ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-431-17.11.2022-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-431-17.11.2022-ԱՍ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

01.12.2022թ.  







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վերանայել որոշ պաշտոնատար անձանց համար օրենքով սահմանված հավելումների չափերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 75000 դրամ, իսկ այդ աշխատավարձի բարձրացման արդյունքում օրենքով սահմանված կարգով պետք է բարձրանա նաեւ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը, որը կկազմի 83200 դրամ: Բազային աշխատավարձը 83200 դրամ սահմանելու պարագայում առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերը նորից կբարձրանան, եւ աշխատավարձերի խզվածքը ավելի կմեծանա:

Այս կապակցությամբ Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումը եւ հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով: Ընդ որում, հավելումների առաջարկվող չափով պահպանվում է ներկայում միջին հաշվով վճարվող աշխատավարձի ընդհանուր չափը՝ պաշտոնային դրույքաչափ, հավելում կամ հավելավճար եւ ամսական պարգեւատրում աշխատավարձի 30 տոկոսի չափով: Հավելումների նվազեցման արդյունքում ամսական աշխատավարձի ընդհանուր չափը, որպես կանոն, մնում է նույնը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

22.11.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում (այսուհետ նաեւ՝ Օրենք):

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բազային աշխատավարձը 83200 ՀՀ դրամ սահմանվելու դեպքում որոշ պաշտոնյաների աշխատավարձերը նորից կբարձրանան, ինչի հետեւանքով վերջիններիս եւ հանրային պաշտոն զբաղեցնող այլ  անձանց աշխատավարձերի խզվածքը կմեծանա: 

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-152-Ն օրենքով որպես հավելում վճարելու հիմք սահմանվեց առանձնակի ռիսկայնության, ինչպես նաեւ հատուկ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնելու հանգամանքը եւ հիշյալ պայմանի համար հակակոռուպցիոն կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) ինքնավար պաշտոն զբաղեցնողների եւ Կոմիտեի ծառայողների համար սահմանվեց 100 տոկոսի չափով հավելում:

Կոմիտեի նախագահի հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված է 14.50 գործակից, իսկ Կոմիտեի նախագահի տեղակալի համար՝ 14.00 գործակից: Կոմիտեի նախագահի պարագայում հիմնական աշխատավարձը ներկայումս կազմում է 959030 դրամ (բազային աշխատավարձը՝ 66140 դրամ), նույն չափով էլ հավելում: Բացի այդ, Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսված է նաեւ հավելավճար՝ Կոմիտեում, քննչական կոմիտեում եւ (կամ) հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար՝ երկու տոկոսի չափով եւ դասային աստիճանի համար: Հավելավճարի գումարային չափը կարող է կազմել մինչեւ 30 տոկոս: 

Նշվածից բխում է, որ վերը հիշատակված խմբի անձանց, հիմնական աշխատավարձից բացի վճարվում է նաեւ լրացուցիչ աշխատավարձ, որը կարող է լինել պաշտոնային դրույքաչափի մինչեւ 130 տոկոսի չափով, մինչդեռ օրենքով հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց (բացառությամբ զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց) լրացուցիչ աշխատավարձի առավելագույն չափ է սահմանված պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը: 

Հավելումներ նախատեսվեցին նաեւ 2021 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-337-Ն օրենքով հակակոռուպցիոն դատարանի դատավորների, ինչպես նաեւ որոշ այլ դատավորների համար, իսկ 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-264-Ն օրենքով էլ՝ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի համար սահմանվեց հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով: 

Վերոնշյալից զատ, հարկ ենք համարում նշել, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75 000 դրամ: Նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում օրենքով սահմանված կարգով պետք է բարձրանա նաեւ Օրենքով սահմանված բազային աշխատավարձը, որը կկազմի 83200 դրամ, որի արդյունքում վերոնշյալ համապատասխան պաշտոնյաների աշխատավարձը կրկին կբարձրանա՝ հանգեցնելով վերջիններիս եւ հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց աշխատավարձերի խզվածքի ավելացման:

Այսպիսով, Նախագծի ընդունման արդյունքում առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումը եւ հավելավճարը բազային աշխատավարձի բարձրացման չափով կնվազեցվի՝ դրանով իսկ ապահովելով հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրականացումը, որով կվերականգնվի Oրենքով սահմանված սկզբունքների վրա հիմնված վարձատրության համակարգի ներքին կառուցվածքը, ինչպես նաեւ Աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների ապահովման սկզբունքը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Լ. Մարկոսյան (հեռ.՝ 011 513-235,  ներք. 1618),

28.11.2022թ.