ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-429-17.11.2022-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4291 -17.11.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ
Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
02.12.2022թ.
Նախագծերի փաթեթի` օրենքի պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում նախատեսված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 52-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 6-րդ կետով, ինչի արդյունքում Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի վերջում դրված «:» կետադրական նշանն անհրաժեշտ է փոխարինել «.» կետադրական նշանով: 2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 156-րդ հոդվածը լրացնել 4.1-ին մասով, որի հետեւյալ հատվածը՝ «Ֆիզիկական անձինք սույն մասով սահմանված՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնում հետեւյալ ժամկետներում.», վերախմբագրման կարիք ունի մտքի կապակցվածությունն ապահովելու նպատակով: 3. Նախագծում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծում առաջարկում ենք բացառել հապավումների կիրառման դեպքերը (օրինակ՝ ՀՀ)՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»: 4. Նախագծում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծում առաջարկում ենք օրենքների կրճատ անվանումների հիշատակումը համապատասխանեցնել (օրինակ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք ձեւակերպումից հանել «ՀՀ» հապավումը) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: 5. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 156-րդ հոդվածում լրացվող 4.1-ին մասում այդ մասին հղում կատարիս կիրառվում է «սույն պարբերության» ձեւակերպումը, ինչը, կարծում ենք՝ վերանայման կարիք ունի: 6. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենսգրքի 158-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասում «147.1-րդ» գրելաձեւն առաջարկում ենք փոխարինել «147.1-ին» գրելաձեւով՝ հաշվի առնելով դասական թվականների հիշատակման կանոնը: 7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենսգիրք)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել, քանի որ առաջին իսկ կիրառումից հետո սահմանված կրճատ տարբերակն այդ նախագծում չի գործածվում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: Միաժամանակ՝ նշենք, որ Նախագծերի փաթեթն անհետաձգելի համարվելու հետեւանքով վերջինս փորձաքննության է ենթարկվել իրավական տեխնիկայի տեսանկյունից՝ բացակայել է ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը՝ ժամանակի սղության եւ ռեսուրսների բացակայության գործոններով պայմանավորված: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248) 01.12.2022թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248) 01.12.2022թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով, ըստ դրա հիմնավորման, առաջարկվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ՝ զուգահեռաբար ներդնելով միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» կամ «սոցիալական ծախսերի» համակարգը: Ընդ որում, նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա, օրինակ՝ հարկային գործակալի կողմից հաշվարկված եկամուտների եւ վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Հայտարարագիրը պետք է ներկայացվի մինչեւ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը, իսկ հայտարարագրման համակարգն էլ առաջարկվում է ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 եւ 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի: Ինչ վերաբերում է ?ոցիալական ծախսերին, ապա որպես այդպիսիք առաջարկվում է սահմանել, որ սոցիալական ծախսեր են համարվում հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ իր եւ իր ընտանիքի անդամների համար՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահության, կրթության եւ բնակարանային ապահովության գծով ծախսերը: Ընդ որում, սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը եւ փոխհատուցման առավելագույն չափերը պետք է սահմանի Կառավարությունը: Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ՝ 1) հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի սոցիալական ծախսերը Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եւ (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարից փոխհատուցվում (վերադարձվում) են Կառավարության սահմանած կարգով, 2) սոցիալական ծախսերից չեն կարողանալու օգտվել այն հայտարարատուները, ովքեր տարվա ընթացքում եկամտային հարկ չեն վճարել (այդ թվում՝ հարկային գործակալի միջոցով), 3) սոցիալական ծախսերի փոխհատուցումից չեն կարող օգտվել Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտված ֆիզիկական անձինք: Նախագծով առաջարկվում է սահմանել մի շարք այլ կարգավորումներ, որոնք ուղղված են հայտարարագրման համակարգի կիրառությունը պարզեցնելուն եւ արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաեւ սահմանված պարտավորությունները ժամանակին չկատարելու համար վարչական պատասխանատվություն սահմանելուն: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 1. Նախագծերի փաթեթով առաջարկվող եկամուտների հայտարարագրման համակարգը, ըստ էության, չի կարող լուծել ֆիզիկական անձանց եկամուտների հարկման խնդիրներ՝ ստվերային եկամուտների բացահայտման եւ հարկման իմաստով, քանի որ այս փաթեթով պահանջվում է ներկայացնել միայն եկամտային հարկի տարեկան հաշվարկներ, որոնցում արտացոլված պետք է լինեն ստացված եկամուտները եւ վճարված եկամտային հարկի գումարները: Խնդիրը կայանում է նրանում, որ վճարված եկամտային հարկի գումարների մասին տեղեկատվությունն իրենից որեւէ «հարկային արժեք» չի ներկայացնում, եթե այն հնարավոր չի լինում համեմատել տվյալ հարկատուի ունեցած գույքի արժեքի եւ նրա կողմից կատարված ծախսերի հետ: Մյուս կողմից, Նախագծերի փաթեթը չի սահմանում այն կարգավորումները, որոնց միջոցով պետք է ինքնուրույն հարկային հաշվարկներ ներկայացնեն եւ եկամտային հարկ վճարեն ՀՀ այն ռեզիդենտ ֆիզիկական անձինք, որոնք չեն հանդիսանում վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր կամ նոտար, խոշոր բաժնետեր եւ հարկային մարմնին որեւէ կերպ հայտնի դարձաց ֆիզիկական անձ (օրինակ՝ անշարժ կամ շարժական գույք ունեցող եւ առանց գրավոր պայմանագրի վարձակալությամբ տված ֆիզիկական անձը եւ այլն): Այսինքն, այս պարագայում խոսքը չի կարող գնալ համատարած հայտարարագրման համակարգի մասին, քանի որ դրանից դուրս են մնում հենց այն կատեգորիայի ֆիզիկական անձինք, որոնցով հարկային մարմիններն ավելի շատ պետք է հետաքրքրված լինեն (թեեւ, մյուս կողմից, համատարած հայտարարագրման դեպքում անխուսափելիորեն պետք է սահմանվի նաեւ տարեկան եկամուտների այն շեմը, որից ցածր եկամուտ ունեցողները չպետք է ներկայացնեն հայտարարագիր՝ անիմաստ եւ համեմատաբար թանկարժեք հարկային վարչարարությունից խուսափելու նպատակով): Բացի այդ, եթե Նախագծերի տվյալ փաթեթով կարգավորվում են միայն այն հարաբերությունները, որոնք կապված են ինքնաշխատ եղանակով լրացված՝ ֆիզիկական անձի կողմից ստացված եկամուտների դիմաց վճարված եկամտային հարկի գումարի չափը իր ստորագրությամբ (կամ էլեկտրոնային եղանակով) հաստատելու հետ, ապա տվյալ դեպքում խոսքը չի կարող գնալ նաեւ որպես այդպիսին՝ եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման մասին, քանի որ այս համակարգի միջոցով ֆիզիկական անձի կողմից ընդամենը հաստատվում են այն եկամուտները, որոնք արդեն իսկ հայտնի են հարկային մարմնին: Տվյալ խնդրի լուծման, այն է՝ եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման նպատակով, մեր կարծիքով, անհրաժեշտ է ներդնել նաեւ ֆիզիկական անձանց գույքի եւ տարեկան ծախսերի հայտարարագրման պահանջ, առանց որոնց հայտարարգրման համակարգը չի կարող լինել լիարժեք եւ արդյունավետ, հետեւաբար, Նախագծերի սույն փաթեթի իմաստով եւ գործնականում խոսքը գնում է ոչ թե ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարգրման համակարգի, այլ գլխավորապես եկամտային հարկ վճարող եւ հարկային մարմիններին արդեն հայտնի ֆիզիկական անձանց կողմից իրենց հարկային գործակալների ներկայացրած հարկային հաշվարկները պաշտոնապես հաստատելու համակարգի ներդրման մասին: 2. Ըստ էության, հարկային վարչարարության եւ ստվերային եկամուտների բացահայտման խնդիր չլուծելով (ինչը հենց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի հիմնական խնդիրն է), մյուս կողմից՝ Նախագծերի փաթեթով առաջարկվող՝ փաստացի եկամտային հարկի հաշվարկների հաստատման համակարգը կոնկրետ ռիսկեր է ստեղծում ֆիզիկական անձանց համար՝ այդ ֆորմալ հաստատումը չկատարելու պարագայում ոչ միայն սահմանվող սոցիալական երաշխիքներից օգտվելու հնարավորությունից զրկվելու, այլեւ արդեն իսկ ստացած սոցիալական երաշխիքները «հետ վերադարձնելու» առումով: Մասնավորապես, Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 5-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել, որ անկախ պատճառներից, սահմանված կարգով եւ ժամկետներում ֆիզիկական անձի կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) չներկայացնելու դեպքում Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները (կամ այլ կերպ ասած՝ բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարները) ենթակա են հետ վերադարձման պետական բյուջե: Ընդ որում, անհասկանալի է մնում նաեւ, թե այս տրամաբանության շրջանակներում ինչու՞ է խոսքը գնում միայն հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների մասին, եթե նույն իմաստով ֆիզիկական անձանց, Հարկային օրենսգրքի 160.1-րդ հոդվածով սահմանված կարգով, եկամտային հարկից գումարներ են վերադարձվում են նաեւ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով (ըստ ներդրված տրամաբանության, պետք է պետական բյուջե վերադարձվեր նաեւ այդ գումարները): Այս կապակցությամբ հարկ է արձանագրել նաեւ հետեւյալը. ա) հարկային