ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-383-04.10.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-383-04.10.2022-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                           ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

20.10.2022թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1. Նախագծի 1-ին հոդվածով «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում է նոր՝ 14.4-րդ կետ, ինչի արդյունքում «Կրթության մասին» օրենքի՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությանը վերաբերող հոդվածում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը`

(...)

14.4) հաստատում է կազմակերպությունների կրթական ծրագրերի իրականացման մասով լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով նաեւ կլինիկական ամբիոնների (բազայի), մարզադահլիճի եւ դրանց սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակները.»:

Նախագծի 1-ին հոդվածով «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածում լրացվող՝ նոր 14.4-րդ կետի վերաբերյալ հարկ են համարում նշել հետեւյալը.

1.1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:  Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածում հղում է կատարվում «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին, մինչդեռ նշված հոդվածում բացակայում են մաս հանդիսացող համարակալված պարբերությունները: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածում «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածին կատարված հղումը:

1.2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

(...)

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածում լրացվող նոր՝ 14.4-րդ կետով կրթության պետական կառավարման լիազորված մարմինը լիազորվում է ընդունելու ենթաօրեսդրական նորմատիվ իրավական ակտ, այդ թվում՝ ենթաօրեսդրական նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտ՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներով նախատեսել նաեւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

1.3. Նախագծի 1-ին հոդվածով «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածում լրացվող նոր՝ 14.4-րդ կետի կարգավորումը առաջարկում ենք երկու կողմից ներառել չակերտներում:

2. Նախագծի 2-րդ հոդվածով «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածը լրացվում է նոր՝ 4-րդ մասով, որով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«4. Կրթական ծրագրերի մասով արված ցանկացած փոփոխության դեպքում` սահմանային տեղերի փոփոխությունը, նախադպրոցական տարիքային խմբերով եւ մասնագիտությունների գծով գործունեության թույլտվությունը սահմանվում է լիցենզիայի ներդիրում եւ յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր:»:

Նախագծի 2-րդ հոդվածով «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասի վերաբերյալ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշվում է հետեւյալը.

«(...)Կրթության բնագավառը ունի իր առանձնահատկությունները եւ կրթության ոլորտի լիցենզավորման գործընթացը մեկ միասնական օրենքով /«Լիցենզավորման մասին» օրենք/ չէր կարող կարգավորել ոլորտում առկա հարաբերությունները: Նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվությունը, կրթական ծրագրերով սահմանային տեղերի փոփոխությունը, մասնագիտությունների գծով` ըստ ուսուցման ձեւերի, կրթության հիմքերի, կրթական ծրագրերի, որակավորման աստիճանների, գործունեության թույլտվությունը կարգավորվում է ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 646-Ն եւ 2014 թվականի հունիսի 4-ի N 588-Ն որոշումներով, սակայն օրենսդրությամբ այն նախատեսված չէ: (...)Այժմ շրջանառվող «ՀՀ կառավարության 2009 հուլիսի 9-ի 808-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված է, որ կրթական ծրագրի մասով արված ցանկացած փոփոխություն (այդ թվում` նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվությունը, համակազմի սահմանային տեղերի փոփոխությունը, հանրակրթական ծրագրերով համակազմի սահմանային տեղերի փոփոխությունը, մասնագիտությունների գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխությունը, ըստ ուսուցման ձեւերի, կրթության հիմքերի, կրթական ծրագրերի, որակավորման աստիճանների գործունեության թույլտվությունը) սահմանվում է լիցենզիայի ներդիրում եւ յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր` գործընթացը կապելով վերոնշյալ օրենքի պահանջի հետ: Սակայն, քանի որ «Լիցենզավորման մասին» օրենքում հստակ սահմանված չեն այդ առանձնահատկությունները եւ չեն էլ կարող սահմանվել (քանի որ օրենքն ընդհանուր է տարբեր ոլորտների լիցենզավորման գործընթաց իրականացնելու համար), ուստի անհրաժեշտ է որպեսզի այն սահմանվի «Կրթության մասին» օրենքում, որից հետո էլ լիցենզավորման կարգերում կլինեն նաեւ տվյալ գործընթացները իրականացնելու համար ընթացակարգային փոփոխություններ: Վերոնշյալ փոփոխությունների իրականացումը հնարավորություն կտա լիցենզիաների ներդիրների միջոցով սահմանել կրթության ոլորտի առանձնահատկությունները, կարգավորել կարեւոր նշանակություն ունեցող մի շարք հարաբերություններ` նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվությունը, մասնագիտությունների գծով` ըստ ուսուցման ձեւերի, կրթության հիմքերի գործունեության թույլտվությունը եւ այլն, առանց որի անհնար է լիարժեք եւ ամբողջական իրականացնել կրթական ծրագրերի լիցենզավորումը: (...)»:

