ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-405-11.10.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ? (փաստաթղթային կոդ՝ Կ-405-11.10.2022-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

02.11.2022թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածում լրացնել նոր 3-րդ մաս, հետեւյալ բովանդակությամբ՝ «3. «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած` ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքերում արտահանված ապրանքների համար ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարը փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով, չափով եւ ժամկետներում:»: Նշված դրույթը լիազորում է Կառավարությանը սահմանել կոնկրետ դեպքերում արտահանված ապրանքների համար ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարի փոխհատուցման չափը: Մինչդեռ Նախագծով նախատեսված չէ արտահանված ապրանքների համար ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարի մասնակի փոխհատուցման հնարավորություն, բացի այդ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ, որպես Նախագծի ընդունման անհրաժեշտություն սահմանված է՝ «ակցիզային հարկով հարկվող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման եւ հետագայում արտահանման դեպքում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարները տնտեսվարող սուբյեկտներին հետ վերադարձնելն է»: Այսինքն՝ ներմուծման եւ հետագայում արտահանման դեպքում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարը լրիվ ծավալով տնտեսվարող սուբյեկտին փոխհատուցումն է հանդիսանում Նախագծով նախատեսված կարգավորման նպատակը: Հակառակ պարագայում հասկանալի չէ փոխհատուցման չափը սահմանելիս ինչն է հիմք հանդիսանալու Կառավարության համար:  Հետեւաբար, լիազորող նորմի հստակությունն ապահովելու նպատակով, առաջարկում ենք  Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված նոր 3-րդ մասի մեջ նշված «,չափով» բառը եւ կետադրական նշանը հանել կամ Նախագծով նախատեսել մասնակի փոխհատուցման վերաբերյալ կարգավորումներ:

2. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի հստակությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

02.11.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

02.11.2022թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծի ընդունման նպատակը ակցիզային հարկով հարկվող ապրանքների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման եւ հետագայում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարները տնտեսավարող սուբյեկտների հետ վերադարձնելն է, քանի որ գործող Հարկային օրենսգրքի համաձայն ներկայումս այդ հարկի գումարները տնտեսավարող սուբյեկտներին հետ չեն վերադարձվում, ինչն էլ չի բխում անուղղակի հարկի ընդհանուր տրամաբանությունից:

Այս կապակցությամբ առաջարկվում է՝ 

1) «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած` ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքերում արտահանված ապրանքների համար ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարը փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով, չափով եւ ժամկետներում,

2) ՀՀ հարկային օրենսգրքի 394-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանված դրոշմավորման կանոնը չի կիրառվում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 2204 (խաղողի գինի), 2205 (վերմուտ եւ խաղողի այլ գինիներ), 2206 (խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային, հատապտղային, մրգային գինիների եւ գինենյութի), 2207 (էթիլային սպիրտ), 2208 (սպիրտային խմիչքներ), 2402 (ծխախոտի արտադրանք) ծածկագրերին դասվող եւ Կառավարության սահմանած կարգով փաստաթղթավորված այն ապրանքների նկատմամբ, որոնք հետագայում Կառավարության սահմանած ժամկետներում արտահանվելու են Հայաստանի Հանրապետությունից:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող՝ Հարկային օրենսգրքի 394-րդ հոդվածի 6-րդ մասում առաջարկվող լրացումը, կարծում ենք, որոշակի թերություն ունի: 

Մասնավորապես, Հարկային օրենսգրքի 394-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերությամբ սահմանված է, որ. «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորումն իրականացվում է մինչեւ այդ ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի:» (այսինքն՝ տրվում է դրոշմավորման ընդհանուր կանոնը), իսկ տվյալ մասում առաջարկվող լրացման համաձայն, ինչպես արդեն նշեցինք, առաջարկվում է սահմանել, որ. «Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված դրոշմավորման կանոնը չի կիրառվում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող եւ Կառավարության սահմանած կարգով փաստաթղթավորված այն ապրանքների նկատմամբ, որոնք հետագայում Կառավարության սահմանած ժամկետներում արտահանվելու են Հայաստանի Հանրապետությունից:»: 

Տվյալ լրացումն, իհարկե, դրական ազդեցություն կունենա բիզնես միջավայրի վրա եւ այս մասով կհստակեցնի հարկման արդարացիության սկզբունքը, սակայն մյուս կողմից՝ այն որոշակի ռիսկեր կարող է առաջացնել՝ կապված համապատասխան ապրանքների ստվերային շրջանառության աճի հետ: Խնդիրը կայանում է նրանում, որ առաջարկվող լրացումը որեւէ կարգավորում չի նախատեսում այն դեպքի համար, երբ տնտեսավարողները, տվյալ մասի համաձայն, առանց դրոշմավորման համապատասխան ապրանքները ներմուծելուց հետո, հետագայում Կառավարության սահմանած ժամկետներում այդ ապրանքները չեն արտահանի Հայաստանի Հանրապետությունից՝ հնարավորություն ստանալով իրականացնելու այդ ապրանքների ստվերային շրջանառություն:

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող՝ Հարկային օրենսգրքի 394-րդ հոդվածի 6-րդ մասում առաջարկվող լրացման տեքստում ավելացնել հետեւյալ բովանդակությամբ եւս մեկ նախադասություն. «Կառավարության սահմանած ժամկետներում սույն պարբերությամբ նախատեսված ապրանքները Հայաստանի Հանրապետությունից չարտահանելու դեպքում այդ ապրանքները, մինչեւ դրանց իրացումը, ենթակա են դրոշմավորման սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:»: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

20.10.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), որի նպատակը Հայաստանի Հանրապետություն ներմուծման եւ հետագայում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարները տնտեսավարող սուբյեկտներին հետ վերադարձնելն է:

Գործող իրավակարգավորմամբ, «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծելու եւ հետագայում այդ ապրանքները արտահանելու դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարները տնտեսավարող սուբյեկտներին հետ չեն վերադարձվում: Նման մոտեցումը չի բխում անուղղակի հարկի ընդհանուր տրամաբանությունից, քանի որ այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքում չեն սպառվում, մինչդեռ դրանց մասով վճարվում է ակցիզային հարկ:

Ներկայացված Նախագծով հեղինակն առաջարկում է սահմանել, որ.

- «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած` ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքերում արտահանված ապրանքների համար ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարը փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով, չափով եւ ժամկետներում,

- Օրենսգրքի 394-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դրոշմավորման կանոնը չի կիրառվում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող եւ Կառավարության սահմանած կարգով փաստաթղթավորված այն ապրանքների նկատմամբ, որոնք հետագայում Կառավարության սահմանած ժամկետներում արտահանվելու են Հայաստանի Հանրապետությունից:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման դեպքում հեղինակն ակնկալում է, որ ակցիզային հարկով հարկվող ապրանքների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման եւ հետագայում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարները կամ դրանց մի մասը կվերադարձվեն տնտեսավարող սուբյեկտներին, ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող եւ հետագայում արտահանվող ապրանքների ներմուծման ժամանակ դրանք կազատվեն ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորումից:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

25.10.2022թ.