ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-421-04.11.2022-ՊԱ-011/0) եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4211 -04.11.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-421-04.11.2022-ՊԱ-011/0) եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-4211 -04.11.2022-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

23.11.2022թ.








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 7-րդ հոդվածով նախատեսվում է  «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքը  (այսուհետ՝ Օրենք) լրացնել 15.1-ին հոդվածով, որի համաձայն՝ «Հոդված 15.1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի վկայականը եւ անձնական գործը

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին տրվում է վկայական, որի նկարագիրը, ձեւը, հատկացման եւ հաշվառման կարգը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի վերաբերյալ վարվում է անձնական գործ, որում արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գործի ձեւը եւ վարման կարգը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Հաշվի առնելով մեջբերված դրույթը՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթում նախատեսել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում կատարվող լրացմանը:

2. Նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է Օրենքի 28-րդ հոդվածում լրացնել 4.1-ին մաս, որի համաձայն՝ 

«4.1. Ազգային անվտանգության մարմինների ղեկավարների հիմնավորված զեկուցագրերի հիման վրա պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ ատեստավորումը կարող է անցկացվել նաեւ արտահերթ, իսկ առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով՝ նաեւ մինչեւ սույն հոդվածի 4-րդ մասի 1-ի կետով սահմանված ժամկետի ավարտը:»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը՝ 

1) Օրենքում գործածվում է «Ազգային անվտանգության ծառայության ղեկավար» եզրույթը՝ պետական լիազոր մարմինն է, որն իրականացնում է Ազգային անվտանգության մարմինների ղեկավարումը: Միաժամանակ՝ «ղեկավար» եզրույթն Օրենքում կիրառվում է նաեւ Ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայությունից արձակելու կամ համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող անձի առնչությամբ: Սակայն «Ազգային անվտանգության մարմինների ղեկավարները» ձեւակերպումը ոչ բավարար հստակությամբ է սահմանված, հետեւաբար՝ որոշակիացման անհրաժեշտություն կա՝ սուբյեկտների որ շրջանակի կողմից տրված զեկուցագրի հիման վրա կարող է անցկացվել արտահերթ ատեստավորում:

2) Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքում կատարվող լրացմամբ նշվում է, որ Ազգային անվտանգության մարմինների ղեկավարների հիմնավորված զեկուցագրերի հիման վրա պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ կարող է անցկացվել նաեւ արտահերթ ատեստավորում: Սակայն՝ Նախագծում թվարկված չեն այն դեպքերի շրջանակը, որոնց պարագայում կարող է կիրառվել այս ինստիտուտը եւ այն անցկացնելու ժամկետները:

Նշվածի կապակցությամբ անդրադառնանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքին, որի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Օլսսոն ընդդեմ Շվեդիայի թիվ 10465/83 գործով 24.03.1988 թվականին կայացված վճռի 61-րդ կետը):

Օրենքի բավարար հստակությամբ ձեւակերպված լինելու պահանջն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է վերջինիս որոշակիության եւ կանխատեսելիության ապահովմանը: Այլ կերպ ասած, միայն տվյալ պահանջների պահպանման արդյունքում համապատասխան սուբյեկտը սահմանված նորմի հետ հնարավորություն կունենա համադրելու իր վարքագիծը:

Այսպես՝ արտահերթ ատեստավորման ինստիտուտը ներդնելիս, կարծում ենք, որ Նախագծում որոշակի կարգավորումներ պետք է սահմանվել այն կիրառելու հիմքերի, ժամկետների առնչությամբ՝ ապահովելով ընթացակարգի կանխատեսելիությունը: Միաժամանակ՝ Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքի 28-րդ հոդվածում լրացվող 4.1-ին մասի լրացման հետեւյալ հատվածից՝ իսկ առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով՝ նաեւ մինչեւ սույն հոդվածի 4-րդ մասի 1-ի կետով սահմանված ժամկետի ավարտը (վերաբերում է տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ծառայողներին) անհասկանալի է՝ արդյոք մեկ տարուց պակաս ժամկետով պաշտոնը զբաղեցնող ծառայողները կարող են ատեստավորվել ընդհանուր 5 տարվա ժամկետից ավելի վաղ ժամկետում եւ արդյոք այն արտահերթ ատեստավորման դեպք է, թե՝ ոչ:

Վերոգրյալի հաշվառմամբ առաջարկում ենք հստակեցնել վերը քննարկված հարցերը՝ ապահովելով կարգավորման համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ բացառելով իրավական շփոթի հնարավոր ռիսկը:

3. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված է՝ 

« Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասից «` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո» բառերը հանել,»: 

Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ եւ միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:»:

