերոնշյալ նորմում սպառիչ կերպով թվարկված են այն դեպքերը, որոնց պարագայում նորմատիվ իրավական ակտը կարող է ունենալ անցումային դրույթ եւ բոլոր հիմքերում նշում է կատարված, որ հենց այդ նորմատիվ իրավական ակտի կարգավորումների առնչությամբ կարող են կանոններ սահմանվել այդ ակտի անցումային դրույթներում: Միաժամանակ՝ պարզ է՝ հենց այդ նորմատիվ իրավական ակտով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետ կարող է նախատեսվել այդ ակտի անցումային դրույթներում: Նշվածից հետեւում է, որ Նախագծի անցումային դրույթներում գործող Օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի առնչությամբ կարգավորում սահմանվել չի կարող: Հետեւաբար՝ առաջարկում ենք վերախմբագրել Նախագծի 7-րդ  հոդվածը՝ հղումը կատարելով Նախագծի վերաբերելի հոդվածին:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248)

13.10.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248)

13.10.2022թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարումները 2023թ. hունվարի 1-ից քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով: Նշված ժամկետներն առաջարկվել են՝ հաշվի առնելով կենսաթոշակների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամանակացույցը, որի համաձայն՝ քաղաքներում արդեն ներդրվել է համակարգը, 2023թ. hունվարի 1-ից կներդրվի 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը:

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի նոր՝ 6-րդ մասի համաձայն. «Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը, սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անկանխիկ եղանակով վճարվում է ընտանիքի չափահաս անդամին՝ ընտանիքի չափահաս մյուս անդամների գրավոր համաձայնությամբ (եթե ընտանիքի կազմում կան մեկից ավելի չափահաս անդամներ):»: 

Տվյալ ձեւակերպման մեջ, մեր կարծիքով, առկա է երկու թերություն, մասնավորապես՝

ա) այս մասի ձեւակերպումը տարընթերցման տեղիք կարող է տալ, քանի որ դրանից հստակ չի երեւում, թե ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնությունը վերաբերում է ընտանիքի որեւէ անդամին այդ նպաստը ստանալու համար լիազորելուն, թե՞ նպաստի ստացման եղանակին (կանխիկ, թե՞ անկանախիկ),

բ) ինչպես տվյալ ձեւակերպումից, այնպես էլ Օրենքի ամբողջ տեքստից անհայտ է մնում, թե ո՞վ եւ ի՞նչ չափով պետք է ստանա նպաստը, եթե բացակայում է ընտանիքի չափահաս մեկ կամ մի քանի անդամների գրավոր համաձայնությունը:

Դատելով Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող մյուս լրացումներից, կարելի է փաստել, որ բացի նշված դեպքերից (երբ նպաստ ստացողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է կամ լրացել է նրա 75 տարին) մյուս բոլոր դեպքերում, միեւնույն է, նպաստը պետք է վճարվի անկանխիկ եղանակով, որի պարագայում էլ, տարընթերցումից խուսափելու նպատակով, կարծում ենք, նպատակահարմար կլինի տվյալ դրույթից հանել վճարման եղանակին վերաբերող հղումը (քանի որ նախորդ՝ 5-րդ մասով այն արդեն հստակ սահմանված է), իսկ գրավոր համաձայնության առումով էլ՝ առանձնացնել գրավոր համաձայնություն չտված ընտանիքի անդամներին հասանելիք նպաստի գումարների վճարման մասը:

Հաշվի առնելով վերը շարադրվածը, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 8-րդ հոդվածի նոր՝ 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը վճարվում է ընտանիքի չափահաս անդամին՝ ընտանիքի չափահաս մյուս անդամների գրավոր համաձայնությամբ (եթե ընտանիքի կազմում կան մեկից ավելի չափահաս անդամներ): Գրավոր համաձայնություն չտված ընտանիքի չափահաս անդամին հասանելիք ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության գումարը վճարվում է ընտանիքի այդ անդամի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելու միջոցով:»:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք է զգում:  
  
  
  

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

06.10.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչը պայմանավորված է ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարման գործընթացի բարելավման եւ պետական բյուջեի միջոցների ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ:

Ըստ գործող իրավակարգավորման, ներկայումս ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարումն իրականացվում է կանխիկ եւ անկանխիկ եղանակներով: Վճարման եղանակն ընտրում է ընտանիքի չափահաս այն անդամը, ով ներկայացնում է համապատասխան նպաստ նշանակելու դիմումը: Կանխիկ եղանակով վճարելու դեպքում նպաստի գումարը վճարվում է ընտանիքի՝ դիմում ներկայացրած անդամին, նրա բացակայության դեպքում՝ ընտանիքի այլ չափահաս անդամի:

Հարկ է հիշատակել, որ 2021 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակների եւ կենսաթոշակների վճարման կարգով վճարվող այլ դրամական վճարները վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով: Կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կանխիկ եղանակով վճարվում է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձին: Նախագծով առաջարկվում է այս համակարգը ներդնել նաեւ ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների համար՝ հաշվի առնելով կենսաթոշակների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամանակացույցը:

Հեղինակն առաջարկում է ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարումներն իրականացնել անկանխիկ եղանակով՝ 2023թ. hունվարի 1-ից քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում: 

Հեղինակն ակնկալում է, որ առաջարկվող Նախագիծն ընդունվելու դեպքում կբարելավվի ընտանեկան, սոցիալական նպաստի, հրատապ օգնության գումարների վճարման գործընթացը եւ կնվազեն պետական բյուջեի միջոցների ծախսերը, քանի որ  բանկերի միջոցով անկանխիկ վճարման դեպքում ծառայությունների մատուցման վճար չի պահանջվում: Այս կապակցությամբ, առաջարկվող Նախագծի ընդունումը, կարծում ենք, կունենա սոցիալական առումով դրական ազդեցություն:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Ներկայացվող Նախագիծը նպատակ ունի բարելավել ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարման գործընթացը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

06.10.2022թ.