ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-392-07.10.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-392-07.10.2022-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                         ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

31.10.2022թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

2. Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետեւ՝ «Օրենք»)» ձեւակերպման մեջ առաջարկում ենք «Օրենք» բառը շարադրել առանց չակերտների՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում կիրառվում է նշված բառի առանց չակերտների տարբերակը:

3. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «9.1-րդ» ձեւակերպումը փոխարինել «9.1-ին» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով:

Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 58-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր՝ 6-րդ կետում առկա «9.1-րդ» ձեւակերպմանը:

4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել նոր՝ 9.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ. «Սույն հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերով սահմանված հիմքերով, Կարգավորող պետական մարմինը որոշում է մրցույթում հաղթող ճանաչված Հեռարձակողներին տալ Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա»: Այս կապակցությամբ նշենք հետեւյալը.

4.1. Առաջարկում ենք քննարկվող նորմում «Կարգավորող» բառը փոխարինել «կարգավորող» բառով՝ հիմք ընդունելով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջները:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 58-րդ հոդվածի 7-րդ մասում նշված «Կարգավորող» բառին:

4.2. Հարկ է նկատել, որ քննարկվող նորմի ձեւակերպումից բխում է, որ Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերով սահմանված են կարգավորող պետական մարմնի՝ լիցենզիա տրամադրելու մասին որոշում կայացնելու հիմքերը: Մինչդեռ Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերով սահմանվում են չափանիշներ եւ պահանջներ, որոնք պետք է հաշվի առնվեն մրցույթում հաղթող Հեռարձակողին ընտրելու համար, այլ ոչ կարգավորող պետական մարմնի՝ որոշում կայացնելու համար հիմքեր: 

4.3. Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ (այսուհետ՝ Հիմնավորում) նշված լրացումը պատճառաբանվում է հետեւյալ կերպ. «Ներկայումս «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածը սահմանել է լիզենզավորման մրցույթի նախապայմանները, սակայն հստակ չէ, որ Կարգավորող պետական մարմինը՝ մրցույթի արդյունքում «հաղթող է ճանաչում Հեռարձակող կազմակերպությանը եւ որոշում է կայացնում Լիցենզիա տրամադրելու վերաբերյալ»: Այս ամենը ենթադրվում է օրենքի տրամաբանությունից: Նշված դրույթի հստակ սահմանումը անհրաժեշտություն է դառնում, երբ տարբեր շահառուներ իրենց գործունեության ընթացքում անհրաժեշտություն են ունենում կոնկրետ հղումեր կատարել կարգավորող նորմին»: Այսպես՝ Հիմնավորմամբ նշված է՝ Նախագծի վերը մեջբերված դրույթի նպատակն է հստակ սահմանել, որ մրցույթում հաղթող Հեռարձակողներին տրվում է լիցենզիա կարգավորող պետական մարմնի որոշմամբ: Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 46-րդ հոդվածում լրացվող նոր՝ 9.1-ին մասով հիշատակված նպատակը չի իրագործվում՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ լրացվող նորմով այդպես էլ հստակ չի սահմանվում, որ Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիան տրվում է կարգավորող պետական մարմնի կայացրած որոշման հիման վրա: Բացի այդ լիցենզիան համապատասխան որոշման հիման վրա տալու մասին է վկայում նաեւ Օրենքի 51-րդ հոդվածը, որի կարգավորումներից արդեն իսկ բխում է լիցենզիա տրամադրելու մասին որոշման հիման վրա Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա տրամադրելը: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ իրավական շփոթից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 46-րդ հոդվածում լրացվող նոր՝ 9.1-ին մասը հստակեցնել:

5. Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում են հեղինակազորման եւ լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերը: Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել դադարեցման նոր հիմքեր: Այդ կապակցությամբ նշենք հետեւյալը.