Նախագծի 2-րդ հոդվածով «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

2.1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61):

Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նախատեսված դիտարկումներից կարող ենք բխեցնել, որ կարգավորման նախատեսման նպատակն է այն, որ կրթական ծրագրի մասով արված ցանկացած փոփոխություն սահմանվի լիցենզիայի ներդիրում եւ յուրաքանչյուր փոփոխության դեպքոււմ տրվի հերթական ներդիր, միաժամանակ այդ փոփոխությունների վերաբերյալ նշում կատարելիս Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ փակագծերում «այդ թվում» նշմամբ թվարկվում են հետեւյալ փոփոխությունները՝ նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվության փոփոխությունը, համակազմի սահմանային տեղերի փոփոխությունը, հանրակրթական ծրագրերով համակազմի սահմանային տեղերի փոփոխությունը, մասնագիտությունների գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխությունը, ըստ ուսուցման ձեւերի, կրթության հիմքերի, կրթական ծրագրերի, որակավորման աստիճանների գործունեության թույլտվության փոփոխությունը: Այսինքն՝ կրթական ծրագրի մասով արված փոփոխությունները ներառում են թվարկված փոփոխությունները, սակայն չեն սահմանափակվում դրանցով: Մինչդեռ՝ Նախագծի 2-րդ հոդվածով «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասի առկա ձեւակերպումից կարող ենք եզրակացնել, որ կրթական ծրագրի մասով արված ցանկացած փոփոխության պայմանում՝ սահմանային տեղերի փոփոխության հանգեցնող դեպքում՝ փոփոխությունը, նախադպրոցական տարիքային խմբերի փոփոխության եւ «մասնագիտական գծով» փոփոխության հանգեցնող դեպքերում գործունեության թույլտվությունը, ինչպես նաեւ նախադպրոցական տարիքային խմբերով եւ «մասնագիտական գծով» գործունեության թույլտվությունը սահմանվում են լիցենզիայի ներդիրում, եւ յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր՝ միայն թվարկված դեպքերին վերաբերող: 

Այսպիսով՝ Նախագծի 2-րդ հոդվածով «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասի եւ Նախագծին կից ներկայացված հիմնավորման համադրված վերլուծության արդյունքում կարող ենք եզրակացնել, որ լրացվող կարգավորմամբ չի նախատեսվում այն նորմը, որի վերաբերյալ հիմնավորմամբ ներկայացվում են դիտարկումներ, միաժամանակ՝ հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասի տեքստում կիրառվում է «ցանկացած փոփոխություն» ձեւակերպումը, ինչը կարող է հանգեցնել իրավական դրույթի ոչ միանշանակ ընալման եւ կիրառման: 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասի կարգավորումը՝ այն իրավական որոշակիության սկզբունքի պահանջին համապատասխանեցնելու եւ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ մատնանշված նորմը հստակ ձեւակերպելու նպատակով: 

2.2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հդվածի 1-ին եւ 3-րդ մասերի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 

(...)

3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:»: Ինչպես նաեւ՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը):

Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասում կիրառվում է «մասնագիտությունների գծով գործունեության թույլտվություն» ձեւակերպումը, որում ներառվող բաղադրիչների շրջանակի վերաբերյալ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշում կատարելիս առանձնացվում է հատկանիշների տարբեր շրջանակներ: Հիմք ընդունելով նշվածը եւ հաշվի առնելով իրավական որոշակիության պահանջը՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասում «մասնագիտությունների գծով» հասկացությունը կիրառելիս հստակեցնել նաեւ դրանում ներառվող հատկանիշների շրջանակը:

3. «Լիցենզավրման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքով նախատեսված լիցենզիաների լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են միայն օրենքով եւ լիցենզավորման կարգերով»:

«Լիցենզավրման մասին» օրենքի՝ լիցենզիայի ներդիրներին վերաբերող 18-րդ հոդվածի 2.1-ին մասի համաձայն՝ լիցենզավորման կարգերով լիցենզիայի ներդիրների տրամադրում կարող է նախատեսվել նաեւ այդ կարգերով սահմանված այլ պահանջների ու պայմանների համապատասխանության համար:

Հիմք ընդունելով «Լիցենզավրման մասին» օրենքի մեջբերված կարգավորումները եւ Նախագծի 2-րդ հոդվածով «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասի կարգավորումը, որը վերաբերում է լիցենզիայի ներդիրի տրամադրման իրավահարաբերությունների՝ առաջարկում ենք փոփոխություններ կատարել նաեւ «Լիցենզավրման մասին» օրենքի՝ լիցենզիայի ներդիրներին վերաբերող 18-րդ հոդվածի 2.1-ին մասում՝ նշելով նաեւ լիցենզավորման հարաբերությունները կարգավորող օրենքի վերաբերյալ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված կարգավորումը կարող է խնդրահարույց լինել որոշակիության իրավական սկզբունքի տեսնակյունից:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

14.10.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի 2-րդ հոդվածով «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածում նոր՝ 4-րդ մասի լրացումով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում լրացում կատարելու նաեւ «Լիցենզավրման մասին» օրենքի՝ լիցենզիայի ներդիրներին վերաբերող 18-րդ հոդվածի 2.1-ին մասում:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

14.10.2022թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ լիցենզիաների ներդիրների միջոցով սահմանել կրթության ոլորտի առանձնահատկությունները, կարգավորել կարեւոր նշանակություն ունեցող մի շարք հարաբերություններ` նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվությունը, մասնագիտությունների գծով` ըստ ուսուցման ձեւերի, կրթության հիմքերի գործունեության թույլտվությունը եւ այլն, առանց որի անհնար է լիարժեք եւ ամբողջական իրականացնել կրթական ծրագրերի լիցենզավորումը:

Առաջարկվում է նաեւ որպես լիազորող նորմ սահմանել գրադարանների, լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով նաեւ կլինիկական ամբիոնների (բազայի), մարզադահլիճի` գրականությամբ, սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակների՝ նախարարի կողմից հաստատման պահանջ, քանի որ գործող օրենսդրությամբ այն նախատեսված չի եղել:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

12.10.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումններ կատարել «Կրթության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ կից ներկայացված հիմնավորման, պայմանավորված է այն հանգամանքով, որ կրթության բնագավառն ունի իր առանձնահատկությունները եւ ոլորտում առկա լիցենզավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները մեկ միասնական՝ այն է՝ «Լիցենզավորման մասին» օրենքով չեն կարող կարգավորվել:

 Այժմ շրջանառվող ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի թիվ 808-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված է, որ կրթական ծրագրի մասով արված ցանկացած փոփոխություն  սահմանվում է լիցենզիայի ներդիրում եւ յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր` գործընթացը կապելով «Լիցենզավորման մասին» օրենքի պահանջի հետ: Սակայն, քանի որ «Լիցենզավորման մասին» օրենքում հստակ սահմանված չեն այդ առանձնահատկությունները եւ չեն էլ կարող սահմանվել, ուստի անհրաժեշտ է, որպեսզի դրանք սահմանվեն «Կրթության մասին» օրենքում, որից հետո էլ լիցենզավորման կարգերում կլինեն նաեւ տվյալ գործընթացները իրականացնելու համար ընթացակարգային փոփոխություններ: 

Օրենքով նաեւ անհրաժեշտ է համապատասխան լիազորող նորմ սահմանել իրավասու մարմնի կողմից գրադարանների, լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով նաեւ կլինիկական ամբիոնների /բազայի/, մարզադահլիճի՝ գրականությամբ, սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակների հաստատման համար, քանի որ գործող օրենսդրությամբ այն նախատեսված չէ: 

Վերոնշյալ փոփոխությունների իրականացումը հնարավորություն կտա լիցենզիաների ներդիրների միջոցով սահմանել կրթության ոլորտի առանձնահատկությունները, կարգավորել կարեւոր նշանակություն ունեցող մի շարք հարաբերություններ` նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվությունը, մասնագիտությունների գծով` ըստ ուսուցման ձեւերի, կրթության հիմքերի գործունեության թույլտվությունը եւ այլն, առանց որի անհնար է լիարժեք եւ ամբողջական իրականացնել կրթական ծրագրերի լիցենզավորումը:

Նախագծի ընդունմամբ կրթության բնագավառում լիցենզավորման մի շարք գործընթացներ օրենքով ամրագրելով՝ դրանք կդառնան առավել հստակ եւ արդյունավետ, ինչպես նաեւ կկարգավորվի իրավական ակտերի միջեւ եղած անհամապատասխանությունը, կխթանվի ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի հարստացումը, որն իր հերթին կապահովի ուսուցման բարձր արդյունք:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

12.10.2022թ.