ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-410-17.10.2022-ԱռՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-410-17.10.2022-ԱռՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
08.11.2022թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 65-րդ կետում «կոնսիլիում» բառն առաջարկում ենք գրել թավ տառերով՝ հիմք ընդունելով Օրենքի 2-րդ հոդվածում սահմանված հասկացությունների գրության ձեւը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»: 2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8-րդ մասում կիրառվում «ԱԱՊ» հապավումը: Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8-րդ մասում բացառել հապավման կիրառումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»: 3. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետում «ենթակետ» բառն առաջարկում ենք փոխարինել «կետ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»: 4. Նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 5. Նախագծի 6-րդ հոդվածում առաջարկում ենք նախատեսել նաեւ օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահից՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված իրավակարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 07.11.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 07.11.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է գործող օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել որոշ հասկացություններով, 3-րդ հոդվածը` նոր 8-րդ եւ 9-րդ մասերով, որոնցով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապեւտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման եւ գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից ԱԱՊ բժշկին փոխելու ընթացակարգը, առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայությունններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատելու լիազորությունը կվերապահվի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին: Լիազոր մարմնին կվերապահվի նաեւ նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ցանկը հաստատելու, ինչպես նաեւ մոր եւ մանկան մահացության դեպքերի վիճակագրության վարման եւ մշտադիտարկում իրականացնելու նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը եւ ժամկետները սահմանելու լիազորությունները: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 25.10.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում: Ըստ կից ներկայացված հիմնավորման, Կառավարության 30.03.2006 թվականի թիվ 420-Ն եւ 25.12.2014 թվականի թիվ 1529-Ն որոշումներով կարգավորվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման, առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկին փոխելու հետ կապված հարաբերությունները, հաստատված են ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկի մոտ գրանցվող բնակչության թույլատրելի թվաքանակները, պոլիկլինիկական հաստատության նեղ մասնագետների եւ դիսպանսերային ծառայություն մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը, որոնք հիմք են հանդիսանում արտահիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների պետական պատվերի պայմանագրային ծավալների հաշվարկման համար, ապահովելով ԱԱՊ ծառայության հիմնական` ըստ մարդաշնչի ֆինանսավորման սկզբունքը (ԱԱՊ բժշկի մոտ գրանցված բնակիչների թվաքանակի համաձայն), ինչպես նաեւ նեղ մասնագետների եւ դիսպանսերային ծառայություն մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերի հիման վրա վերջիններիս վարձատրման նվազագույն նորմատիվները, մինչդեռ, առկա չեն Կառավարության վերոնշյալ որոշումների իրավական հիմքերը: Ներկայումս գործում է նաեւ Առողջապահության նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 767 հրամանը, որով հաստատված է մայրական մահացության դեպքերի կապակցությամբ տեղեկատվության հաղորդման եւ մասնագիտական վերլուծություն անցկացնելու կարգը: Նշված հրամանը նույնպես ընդունված է առանց համապատասխան լիազորող նորմի, մինչդեռ, հաշվի առնելով, որ դրա հիման վրա լիազոր մարմնին տրամադրվող տեղեկատվությունը էական նշանակություն ունի տվյալ ոլորտում մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման որակը բարելավելու տեսանկյունից, անհրաժեշտություն է առաջացել տրամադրվող տեղեկատվության համար ապահովել համապատասխան իրավական հիմքը: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում նաեւ լիազոր մարմնին կվերապահվի իրավասություն՝ հաստատելու նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ցանկը: Այսպիսով, Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն համապատասխան իրավական հիմքեր/լիազորող նորմեր արդեն իսկ գործող ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի համար, ինչպես նաեւ իրավասու/Լիազոր մարմնի կողմից հետագայում ենթաօրենսդրական ակտերի ընդունման եւ համապատասխան գործողություների/իրավասությունների իրականացման համար: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 03.11.2022թ.
|