Նշենք, որ ստաժը, իբրեւ կարիերային առաջընթացի ապահովման չափորոշիչ, դրված է հանրային ծառայության, այդ թվում՝ զինվորական ծառայության հիմքում: Սակայն մեջբերված փոփոխության արդյունքում ստացվում է, որ միայն ազգային անվտանգությունում ծառայության պարագայում, ի տարբերություն զինվորական ծառայության այլ դեպքերի, ստաժն առաջխաղացման պարտադիր պայման չի դիտարկվում՝ առանց այդ տարանջատումը սահմանելու առնչությամբ ողջամիտ հիմնավորման: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք պատճառաբանել քննարկվող մոտեցումը՝ մատնանշելով զինվորական ծառայության այլ դեպքերի հետ համեմատության համատեքստում տարբերակված մոտեցում նախատեսելու օբյեկտիվ հիմքը:

4. Նախագծի 17-րդ հոդվածում սահմանվում է հետեւյալը՝ «Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «պաշտպանությունը եւ» բառերը:»: Համապատասխան փոփոխության նպատակը Օրենքի եզրույթները «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի եզրույթներին համապատասխանեցնելն է: Սակայն Օրենքի 32-րդ հոդվածում գործածված «սոցիալական պաշտպանությունը» հասկացության առնչությամբ Նախագծում փոփոխություն սահմանված չէ, ինչր, կարծում ենք, որ վերանայման կարիք ունի:

Դիտարկման տրամաբանության հաշվառմամբ առաջարկում ենք վերանայել նաեւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով կատարվող փոփոխությունը՝ «սոցիալական պաշտպանություն» բառերը՝ իր հոլովաձեւերով փոխարինելով «սոցիալական ապահովություն» բառերով՝ իր հոլովաձեւերով «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի ողջ տեքստում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 

Միաժամանակ՝ հաշվի առնելով Նախագծերի փաթեթի անհետաձգելի համարվելու հանգամանքը, ինչպես նաեւ ժամանակի եւ ռեսուրսների սղության գործոնները՝ նշենք, որ բացակայել է այն համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր առաջարկությունների, դիտողությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

23.11.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

23.11.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է բարձրացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթասպայական եւ սպայական կազմերի զինծառայողների սահմանային տարիքի շեմը՝ 2 տարով, ազգային անվտանգության մարմիններում ծառայության ժամկետը մինչեւ 10 տարով երկարաձգելու հնարավորությունը նախատեսել նաեւ ազգային անվտանգության մարմիններում բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար, Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կարգապահական պատասխանատվության հարցերին վերաբերող դրույթները համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի պահանջներին, կադրերի տրամադրության տակ թողնելու հիմքերում առաջարկվում է լրացնել նաեւ ծառայողին, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, պաշտոնից ազատելու դեպքը: Բացի այդ, առաջարկվում է նաեւ սահմանել սպաների եւ ենթասպաների պարտադիր ատեստավորման միեւնույն պարբերականություն՝ 5 տարին մեկ անգամ, սահմանել արտահերթ ատեստավորման անցկացման հնարավորություն՝ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ղեկավարների հիմնավորված զեկուցագրերի հիման վրա՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ, ինչպես նաեւ լուծել համապատասխան օրենքների գործողության ընթացքում ի հայտ եկած մի շարք օրենսդրական այլ խնդիրներ:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

09.11.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Ներկայումս «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում կիրառվող մի շարք հասկացություններ այլեւս արդիական չեն, եւ չեն համապատասխանում ՀՀ գործող օրենսդրությամբ ամրագրված ձեւակերպումներին, մասնավորապես, խոսքը ՀՀ աշխատանքային, ինչպես նաեւ զինվորական ծառայությունը կանոնակարգող օրենսդրությամբ կիրառվող ձեւակերպումների մասին է:

Ներկայացված Նախագծերի փաթեթի նպատակն է վերացնել ստեղծված անհամապատասխանությունները եւ Նախագծերի փաթեթում ընդգրկված օրենքներում տեղ գտած ներքին հակասությունները:

Նախագծերի փաթեթով, մասնվորապես, առաջարկվում է՝
 

  • ազգային անվտանգության մարմիններում ծառայության ժամկետը մինչեւ 10 տարով երկարաձգելու հնարավորություն նախատեսել բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար,
  • 2 տարով բարձրացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթասպայական եւ սպայական կազմերի զինծառայողների սահմանային տարիքի շեմը (նախկին 50-ի փոխարեն՝ 52,  55-ի փոխարեն՝ 57),
  •  Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կարգապահական պատասխանատվության հարցերին վերաբերող դրույթները համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի պահանջներին,
  • սահմանել սպաների եւ ենթասպաների պարտադիր ատեստավորման միեւնույն պարբերականություն՝ 5 տարին մեկ անգամ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

21.11.2022թ.