5.1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր՝ 6-րդ կետով նախատեսվում է հեղինակազորման եւ լիցենզիայի գործողության դադարեցման նոր հիմք սահմանել, այն է՝ «դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումով անվավեր է ճանաչվել սույն օրենքի 46-րդ հոդվածի 9.1-րդ մասով տրված լիցենզիան կամ դրա տրման մասին որոշումը»: Այս կապակցությամբ հարկ է անդրադառնալ «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերությանը, որով սահմանված է. «Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով», մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր՝ 6-րդ կետով, որպես լիցենզիայի գործողության դադարեցման հիմք, նախատեսվում է «դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ լիցենզիան անվավեր ճանաչելը»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատական ակտով անվավեր է ճանաչվում վարչական ակտը, այն է՝ «լիցենզիա տրամադրելու մասին որոշումը», «մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշում», այլ ոչ թե լիցենզիան՝ առաջարկում ենք հեղինակազորման եւ լիցենզիայի դադարեցման նշված հիմքը խմբագրել՝ ղեկավարվելով իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքով:

Բացի այդ՝ առաջարկում ենք մեջբերված հատվածում «որոշումով» բառը փոխարինել «դատական ակտով» բառով:

Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 58-րդ հոդվածում լրացվող նոր՝ 7-րդ մասում եւ Նախագծի 3-րդ հոդվածում առկա «որոշումով» բառերին:

5.2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր՝ 7-րդ կետով նշված է. «օրենքով սահմանվել է լիցենզիայի գործողությունը դադարեցնելու այլ դեպքեր»: Նախ՝ նշենք, որ Հիմնավորմամբ ներկայացված չէ վերոնշյալ լրացման համար որեւէ պատճառաբանություն: Բացի այդ՝ լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերը հստակ սահմանված են Օրենքում եւ «Լիցենզավորման մասին» օրենքում: Ընդ որում «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի նախավերջին պարբերությամբ սահմանված է, որ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման բնագավառում լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները տվյալ օրենքով կարգավորվում են այնքանով,  որքանով այն չի հակասում բնագավառը կարգավորող «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին: Հետեւաբար հասկանալի չէ բացի վերը նշված երկու օրենքներով լիցենզիայի գործողության դադարեցման հստակ սահմանված դեպքերից, ինչ այլ դեպքեր կարող են օրենքներով սահմանվել:

6. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է. «Օրենքի  58-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, առ այն՝ «Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի»՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 2-րդ հոդվածը:

7. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 58-րդ հոդվածում լրացվող որ՝ 7-րդ մասով սահմանվում է. «Եթե  Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա տալու մասին   Կարգավորող պետական մարմնի որոշումը՝ պատշաճ հիմնավորված եւ պատճառաբանված չլինելու հիմքերով, դատարանի օրինակ ուժի մեջ մտած որոշումով  ճանաչվել է անվավեր, ապա ազատ սլոթով  հեռարձակումը նույն պայմաններով,  իրենց դիմումի հիման վրա, իրականացնում են մինչ այդ լիցենզավորված  Հեռարձակողները՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նոր լիցենզիայի մրցույթում հաղթող ճանաչվելը»: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ մրցույթում հաղթող ճանաչված Հեռարձակողի կողմից սլոթով հեռարձակում իրականացնելու անհնարինության դեպքում նախատեսվում է մինչեւ նոր մրցույթ հայտարարելը այդ սլոթով հեռարձակելու իրավունքը տրամադրել այլ Հեռարձակողի: Այս կապակցությամբ նշենք, որ Օրենքով սահմանված կարգավորումներով սլոթով հեռարձակման իրավունք Հեռարձակողին տրվում է մրցույթում հաղթող ճանաչվելու արդյունքում: Օրենքով սահմանված են այն չափանիշները, որոնք որոշիչ են հանդիսանում Հեռարձակողների շարքից մրցույթի հաղթողին ընտրելու համար: Բացի այդ Օրենքով հստակ սահմանված է լիցենզիայի գործողության ժամկետը: Մինչդեռ տվյալ պարագայում առանց մրցույթի եւ լիցենզիայի հեռարձակում իրականացնելը, կարծում ենք, Օրենքով սահմանված կարգավորումների՝ մրցույթի, լիցենզավորման, լիցենզիայի գործողության ժամկետի որոշակի շրջանցման հնարավորություն է նախատեսում, հատկապես, որ դատական ակտով համապատասխան որոշումն անվավեր ճանաչրելուց հետո նոր մրցույթ անցկացնելու համար հստակ ժամկետ սահմանված չէ: Բացի այդ Հիմնավորմամբ բացահայտված չէ՝ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 58-րդ հոդվածում կատարվող լրացման նպատակը:

