ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-419-28.10.2022-ՊԱ-011/0), վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) (փաստաթղթային կոդ՝ Կ-419-28.10.2022-ՊԱ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

11.11.2022թ.








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է կատարել ընդամենը մեկ լրացում, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»:

2. Նախագծի ողջ տեքստում առաջարկում ենք «ՀՈԴՎԱԾ» բառերը փոխարինել «Հոդված» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է. «Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը»:

3. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «(այսուհետ՝ օրենք)» ձեւակերպման մեջ «օրենք» բառը շարադրել մեծատառով՝ Նախագծում այլ իմաստով կիրառված «օրենք» բառերի հետ շփոթից խուսափելու համար:

4. Նախագծի 10-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, որով սահմանված է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

5. Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում առկա բոլոր «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառերով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված հասկացությունը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:

6. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված պատվովճարը հաշվարկվում է նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած (…) Սույն մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մեկամսյա ժամկետում ապահովում է համապատասխան շահառուներին պատվովճարի հաշվարկման գործընթացը՝ պատվովճարի գումարը շահառուների հաշվին փոխանցելու միջոցով»: 

6.1. Քննարկվող նորմում «մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը» արտահայտությունը երկու անգամ կիրառելը ենթադրում է, որ դա կա՛մ վրիպակ է, կա՛մ այդ երկու արտահայտությունները տարբեր նպատակներով են կիրառվում: Այսպես՝ եթե կրկնությունը վրիպակ է, ապա առաջարկում ենք հանել «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը» բառերը, եթե նշված բառերը կիրառվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի գործող (այսինքն՝ Նախագծով նոր խմբագրությամբ չշարադրված) 63-րդ հոդվածի 4-րդ մասին հղում կատարելու համար, առաջարկում ենք նշված բառերը խմբագրել:

6.2. Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է, որ այսուհետ Նախագծում կիրառվելու է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի անվանման կրճատ տարբերակը: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի» բառերը փոխարինել Նախագծի 1-ին հոդվածով սահմանված համապատասխան կրճատ տարբերակով:

6.3. Քննարկվող նորմի վերջին նախադասության մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մեկամսյա ժամկետում ապահովում է պատվովճարի հաշվարկման գործընթացը, սակայն նշված չէ, թե մեկամսյա ժամկետի հաշվարկը որ պահից է սկսվում: Առաջարկում ենք որոշակիացնել նշված դրույթը՝ հստակ սահմանելով ժամկետի հաշվարկի սկիզբը:

7. Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկում ենք «նորմատիվ իրավական» բառերից հետո լրացնել «ակտերն» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Միաժամանակ առաջարկում ենք նշել, թե Նախագծի որ դրույթներն են գործելու Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահից՝ հիմք ընդունելով Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջը, այն է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ (…) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից (…)»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

11.11.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

11.11.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինել շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով, այդ ծառայությունն անցած զինծառայողների համար սահմանել պատվովճարի հաշվարկում՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափով եւ կարգով, ինչպես նաեւ առաջարկվում է սահմանել անցումային դրույթներ՝ պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ծրագրի դադարեցմամբ:

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

02.11.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով ամրագրված Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը (այսուհետ՝ Համակարգ) փոխարինել շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով:

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ (այսուհետ՝ Հիմնավորում)    խնդիրը կայանում է նրանում, որ Համակարգի ներդրումից հետո համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե  քիչ է եղել եւ աստիճանաբար նվազել, իսկ 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում ոչ մի դիմում չի արձանագրվել: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր՝ շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով, որի ժամկետը նախատեսվում է 5 տարի: 

Նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու եւ շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությամբ:

2.Սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից Նախագծի վերաբերյալ կցանկանայինք նշել հետեւյալը:

Նախագծով առաջարկվող փոփոխության վերաբերյալ Հիմնավորման մեջ նշվում է. «... համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չբավարարեց ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով, ինչպես նաեւ 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում չարձանագրվեց ոչ մի դիմում: Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվել են ծրագրից...»: Այսինքն, ներկայիս Համակարգը, ըստ էության, այդքան էլ արդյունավետ չի եղել եւ անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր համակարգ, սակայն Հիմնավորմամբ չի ներկայացվում վերջինիս առավելությունները (բացի այն, որ պատվովճարի գումարը զինծառայողը/քաղաքացին կարող է տնօրինել իր հայեցողությամբ), որից կարելի է ակնկալել, որ նոր համակարգի ներդրմամբ ծառայություն անցնելու ցանկացողների թիվը կբավարարի եւ նոր ներդրվող համակարգն ավելի արդյունավետ ու գրավիչ կլինի, քան ներկայիս Համակարգը:

Ուստի, վերոգրյալի հետ կապված, կարծում ենք, Նախագիծը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                                  Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

11.11.2022թ.