ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-417-27.10.2022-ՏՀ-011/0)  եւ «Հայաստանի Հանարապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4171 -27.10.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-417-27.10.2022-ՏՀ-011/0)  եւ «Հայաստանի Հանարապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4171 -27.10.2022-ՏՀ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

08.11.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է վերանայել մի շարք գործարքների մասով ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի հարկման բազայի որոշման կանոնները: Փաթեթում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման ժամանակ կիրառել որոշ բացառություններ: Մասնավորապես, ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ եւ 62-րդ հոդվածներով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով: 

Նախագծով առաջարկվում է տվյալ կարգավորումը չկիրառել բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այնպիսի գույքային միավորների օտարման գործարքների դեպքում, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչեւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի ուժի մեջ մտնելը, եւ այդ գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ տվյալ առաջարկը պայմանավորվում է որոշ առանձնահատուկ դեպքերով, երբ ԱԱՀ-ով հարկման բազայի եւ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամտի որոշման առանձնահատուկ կանոնի կիրառությունը որոշ գործարքների մասով խնդիրներ է ստեղծում հարկ վճարողների համար: Մասնավորապես, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի աճով պայմանավորված՝ գրավի առարկան որպես սեփականություն վերցնելու եւ օտարելու դեպքում բանկերի եւ վարկային կազմակերպությունների մոտ կարող են ավելանալ շահութահարկի գծով հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում վերջիններս իրենց ռիսկերը ծածկելու նպատակով, գրավով ապահովված վարկ տրամադրելիս, պետք է հաշվի առնեն նաեւ շահութահարկի գծով հարկային պարտավորությունների աճը եւ, համապատասխանաբար, նույն չափով վարկի ապահովման համար հաճախորդից ավելի շատ գրավ պահանջեն: Նախագծի հեղինակների կարծիքով, քանի որ անշարժ գույքի առքուվաճառքը բանկերի եւ վարկային կազմակերպությունների հիմնական գործունեությունը չէ, ուստի անհրաժեշտ է հնարավորինս խուսափել խնդրո առարկա կարգավորումների առկայությամբ պայմանավորված՝ բնակչության եւ կազմակերպությունների վարկունակության անկումից:

Ընդհանուր առմամբ, առաջարկվող լուծումը հիմնականում կարող է նպաստել վերը նշված խնդրի լուծմանը: Միաժամանակ, կարծում ենք, որ բանկերից եւ վարկային կազմակերպություններից բացի, համանման խնդիր կարող է առաջանալ նաեւ քաղաքացիաիրավական հարաբերությունների այլ սուբյեկտների մոտ, որոնք իրենց գործունեության ընթացքում օգտվում են գրավի իրավունքից եւ որպես գրավ ընդունում են շենքեր, շինություններ, բնակելի կամ այլ տարածքներ եւ հողամասեր: Այս առումով, նպատակահարմար կլիներ Նախագծով առաջարկվող մոտեցումը կիրառել բոլոր այն սուբյեկտների նկատմամբ, որոնց մոտ ԱԱՀ-ով հարկման բազայի եւ շահութահարկով հարկման բազայի որոշման ժամանակ որոշ գործարքների մասով կարող են ծագել խնդիրներ, մասնավորապես՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի աճով պայմանավորված շահութահարկի գծով հարկային պարտավորությունների ավելացման տեսանկյունից: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծում հանդիպող համապատասխան տեղերում «բանկի կամ վարկային կազմակերպության» բառերը փոխարինել «գրավառու կազմակերպության» բառերով: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

02.11.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում», որի նպատակը մի շարք գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման եւ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամտի որոշման նպատակով հարկման կանոնները վերանայելն է:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով, հեղինակն ակնկալում է ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու որոշ գործարքների գծով Հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ մասով եւ 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնների չկիրառում, ինչպես նաեւ հավելյալ խթանների ստեղծում նոր ներդրումների ներգրավման համար:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական առումով կունենա չեզոք ազդեցություն:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

02.11.2022թ.