ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-412-17.10.2022-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4121 -17.10.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-412-17.10.2022-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-4121 -17.10.2022-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                    ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

08.11.2022թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածում «26» թվից առաջ առաջարկում ենք լրացնել «Օրենսգրքի» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը:

Նույնը վերաբերում է Նախագծի մյուս բոլոր դրույթներին, որտեղ հղում է կատարվում Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին (այսուհետ՝ Օրենսգիրք) առանց «Օրենսգիրք» բառը կիրառելու:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 26-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետ. «Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենքով կամ կառավարության կողմից սահմանված այլ դեպքերում»: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ ընդերքօգտագործման իրավունքի սահմանափակում նախատեսվում է սահմանել ոչ միայն օրենքով, այլեւ Կառավարության որոշմամբ, ինչի կապակցությամբ նշենք, որ ընդերքի առանձին տեղամասերի օգտագործման արգելքները ենթաօրեսնդրական նորմատիվ իրավական ակտով սահմանելը կարող է խնդրահարույց լինել: 

Սահմանադրության 11-րդ հոդվածով սահմանված է. «Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա եւ պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը եւ սոցիալական արդարությանը»: 

Սահմանադրության՝ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին վերաբերող 2-րդ գլխի` «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը» վերտառությամբ 59-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը. 

«1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով:

2. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:(…)»: 

Այսպիսով` ինչպես բխում է Սահամանադրության 59-րդ հոդվածից` Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը։ Այն իրավաբանորեն երաշխավորված հնարավորություն է ապահովում անձանց (տնտեսավարող սուբյեկտների) համար՝ ազատորեն օգտագործելու սեփական ընդունակություններն ու գույքը օրենքով չարգելված տնտեսական գործունեություն իրականացնելու համար։ 

Տնտեսական գործունեության ազատությունը բացարձակ ազատություն չէ եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան այն կարող է սահմանափակվել: Ընդ որում, սահմանափակման բնույթը հիմնավորում է օրենսդիրը՝ հաշվի առնելով, որ դա հնարավոր է միայն այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պատշաճ ճանաչում ու հարգանք ապահովելու, բարոյականության, հասարակական կարգուկանոնի ու ընդհանուր բարեկեցության արդարացի պահանջները ժողովրդավարական հասարակարգում բավարարելու համար (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 29-րդ հոդվածի երկրորդ մաս, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12–րդ հոդվածի 3–րդ կետ): Միայն օրենսդիր իշխանությունն է իրավասու որոշել այդ սահմանափակումների շրջանակներն ու բնույթը` որպես համընդհանուր պարտադիր վարքագծի կանոններ (ՍԴՈ–677, 7 փետրվարի, 2007 թ.): 

Սահմանադրության՝ վերը նշված դրույթների ուսումնասիրությունից բխում է, որ բոլոր դեպքերում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքը կամ իրավունքի սահմանափակումը կարող է նախատեսված լինել կամ Սահմանադրությամբ, կամ օրենքով, կամ միջազգային պայմանագրով, այլ ոչ թե այլ իրավական ակտով։ Այլ նորմատիվ, ինչպես նաեւ անհատական իրավական ակտերով չեն կարող ամրագրվել կամ սահմանվել իրավունքներ կամ իրավունքի սահմանափակումներ (ՍԴՈ–1137, 4 փետրվարի, 2014 թ.): 

Վերը մեջբերվածից բխում է, որ ընդերքի առանձին տեղամասերի օգտագործման արգելքը իրենից ներկայացնում է ազատ տնտեսական մրցակցության իրավունքի սահմանափակում, որը, ըստ Սահմանադրության, պետք է սահմանվի բացառապես Սահմանադրությամբ, կամ օրենքով, կամ միջազգային պայմանագրով: Մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 26-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5-րդ կետով նախատեսվում է ընդերքի առանձին տեղամասերի օգտագործման արգելքներ սահմանել Կառավարության կողմից: Հետեւաբար առաջարկում ենք հանել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 26-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5-րդ կետը, որի վերաբերյալ նաեւ Նախագծերի փաթեթին կից ներկայացված չէ որեւէ հիմնավորում:

3. Հիմք ընդունելով Նախագծի 3-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել հետեւյալ կերպ.

«Հոդված 3. 

1) Օրենսգրքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ`  2.4-րդ եւ 2.5-րդ մասերով.

«2.4. Սահմանային շերտում (…)

2) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 9-10-րդ կետերով (…)»:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում «Հոդված 3.» ձեւակերպումը շարադրել թավ տառերով՝ Նախագծի ընդհանուր տեսքը պահպանելու համար:

4. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 30-րդ հոդվածում լրացվող 2.4-րդ եւ 2.5-րդ մասերում նշված «Լիազոր մարմին» ձեւակերպումներն առաջարկում ենք շարադրել փոքրատառերով՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված հասկացությունը, ինչպես նաեւ Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջները:

5. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասում լրացվող նոր՝ 9-րդ եւ 10-րդ կետերն առաջարկում ենք խմբագրել այնպես, որ դրանք Օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի հետ միասին արտահայտեն կապակցված միտք:

Կապակցված միտք չեն արտահայտում նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 60.1-ին հոդվածում լրացվող իրավախախտում սահմանող պարբերությունները դրանց համար պատասխանատվություն սահմանող պարբերությունների հետ:

6. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասում լրացվող նոր՝ 10-րդ կետում նշված «GPS» հապավումն առաջարկում ենք շարադրել Օրենքի պահանջներին համապատասխան: Այսպես՝ Օրենքի 10-րդ հոդվածով նշված է. «Նորմատիվ իրավական ակտերում օտարերկրյա կազմակերպությունների անվանումները, ֆիզիկական անձանց անունները, աշխարհագրական օբյեկտների անունները, դրանց հապավումները, ինչպես նաեւ թարգմանության ոչ ենթակա իրավական, ֆինանսական, տեխնիկական եւ այլ տերմինները (եզրույթները) գրվում են հայերեն տառադարձությամբ: Անհրաժեշտության դեպքերում հայերեն հապավումների կամ տերմինների հետ փակագծերում կարող են կիրառվել նաեւ լատիներեն կամ օտարալեզու հապավումներ կամ տերմիններ:»:

Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր՝ 26.1-ին կետում նշված, ինչպես նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 60.1-ին հոդվածում լրացվող նոր մասում նշված «GPS» հապավումներին:

7. Նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

8. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «ենթաօրենսդրական» բառից հետո առաջարկում ենք լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

9. Նախագծի 6-րդ հոդվածում առաջարկում ենք նշել, թե Նախագծի որ դրույթներն են գործելու Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից՝ հիմք ընդունելով Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջը, այն է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ (…) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից (…)»

10. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» բառից հետո լրացնել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:

Նույնը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում շարադրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի անվանմանը: Միաժամանակ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «601» ձեւակերպումը փոխարինել «601-ին» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել օրինականության սկզբունքնի տեսանկյունից:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

07.11.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

07.11.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել որ, ՀՀ-ում արգելվում է սահմանային շերտում սահմանային գետերի հունից գետավազի արդյունահանումը որոշակի բացառություններով, արգելվում է ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումը   հստակեցնել  վերոհիշյալ ոլորտում լիազոր մարմնի գործառույթներն ու իրավասությունները, օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձի իրավունքներն ու պարտականությունները, սահմանել այդ ոլորտում  իրավախախտումների համար նխատեսվող պատասխանատվությունը եւ  տուգանքները: 

Համաձայն Նախագծերի փաթեթին կից եզրակացության` դրա ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Նախագծերի փաթեթը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ                                              

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ                                      

Կատարող՝  առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 

07.11.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Ներկայումս, գործող իրավակարգավորումների համաձայն, ընդերքօգտագործման իրավունքը դադարում է, եթե` բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված` ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի պահանջների եւ պայմանագրային պարտականությունների խախտման վերացման համար տրված հանձնարարականի չկատարման վերաբերյալ ակտն ուժի մեջ է մտել, եւ ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր: Միաժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված են համապատասխան վարչական պատասխանատվության միջոցներ` ընդերքի պահպանության պահանջների եւ ընդեքօգտագործման կանոնների խախտման համար: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգ, ինչպես նաեւ սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման գործիքակազմ՝ իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու նպատակով, որը հիմնականում պայմանավորված է Արաքս գետի շուրջ ստեղծված հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

07.11.2022թ.