հաշվարկների չհաստատումը կարող ունենալ նաեւ հարգելի պատճառներ, որի պարագայում, բնականաբար, ֆիզիկական անձը չպետք է ենթարկվի տուգանային սանկցիաների, առավել եւս, որ առաջարկվող այս համակարգի դեպքում ֆիզիկական անձի կողմից հարկային հաշվարկների հաստատումը զուտ ֆորմալ բնույթ ունի, իսկ այդ ֆորմալ հաստատումը չկատարելու կամ ժամանակին չկատարելու համար նախատեսվող տուգանքի չափը (ըստ առանձին կատեգորիաների՝ 20-300.000 դրամը), կարծում ենք, համաչափ չէ նկարագրված իրավախախմանը, բ) Նախագծերի փաթեթը որեւէ կերպ չի հստակեցնում թե ի՞նչ կարգով, ի՞նչ ժամկետներում եւ ի՞նչ համամասնություններով պետք է կատարվի հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների հետ վերադարձման գործընթացը, ինչպես նաեւ պատասխանատվության այն միջոցները, որոնք պետք է կիրառվեն այդ գումարները հետ չվերադարձնելու դեպքում: Այս առումով, Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող կարգավորումները, կարծում ենք, վերաիմաստավորման, հստակեցման եւ լրամշակման կարիք ունեն: 3. Նախագծերի փաթեթի կարգավորումներից բաց է մնում նաեւ այն հարցը, թե ո՞վ պետք է պատասխանատվություն կրի հարկային հաշվարկների (հայտարարագրման) համար անհրաժեշտ տվյալները հարկային մարմնին սահմանված ժամկետներում չտրամադրելու կամ այդ հաշվարկներում սխալների հայտնաբերման դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի կողմից ինքնաշխատ եղանակով լրացվող տվյալները հարկային մարմին է ներկայացնում հարկային գործակալը, իսկ մյուս կողմից՝ ֆիզիկական անձիք (կամ գոնե դրանց բացարձակ մեծամասնությունը) օբյեկտիվորեն չեն կարող ստուգել եւ ըստ անհրաժեշտության ուղղել հարկային մարմին ներկայացվող տվյալները եւ եկամտային հարկի հաշվարկները: Կարծում ենք, այս կապակցությամբ անհրաժեշտ է Հարկային օրենսգրքում հստակ սահմանել, որ ֆիզիկական անձը պատասխանատվություն չի կրում ինքնաշխատ եղանակով լրացված տվյալները հարկային մարմնին ժամանակին չներկայացնելու եւ դրանց ճշտության համար: 4. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող՝ Հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի նոր՝ 4.1.-րդ մասով սահմանվում է, որ. «Ֆիզիկական անձինք սույն մասով սահմանված՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնում են հետեւյալ ժամկետներում. 1) 2023 թվականի հաշվետու տարվա համար՝ ա. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,»: Այսինքն, հայտարարագրի ներկայացման պարտավորության առումով առաջին հերթին շեշտվում են օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ նշված պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիների մի մաս?, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխի համաձայն, արդեն իսկ հանդիսանում է գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրման պարտականություն ունեցող հայտարարատու պաշտոնատար անձինք, որոնց կողմից ներկայացվող տեղեկությունները շատ ավելին են, քան եկամտային հարկի հաշվարկներում ներառվող տեղեկությունները: Ուստի, կրկինակի եւ անիմաստ հայտարարագրման պահանջից խուսափելու նպատակով, առաջարկում ենք, Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող՝ Հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի նոր՝ 4.1.-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի, 2-րդ կետի «գ» ենթակետի եւ 3-րդ կետի վերջում ավելացնել «, բացառությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրման պարտականություն ունեցող հայտարարատու պաշտոնատար անձանց,» նախադասությունը: 5. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող՝ Հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի նոր՝ 4.1.-րդ մասով սահմանվում է, որ. «Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) չներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) մինչեւ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր):»: Ինչ վերաբերում է Օրենսգրքի 53-րդ հոդվածին, ապա դրա 5-րդ մասի համաձայն. «Հարկային հաշվարկները հարկային մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ՝ 1) այն հարկային հաշվարկների, որոնցում պարունակվում է գաղտնիք համարվող եւ (կամ) սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն: Սույն կետում նշված հարկային հաշվարկները կարող են հարկային մարմին ներկայացվել նաեւ թղթային եղանակով. 