ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-386-04.10.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) (փաստաթղթային կոդ՝ Կ-386-04.10.2022-ՏՀ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

27.10.2022թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը շարադրելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաջորդականությունը, այն է. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն (…)»:

2. Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ կետի «գ» ենթակետի համարն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը: 

Միաժամանակ՝ Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ կետում «բացառությամբ հարկային մարմնի կազմած ստուգման կամ այլ վարչական ակտերով առաջադրված հարկային պարտավորությունների» բառերը նախադասությունից ստորակետերով տարանջատելու փոխարեն՝ առաջարկում ենք ներառել փակագծերում՝ մտքի շփոթից խուսափելու նպատակով:

3. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետում նշված է. «Օրենսգրքի 46-րդ հոդվածի (…) 2-րդ մասում «հաշվի միջոցով» բառերը փոխարինել «հաշվի կամ վարչական ակտի միասնական հաշվի միջոցով» բառերով»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում առկա են մեկից ավելի «հաշվի միջոցով» բառեր՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետում հստակեցնել փոփոխության վերաբերելիությունը համապատասխան բառերին:

4. Նախագծի 22-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 327-րդ հոդվածի վերտառությունը հետեւյալն է՝ «Միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրումը, միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից գումարների վերադարձը»: Մինչդեռ նշված հոդվածով չի սահմանվում որեւէ կարգավորում վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրման վերաբերյալ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը»: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 22-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 327-րդ հոդվածի վերնագիրն ու բովանդակությունը համապատասխանեցնել միմյանց:

5. Նախագծի 22-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 327-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է. «Միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով հարկ վճարողի բանկային հաշվին (իսկ դրա բացակայության դեպքում՝ հարկ վճարողի առաջարկած առեւտրային բանկ՝ ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով) կամ վարչական ակտի միասնական հաշվին կամ միասնական հաշվին»: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ «միասնական հաշիվ» եւ «վարչական ակտի միասնական հաշիվ» հասկացություններին: Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված է. «միասնական հաշիվ` Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ»: Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 8.1-ին կետով սահմանվում է. «վարչական ակտի միասնական հաշիվ՝ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով առաջադրված հարկային պարտավորությունների մարման նպատակով պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ»: Այսպես՝ Նախագծի 22-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 327-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումից ենթադրելի է, որ գանձապետարանը վարում է նաեւ վարչական ակտի միասնական հաշիվը, սակայն Նախագծով «վարչական ակտի միասնական հաշիվ» հասկացությունը բացահայտելիս այդ հաշիվը վարող մարմնի առնչությամբ նշում կատարված չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված «միասնական հաշիվ» հասկացության օրինակով հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 8.1-ին կետում նախատեսված վարչական ակտի միասնական հաշիվը վարող մարմինը՝ ապահովելով նորմի որոշակիությունը:

6. Նախագծի 23-րդ հոդվածի 2-րդ կետով ուժը կորցրած է ճանաչվում Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք խմբագրել վերոնշյալ մասին հղում կատարող՝ Օրենսգրքի 53-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետը:

7. Նախագծի 24-րդ հոդվածով Օրենսգրքի 401-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր՝ 3-րդ կետն առաջարկում ենք խմբագրել այնպես, որ այն Օրենսգրքի 401-րդ հոդվածի 3-րդ մասի հետ միասին արտահայտի կապակցված միտք:

8. Նախագծի 26-րդ հոդվածով նշված է. «(…) Սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ, 13-րդ հոդվածի 2-րդ եւ 17-րդ հոդվածի 4-րդ կետերով, 22-րդ հոդվածով, 23-րդ հոդվածի 1-ին կետով եւ 25-րդ հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը սահմանվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում»: Նախ՝ առաջարկում ենք Նախագծի 26-րդ հոդվածում «ենթաօրեսնդրական» բառից հետո լրացնել «նորմատիվ իրավական» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

 Բացի այդ՝ հարկ է նկատել, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունում նախատեսող նորմ սահմանված է Նախագծի 17-րդ հոդվածի 5-րդ կետով Օրենսգրքի 319-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասում, այլ ոչ՝ Նախագծի 17-րդ հոդվածի 4-րդ կետում: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 26-րդ հոդվածում «4-րդ» թիվը փոխարինել «5-րդ» թվով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

26.10.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք՝ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում: Մասնավորապես՝ Նախագծի 20-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսվում է Օրենսգրքի 325-րդ հոդվածում լրացնել նոր՝ 6.1-ին մաս, որի համաձայն՝ «(…) Վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարներից առաջնահերթ մարվում են սոցիալական վճարի հարկային պարտավորությունները, (…):»: Այսպես՝ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարների պարագայում, իբրեւ առաջնահերթ մարվող պարտավորություն, դիտարկվում են սոցիալական վճարի հարկային պարտավորությունները:

Այս կապակցությամբ մեջբերենք «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ «Սոցիալական վճարի պարտավորությունները հաշվառվում են հաշվարկի ներկայացման օրով եւ մարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

Սոցիալական վճարի (բացառությամբ ճշտված հաշվարկ ներկայացնելու արդյունքում առաջացածի) պարտավորությունը տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար համարվում է մարված՝ միասնական հաշվից այդ հաշվետու ժամանակահատվածի սոցիալական վճարի եւ տույժի գումարները մարվելու դեպքում:

Սույն մասի կիրառման իմաստով սոցիալական վճարի ճշտված հաշվարկները ներկայացնելու արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունները եւ նվազեցումները հաշվառվում են ճշտված հաշվարկը ներկայացնելու օրով:»: Հետեւապես՝ առաջարկում ենք «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քննարկվող նորմում սոցիալական վճարի պարտավորությունը տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար մարված համարվելու վերաբերյալ կանոն սահմանել նաեւ այդ մարումը վարչական ակտի միասնական հաշվից կատարվելու դեպքի վերաբերյալ:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

26.10.2022թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է հարկային օրենսգրքի մի շարք հոդվածներում կատարել այնպիսի փոփոխություններ եւ լրացումներ, որոնց արդյունքում ակնկալվում է ներդնել հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների եւ դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանություն՝ ապահովելով հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների մարմանն ուղղվող ֆինանսական միջոցների առավել արդյունավետ տնօրինման հնարավորություն: Մասնավորապես, առաջարկվում է.

