ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-422-04.11.2022-ԳԿ-011/0) եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4221 -04.11.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-422-04.11.2022-ԳԿ-011/0) եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4221 -04.11.2022-ԳԿ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
23.11.2022թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրում երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի վերնագրի երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերին: 2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «11-ի.» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «11-ի» ձեւակերպմամբ: 3. Նախագծի 2-րդ հոդվածով «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացվող նոր՝ 1.1-ին հոդվածի համարը հոդվածի վերնագրի տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 35.1-ին հոդվածին: 4. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 1.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված «պատմամշակութային օբյեկտ» հասկացությունը բացահայտված է հետեւյալ կերպ՝ «պատմամշակութային օբյեկտ - նոր հայտնաբերված եւ պետական հաշվառման վերցված օբյեկտ, որը դեռեւս չի ստացել նորահայտ հուշարձանի կարգավիճակ,»: Նշված իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից, մասնավորապես հասկանալի չէ՝ պատմամշակութային օբյեկտի պետական հաշվառումը: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 3-րդ գլխում սահմանված են հուշարձանների պետական հաշվառման կարգի վերաբերյալ իրավակարգավորումներ, մինչդեռ պատմամշակութային օբյեկտի պետական հաշվառման վերաբերյալ իրավակարգավորումներն Օրենքում բացակայում են: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 1.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված «պատմամշակութային օբյեկտ» հասկացությունն իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից: 5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 1.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված է «նորահայտ հուշարձան» հասկացությունը, որի համաձայն՝ «3) նորահայտ հուշարձան մինչեւ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանվող պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող որոշակի կարգավիճակ ստացած նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտ:»: Հարկ է նկատել, որ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է՝ «Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ եւ պահպանվում է մինչեւ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով:»: Հիմք ընդունելով վերը մեջբերված երկու իրավակարգավորումները՝ կարող ենք նշել, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 1.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում եւ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է միեւնույն իրավադրույթը: Ուստի առաջարկում ենք Օրենքում բացառել անհիմն կրկնությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջից, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»: 6. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 1.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում սահմանված է «հուշարձանի տարածք» հասկացությունը, որի համաձայն՝ «4) հուշարձանի տարածք - հուշարձանի տարածքը իր զբաղեցրած եւ պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված եւ սահմանված կարգով առանձնացված հողատարածքն է,»: Հարկ է նկատել, որ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է նույնական իրավադրույթ, որի համաձայն՝ «Հուշարձանի տարածքը իր զբաղեցրած եւ պատմականորեն ու գործնական առումով դրա հետ կապված եւ սահմանված կարգով առանձնացված հողատարածքն է:»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը՝ առաջարկում ենք Օրենքում բացառել անհիմն կրկնությունը: 7. Հարկ ենք համարում նշել, որ Նախագծում կիրառվում են «լանդշաֆտ (տեղանքապատկեր)», «տեղանքապատկերներ (լանդշաֆտ)» եւ «լանդշաֆտ» հասկացությունները, առաջարկում ենք Նախագծում ապահովել եզրույթների միատեսակ կիրառությունը՝ համապատասխանեցնելով Օրենքում կիրառված հասկացությանը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավադրույթից, այն է՝ « Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 8. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 1.1-ին հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում սահմանված է «հնագիտական հետախուզում» հասկացությունը, որի համաձայն՝ «հնագիտական հետախուզում - որոշակի տարածքների համալիր հետազոտություն հնագիտական օբյեկտների հայտնաբերման, քարտեզագրման, նկարագրության նպատակով, վերգետնյա նկատվող կառույցների կամ այլ բաղկացուցիչների տարբեր մեթոդներով վավերագրում կամ փոքրածավալ ստուգողական պեղումների իրականացում,»: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքում բացակայում են հնագիտական հետախուզման վերաբերյալ իրավակարգավորումներ: Իսկ եթե «հնագիտական հետախուզում» եզրույթը նույնանում է Օրենքում կիրառվող «հուշարձանների հետախուզում» հասկացության հետ, ապա նախ՝ առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը: Բացի այդ, Օրենքի 24-րդ հոդվածում նախատեսված են հուշարձանների հետախուզման կատարման նպատակների ավելի լայն շրջանակ: Մասնավորապես՝ Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ «Հուշարձանների հետախուզում եւ հնագիտական պեղումներ կատարվում են` ա) պատմության, հնագիտության, ճարտարապետության եւ արվեստի պատմության, ազգագրության եւ այլ բնագավառներում` գիտության զարգացման նպատակով. բ) հուշարձանների կամ դրանց պահպանության գոտիների տարածքներում գյուղատնտեսական, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում հուշարձանները ուսումնասիրելու, վավերագրելու, պահպանելու, իսկ բացառիկ դեպքերում` տեղափոխելու նպատակով. գ) հուշարձանների ամրակայման, վերականգնման եւ դրանց տարածքի բարեկարգման նախագծեր կազմելու եւ իրականացնելու նպատակով:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 1.1-ին հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում սահմանված հասկացությունը քննարկվող հատվածով: 9. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 1.1-ին հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում սահմանված է «հուշարձանների պետական կադաստր» հասկացությունը, որի համաձայն՝ «հուշարձանների պետական կադաստր - պետական տեղեկատվական համակարգ, որը պարունակում է տեղեկություններ հուշարձանների եւ դրանց տարածքների, պահպանական գոտիների եւ դրանցում առկա հողատեսքերի, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի, բնապատմական եւ պատմամշակութային արգելոցների, պետական հաշվառման փաստաթղթերի եւ վավերագրերի մասին,»: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 9-րդ հոդվածի «ը» կետում Լիազորված մարմնի իրավասությունների շարքում նշված է՝ « Լիազորված մարմինը` (...) ը) վարում է հուշարձանների պետական հաշվառումը (կադաստրը).»