ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-416-27.10.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-416-27.10.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

18.11.2022թ. 







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունում նախատեսվում է «ա. «1001 91 200 0» թվից հետո լրացնել  «1002 10 000 0» թիվը,

բ. «1003 10 000 0» թվից հետո լրացնել  «1004 10 000 0» եւ «1008 60 000 0» թվերըը:»:

Վերոնշյալ իրավակարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախ՝ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում առաջարկում ենք «1002 10 000 0» թիվը» ձեւակերպումը փոխարինել «,1002 10 000 0» թիվը եւ կետադրական նշանը» ձեւակերպմամբ՝ նախատեսված լրացման արդյունքում ապրանքների ծածկագրերը միմյանցից ստորակետերով բաժանելու անհարժեշտությունից ելնելով: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նախատեսված լրացմանը:

Բացի այդ, Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ «Սույն հոդվածում նշված՝ ԱՏԳ ԱԱ 0602 10 100 0, 0701 10 000 0, 0713 10 100 0, 0713 33 100 0, 1001 91 100 0, 1001 91 200 0, 1003 10 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե նշված ապրանքները ներմուծվել են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հարկ ենք համարում նշել, որ Նախագծում անցումային դրույթով նախատեսված չէ ենթաօրենդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը, ինչպես նաեւ սահմանված չեն օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից: Ուստի առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթում նախատեսել ենթաօրենդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը՝ այդ թվում փոփոխություն նախատեսող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի, ինչպես նաեւ նշել այն նորմերը, որոնք գործելու են համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված իրավադրույթից, այն է՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: 

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում հստակեցման անհրաժեշտություն ունի «0407191100 տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ եւ լրացնել նոր տողերով» ձեւակերպումը: Իրավական շփոթից խուսափելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում սահմանված փոփոխությունն եւ լրացումը տարանջատել միմյանցից, քանի որ նախատեսված լրացումը եւս վերաբերում է Օրենքի 1-ին հոդվածի ցանկին:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում նախատեսվող բոլոր փոփոխությունների եւ լրացումների աղյուսակներն առաջարկում ենք ներառել չակերտներում: 

4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետում առաջարկում ենք «170114» ծածկագիրը փոխարինել «1701 14» ծածկագրով հղման հստակությունն ապահովելու նպատակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»:

5. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի «ժ» ենթակետով Օրենքի ցանկում նախատեսված լրացման «4811 51 000 9» տողում կիրառված «1 մԱ-ի» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «1 մ2-ի» ձեւակերպմամբ չափման միավորի գրության ճիշտ ձեւն ապահովելու նպատակով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

17.11.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

17.11.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում: Մասնավորապես առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքների ցանկը լրացնել մի շարք ապրանքներով, որոնք հանդիսանում են արտադրության համար հումք, նյութեր եւ Հայաստանում չկան: 

Համաձայն Նախագծին կից եզրակացության` դրա ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագիծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ                                              

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             

ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ                                       

Կատարող՝  առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 

15.11.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): 

Ներկայումս հանրապետության արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրական գործունեություն ծավալելու նպատակով ներմուծում են հումք ու նյութեր, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: 

 Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրության համար ներմուծվող անհրաժեշտ հումք ու նյութերի ներմուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, մասնավորապես` մշակող արդյունաբերության ոլորտում վերջնական արտադրանք ստանալու համար անհրաժեշտ ապրանքների ներմուծման պարագայում՝ ընկերությունների ֆինանսական բեռի թեթեւացման անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն՝ մի շարք ապրանքների գծով հանելով ԱԱՀ-ի գանձումը սահմանին, որի արդյունքում ակնկալվում է, որ նշված ապրանքների ներմուծման ծավալները կավելանան (նշենք, որ օրինակ 2021 թվականին ապրանքների ներմուծման ծավալը կազմել է շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար):

Սոցիալական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից Նախագծի ընդունումը կունենա չեզոք ազդեցություն: 


Եզրահանգում

Նախագիծը լրամշակման եւ հստակեցումների կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                           ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

16.11.2022թ.