1) հարկային պարտավորությունների հաշվառումը պարզեցնելու նպատակով հարկային պարտավորությունների եւ դեբետային գումարների հաշվառումը իրականացնել նախկինում ներկայացված եւ ճշտված հարկային հաշվարկով առաջացած տարբերության գումարի չափով,

2) հարկային պարտավորությունների հաշվառումն իրականացնել՝ ըստ հարկ վճարողների կողմից ներկայացված հարկային հաշվարկների եւ ըստ հարկային մարմնի կողմից կազմված ստուգման եւ այլ վարչական ակտերի: Այդ մասով նախատեսվում է, որ հարկային մարմինը հարկ վճարողների մասով վարելու է անձնական հաշվի քարտեր՝ էլեկտրոնային եղանակով՝ առանձին-առանձին,

3) հարկային պարտավորությունների եւ դեբետային գումարների հաշվառումը իրականացնել հարկային հաշվարկների ներկայացման ամսաթվով,

4) վերանայել ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հաշվին ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորությունների մարման, այդ գումարների միասնական հաշվին մուտքագրման գործընթացը,

5) ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հաշվին ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորությունների մարման, այդ գումարների միասնական հաշվին մուտքագրման գործընթացի վերանայմամբ պայմանավորված փոփոխություն է կատարվել ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման մասով վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման մասով: Այդ փոփոխությամբ սահմանվում է, որ ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման մասով վճարված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման ապրանքների ներմուծման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանում, եթե այդ ապրանքների ներմուծման մասով ներմուծման հարկային հայտարարագիրը ներկայացվել եւ գումարները վճարվել են մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ,

6) հստակեցնել, որ հարկման հատուկ համակարգում գործող հարկ վճարողը մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ պետք է սահմանված կարգով ներկայացնի ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկ, եթե ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարները օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են հաշվանցման (պակասեցման) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կամ եթե ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկվող գործարքների Օրենսգրքով սահմանված կարգով ճշգրտման արդյունքները ենթակա են արտացոլման տվյալ հաշվետու ժամանակաշրջանում,

7) շահութահարկի եւ ռոյալթիների փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման հետ կապված առաջարկվում է կիրառել այն նույն կարգավորումները, որոնք նախատեսվում են ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի ռիսկային չհամարվող փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման համար: 

8) հնարավորություն տալ հարկ վճարողներին համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ միասնական հաշվում առկա գումարների հաշվին մարել տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկի գումարները՝ մինչեւ տվյալ հարկի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը եւ այլն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

21.10.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», ինչը պայմանավորված է հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունների եւ դեբետային գումարների հաշվառման հարցերի հստակեցմամբ, անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների եւ դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանության ներդրման  համար համապատասխան օրենսդրական կարգավորումների սահմանմամբ:

Գործող իրավակարգավորումներով՝ հարկային մարմնում յուրաքանչյուր հարկ վճարողի մասով հարկային մարմնի կողմից վերահսկվող հարկային պարտավորությունների հաշվառման համար վարվում են անձնական հաշվի քարտեր: Հարկ է հիշատակել, որ անձնական հաշվի քարտերում  հաշվառվում են ինչպես հարկ վճարողների կողմից ներկայացված հարկային հաշվարկներով արտացոլված տվյալները, այնպես էլ հարկային հսկողության ընթացում հարկային մարմնի կողմից կազմված ստուգման եւ այլ վարչական ակտերով առաջադրված հարկային պարտավորությունները: 

Նախագծով հեղինակն առաջարկում է.

- հարկային պարտավորությունների հաշվառումը պարզեցնելու նպատակով հարկային պարտավորությունների եւ դեբետային գումարների հաշվառումը իրականացնել նախկինում ներկայացված եւ ճշտված հարկային հաշվարկով առաջացած տարբերության գումարի չափով, 

- հարկային պարտավորությունների հաշվառումն իրականացնել՝ ըստ հարկ վճարողների կողմից ներկայացված հարկային հաշվարկների եւ ըստ հարկային մարմնի կողմից կազմված ստուգման եւ այլ վարչական ակտերի,

- հարկային պարտավորությունների եւ դեբետային գումարների հաշվառումը իրականացնել հարկային հաշվարկների ներկայացման ամսաթվով,

- վերանայել ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հաշվին ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորությունների մարման, այդ գումարների միասնական հաշվին մուտքագրման գործընթացը, 

- հնարավորություն տալ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները մուտքագրել միասնական հաշիվ, եթե հարկ վճարողների կողմից ներկայացված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկների ներկայացման օրվա դրությամբ առկա այդ գումարները Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային  չեն համարվի, 

- նախատեսել կարգավորումներ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային համարվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշվին մուտքագրելու համար, եթե հարկային մարմնի իրականացրած ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով այդ գումարները կհիմնավորվեն որպես ռիսկային չհամարվող գումարներ: 

Ըստ էության, Նախագծով առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով   հեղինակն ակնկալում է, որ համապատասխան կարգավորումներ կսահմանվեն հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների եւ դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանության ներդրման համար? ապահովելով հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների մարմանն ուղղվող ֆինանսական միջոցների առավել արդյունավետ տնօրինման հնարավորություն:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

13.10.2022թ.