ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-402-11.10.2022-ՏՀ-011/0) եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4021 -11.10.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-402-11.10.2022-ՏՀ-011/0) եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-4021 -11.10.2022-ՏՀ-011/0) (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաջորդականությունը, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն ( )»: 2. Նախագծի 5-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը՝ «Օրենսգրքի 269-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2) անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից.»: Օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում` (…) 2) միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից (այդ թվում` ոչ ամբողջական ամսվա համար), որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն.»: Նախագծի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենսգրքի 270-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «` միկրոձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների համար» բառերը:»: Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 271-րդ հոդվածը: Օրենսգրքի 271-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկի գումարները հաշվարկվում եւ պետական բյուջե են վճարվում մինչեւ եկամուտների վճարման (հաշվարկման) ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:»: Վերոշարադրյալի առնչությամբ հարկ է անդրադարձ կատարել հարկի դրույքաչափի հասկացությանը, որը սահմանված է Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝ «Հարկի դրույքաչափն այն արժեքային (տոկոսային) եւ (կամ) հաստատուն մեծությունն է, որը կիրառվում է հարկման բազայի նկատմամբ՝ հարկի չափը որոշելու համար:»: Այսպես՝ Օրենսգրքի գործող կարգավորումների դեպքում միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) եկամտային հարկի դրույքաչափն արտահայտված է հաստատուն մեծությամբ: Մասնավորապես՝ Օրենսգրքի 269-րդ եւ 271-րդ հոդվածներից բխում է, որ եկամտային հարկի դրույքաչափը ամսական 5000 դրամ է, մինչդեռ Նախագծով սահմանված փոփոխությունների արդյունքում անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը վճարվելու է (հաշվարկվելու է) Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով՝ հանգեցնելով եկամտային հարկի դրույքաչափի բարձրացման: Նշվածի կապակցությամբ մեջբերենք Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:»: Հաշվի առնելով Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով հարկի դրույքաչափի բարձրացում նախատեսող դրույթի ուժի մեջ մտնելու կանոնը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Նախագծի 5-րդ, 6-րդ, 7-րդ հոդվածներով սահմանված են հարկի դրույքաչափի բարձրացում նախատեսող դրույթներ՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 8-րդ հոդվածով սահմանված ուժի մեջ մտնելու ժամկետը, այն է՝ 2023 թվականի հունվարի 1-ը՝ Նախագծի քննարկվող հոդվածների հատվածով: Միաժամանակ նշենք, որ «Ժամանակավոր աշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածում 10.1-ին մասը լրացվել է հետեւյալ հիմնավորմամբ՝ «Հաշվի առնելով միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված եւ այլ գործատուների վարձու աշխատողների եկամտային հարկի հաշվարկման տարբերությունը (միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողինը հաստատագրված է՝ ամսական 5000 դրամ, իսկ այլ գործատուի վարձու աշխատողինը հաշվարկվում է Հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափով), «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստը եւ մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 22-րդ հոդվածի 10.1-ին մասը՝ առաջարկում ենք այդ նախագծի անցումային դրույթում «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանված կարգավորման ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանելիս հաշվի առնել Նախագծի՝ եզրակացության սույն կետում քննարկված հոդվածների ուժի մեջ մտնելու ժամկետը: 3. Նախագծի 8-րդ հոդվածի՝ «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» վերտառությունն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 02.11.2022թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 02.11.2022թ.
Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է սահմանել, որ՝ 1) շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը, ինչպես նաեւ շենքերը, շինությունները (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքները, հողամասերը անհատույց օգտագործման վերցնելու գործարքների գծով ծախսերը, 2) միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաեւ վարձակալական վճարի, տոկոսի (բացառությամբ սպասարկող բանկում առկա ընթացիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի) եւ (կամ) ռոյալթիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս եւ (կամ) ռոյալթի ստացող կողմ հանդիսացող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, 3) միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից: Այս փոփոխությունների հիմնական պատճառը կայանում է նրանում, որ միկրոձեռնարկատիրության համակարգից օգտվում են ոչ միայն բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող եւ ապրանքներ մատակարարող փոքր տնտեսավարող սուբյեկտները (որոնց համար էլ ներդրվել էր այս համակարգը), այլեւ այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք եկամուտներ են ստանում այլ տնտեսավարող սուբյեկտներից: Մյուս կողմից, միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակի այսպիսի արհեստական ընդլայնմանը նպաստում է նաեւ այն, որ հարկման այս համակարգի շրջանակում հարկումից ազատված են ոչ միայն ձեռնարկատիրական եկամուտները, այլ նաեւ պասիվ եկամուտները, իսկ ֆիզիկական անձանց վճարվող աշխատավարձից եկամտային հարկը հաշվարկվում է ամսական ընդամենը 5 հազար դրամի չափով՝ անկախ վճարվող աշխատավարձի մեծությունից: Փաթեթի կազմում ընդգրկված մյուս նախագծով, նույն տրամաբանությամբ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի 22-րդ հոդվածի 10.1-ին մասը, որի համաձայն. «Սույն հոդվածի 7-րդ, 8-րդ, 10-րդ մասերով սահմանված կարգով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:»: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 19.10.2022թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք) եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում, ինչը պայմանավորված է միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերանայմամբ եւ սկզբնապես դրա առջեւ դրված նպատակներին հասնելու կապակցությամբ: Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը՝ որպես հարկման արտոնյալ համակարգ, միտված էր բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող եւ ապրանքներ մատակարարող փոքր տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծելու հարկման արտոնյալ պայմաններ: Մինչդեռ, ըստ հեղինակի, պարզվել է, որ միկրոձեռնարկատիրության մասով սահմանված համակարգից օգտվում են ոչ միայն բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող եւ ապրանքներ մատակարարող փոքր տնտեսավարող սուբյեկտները, այլ նաեւ այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք եկամուտներ են ստանում այլ տնտեսավարող սուբյեկտներից: Մյուս կողմից, միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակի այսպիսի արհեստական ընդլայնմանը նպաստում է նաեւ այն, որ հարկման այս համակարգի շրջանակում հարկումից ազատված են ոչ միայն ձեռնարկատիրական եկամուտները, այլ նաեւ պասիվ եկամուտները, իսկ ֆիզիկական անձանց վճարվող աշխատավարձից եկամտային հարկը հաշվարկվում է ամսական ընդամենը 5 հազար դրամի չափով՝ անկախ վճարվող աշխատավարձի մեծությունից: Նախագծերի փաթեթով ներկայացվող փոփոխություններով եւ լրացումներով հեղինակն առաջարկում է - շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չնվազեցնել Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը, ինչպես նաեւ շենքերը, շինությունները (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքները, հողամասերը անհատույց օգտագործման վերցնելու գործարքների գծով ծախսերը, - միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհամարել նաեւ վարձակալական վճարի, տոկոսի եւ (կամ) ռոյալթիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս եւ (կամ) ռոյալթի ստացող կողմ հանդիսացող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, - միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին չազատել անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից: Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում հեղինակն ակնկալում է, որ կկրճատվի միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների շրջանակը՝ ինչն, ըստ էության տվյալ արտոնյալ համակարգը կդարձնի առավել թիրախային: Մեր կարծիքով, Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 20.10.2022թ.
|