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք քննարկվող երկու հասկացությունների նույնանալու դեպքում կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ, իսկ եթե դրանք ենթադրում են տարբեր հասկացություններ, ապա իրավական շփոթից խուսափելու նպատակով սահմանել միմյանցից ակնհայտ տարբերվող հասկացություններ: 10. Նախագծում եւ Օրենքում կիրառվում են «լիազորված մարմին», «լիազոր մարմին», «հուշարձանների պահպանության եւ օգտագործման բնագավառի լիազոր մարմին» հասկացությունները: Եզրույթների միատեսակ կիրառության ապահովման նպատակով անհրաժեշտ է միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծում եւ Օրենքում վերանայել «լիազոր մարմին» եզրույթի կիրառությունը: 11. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 35.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բնագավառի լիազոր մարմինը՝ ( ) 2) հուշարձանի սեփականատիրոջ կամ օգտագործողի փոփոխության մասին տեղեկությունը տրամադրում է հուշարձանների պահպանության եւ օգտագործման բնագավառի լիազոր մարմնին:»: Վերոնշյալ իրավակարգավորմամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բնագավառի լիազոր մարմնի համար սահմանվում է հուշարձանի սեփականատիրոջ կամ օգտագործողի փոփոխության դեպքերում լիազոր մարմնին այդ մասին տեղեկության տրամադրման պարտականություն: Հարկ է նկատել, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում սահմանված է նշված օրենքի գործողության ոլորտը, որի համաձայն՝ «Սույն օրենքով սահմանվում են գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների (այսուհետ` սահմանափակումներ) պետական գրանցման, գույքի, դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, գրանցում իրականացնող մարմնի իրավունքների եւ պարտականությունների իրավական հիմքերը, գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման վարույթի առանձնահատկությունները:»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գրանցում իրականացնող մարմնի իրավունքների եւ պարտականությունների իրավական հիմքերը սահմանվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում, կարծում ենք՝ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 35.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նախատեսված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բնագավառի լիազոր մարմնի պարտականությունը եւս անհրաժեշտ է սահմանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում: 12. Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 13. Նախագծի 7-րդ հոդվածում առաջարկում ենք անցումային դրույթներով նախատեսել նաեւ օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահից՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.»: 14. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում է նոր՝ 3.1-ին կետ, որի համաձայն՝ «3.1) Պետական գրանցման օբյեկտը հուշարձան հանդիսանալու մասին տեղեկությունը գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բնագավառի լիազոր մարմինը ներառում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում.»: Հարկ ենք համարում նշել, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 13-րդ հոդվածում նախատեսված է գրանցման մատյանի եւ դրա վարման կարգի վերաբերյալ իրավակարգավորումներ, որի 1-ին մասում սահմանված է գրանցման մատյանում գրառվող անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկությունների համախմբերը: Մինչդեռ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 3.1-ին կետը սահմանում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում որոշակի տեղեկության ներառման վերաբերյալ իրավադրույթ: Պետական գրանցման վկայականում նշվող տեղեկությունները սահմանված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասում: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված լրացումը: 15. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 3.1-ին կետում կիրառվում է «գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բնագավառի լիազոր մարմինը» եզրույթը: Առաջարկում ենք վերոնշյալ եզրույթը համապատասխանեցնել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում կիրառված հասկացություններին՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 22.11.2022թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 22.11.2022թ.
Նախագծերի փաթեթն (այսուհետ՝ Փաթեթ) ուղղված է պատմության եւ մշակույթի հուշարձանների բնագավառը կարգավորող իրավական դաշտի կանոնակարգմանը, ինչպես նաեւ իրականացվող մշակութային գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը եւ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտում միասնական պետական քաղաքականության մշակմանը: Այդ նպատակով առաջարկվում է սահմանել պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը եւ օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման եւ նորահայտ հուշարձանը պետական ցուցակում ընդգրկելու կարգը: Փաթեթով նախատեսվում է նաեւ ներդնել բնագավառում առկա խնդիրների համապարփակ լուծման մեխանիզմներ: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 09.11.2022թ. Սոցիալական փորձաքննության արդյունքները 1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Պատմության եւ մշակութային անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարել: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ «Պատմության եւ մշակութային անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 1998 թվականին, որից հետո ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը եւ օգտագործմանը: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել են մի շարք կոնվենցիաներ, մասնավորապես՝ «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանության մասին» եւ «Հնագիտական ժառանգության պահպանության մասին» եվրոպական կոնվենցիաները: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Օրենքը համապատասխանեցնել վերջիններիս պահանջներին եւ չափանիշներին: Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ - սահմանել պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը եւ օգտագործմանը վերաբերող հասկացությունները, - սահմանել հուշարձանների հաշվառման, նորահայտ հուշարձան պետական ցուցակում ընդգրկելու կարգը, - հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանական գոտու տարածքում գտնվելու մասին տեղեկությունը ներառել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգել բնագավառի իրավական դաշտը, նպաստել պատմության եւ մշակույթի հուշարձանների բնագավառում իրականացվող մշակութային գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը: 2. Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 22.11.2022թ.
|