ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-423-04.11.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-423-04.11.2022-ՊԻ-011/0)(այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
22.11.2022թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը շարադրել «վերաբերյալ» բառից հետո՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաջորդականությամբ, այն է. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «96.1-րդ» ձեւակերպումը փոխարինել «96.1-ին» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով: 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 96.1-ին հոդվածի «վերնագրում եւ հոդվածում «տեխնիկական կանոնակարգերը» բառերից հետո համապատասխան հոլովաձեւերով լրացնել «կամ տեխնիկական անվտանգության կանոնները» բառերը»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 96.1-ին հոդվածի վերնագրում եւ հոդվածում «կամ տեխնիկական անվտանգության կանոնները» բառերը լրացվում են առանց որեւէ փոփոխության ենթարկվելու՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «համապատասխան հոլովաձեւերով» բառերը: 3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 96.1-ին հոդվածում «տեխնիկական կանոնակարգերը» բառերից հետո լրացնել «կամ տեխնիկական անվտանգության կանոնները» բառերը: Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 188-րդ հոդվածում «Տեխնիկական կանոնակարգերով,» բառերից հետո լրացնել «տեխնիկական անվտանգության ոլորտում այլ նորմատիվ իրավական ակտերով,» բառերը: Հարկ է նշել, որ Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով կատարվող լրացումները Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ (այսուհետ՝ Հիմնավորում) պատճառաբանվում են նրանով, որ «տեխնիկական կանոնակարգ» եզրույթը բավականաչափ լայն չէ, որպեսզի իր մեջ ընդգրկի «տեխնիկական անվտանգության պահանջներ» եզրույթի մաս հանդիսացող «տեխնիկական անվտանգության կանոններ» եզրույթը: Դրանից բխում է, որ Նախագծով կատարվող լրացումների նպատակն է սահմանել վարչական պատասխանատվություն տեխնիկական անվտանգության ավելի մեծ թվով պահանջների խախտման համար: Նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացմամբ, սակայն, Հիմնավորմամբ նշված նպատակն ամբողջությամբ չի իրագործվում: Այսպես՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Տեխնիկական անվտանգության պահանջները տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ, ինչպես նաեւ տեխնիկական հրահանգներով եւ անձնագրերով արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ սահմանված նորմերի, կանոնների, պայմանների, արգելքների, սահմանափակումների եւ կատարման համար պարտադիր այլ պահանջների ամբողջությունն է»: Նշենք, որ նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությունը ներառում է սույն օրենքը, տեխնիկական անվտանգության ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, տեխնիկական անվտանգության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտեր, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները եւ հրահանգները:»: Վերոգրյալից բխում է, որ «տեխնիկական անվտանգության պահանջներ» եզրույթն իր մեջ ներառում է եւ՛ «տեխնիկական կանոնակարգ», եւ՛ «տեխնիկական անվտանգության կանոններ» եզրույթները: Հեեւտաբար, հիմք ընդունելով Հիմնավորմամբ նշված նպատակը, կարծում ենք՝ առավել արդյունավետ կլինի Օրենսգրքի 96.1-ին եւ 188-րդ հոդվածներում նշված «տեխնիկական կանոնակարգ» եզրույթը փոխարինել «տեխնիկական անվտանգության պահանջներ» եզրույթով: Նշված առաջարկությունն ամրապնդվում է նաեւ այն փաստով, որ, տեխնիկական անվտանգության պահանջներ կարող են նախատեսվել ոչ միայն տեխնիկական անվտանգության կանոններով, այլեւ տեխնիկական անվտանգության նորմերով եւ հրահանգներով (հիմք՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաս): Միաժամանակ, հիմք ընդունելով Նախագծի 3-րդ հոդվածում կատարվող փոփոխության բնույթը, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում «թիվը» բառից հետո լրացնել «եւ կետադրական նշանը» բառերը: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 21.11.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 21.11.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է հստակեցնել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) կողմից իրականացվող վերահսկողության շրջանակը՝ հնարավորություն տալով վերահսկողություն իրականացնել նաեւ տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական անվտանգության նորմերով, կանոններով եւ հրահանգներով սահմանված դեպքերում եւ կարգով: Միաժամանակ, ՇՎՏՄ կողմից օրենսդրությամբ սահմանված վերահսկողության արդյունավետությունը եւ գործառույթների որոշակիությունը ապահովելու նպատակով, Նախագծով նախատեսվում է շտկել ՇՎՏՄ վերապահված վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը՝ մտավոր սեփականության ոլորտում, որը, ըստ էության, ՇՎՏՄ վերահսկողության ոլորտներից դուրս է մնացել: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 11.11.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն եւ լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք): Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետ՝ ԱԱՏՄ) վերահսկողություն է իրականացնում՝ «Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու», «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման եւ հարստացման անվտանգության» եւ «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման» տեխնիկական անվտանգության կանոններով» սահմանված պահանջների նկատմամբ: Միաժամանակ ԱԱՏՄ-ն եւ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ ՇՎՏՄ), Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ միասին վերահսկողություն են իրականացնում ավտոգազալցակայանների կառուցման եւ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնների նկատմամբ: Մինչդեռ, Օրենսգրքով տուգանքներ նախատեսված են աշխատանքի առողջ եւ անվտանգ կատարման պահանջներ սահմանող «տեխնիկական կանոնակարգերը» խախտելու համար, այլ ոչ թե «տեխնիկական անվտանգության կանոնները» խախտելու համար: Նշենք նաեւ, որ գործող իրավակարգավորումների համաձայն՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի նկատմամբ ՇՎՏՄ-ն վերահսկողական գործառույթներ կարող է իրականացնել միայն, եթե այդ պահանջները սահմանված են տեխնիկական կանոնակարգերով:
Այսպիսով, գործող իրավակարգավորումների համաձայն՝ Կանոնները չեն հանդիսանում տեխնիկական կանոնակարգ, հետեւաբար, ԱԱՏՄ-ն եւ ՇՎՏՄ-ն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու լիազորությամբ օժտված չեն: ՈՒստի եւ անհրաժեշտություն է առաջացել Օրենսգրքում կատարել համապատասխան լրացում, որի միջոցով կապահովվեն ԱԱՏՄ եւ ՇՎՏՄ կողմից իրականացվող վերահսկողության համար անհրաժեշտ իրավական հիմքերը: Բացի վերոնշյալից, ՇՎՏՄ կողմից օրենսդրությամբ սահմանված վերահսկողության արդյունավետությունը եւ գործառույթների որոշակիությունը ապահովելու նպատակով, Նախագծով նախատեսվում է շտկել ՇՎՏՄ վերապահված վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը մտավոր սեփականության ոլորտում:: Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի ԱԱՏՄ եւ ՇՎՏՄ կողմից իրականացվող վերահսկողության շրջանակը՝ հնարավորություն տալով վերահսկողություն իրականացնել նաեւ տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական անվտանգության նորմերով, կանոններով եւ հրահանգներով սահմանված դեպքերում եւ կարգով, ինչպես նաեւ կշտկվի (կհանվի) ՇՎՏՄ-ին վերապահված վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը մտավոր սեփականության ոլորտում, որն ըստ էության ՇՎՏՄ վերահսկողության ոլորտներից դուրս է: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 21.11.2022թ.
|