Բացի այդ՝ այս համատեքստում, կարծում ենք, անհրաժեշտ է, որպես օրինակ, անդրադառնալ նաեւ Օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասին, այն է. «Մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը սույն հոդվածով սահմանված հիմքով ուժը կորցրած ճանաչվելու դեպքում կարգավորող պետական մարմինը հայտարարում է մրցույթ եւ իրականացնում լիցենզավորում սույն օրենքով մրցույթի միջոցով իրականացվող լիցենզավորման համար սահմանված կարգով ու պայմաններով, բացառությամբ 46-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված դեպքի»: Այսպես՝ վերոնշյալ կարգավորմամբ, այն դեպքերում, երբ սլոթով հեռարձակումը ժամանակավորապես հնարավոր չէ իրականացնել մրցույթում հաղթող ճանաչված Հեռարձակողի կողմից, Օրենքով նախատեսվում է անցկացնել նոր մրցույթ՝ այդ ընթացքում ոչ մի այլ Հեռարձակողի չվերապահելով իրավունք առանց մրցույթում հաղթող ճանաչվելու ժամանակավորապես սլոթի հեռարձակում իրականացնելու: Բացի այդ նշենք, որ Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է. «Հանրային մուլտիպլեքսում ազատ սլոթ առաջանալու դեպքում կարգավորող պետական մարմինը մեկամսյա ժամկետում հայտարարում է մրցույթ»:

8. Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված է. «Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ 58-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հեռարձակումը շարունակելու իրավունքը  գործում է մինչեւ օրենքի ընդունումը՝ Հանրային մուլտիպլեքսի օգտագործման լիցենզիա տրամադրելու կարգավորող պետական մարմնի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումների վրա՝ տվյալ Հեռարձակողի դիմումի առկայության դեպքում»:        «Նորմատիվ  իրավական ակտերի մասին»  օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են`1) նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ. 2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր: Նախագծի հետադարձ ուժին վերաբերող անցումային դրույթը հստակեցման կարիք ունի, քանի որ միանշանակ չի ընկալվում: Մասնավորապես՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է հարաբերությունների վրա այլ ոչ թե դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումների վրա, հետեւաբար հետադարձ ուժ տալու իրավիճակների շրջանակը հստակ սահմանելու անհրաժեշտություն է առաջանում: Բացի այդ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, տվյալ պարագայում, եթե դատական ակտով լիցենզիա տրամադրելու մասին որոշումը մինչեւ Օրենքի ուժի մեջ մտնելն անվավեր է ճանաչվել նշված գործող հարաբերությունների վրա եւս կտարածվի ընդունված օրենքը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Լիցենզավորման մասին», «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

28.10.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

28.10.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է օրենսդրական հիմքեր սահմանել հանրային սլոթի օգտագործման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին  դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը դիտարկելու եւ դրա արդյունքում Հեռարձակողների իրավունքները եւ տնտեսվարման ռիսկերը նվազեցնելու համար:

Խնդիրը կայանում է նրանում, որ գործող օրենքում, որպես լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հիմք, չի դիտարկվել դատական կարգով բողոքարկումների եւ  դատարանի համապատասխան որոշում ունենալու դեպքերը: Նախագծով առաջարկվում է օրենքի 58-րդ հոդվածում սահմանել այդ դեպքը, ինչպես նաեւ նախատեսել, որ եթե հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա տալու մասին Կարգավորող պետական մարմնի որոշումը՝ պատշաճ հիմնավորված եւ պատճառաբանված չլինելու հիմքերով, դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումով ճանաչվել է անվավեր, ապա ազատ սլոթիով հեռարձակումը նույն պայմաններով, իրենց դիմումի հիման վրա, իրականացնում են մինչ այդ լիցենզավորված հեռարձակողները՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նոր լիցենզիայի մրցույթում հաղթող ճանաչվելը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

12.10.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): 

Ներկայումս գործող օրենքում, որպես լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հիմք, չի դիտարկվել դատական կարգով բողոքարկումների եւ դատարանի համապատասխան որոշում ունենալու դեպքը:

Նախագծով առաջարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածում սահմանել վերոնշյալ դեպքը, ինչպես նաեւ նախատեսել, որ եթե Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա տալու մասին  Կարգավորող պետական մարմնի որոշումը՝ պատշաճ հիմնավորված եւ պատճառաբանված չլինելու հիմքերով, դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումով  ճանաչվել է անվավեր, ապա ազատ սլոթիով  հեռարձակումը նույն պայմաններով,  իրենց դիմումի հիման վրա, իրականացնում են մինչ այդ լիցենզավորված  Հեռարձակողները՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նոր լիցենզիայի մրցույթում հաղթող ճանաչվելը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                               ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

17.10.2022թ.