ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-415-26.10.2022-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-415-26.10.2022-ԱՍ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

09.11.2022թ. 







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների  պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել , որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության կողմից տրված եզրակացության մեջ միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների եւ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորություների մասին տեղեկատվությունը բացակայում է:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:




ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարողներ`

Վ. Հարությունյան (հեռ.՝ 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616)

09.11.2022թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) կամընտիր արձանագրությունը՝ կից հայտարարությամբ (այսուհետ՝ Արձանագրություն), որը տվյալ Կոնվենցիայի մշտադիտարկման մեխանիզմներից մեկն է եւ կարգավորում է այնպիսի հարցեր, որոնք Կոնվենցիայով բավարար չեն կարգավորվում:

Արձանագրության վավերացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կկատարի ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում ստանձնած հանձնառությունը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի կողմից Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ CRPD/C/ARM/CO/1 եզրափակիչ դիտարկումներով տրված հանձնարարականը՝ վավերացնել Կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը (6-րդ կետ, d ենթակետ): Բացի այդ, վավերացնելով Արձանագրությունը, Հայաստանի Հանրապետությունը՝

- կճանաչի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի հանձնառությունը՝ ընդունելու եւ քննարկելու իր իրավասության ներքո գտնվող անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ անունից ներկայացվող հաղորդումները (կոմունիկացիաներ)՝ Կոնվենցիայի դրույթների խախտումների վերաբերյալ,

- կնպաստի Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը, ինչպես նաեւ կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար անհրաժեշտ հնարավորությունների ստեղծմանն ու ընդլայնմանը:

Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, այդ թվում՝ եկամուտների նվազեցմանը կամ ծախսերի ավելացմանը հանգեցնող դրույթներ չի պարունակում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

 կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

02.11.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2006 թվականի դեկտեմբերի 13-ին Նյու-Յորքում ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն): «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2010 թվականի մայիսի 17-ին եւ ուժի մեջ է մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ին, իսկ Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2007 թվականի մարտի 30-ին:

Վավերացնելով Արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կճանաչի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի հանձնառությունը՝ ընդունելու եւ քննարկելու իր իրավասության ներքո գտնվող անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ անունից ներկայացվող հաղորդումները (կոմունիկացիաներ)՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների խախտումների վերաբերյալ:

Արձանագրության վավերացումը թույլ կտա ավելի ամրապնդել Հայաստանի եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների պայմանագրային մարմինների, մասնավորապես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ կոմիտեի հետ փոխգործակցությունը՝ ավելի բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը:

Արձանագրության վավերացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը, ինչպես նաեւ կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար անհրաժեշտ հնարավորությունների ստեղծմանն ու ընդլայնմանը: 

Վավերացնելով Արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

ա) ճանաչել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի հանձնառությունը` ստանալ եւ քննարկել իր իրավասության շրջանակում գտնվող անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ անունից` Հայաստանի Հանրապետության կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների խախտման զոհ լինելու մասին ներկայացվող հաղորդումները,

բ) արձանագրության 2-րդ հոդվածի դրույթների համաձայն` Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի իրեն գաղտնի ներկայացված ցանկացած հաղորդմանը վեց ամսվա ընթացքում գրավոր բացատրություններ կամ պաշտոնական հայտարարություններ ներկայացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտե` պարզաբանելով հարցը եւ իրավական պաշտպանության այն միջոցը, եթե այդպիսին առկա է, որը կարող էր ձեռնարկվել Հայաստանի Հանրապետության կողմից:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

07.11.2022թ.