2) Օրենսգրքով սահմանված կամ Կառավարության սահմանած դեպքերի, երբ հարկային հաշվարկները կարող են հարկային մարմին ներկայացվել նաեւ թղթային եղանակով:»: Հասկանալի է, որ ֆիզիկական անձանց եկամտային հարկի հաշվարկներում գաղտնիք համարվող եւ (կամ) սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն լինել չի կարող, իսկ ինչ վերաբերում է մյուս դեպքերին, ապա ինչպես Հարկային օրենսգիրքը, այնպես էլ Կառավարությունը սահմանել են մեկական դեպք՝ երբ հարկային հաշվարկները կարող են ներկայացվել թղթային տարբերակով:»: Այսպես. - Օրենսգրքի 447-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «2017 թվականի դեկտեմբերի 31-ով ավարտվող հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հարկային հաշվարկները, մինչեւ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքերում, կարող են ներկայացվել նաեւ թղթային եղանակով:», ինչից ակնհայտ է, որ սա անցումային դրույթ է իրենից ներկայացնում, եւ որի ժամկետն արդեն անցել է, - իսկ Կառավարության կողմից, 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1107-Ն որոշմամբ, սահմանած է ընդամենը մեկ դեպք, այն է՝ Հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպք?, որն էլ, ինչպես կարելի է նկատել, վերաբերում է բոլոր հարկատուներին եւ բացառիկ դեպք է իրենից ներկայացնում: Ամփոփելով վերը նշվածը, կարելի է արձանագրել, որ Նախագծով նախատեսված եկամտային հարկի հաշվարկները ֆիզիկական անձինք հարկային մարմին պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով, ինչն էլ նշանակում է, որ եթե ոչ 2024 թվականից, ապա գոնե 2026 թվականի սկզբից հանրապետությունում պետք է ապահովված լինի բնակչության համատարած համակարգչային գրագիտության գոնե միջին մակարդակ, ինչպես նաեւ համակարգիչների եւ ինտերնետի համատարած մատչելիություն, որի ապահովումն էլ, հաշվի առնելով երկրում առկա աղքատության մակարդակը, կարծում ենք, այնքան էլ իրատեսական չէ: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 24.11.2022թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), որի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումն է: Գործող իրավակարգավորումներով, ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի հաշվարկը կազմելու եւ հարկային մարմին ներկայացնելու համակարգը վերջիններիս կողմից կատարվող սոցիալական նշանակության ծախսեր հայտարարագրելու եւ այդ ծախսերի հաշվին պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի պարտավորությունները նվազեցնելու հնարավորություն չի նախատեսվում (բացակայում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը): Ըստ էության, վերջինով պայմանավորված, օրինակ՝ սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնելիս, Կառավարությունը մշտապես դժվարություններ է ունենում աջակցության ծրագրի շահառուների ճիշտ ու հասցեական ընտրության առումով, ինչն, ըստ հեղինակի, բերում է այդ ծրագրերի հասցեականության ու արդյունավետության նվազման: Նախագծերի փաթեթով, հեղինակն առաջարկում է ներդնել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, որը նախատեսվում է գործարկել երեք փուլով՝ 2023, 2024 եւ 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի: Մասնավորապես, անհրաժեշտ է սահմանել, որ՝ - 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության եւ (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող (հանդիսացած) ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով, - Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
- 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող այն քաղաքացիները, որոնք
- 2025 թվականի հաշվետու տարվա եւ դրան հաջորդող տարիների համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ սոցիալական ծախսեր են համարվում հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ իր եւ իր ընտանիքի անդամների համար հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահության, կրթության եւ բնակարանային ապահովության գծով ծախսերը: Ընդ որում, սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը եւ փոխհատուցման առավելագույն չափերը պետք է սահմանի Կառավարությունը: Առաջարկվում է սահմանել նաեւ, որ՝ 1) հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի սոցիալական ծախսերը Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եւ (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարից փոխհատուցվում (վերադարձվում) են Կառավարության սահմանած կարգով, 2) սոցիալական ծախսերից չեն կարողանալու օգտվել այն հայտարարատուները, ովքեր տարվա ընթացքում եկամտային հարկ չեն վճարել (այդ թվում՝ հարկային գործակալի միջոցով), 3) սոցիալական ծախսերի փոխհատուցումից չեն կարող օգտվել Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտված ֆիզիկական անձինք: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել մի շարք այլ կարգավորումներ, որոնք ուղղված են պարզեցնելու հայտարարագրման համակարգի կիրառելիությունը եւ բարձրացնելու դրա արդյունավետությունը, ինչպես նաեւ վարչական պատասխանատվություն սահմանելու պարտավորությունները ժամանակին չկատարելու համար: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում: Եզրահանգում
Կարծում ենք, Նախագծերի փաթեթով առաջարկվող եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ունենալու համար, անհրաժեշտ է ներդնել նաեւ ֆիզիկական անձանց գույքի եւ տարեկան ծախսերի հայտարարագրման պահանջ, որպեսզի տվյալ համակարգը գործի առավել արդյունավետ:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 01.12.2022թ.
|